Grigor Minasyan
31.03.2025
Շատ հաճախ դատավորների փոփոխությամբ պայմանավորված, ստիպված են լինում նույն ապացույցները բազմաթիվ անգամներ հետազոտել: Այս իրավակարգավորման պայմաններում հնարավոր կլինի ապահովել դատաքննության անհարկի ձգձգումների բացառումը:
7 - Agree
9 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 268-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված գործող իրավակարգավորման համաձայն՝ բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը դատական նիստում ենթակա են անմիջական հետազոտման դատարանի և դատական վարույթի մասնակիցների կողմից: Ընդ որում նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն դատական նիստում հետազոտված ապացույցները:
Օրենսգրքի 331-րդ հոդվածը սահմանում է.
«1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է դիտարկմամբ: Առաջինն իրեղեն ապացույցը դիտարկում է այն ներկայացրած կողմը, ապա` մյուս կողմը, այնուհետև՝ դատարանը: Կողմերն իրավունք ունեն դատարանի ուշադրությունը հրավիրելու իրեղեն ապացույցի դիտարկման արդյունքում պարզված էական փաստական հանգամանքների վրա: Դատական նիստի դահլիճից դուրս գտնվող իրեղեն ապացույցի հետազոտումը կատարվում է դրա գտնվելու վայրում:
2. Ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությունը և արտավարութային փաuտաթուղթը հետազոտվում են հրապարակմամբ: Հրապարակումը, վերաբերելի մասով, կատարում է այն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու համապատասխան արձանագրության կամ այլ փաստաթղթի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք:
3. Կողմի միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ստացված առարկաները և փաստաթղթերը հետազոտվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված կարգով: Դատարանի նախաձեռնությամբ ստացված առարկաներն սկզբից դիտարկում է նախագահողը, այնուհետև՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերը, իսկ դատարանի նախաձեռնությամբ ստացված փաստաթուղթը հրապարակում է նախագահողը` վերաբերելի մասով:
4. Այն դեպքում, երբ իրեղեն ապացույցի, ապացուցողական կամ վարութային այլ գործողության արձանագրության կամ արտավարութային փաuտաթղթի հետազոտման արդյունքում կողմը վիճարկում է դրա թույլատրելիությունը, կամ դատարանն ունի հիմնավոր կասկածներ համապատասխան ապացույցի հավաստիության վերաբերյալ, ապա դատարանի որոշմամբ այդ ապացույցը ձեռք բերած կամ կազմած անձը կարող է հարցաքննության հրավիրվել և հարցաքննվել վկայի համար սահմանված կանոններով:
5. Այն դեպքում, երբ առկա է սույն հոդվածի 4-րդ մասում նշված ապացույցների ձեռքբերման կամ ամրագրման ընթացակարգի առերևույթ խախտում, տվյալ ապացույցը չի կարող օգտագործվել առանց այն ձեռք բերած կամ կազմած անձի հարցաքննության»:
Իսկ Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված է հետևյալը.
