Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ «Մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը մեկ տարի տասն ամսից մինչև հինգ տարի է, բացառությամբ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության համապատասխան ծրագրերի, որոնց տևողությունը սահմանվում է Կառավարության որոշմամբ»:
Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար օրենքը սահմանել է ուսումնառության ընդհանուր ժամկետներից տարբերվող ժամկետներ սահմանելու հնարավորություն։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միասնական ուսումնական հաստատությունում ներդրվել է շարունակական կրթության մոդելը, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անձը պետք է ունենա արհեստավորի կրթություն, իսկ արհեստավորի կրթությունն իր հերթին հանդիսանալու է բազային կրթություն՝ որպես ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում ծառայության անցնելու անհրաժեշտ նախադրյալ:
Ելնելով վերոգրյալից՝ այլևս անհրաժեշտություն չի լինելու իրականացնելու ընդհանուր տևողությամբ միջին մասնագիտական կրթություն, քանի որ մի շարք բազային գիտելիքներ, կարողություններ և հմտություններ արդեն իսկ ձևավորվելու են արհեստավորի կրթական ծրագրի իրականացման արդյունքներով: Բացի այդ, ավելի կարճ տևողությամբ միջին մասնագիտական կրթության ժամկետ սահմանելը թույլ կտա առավել օպերատիվ կերպով համալրել ոստիկանության և փրկարար ծառայության համապատասխան պաշտոնները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար սահմանել ուսումնառության ընդհանուր նվազագույն ժամկետից (մեկ տարի տասն ամիս) ավելի կարճ նվազագույն ժամկետ՝ մեկ տարի վեց ամիսը:
Այսինքն, առաջարկվող նախագծի ընդունման դեպքում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության հնարավոր նվազագույն ժամկետ կարող է լինել մեկ տարի վեց ամիսը, իսկ առավելագույն ժամկետ՝ հինգ տարին:
Ինչ վերաբերում է կոնկրետ մասնագիտությունների և որակավորումների համար ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության ժամկետներին, ապա դրանք պետք է սահմանվեն ոչ թե ՀՀ կառավարության որոշմամբ, այլ կրթական ծրագրերի բաղադրիչներով: Դա ուղղակիորեն բխում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասից, որը սահմանում է՝ «Մասնագիտական կրթության ուսումնառության ժամկետները սահմանվում են համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի բաղադրիչով՝ հիմք ընդունելով ուսանողի մինչև այդ ստացած կրթությունը կամ կրեդիտների քանակը, տվյալ որակավորման ուսուցման առանձնահատկությունը և կրթության կազմակերպման մեթոդաբանական ձևը»։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ՝ «Կրթական միջավայրի բարելավում, ոստիկանության կադրային պատրաստում, մասնագիտական զարգացում» ուղղության 3-րդ՝ «Ոստիկանության համակարգ մուտք գործելու և շարունակական կրթության ապահովման համար ինստիտուցիոնալ նախադրյալների ձևավորում» գործողությունից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը․
Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի սահմանել ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի ավելի կարճ տևողություն և ապահովել ոստիկանության և փրկարար ծառայության համապատասխան պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու հնարավորությունը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Duration
25.03.2025 09.04.2025 -
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 364
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.