«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված դրույթների համապատասխանեցումն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններին (փոփոխվել է ՀՀ կառավարության 30.01.2025 թվականի N 103-Ն որոշմամբ): Միաժամանակ, նախագծի նպատակն է վերանայել որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ծնողների (այսուհետ՝ շահառու ծնողների) վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցման չափը:
1․1․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Որոշմամբ հաստատվել է շահառու ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշումների շրջանակներում Առողջապահության նախարարի հրամանով արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրված՝ շահառու ծնողների ծախսերի մասնակի փոխհատուցումն է:
Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ ծրագրի շահառու հանդիսացող՝ զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է՝
1) դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ (600 հազ. դրամ),
2) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ (5.5 մլն դրամ)։
Որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե փոխհատուցում պետք է տրամադրվի որոշման N 1 հավելվածի 1-ին կետում նշված շահառու ծնողներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետով կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված հրամանի հիման վրա, ապա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գրության մեջ նշելով անհրաժեշտ տվյալներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի համարը և տալու օրը, ամիսը, տարեթիվը:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 30.01.2025 թ. N 103-Ն որոշման 2-րդ կետի 12-րդ ենթակետով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ, ըստ որի ուժը կորցրած է ճանաչվել այդ որոշման N 1 հավելվածի 28-րդ կետը: Այսինքն, եթե նախկինում արտամարմնային բեղմնավորման իրականացման դեպքում` որպես նորագույն և թանկարժեք բուժօգնության տեսակ, արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրումն իրականացվում էր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով, ապա ներկայումս նշված դրույթն ուժը կորցրած է ճանաչվել: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել որոշմամբ սահմանված որոշ դրույթներ:
Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել վերանայել փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար հատկացվող փոխհատուցման չափը, քանի որ գնաճով պայմանավորված՝ վերջին ժամանակներս քաղաքացիները նոտարական կարգով պայմանագրերը փոխնակ մայրերի հետ կնքում են ավելի մեծ գումարներով։
Մասնավորապես, միջոցառման իրականացման ընթացքում 2024-2025 թթ. ընթացքում ներկայացված դիմումների վերլուծությունից պարզ է դարձել, որ շահառուները նոտարական կարգով պայմանագրերը փոխնակ մայրերի հետ 2024 թվականին կնքել են միջինում 7.4 մլն դրամով:
1․2․ Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
2․ Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված՝ դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցում տրամարելիս հիմք ընդունել նույն հավելվածի 27-րդ կետով սահմանված ուղեգիրը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է տրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Միաժամանակ պահպանվում է որոշմամբ սահմանված ընթացակարգը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված հրամանի հիման վրա միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրելու մասով:
Նախագծով առաջարկվում է նաև փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը վերանայել՝ 5․5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ, հաշվի առնելով այս շուկայում նախորդ 3 տարիների ընթացքում առաջացած գնաճը:
Նախագծով առաջարկվում է կարգավորել նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշ խնդիրներ՝ ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը, քանի որ նշված տեղեկատվությունը շահառուների կողմից ներկայացվում է փաստաթղթի տեսքով, համաձայն նույն հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի: Միաժամանակ, առաջարկվում է շահառուի դիմումի մերժման դեպքում գրավոր տեղեկացնել էլեկտրոնային փոստի հասցեով, այն դեպքում, երբ այն առկա է:
Հարկ է նկատի ունենալ, որ միջոցառման իրականացման համար ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 82.3 մլն դրամ։ Ըստ այդմ, ենթադրվում է, որ նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն կառաջանա շուրջ 9.4 մլն դրամի չափով:
Գնահատականներում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված 82.3 մլն դրամը պլանավորված է ներկայումս փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցում ստացող 10 շահառուի (ընթացիկ գործեր են՝ փոխնակ մայրերի հղիության ժամանակահատվածում), որոնց վճարման ենթակա գումարի չափը 2025 թվականի ընթացքում կազմում է 55․3 մլն դրամ, իսկ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերը փոխհատուցելու համար նախատեսված է շուրջ 27 մլն դրամ: Կանխատեսվում է, որ ևս 2 շահառու կներկայացնեն դիմումներ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը փոխհատուցելու համար, որոնց հասանելիք գումարը կկազմի 16 մլն դրամ (8 մլն դրամ X 2 շահառու), որից 6․6 մլն դրամը կվճարվի ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցներից, իսկ 9.4 մլն դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոց հատկացնելու անհրաժեշտություն կառաջանա:
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում որոշմամբ սահմանված դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ կառավարության 30.01.2025 թվականի N 103-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններով սահմանված ընթացակարգերին:
Միաժամանակ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման համար կսահմանվի առավելագույնը 8 մլն դրամ:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.3-րդ և 4.5-րդ կետերից, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի ռազմական գործողությունների հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջապահական նոր միջոցառում՝ ուղղված վերարտադրողական իրավունքի իրացմանն ու առողջության բարելավմանը:
5․ Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը կավելանան 9.4 մլն դրամով:
-
Duration
26.03.2025 11.04.2025 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 344
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.