ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծով ապահովվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 21.10.2024 թ. N 02/11.4/35959-2024 hանձնարարականի կատարումը: Նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների (այսուհետ՝ շահառու ծնողների) վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու հնարավորության ապահովումն է:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Որոշմամբ հաստատվել է շահառու ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշումների շրջանակներում Առողջապահության նախարարի հրամանով արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրված՝ շահառու ծնողների ծախսերի մասնակի փոխհատուցումն է:
Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ ծրագրի շահառու հանդիսացող՝ զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրվում է՝
1) դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար՝ առավելագույնը երկու անգամ (600 հազ. դրամ),
2) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար՝ միայն մեկ անգամ (5.5 մլն դրամ)։
Համաձայն Հավելվածի 6-րդ կետի՝ ընտանիքում 1-ից ավելի զոհված զինծառայող լինելու դեպքում ծնողները յուրաքանչյուր զավակի դեպքում առանձին, ընդհանուր կարգով կարող են օգտվել պետական աջակցությունից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է առաջարկություն՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար հատկացվող փոխհատուցման ծրագրի շրջանակներում ծնողներին ընձեռելու ևս մեկ հնարավորություն՝ անկախ այն հանգամանքից, թե ծնողները քանի զոհված զավակ ունեն։
Այս առաջարկության հիմքում դրվել է այն փաստը, որ Որոշման շրջանակներում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար մեկ անգամ փոխհատուցում ստացած շահառու ծնողը ցանկություն է հայտնել ևս մեկ երեխա ունենալ փոխնակ մոր միջոցով:
Հաշվի առնելով վերոգրյալը, նպատակահարմար է վերանայել որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը՝ նույն շահառու ծնողներին փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը միայն մեկ անգամ փոխհատուցելու մասով:
- Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
- Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրել առավելագույնը՝ երկու անգամ (յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում):
Միաժամանակ առաջարկվում է՝ Առողջապահության նախարարության կողմից տրվող տեղեկատվության մեջ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար հրամանի վերաբերյալ նշումը կատարել, ոչ միայն դոնորական ձվաբջջի ձեռքբերման դեպքում, այլ նաև նախագծով առաջարկվող փոփոխությամբ պայմանավորված՝ նաև փոխնակ մոր ծառայություններից օգտվելու դեպքում:
Նախագծով առաջարկվում է նաև կարգավորել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրը, այն է՝ շահառու ծնողների կողմից դիմում ներկայացնելիս էլեկտրոնային փոստի հասցեն նշել առկայության դեպքում:
Ներկայումս, փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար երկրորդ անգամ փոխհատուցում ստանալու նպատակով առկա է միայն մեկ անձի վերաբերյալ տեղեկատվություն:
Ծրագրի մեկնարկից սկսած (2022թ. մայիսից) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցում տրամադրելու համար Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկատվություն՝ շուրջ 60 շահառու ծնողների վերաբերյալ, որից նշված ժամանակահատվածում փոխհատուցում տրվել է (ամբողջովին կամ մասնակի) 27 շահառուի (շուրջ 45 %): Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների թիվը՝ 27, այն հանգամանքը, որ ցանկություն հայտնելու դեպքում ծնողները պետք է բավարարեն ՀՀ կառավարության 27.05.2015 թ. N 568-Ն որոշմամբ սահմանված պահաջներին, կարծում ենք, որ փոխնակ մոր ծառայություններից 2-րդ անգամ օգտվելու համար դիմող շահառուների թիվը 2025 թվականին առավելագույնը կարող է կազմել 2-3, որի դեպքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը կկազմի՝ 11-16.5 մլն դրամ:
Ընդ որում, նախատեսվում է, որ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու համար շահառու ծնողների կողմից դիմում ներկայացնելու դեպքում փոխհատուցումը կհատկացվի 2025 թվականին (հաշվի առնելով սույն նախագծի ընդունման հնարավոր ժամկետները):
Հարկ է նկատի ունենալ, որ միջոցառման իրականացման համար ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով առաջարկվել է նախատեսել 82 մլն դրամ։ Ըստ այդմ, ենթադրվում է, որ նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի խնդրո առարկա միջոցառման շրջանակներում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման առավելագույնը երկու հնարավորություն:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.3-րդ և 4.5-րդ կետերից, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի ռազմական գործողությունների հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջապահական նոր միջոցառում՝ ուղղված վերարտադրողական իրավունքի իրացմանն ու առողջության բարելավմանը:
- Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա։
-
Duration
15.11.2024 02.12.2024 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 375
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.