Add to favourites
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, ««ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 23.01.2025 11:43:47 | Հոդված 3. Օրենքի 77-րդ հոդվածում՝ 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով. «8.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուին առաջադրելու դիմումին կից Դատական դեպարտամենտ է ներկայացվում նաև նրա բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը: Հարցաթերթիկը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Դատական դեպարտամենտի ղեկավարը թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո այն տրամադրում է Ընդհանուր ժողովի անդամներին՝ Ընդհանուր ժողովի նիստից առնվազն երեք օր առաջ:» ԴԻՏԱՐԿՈՒՄ 1. Առաջարկվող փոփոխությունը նախատեսում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի բարեվարքության ստուգման մեխանիզմ։ Առաջարկվող կարգավորմամբ սահմանվում է հստակ ընթացակարգ և ժամկետներ՝ բարեվարքության հարցաթերթիկի ներկայացման և դրա վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից խորհրդատվական եզրակացություն ստանալու համար: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 1. Հաշվի առնելով, որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամներն օրենքի ուժով հավասարեցված են դատավորի կարգավիճակին, և նրանց նկատմամբ տարածվում են դատավորի վարքագծի կանոնները, պարտավոր են ներկայացնել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչպես նաև իրենց գործառույթներն իրականացնելիս գտնվում են դատավորների հետ նույն իրավական հարթության վրա, անհրաժեշտ է սահմանել, որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամի թեկնածուն պարտադիր պետք է լրացնի բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ։ Այս պահանջը բխում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հիմնարար սկզբունքներից և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներից: Հատկանշական է, որ մինչև բարեվարքության համընդհանուր համակարգի ներդրումը, քանի որ ներկայումս բարեվարքության ստուգման են ենթարկվում միայն նոր նշանակվող դատավորները և իրականացվում է ընթացիկ սահմանափակ բարեվարքության ստուգում, անհրաժեշտ է սահմանել, որ հանձնաժողովի դատավոր անդամի թեկնածուն ենթակա է պարտադիր բարեվարքության ստուգման։ Նման մոտեցումը կնպաստի դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, կապահովի հանձնաժողովի անդամների բարեվարքության միասնական ստանդարտը, կստեղծի լրացուցիչ երաշխիքներ հանձնաժողովի անաչառ և արդյունավետ գործունեության համար, ինչպես նաև կնպաստի դատական համակարգի թափանցիկության ընդլայնմանը։ | ||||
| 2 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 23.01.2025 11:43:47 | 2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է տասնմեկ անդամից, որոնցից վեցը` դատավոր անդամներ, իսկ հինգը` դատավոր չհանդիսացող անդամներ: ԴԻՏԱՐԿՈՒՄ 2. Առաջարկվող փոփոխությամբ Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կազմի ընդլայնումը, թեև ուղղված է ներկայացվածության շրջանակի ընդլայնմանը և որոշումների օբյեկտիվության ու անաչառության բարձրացմանը, այնուամենայնիվ պարունակում է խնդրահարույց հանգամանքներ։ Մասնավորապես, հանձնաժողովի դատավոր և ոչ դատավոր անդամների անհամաչափ բաշխվածությունը կարող է հանգեցնել որոշումների կայացման գործընթացում անհավասարակշիռ իրավիճակի առաջացման։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 2. Վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել հանձնաժողովի դատավոր և ոչ դատավոր անդամների հավասարակշռված ներկայացվածության սկզբունքը՝ ապահովելով քանակական համամասնություն։ Նման համակարգված մոտեցումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել հնարավոր բացասական հետևանքները։ Վերոնշյալի վերաբերյալ մեր կողմից նախկինում ևս արտահայտել ենք մեր դիրքորոշումը։ | ||||
