ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
- 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքում (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) ամրագրված են բազմաթիվ նորամուծություններ, որոնցից մեկը վերաբերում է նաև քրեական պատասխանատվությունից ազատելու որոշ կարգավորումներին՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտությանը և գործուն զղջալուն:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվել է, որ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ առկա է բացառություն այն դեպքերում, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ: Նույն հոդվածի 4-րդ մասը շեշտել է, որ եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից, ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը չի կարող հաշտության հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից: Սակայն, իրավակիրառ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 14-16 տարեկան, ներառյալ՝ ընտանեկան կամ կենցաղային բռնության ենթարկված տուժող երեխաների մասնակցությամբ կիրառվել են հաշտություններ՝ բացառապես հիմք ընդունելով երեխայի կամարտահայտությունը և անտեսելով, որ այդ երեխաները սահմանափակ գործունակ են ու իրավական տեսանկյունից նրանց հայտնած համաձայնությունը չի կարող դիտարկվել որպես ամբողջությամբ գիտակցված ու կամային, ինչից ելնելով նման պրակտիկան հանգեցնում է արհեստականորեն երեխային կոնկրետ քրեաիրավական ու քրեադատավարական համատեքստում «էմանսիպացնելուն», ինչը չի բխում միջազգայնորեն ընդունված՝ երեխայի լավագույն շահերից և հակասում է արդարադատության հիմնարար սկզբունքներին ու շահերին: Բացի այդ, սա առաջացնում է անարդարության զգացում, իսկ երբեմն իրավական նիհիլիզմ ազգաբնակչության լայն շրջաններում:
Այնուամենայնիվ, դատաքննչական պրակտիկայում գրանցվել են դեպքեր, որոնք վերջին ժամանակներով ավելանում են, երբ թե՛ դատարանները, թե՛ քննիչները կիրառում են քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով թե՛ ընտանիքում բռնության (2024թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում կիրառվում է «ընտանեկան և կենցաղային բռնություն» եզրույթը) դեպքերով, թե՛ ընտանիքից դուրս: Նման դեպքեր արձանագրվել են ԱՐԴ/0155/01/24, ԱՐԴ/0084/01/21, ԱՐԴ/0188/0120 և այլ վարույթներով: Ավելին, ԱՐԴ/0155/01/24 քրեական վարույթվ դատարանը հաշտություն կիրառելուց բացի վիճարկել է ընտանիում բռնության փաստը՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց միջև՝ ՀՀ քրեական օրանսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակներում:
Բոլորովին վերջերս հանրությունը ցնցվել էր մեկ այլ աղմկահարույց դեպքից, որը լայն տարածում ստացավ համացանցում[1] և դարձավ բազմաթիվ թե՛ մասնագիտական, թե՛ հանրային քննարկումների առարկա: 30.11.2024թ.-ին հրապարակված այս դեպքից հետո իրականացված ուսումնասիրությունը փաստեց մոտ 2 տասնյակ նման դեպքերի առկայություն հայաստանյան պրակտիկայում, ինչը խնդրահարույց է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում:
Հայաստանում 2021թ.-ի հունվարի 1-ից գործում է Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիան (այսուհետ՝ Լանզարոտեի կոնվենցիա), որի 18-րդ հոդվածը, որը վերնագրված է «Սեռական բռնություն», սահմանում է, որ յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ քրեական պատասխանատվություն սահմանելու հետևյալ միտումնավոր գործողությունների համար՝
ա) սեռական բնույթի գործողություններով զբաղվելը երեխայի հետ, որր, համաձայն ազգային օրենսդրության համապատասխան դրույթների, դեռևս չի հասել օրենքով սահմանված տարիքի նման գործողություններով զբաղվելու համար,
բ) երեխայի հետ սեռական բնույթի գործողություններով զբաղվելը, երբ կիրառվում են հարկադրանք, ուժ կամ սպառնալիքներ, կամ տեղ է գտնում երեխայի նկատմամբ ունեցած վստահության, իշխանության կամ ազդեցության չարաշահում, այդ թվում և ընտանիքի ներսում, կամ չարաշահվում է երեխայի առանձնապես անպաշտպան վիճակը, մասնավորապես սահմանափակ մտավոր կամ ֆիզիկական ունակությունների կամ կախվածության մեջ գտնվելու հանգամանքներում:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ վերը նշված 1-ին կետի նպատակներից ելնելով յուրաքանչյուր Կողմ պետք է սահմանի այն տարիքը, մինչև որը արգելվում է երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարել:
ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն այդ տարիքը 16 տարեկանն է, և սեռական անձեռնմխելիությամբ օժտված են այդ տարիքի բոլոր երեխաները՝ անկախ ազգությունից, կրոնից և այլ հանգամանքներից:
16 տարին չլրացած երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում օրենսդիրը մշտապես սահմանել է հանրային կարգով հետապնդում՝ հաշվի առնելով երեխայի խոցելիությունը, հոգեհուզական վիճակը, հոգեբանական զարգացումը և այլ հատկանիշներ:
Լանզարոտեի կոնվենցիայի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 1ա) կետի դրույթները չեն տարածվում անչափահասների միջև փոխադարձ համաձայնությամբ կատարվող սեռական բնույթի գործողությունների վրա: Այսինքն, մնացած բոլոր դեպքերում անձը, ով կատարել է երեխայի նկատմամբ սեռական բռնություն պետք է ենթարկվի պետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:
Ավելին, ԵԽ բոլոր երկրները բավականին խիստ պատիժներ են նախատեսել նման արարքներ կատարելու համար և սեռական անձեռնմխելիության պաշտպանությունը բացարձակորեն է կիրառվում՝ չթողնելով երեխայի հայեցողությամբ հետապնդումների կամ հաշտությունների իրականացումը:
Բացի այդ, Լանզարոտեի կոնվենցիան հատուկ շեշտել է անգամ վաղեմության ժամկետի կիրառման արգելքը՝ ամրագրելով դա 33-րդ հոդվածում, որին համապատասխան փոփոխություններ կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքում դեռ 2013թ.-ին:
Երեխաների նկատմամբ կատարված սեռական հանցագործությունների համար պատժի անխուսափելիությունը հետևողականորեն ամրագրված է տարբեր պետությունների օրենսդրությունում՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Էստոնիա, Իտալիա և այլն: Ավելին, այդ երկներում երեխային հնարավորություն չի ընձեռնվում որոշել մեղադրյալին պատասխանատվության ենթարկելու կամ չենթակելու հարցը, և նման հնարավորություն ընձեռելը չի բխում նաև հանրային հետապնդման գաղափարից:
Քննարկվող համատեքստում առաջարկվում է նաև արգելող նորմ նախատեսել
գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը նախատեսող հոդվածում, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածում ագրելող նորմի սահմանման դեպքում, չի բացառվում, որ դատաքննչական պրակտիկան ընթանա այն ուղղությամբ, որ կիրառվի ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը՝ առավել ևս, որ այն նախատեսում է այդ նորմի կիրառումը նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Ավելին, նշված նորմում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների՝ երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում գործուն զղջալու կիրառման արգելքը, այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածը՝ Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, նախատեսված է: Այսինքն, ներկայացված նախագծով կարգավորվում է նաև իրավական այդ բացը՝ հաշվի առնելով երեխաների պաշտպանության անհրաժեշտությունը:
- Լանզարոտեի կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն՝ մանկական մարմնավաճառության հետ կապված հանցագործություններից ի թիվս այլնի հանդիսանում է նաև մանկական մարմնավաճառության ծառայություններից օգտվելը, որը ստանձնված միջազգային պարտավորության համատեքստում յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ քրեական պատասխանատվություն սահմանելու համար: Այդ հոդվածի նպատակից ելնելով «մանկական մարմնավաճառություն» եզրույթը նշանակում է երեխային սեռական բնույթի գործողությունների համար օգտագործելը, երբ վճարում են կամ խոստանում ցանկացած այլ վարձատրություն կամ վճար, անկախ այն բանից, թե այդ վարձատրությունը կամ վճարը կամ էլ նման խոստումը տրվում է հենց երեխային, թե մի երրորդ անձի:
ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը սահմանում է համանման ձևակերպում, որի համաձայն՝ երեխայի պոռնկությունը երեխային սեքսուալ բնույթի գործողությունների համար օգտագործելն է վարձատրության, այլ հատուցման կամ դրանց խոստման դիմաց՝ անկախ այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը երեխային կամ երրորդ անձին տրամադրելու հանգամանքից: Այս սահմանումից ակնհայտ է, որ հատուկ շեշտադրվում է այն փաստը, որ որևէ նշանակություն չունի այդ վարձատրությունը, այլ հատուցումը կամ խոստումը տրվում է երեխային, թե երրորդ անձին: Այն, որ 16 տարին լրացած երեխան ունի սեռական ազատություն դեռ չի նշանակում, որ երեխան կարող է զբաղվել իր համար վտանգ ներկայացնող գործունեությամբ՝ պոռնկությամբ:
