Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է չափագրման ընթացքում խախտումներ հայտնաբերելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծառայողական տեսաձայնագրող տեխնիկական միջոցներով տեսաձայնագրում իրականացնելու կանոնակարգումներ սահմանելու անհրաժեշտությամբ:

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «ը» ենթակետի համաձայն հարկային մարմինը (հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը) լիազորված է հարկային հսկողության ընթացքում իրականացնելու տեսաձայնագրում:

Օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հարկային հսկողության իրականացման եղանակ են հանդիսանում հարկային ուսումնասիրությունները:

Օրենսգրքի 343-րդ 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրության տեսակ է չափագրումը:

Օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), ինչպես նաև հարկ վճարողի մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման փաստացի ծավալները, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) մնացորդի պակասորդը, ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների և արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը, ինչպես նաև իրացման փաստացի գները (այդ թվում` միջին) պարզելու նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել չափագրումներ:

Օրենսգրքի 352.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կարող են օգտագործել ծառայողական տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ (այսուհետ՝ տեխնիկական միջոցներ) հարկային հսկողության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում:

Գործող կանոնակարգումների համաձայն տեսաձայնագրում կարող է իրականացվել միայն թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում: Չափագրման նպատակն է պարզել և արձանագրել հարկ վճարողի կողմից հանձնարարագրում նշված նպատակներին համապատասխան իրական ցուցանիշները, կամ ապրանքների պակասորդի, կամ ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների գծով խախտման առկայության կամ բացակայության հանգամանքը։ Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հարկ վճարողների կողմից չափագրում իրականացնող պաշտոնատար անձանց թույլ չի տրվում կատարել չափագրման ուսումնասիրության շրջանակում խախտման արձանագրմանն ուղղված գործողություններ։

Ուստի, չափագրման արդյունքներով խախտումներ հայտնաբերելիս հետագայում դրանց ապացուցողականությունն ապահովելու նպատակով ևս անհրաժեշտություն է առաջանում հիմնավորել արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները: Հաշվի առնելով նշված հանգամանքը` Նախագծով նախատեսվում է սահմանել կանոնակարգումներ, որոնց համաձայն չափագրման ընթացքում ևս, ինչպես թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը կարող է իրականացնել տեսաձայնագրում։

Մասնավորապես,  Նախագծով նախատեսվում է լրացումներ կատարել Օրենսգրքի 352.1-ին հոդվածում, որի արդյունքում չափագրման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող  հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կարող են օգտագործել ծառայողական տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ։ Միաժամանակ, նախատեսվում է, որ չափագրման ընթացքում խախտումներ հայտնաբերելիս խախտման արձանագրման դեպքում տեխնիկական միջոցներով տեսաձայնագրման մասին ուսումնասիրությունն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է բանավոր նախազգուշացնել հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, ինչպես նաև իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին:  

Այսպիսով, Նախագծի նպատակն է ապահովել անհրաժեշտ իրավական բազա, որպեսզի հարկային հսկողության` չափագրման ընթացքում խախտումներ բացահայտելու համար կիրառվի տեսաձայնագրում, այդպիսի տեխնիկական հնարավորություն ունեցող սարքերի միջոցով, քանի որ ներկա իրավակարգավորումների պարագայում տեսաձայնագրման տեխնիկական միջոցները կիրառվում են միայն թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում։ Փոփոխության արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքար մղել ստվերային տնտեսության դեմ և բացառել շրջանառությունը թաքցնելու դեպքերը: Իսկ ուսումնասիրության արձանագրության վիճարկման դեպքում հնարավոր կլինի ներկայացնել իրավախախտման փաստն արձանագրող հիմնավոր ապացույց:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության 2-րդ` Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում զարգացման ռազմավարական նպատակի 2.1.1-ին միջոցառումից, այն է` հզորացնել հարկային կարգապահության ռիսկերի կառավարման համակարգի կարողությունները՝ ռիսկերի շրջանակի ընդլայնմամբ և դրանց բացահայտման վերլուծական մեխանիզմների ավտոմատացմամբ՝ նվազեցնելով մարդկային գործոնի ազդեցությունը:  

       6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն չափագրման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսաձայնագրող  տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ, կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն  ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Duration

    23.01.2025 07.02.2025
  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 100

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.