| 3 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 23.01.2025 11:43:47 | 7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով. «9.1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք. 1) ստացել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում. 2) Դատական դեպարտամենտի կողմից Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության մրցույթի հայտարարության հրապարակման օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում իրենց կանոնադրական նպատակներում որպես գործունեության ուղղություն ներառել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության ոլորտները և այդ ոլորտներում իրականացրել են փաստացի գործունեություն:». ԴԻՏԱՐԿՈՒՄ 3. Առաջարկվող փոփոխությունը նախատեսում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք վերապահել ոչ առևտրային կազմակերպություններին՝ սահմանելով որոշակի պահանջներ: Այնուամենայնիվ, տվյալ փոփոխությունը պարունակում է էական խնդիրներ և ռիսկեր: «Ոչ առևտրային կազմակերպություններ» ձևակերպումը չափազանց լայն է և ներառում է նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչը կարող է հանգեցնել հասարակական կազմակերպությունների դերի նվազեցմանը և պետական ազդեցության ուժեղացմանը: Հաշվի առնելով, որ հասարակական կազմակերպությունները հանդիսանում են կարևոր կապող օղակ քաղաքացիական հասարակության և պետական ինստիտուտների միջև, նման կարգավորումը կարող է էականորեն թուլացնել հանրային վերահսկողության մեխանիզմները: Վենետիկի հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 14-ի CDL-AD(2024)031 փաստաթղթում անդրադառնալով ոչ առևտրային կազմակերպությունների և դատական համակարգի հետ փոխկապակցվածությանը, դրական է գնահատել այն հանգամանքը, որ ոչ դատավոր թեկնածուների առաջադրումը չի իրականացվում քաղաքական հաստատությունների կողմից, ինչը նպաստում է դատական համակարգի անկախության և անաչառության սկզբունքների պահպանմանը ։ Սակայն առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսում են ոչ առևտրային կազմակերպությունների ներգրավումը գործընթացում, հակասում են Վենետիկի հանձնաժողովի արտահայտած դիրքորոշմանը՝ թեկնածու առաջադրող կազմակերպության պետական կարգավիճակ ունենալով համատեքստում։ Մտահոգիչ է այն հանգամանքը, որ պետական ենթակայության ներքո գտնվող ոչ առևտրային կազմակերպությունները կարող են գտնվել պետական մարմինների ազդեցության ներքո, ինչը կարող է վտանգել գնահատման գործընթացի անկողմնակալությունը և արժանահավատությունը։ Այս պարագայում կարող է խաթարվել դատական համակարգի անկախության երաշխավորման նպատակը, որը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության և իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը։ Խնդրահարույց է նաև այն, որ բացակայում են ոչ առևտրային կազմակերպությունների անկախության երաշխիքները, չկան շահերի բախումը կանխարգելող մեխանիզմներ։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 3. Առաջարկում ենք օրենքում հստակ սահմանել «ոչ առևտրային կազմակերպություններ» հասկացությունը՝ բացառելով պետական, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները կամ այն կազմակերպությունները, որոնց կառավարման մարմիններում առկա է պետական մարմինների գերակշռող ներկայացվածություն: Միաժամանակ, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ երաշխիքներ հասարակական կազմակերպությունների արդյունավետ մասնակցության համար և սահմանել հավասարակշռված ներկայացվածության մեխանիզմներ: Սա կնպաստի դատական համակարգի հանրային հաշվետվողականության ամրապնդմանը և քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը: Առաջարկում ենք նաև օրենքում ներառվի