Համանման արգելք նախատեսված է Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին թիվ 182 ԱՄԿ կոնվենցիայում, որն ուժի մեջ է մտել ՀՀ-ում 2006 թվականի հունվարի 2-ից, և որի 3-րդ հոդվածի համաձայն երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերն ընդգրկում են`
ա) ստրկության բոլոր ձևերը կամ ստրկությանը համանման աշխատանքը, ինչպիսիք են երեխաների վաճառքը և առևտուրը, պարտքային ստրկացումը կամ ճորտային կախվածությունը, ինչպես նաև հարկադիր կամ պարտադիր աշխատանքը, այդ թվում` երեխաների պարտադիր կամ հարկադիր հավաքագրումը զինված ընդհարումներում օգտագործելու համար,
բ) երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը սեռական ծառայությամբ զբաղվելու, պոռնոգրաֆիկ արտադրանքի արտադրության կամ նման ներկայացումների համար,
գ) երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը հակաիրավական գործունեությամբ զբաղվելու, մասնավորապես թմրանյութերի արտադրման և վաճառքի համար, ինչպես դրանք սահմանված են համապատասխան միջազգային պայմանագրերում,
դ) աշխատանքը, որն իր բնույթով կամ իր կատարման պայմաններով կարող է վնասել երեխաների առողջությանը, անվտանգությանը կամ բարոյականությանը:
Այն որ պոռնկությունը վնասում է երեխայի թե՛ բարոյականությանը, թե՛ առողջությանը, թե՛ զարգացմանը, թե՛ այլ արժեքներին, ակնհայտ է, հետևաբար երեխային պոռնկության մեջ ներգրավելուց կամ դրան մասնակցելուն այլ ձևով աջակցելուց բացի, պոռնկության ծառայություններից օգտվելը նույնպես պետք է լինի արգելված:
Ավելին, պոռնկությամբ զբաղվող երեխաների դեպքում քրեորեն պատժելի չէ միայն 16-18 տարեկան երեխաների ծառայություններից օգվելը, քանի որ մինչև 16 տարեկան երեխաների հետ սեքսուալ գործողություններ կատարելն՝ անկախ դրա հատուցելի կամ անհատույց լինելուց, արդեն քրեականացված է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով:
Ավելին, ՀՀ քրեական օրենսգրքը բովանդակում է նաև 190-րդ հոդված, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում շահագործման վիճակում գտնվող մարդու ծառայությունից օգտվելու համար: Եվ եթե երեխան շահագործման է ենթարկել, ապա նա գտնվում է քրեաիրավական պաշտպանության ներքո, իսկ եթե կամավոր է զբաղվում պոռնկությամբ՝ ոչ, ինչը հակասում է Լանզարոտեի կոնվենցիայի 19-րդ հոդվածին:
Հետևաբար, պոռնկությամբ զբաղվող երեխաների պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է նվազեցնել այդ երևույթի պահանջարկը, և եթե անձը գիտակցում է, որ պոռնկությամբ զբաղվում է երեխան, ապա նա պետք է գիտակցի նաև դրա քրեորեն պատժելի լինելը՝ այդ ծառայություններից օգտվելու դեպքում: Այսինքն, սահմանելով քրեական պատասխանատվություն երեխայի պոռնկության ծառայությունից օգտվելու համար կնազի դրա պահանջարկը և դա կհանգեցնի երեխաների սեռական բռնությունից ու սեռական շահագործումից պաշտպանությանն ու երեխայի մոտ սեռականացման ու նման վարքագծի դեպքերի նվազմանը:
- Կարգավորման նպատակը.
Ներկաայցված նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն երեխայի պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար, ինչպես նաև բացառել երեխայի նկատմամբ կատարված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով քրեական պատասխանատվությունից ազատելու երկու հիմք կիրառելը, մասնավորապես՝ գործուն զղջալը և տուժողի հետ հաշտվելը:
Նախագծով նաև շտկվում է իրավական բացը՝ մարդու թրաֆիքինի կամ շահագործման հետ մեկտեղ երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում՝ գործուն զղջալու կիրառումը՝ սահմանելով դրա կիրառման արգելքը:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ կստեղծվեն երեխայի՝ սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության համար, մասնավորապես՝ դրանց հանցավոր դրսևորումներից, կբացառվի քրեական պատասխանատվությունից ազատելու ձևավորվող պրակտիկան, որը չի բխում երեխայի լավագույն շահերից ու արդարադատության սկզբունքներից և հանգեցնում է երեխաների վաղաժամ սեռականացման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանի ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Լանզարոտեի կոնվենցիային:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից՝ երեխաների պաշտպանության միջազգային փորձագետ ի.գ.թ., դոցենտ Դ. Թումասյանի աջակցությամբ:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարությունից:
[1] https://iravaban.net/502907.html?fbclid=IwY2xjawG6b-pleHRuA2FlbQIxMAABHd7tbJbrgtEkQSE5Adt20RCmP9mg9Gr6x_twt66C0ok5AvQCZgNsc6fYZA_aem_GzUrsioRNxn4QW5FykYZ1A