«1. Փորձագետի եզրակացությունը և փորձագետի կարծիքը հետազոտվում են հրապարակմամբ: Հրապարակումը, վերաբերելի մասով, կատարում է այն ներկայացրած կողմը: Մյուս կողմն իրավունք ունի դատարանի ուշադրությունը հրավիրելու համապատասխան փաստաթղթի չհրապարակված մասում առկա էական փաստական հանգամանքների վրա` հրապարակելով դրանք:
2. Կողմի միջնորդության հիման վրա դատարանի պահանջով ստացված փորձագետի եզրակացությունը հետազոտվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով: Դատարանի նախաձեռնությամբ ստացված փորձագետի եզրակացությունը հրապարակում է նախագահողը` վերաբերելի մասով:
3. Այն դեպքում, երբ կողմը միջնորդել է կատարել եզրակացությունը կամ կարծիքը տված փորձագետի հարցաքննություն, այդ ապացույցը չի կարող օգտագործվել առանց տվյալ փորձագետի հարցաքննության»:
Պատշաճ ապացուցման սկզբունքից է բխում այն, դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի ապացույցներ, որոնք պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չեն հետազոտվել դատական նիստի ընթացքում (բացառություն են միայն գրավոր ընթացակարգով իրականացվող դատական վարույթը և պարզեցված վարությները):
Մինչդեռ ընդհանուր կարգով իրականացվող դատական վարույթներում էլ իրավակիրառ պրակտիկայում երբեմն առաջանում են իրավիճակներ, երբ դատական նիստի ընթացքում տվյալ ապացույցի հետազոտումն ավելի շատ կրում է ձևական կամ ընթացակարգային բնույթ:
Մինչև բուն խնդրին և առաջարկվող լուծմանն անդրադառնալը՝ անհրաժեշտ է պարզաբանել, թե որն է ապացույցների հետազոտման էությունը, և ինչու է օրենսդիրը դատական ակտի հիմքում միայն դատական նիստի ընթացքում հետազոտված ապացույցներ դնելու պարտականությունը սահմանել որպես իմպերատիվ կանոն:
Կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը պահանջում է, որ դատարանը, պահպանելով անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծի բոլոր ապացույցները ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար անհրաժեշտ պայմաններ: Բացի դրանից նույն սկզբունքի էությունից է բխում նաև, որ դատական ակտի հիմքում դրվի միայն այնպիսի ապացույցներ, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ:
Ինչպես երևում է ապացույցների հետազոտման պարտադիրության գաղափարը դատական նիստի ընթացքում կոչված է ապահովելու մրցակցային և կողմերի իրավահավասարության վրա հիմնված դատավարությունը, և հենց նման պայմաններում իրականացված դատավարությունն է թույլ տալիս տվյալ ապացույցի վերաբերյալ կատարել համապատասխան եզրահանգումներ ու այն օգտագործել դատական ակտ կայացնելու ժամանակ:
Իսկ ինչպես վարվել այն դեպքերում, երբ նախքան ապացույցի հետազոտում իրականացնելը՝ կողմերն արդեն իսկ համաձայն են տվյալ ապացույցով հաստատվող՝ գործի համար նշանակություն ունեցող այն բոլոր հանգամանքների շուրջ, որոնք պետք է վեր հանվեն հետազոտման արդյունքում, և ըստ էության կողմերի միջև մրցակցության և վեճի առարկա չկա:
Սույն նախագծով առաջարկվում է համապատասխան կարգավորում, որը թույլ կտա լուծել վերը նշված խնդիրը և գործի քննության համար ստեղծել ավելի նպաստավոր պայմաններ՝ դատավարությունը զերծ պահելով ձևական բնույթ կրող արդեն իսկ հիշատակված գործողություններից: Պետք է արձանագրել նաև, տվյալ գործընթացում բացի կողմերի շահերից կա ևս մեկ կարևոր շահ, որը առաջարկվող կարգավորման պարագայում չպետք է տուժի, և կողմերի միջև տվյալ ապացույցը դատական նիստում պատշաճ ընթացակարգով չհետազոտելու վերաբերյալ համաձայնության առկայությունը բավարար չպետք է լինի արդարադատության իրականացման տեսանկյունից: Խոսքն արդարադատության շահի մասին է, որը ևս պետք է հաշվի առնվի ու կողմերի՝ վերը նշված համաձայնության առկայությունը չպետք է որևէ պարագայում բացասաբար անդրադառնա վարույթի արդարացիության վրա: Ինչպես հայտնի է հանրային շահերի, այդ թվում՝ արդարադատության շահի վերջնական շահառուն հանրությունն է, իսկ հանրային շահի հետապնդման պատասխանատուն՝ հանրային իշխանությունը, որին Սահմանադիրն օժտել է հանրային շահերի ապահովման և պաշտպանության սահմանադրական բացառիկ առաքելությամբ։