իմպերատիվ դրույթ, համաձայն որի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի կարգավիճակում չի կարող հանդես գալ դատական համակարգի հետ փոխկապակցված անձը, իսկ թեկնածու առաջադրող կազմակերպությունները պետք է բավարարեն որոշակի չափանիշներին, այդ թվում նաև, -դատական, իրավական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում առնվազն 5 տարվա գործունեության փորձ, որը հաստատվում է փաստաթղթերով կամ այլ միջոցներով, -առաջադրված ոչ դատավոր անդամի թեկնածուները չպետք է առաջադրման և դրա նախորդող երկու տարիների ընթացքում ունենան փոխկապակցվածություն դատական իշխանության մարմինների հետ, այդ թվում նաև՝ լինեն դատական իշխանության կամ այդ ոլորտում գործունեություն ծավալող որևէ մարմնի (օրինակ՝ Արդարադատության ակադեմիա) աշխատող, ծառայող, փորձագետ, -ոչ դատավոր անդամների թեկնածուները, որոնց առաջադրում են իրավասու կազմակերպությունները, պետք է նախկինում ունենան հստակ համագործակցության փորձ այդ կազմակերպությունների հետ։ | ||||
| 4 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 23.01.2025 11:43:47 | Հոդված 4. Օրենքի ողջ տեքստում «հասարակական կազմակերպություններ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով: ԴԻՏԱՐԿՈՒՄ 4. Տերմինաբանական այս փոփոխությունը՝ «հասարակական կազմակերպություններ»-ից անցումը «ոչ առևտրային կազմակերպություններ»-ի, ունի հիմնարար նշանակություն և կարող է էականորեն ազդել քաղաքացիական հասարակության դերակատարման վրա: Իրավական վերլուծության տեսանկյունից այս փոփոխությունն առաջացնում է մի շարք մտահոգություններ: «Ոչ առևտրային կազմակերպություններ» հասկացությունն իր մեջ ներառում է կազմակերպությունների շատ ավելի լայն շրջանակ, այդ թվում՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (ՀՈԱԿ), հիմնադրամները և այլ կազմակերպություններ, որոնք կարող են գտնվել պետական մարմինների ուղղակի կամ անուղղակի վերահսկողության ներքո: Նման փոփոխությունը կարող է հանգեցնել հետևյալ բացասական հետևանքներին՝ • կխաթարվի հասարակական կազմակերպությունների՝ որպես քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտի դերը: Հասարակական կազմակերպությունները ներկայումս հանդիսանում են անկախ դիտորդի և միջնորդի կարևոր դերակատար պետության և քաղաքացիների միջև, • կստեղծվի իրավիճակ, երբ պետական վերահսկողության ներքո գտնվող կազմակերպությունները կարող են դառնալ գերիշխող՝ թուլացնելով անկախ հասարակական վերահսկողության մեխանիզմները, • կվտանգվի դատական համակարգի հանդեպ հանրային վերահսկողության արդյունավետությունը, քանի որ ՊՈԱԿ-ները, ՀՈԱԿ-ները և պետության հետ փոխկապակցված այլ ոչ առևտրային կազմակերպությունները չունեն այն անկախությունը, որն անհրաժեշտ է օբյեկտիվ վերահսկողության համար: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 4. Օրենսդրական փոփոխությունների շրջանակներում առաջարկում ենք կա՛մ պահպանել «հասարակական կազմակերպություններ» եզրույթի կիրառումը, կա՛մ օրենքում ամրագրել իրավական երաշխիքներ՝ ուղղված քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցության ապահովմանը և անկախ վերահսկողության մեխանիզմների պահպանմանը։ Իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջանում օրենքում հստակ սահմանել «ոչ առևտրային կազմակերպություններ» հասկացության շրջանակը՝ բացառելով այն կազմակերպությունների ներառումը, որոնք ուղղակի կամ անուղղակի վերահսկողության ներքո են գտնվում պետական մարմինների կողմից։ | ||||
| 5 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 23.01.2025 11:43:47 | Օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով. «Դատավորին ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և Գլխավոր դատախազը:»: ԴԻՏԱՐԿՈՒՄ 5. Առաջարկվող փոփոխությունները առաջացնում են էական մտահոգություններ դատավորների անկախության երաշխիքների տեսանկյունից և էականորեն նվազեցնում են դատավորների անկախության և անձեռնմխելիության երաշխիքները: Նախկին կարգավորումը, որը պարտադրում էր Գլխավոր դատախազին անհապաղ տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին քրեական հետապնդում հարուցելու մասին, ապահովում էր դատավորների պաշտպանության ավելի բարձր մակարդակ: Այս պահանջի վերացումը թուլացնում է դատական իշխանության ինքնավարությունը և վերահսկողության հնարավորությունները: Նոր ձևակերպումը, որը սահմանում է միայն ազատությունից զրկելու դեպքում ԲԴԽ նախագահին և Գլխավոր դատախազին տեղեկացնելու պահանջ, չի ապահովում բավարար երաշխիքներ: Քրեական հետապնդման փուլում դատավորի պաշտպանվածության մակարդակը նվազում է, ինչը կարող է հանգեցնել անհիմն ճնշումների և դատական անկախության խաթարման: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 5. Անհրաժեշտ է վերականգնել Գլխավոր դատախազի՝ քրեական հետապնդման հարուցման մասին ԲԴԽ-ին տեղեկացնելու պարտականությունը, քանի որ դա կանխարգելիչ մեխանիզմ է հնարավոր չարաշահումների դեմ: Սահմանել հստակ ժամկետներ «անհապաղ տեղեկացման» համար։ Ավելացնել դրույթ, որը կսահմանի քրեական հետապնդում իրականացնող մարմինների պարտականությունը՝ պարբերաբար տեղեկացնել ԲԴԽ-ին գործի ընթացքի մասին: Այս փոփոխությունները անհրաժեշտ են դատական իշխանության անկախության սկզբունքի պահպանման համար: Դատավորների անձեռնմխելիության երաշխիքները չպետք է թուլացվեն, քանի որ դրանք ուղղակիորեն կապված են արդարադատության անկախ իրականացման հետ: Միաժամանակ, պետք է պահպանվի հավասարակշռությունը դատավորների անձեռնմխելիության և նրանց հանդեպ արդյունավետ քրեական հետապնդման հնարավորության միջև: Դատավորների անձեռնմխելիությունը չպետք է լինի բացարձակ, սակայն պետք է գործեն հատուկ ընթացակարգային երաշխիքներ: Դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը պետք է ենթարկվի հատուկ վերահսկողության, ինչը ներկայումս առաջարկվող նախագծերով թույլ է արտահայտված: Դատավորների նկատմամբ քրեական հետապնդման մեխանիզմները պետք է ներառեն բավարար երաշխիքներ՝ բացառելու քաղաքական կամ այլ ոչ իրավաչափ ճնշումները: Առաջարկվող փոփոխությունները պետք է միտված լինեն դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքի պահպանմանը և դատավորների նկատմամբ քաղաքական կամ այլ ոչ իրավաչափ ճնշումների բացառմանը՝ ստեղծելով անհրաժեշտ ընթացակարգային երաշխիքներ և վերահսկողական մեխանիզմներ։ Ներկայումս առաջարկվող փոփոխությունները չեն ապահովում վերոնշյալ նպատակների իրագործումը և կարող են հանգեցնել դատավորների անկախության էական սահմանափակման։ | ||||
| 6 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 23.01.2025 11:43:47 | ԴԻՏԱՐԿՈՒՄ 6. Գործող օրենքով և առաջարկվող փոփոխություններով չի նախատեսվում Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների կողմից հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորությունը։ Հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորության բացակայությունը էական թերություն է իրավական համակարգում: Այս սահմանափակումը խոչընդոտում է արդարադատության համակարգի թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Հանձնաժողովի անդամները ունենալով մասնագիտական խորը գիտելիքներ, զրկված են իրենց տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես արձանագրելու հնարավորությունից: Այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում մի քանի կարևոր ասպեկտների վրա: Նախ՝ տուժում է որոշումների կայացման գործընթացի բազմակողմանիությունը, քանի որ հնարավոր այլընտրանքային տեսակետները չեն արձանագրվում և չեն դառնում քննարկման առարկա: Երկրորդ՝ սահմանափակվում է դատական համակարգի նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետությունը, քանի որ հանձնաժողովի անդամների հիմնավորված դիրքորոշումները չեն կարող պաշտոնապես ամրագրվել: Երրորդ՝ նվազում է էթիկայի և կարգապահական հարցերի քննության օբյեկտիվությունը, քանի որ բացակայում է տարբեր մասնագիտական դիրքորոշումների պաշտոնական արձանագրման մեխանիզմը: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 6. Առաջարկում ենք օրենսդրական փոփոխությունների միջոցով ամրագրել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների՝ հատուկ կարծիք ներկայացնելու իրավունքը: Այս փոփոխությունը պետք է ներառի հստակ ընթացակարգեր հատուկ կարծիքի ձևավորման, ներկայացման և անհրաժեշտության դեպքում (ելնելով հատուկ կարծիքը ներկայացնելու փուլից) հրապարակման վերաբերյալ: Անհրաժեշտ է սահմանել նաև հատուկ կարծիքի բովանդակային պահանջները, ներկայացման ժամկետները և դրա հետագա քննարկման մեխանիզմները: Այս փոփոխությունները կնպաստեն դատական համակարգի թափանցիկության բարձրացմանը, որոշումների կայացման գործընթացի բարելավմանը և հանրային վստահության ամրապնդմանը: | ||||
| 7 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 23.01.2025 11:43:47 | Օրենքի 120-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «խորհրդակցական սենյակում՝» բառերը: ԴԻՏԱՐԿՈՒՄ 7. Այս փոփոխությունը համահունչ է թափանցիկության սկզբունքին, սակայն որոշակի մտահոգություններ է առաջացնում դատավորների անկախության երաշխիքների տեսանկյունից: Ներկայիս ձևակերպումը չի նախատեսում դատավորների համար հնարավորություն՝ խնդրելու իրենց դիմումի քննարկումը խորհրդակցական սենյակում, ինչը կարող է խնդրահարույց լինել այն դեպքերում, երբ փոխանակման պատճառները կապված են անձնական կամ գաղտնի տեղեկությունների հետ: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 7. Առաջարկում ենք ավելացնել դրույթ, որը թույլ կտա դատավորներին միջնորդել քննարկումն անցկացնել խորհրդակցական սենյակում՝ պատշաճ հիմնավորման դեպքում: Հստակեցնել «հիմնավոր պատճառներ» հասկացությունը։ Սահմանել կոնկրետ ժամկետներ դիմումի քննության և որոշման կայացման համար: Նախատեսել դրույթ, որը կպարտավորեցնի ԲԴԽ-ին տալ պատճառաբանված որոշում՝ հատկապես մերժման դեպքերում: | ||||
| 8 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 23.01.2025 11:43:47 | Օրենքի 78-րդ հոդվածում՝ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.5-րդ մասերով. 2.1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը լուծելու կամ հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի դիմելու հարցը լուծելու համար Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն ինը անդամ: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը:․․․ ԴԻՏԱՐԿՈՒՄ 8. Առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրավական անորոշություն քվեարկության արդյունքների հաշվարկման մեխանիզմի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների և գործնական խնդիրների: Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ հստակ չէ՝ արդյոք քվեարկության արդյունքները պետք է հաշվարկվեն հանձնաժողովի բոլոր անդամների, թե միայն նիստին մասնակցող անդամների թվից: Տառացի մեկնաբանության դեպքում կարող ենք նշել, որ նկատի է ունեցվում հանձնաժողովի բոլոր անդամներին, ոչ թե նիստի մասնակից անդամներին։ Այդ մոտեցումը ճիշտ չէ, քանի որ ոչ բոլոր անդամներն են մասնակցել նիստին և քննարկումներին, հետևաբար իրենց կարծիքը որոշումների կայացմանը հաշվի առնելը կխոչընդոտի ճիշտ որոշում կայացնելուն։ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ 8. Առաջարկում ենք հստակեցնել քվեարկության արդյունքների հաշվարկման մեխանիզմը՝ սահմանելով, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի՝ նիստին մասնակից անդամների առնվազն մեկ երրորդը: |