Առաջարկվող փոփոխությունների պարագայում հնարավոր ենք համարում ՀՀ քրեական դատավարության հիմնարար սկզբունքների պահպանմամբ, ինչպիսին են պատշաճ ապացուցման և կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքները, հասնել այնպիսի արդյունքի, որ դատաքննության համար նախատեսված ժամանակն օգտագործվի ավելի արդյունավետ՝ առանց զուտ ձևական ընթացակարգերի վրա ռեսուրս ծախսելու, ինչը թույլ կտա գործի քննությունն ավարտել ավելի սեղմ ժամկետներում, ինչը ևս համահունչ է արդարադատության շահի վերաբերյալ առկա պատկերացումներին:
Առաջարկվող օրենսդրական փոփոխության մեջ որպես արդարադատության շահի ապահովման մեխանիզմներ նախատեսվել են այնպիսի դրույթներ, որոնք դատավարության տվյալ փուլում ի զորու են լիարժեք ապահովել արդարադատության շահը: Մասնավորապես կարգավորումն իրենից ենթադրում է, որ եթե անգամ կողմերի համաձայնությունն առկա է տվյալ ապացույցը դատական նիստի ընթացքում տվյալ ապացույցի հետազոտման համար սահմանված ընդհանուր կարգով չհետազոտելու վերաբերյալ, այնուամենայնիվ դա բավարար չէ, և դատավարության տվյալ փուլում ապացույցը հետազոտված համարելը թույլատրվում է միայն դատարանի համապատասխան որոշմամբ: Քանի որ վերջնական որոշումը թողնված է դատարանին, ապա այդ որոշման համար ևս պետք է լինեն չափանիշներ, որոնք դատարանին թույլ կտան լիարժեք գնահատել իրավիճակը և որոշումը կայացնել՝ ելնելով արդարադատության արդյունավետության շահերից:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախորդ կետում շարադրված իրավական ակտերից և վերլուծություններից ելնելով՝ առաջարկվում է Օրենսգրքի՝ դատական վարույթների ընդհանուր պայմաններ սահմանող 268-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսել բացառություն, որի շնորհիվ դատարանը կողմերի համաձայնության դեպքում և կոնկրետ երաշխիքների պահպանմամբ հնարավորություն կունենա հետազոտված համարել իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությունները, արտավարութային փաստաթղթերը, փորձագետի եզրակացությունը և կարծիքը՝ առանց տվյալ ապացույցի հետազոտման համար Օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգը կիրառելու[1]։
Առաջարկվող կարգավորման մեջ որպես արդարադատության շահի պաշտպանության երաշխիքներ են նախատեսվում նախ այն, որ դատարանը պետք է որոշումը կայացնի՝ ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, ինչպես նաև այն, որ այդ որոշումը չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կնվազի դատարանների՝ դատական նիստերի ձևական ընթացակարգերով պայմանավորված ծանրաբեռնվածությունը, իսկ խնայված ժամանակը և ռեսուրսները կուղղվեն ավելի պատճառաբանված և հիմնավոր դատական ակտ կայացնելուն:
Միաժամանակ առաջարկվող փոփոխությամբ կհավասարակշռվեն կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքը և արդարադատության շահը, քանի որ ապացույցի՝ ընդհանուր սահմանված կարգով հետազոտում չիրականացնելու մասին կողմերի համաձայնությունը կլինի անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման, քանի որ արդարադատության շահի պաշտպանության համար նախատեսվող չափանիշների պահանջն այն կլինի, որ դատարանը տվյալ ապացույցը հետազոտված համարելու մասին որոշումը կայացնելիս առաջնորդվի բացառապես արդարադատության արդյունավետության շահերով՝ թույլ չտալով այդ որոշման բացասական անդրադարձը վարույթի արդարացիության վրա:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:
7. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:
[1] Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 331-րդ և 332-րդ հոդվածները:
Discussed
21.03.2025 - 05.04.2025
Type
Law
Area
Justice, Criminal procedure
Ministry
Ministry of Justice
Views 792
Print31.03.2025
Շատ հաճախ դատավորների փոփոխությամբ պայմանավորված, ստիպված են լինում նույն ապացույցները բազմաթիվ անգամներ հետազոտել: Այս իրավակարգավորման պայմաններում հնարավոր կլինի ապահովել դատաքննության անհարկի ձգձգումների բացառումը: