Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

2019 թվականի դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը: Վերջինիս նպատակներն են ապահովել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը, իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների պետական քաղաքականություն, բարելավել միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքների պաշտպանության մեխանիզմները, բարձրացնել հանրային իրազեկությունը մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին և նախանշել մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունները ապագա գործողությունների համար:

2019թ.-ին ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվել են մի շարք կարևոր  միջոցառումներ, որոնք էապես բարելավել են մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում: Սակայն, քանի որ իրականացված ծրագրով, այնուամենայնիվ, լիարժեքորեն չէին ապահովվել դրանով սահմանված նպատակների իրականացումը և հաշվի առնելով Կառավարության նոր ծրագրով սահմանված առաջնահերթությունները, ի հայտ էր եկել գործողությունների նոր ծրագրի ընդունման անհրաժեշտություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Կառավարությունը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին թիվ 1674-Լ որոշմամբ հաստատել է նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը, որով որպես գործողություն նախատեսվել է նաև ներդնել «դատավորի ընկեր» (amicus curie) հասկացության մեխանիզմներն ու կանոնակարգերը ներպետական իրավական համակարգում, որը կաջակցի դատարանին՝ տրամադրելով տեղեկատվություն կամ խորհրդատվություն իրավունքի կամ այլ հարակից հարցերի վերաբերյալ:

Ուստի, ի կատարումն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի՝ առաջացել է անհրաժեշտություն դատավարական օրենսգրքերում կատարել լրացումներ և ներդնել (amicus curie) հասկացության մեխանիզմներն ու կանոնակարգերը:

 

Համեմատական միջազգային փորձը «amicus curie» հասկացության, մեխանիզմների ու կանոնակարգերի վերաբերյալ.

«Amicus curiae» կամ «դատարանի ընկերը»[1] իրավական ինստիտուտ է, որը սկիզբ է առել հռոմեական իրավունքից[2] և հետագայում զարգացել անգլո-ամերիկյան իրավական համակարգերում։ Այս ինստիտուտը ներկայումս լայնորեն կիրառվում է ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր միջազգային իրավունքում։

Հռոմեական իրավունքում, հատկապես ուշ հանրապետական շրջանում (մ.թ.ա. 367-27թթ.), հռոմեացի իրավաբանները հաճախ հանդես էին գալիս որպես «amicus curiae»՝ ներկայացնելով իրենց կարծիքը իրավունքի վիճելի հարցերի վերաբերյալ դատարաններին[3]։ Այս պրակտիկան մեծ նշանակություն ուներ, քանի որ այն հնարավորություն էր տալիս դատարաններին ստանալ իրավական հարցերի վերաբերյալ փորձագիտական կարծիքներ։

Ադրիանոս կայսրի օրոք (76-138 թթ.) այս ինստիտուտը ավելի զարգացավ, և կայսրը հաստատեց, որ իրավաբանների կարծիքները պետք է պարտադիր դիտարկվեն դատարանների կողմից[4]։ Այս որոշումը բերեց երկարատև պրակտիկայի, որը շարունակվեց մի քանի դար։

Անգամ անգլիական ընդհանուր իրավունքի զարգացման վաղ փուլում ցանկացած անձ կարող էր հանդես գալ որպես «դատարանի ընկեր»՝ «դատարանին՝ սխալի մասին տեղեկացնելու»[5]  և այն կանխելու նպատակով, ինչը, ընդունված և հաճախ կիրառվող պրակտիկա էր 1353 թվականին:

Միացյալ Նահանգներում «amicus curiae»-ն առաջին անգամ մասնակցել է դատական գործի 1821 թվականին, այն է՝ Գերագույն դատարանի «Green v. Biddle»  գործին: Նրա կարգավիճակը հետագայում սահմանվեց ԱՄՆ Գերագույն դատարանի ստատուտով և Վերաքննիչ դատավարության դաշնային կանոններով։ Համապատասխան կարգավորումն առկա է Ավստրալիայի[6], Կանադայի[7], Հարավային Աֆրիկայի և, իհարկե, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գերագույն դատարանների կանոնակարգերում[8]։

«Amici»-ի ինստիտուտը հայտնի է նաև մայրցամաքային իրավական համակարգերին, որոնց շարքում են Նիդեռլանդները11, Լեհաստանը12, Ռուսաստանը13, Ֆրանսիան14, ինչպես նաև Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան15, Պերուն16: Այսօր «amicus curiae»-ն[9] հասկացվում է որպես անձ, որը գործընթացի կողմ չէ և չունի մասնագետի կամ փորձագետի դատավարական կարգավիճակ, անկախ է և անմիջական շահագրգռվածություն չունի վեճի ելքով, բայց իրավունք ունի իր նախաձեռնությամբ դատարանին տեղեկատվություն տրամադրել դրա պատշաճ լուծման համար որոշակի դրույթների վերաբերյալ[10]։

«Amicus curiae»-ին չպետք է շփոթել երրորդ անձանց հետ, որոնք դատավարության ընթացքում ունեն իրենց շահերը և, հետևաբար, դատավարական «միջամտություն» են իրականացնում դատավարության որևէ փուլում կամ հանդես են գալիս դատավարության կողմերից մեկի կողմից:

Դասական «Amici»-ները շահագրգռված են միայն արդարադատության արդար իրականացման խթանմամբ և ներկայացնում են հանրային շահը[11]:

Նման «կերպարի» դատավարությանը մասնակցելու նպատակը կայանում է նրանում, որ նա դատարանին ներկայացնի հատուկ փաստաթուղթ, որը կոչվում է «amicus curiae brief» (փաստերի և օրենքի համառոտ  վերլուծություն, ամփոփում կամ եզրակացություն), որը ներառում է դատարանի կողմից գործի լուծմանը նպաստող տեղեկատվություն, ինչպես նաև որոշ դեպքերում ներկայացված եզրակացության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով դատական նիստում անմիջական ելույթ ունենալու պարտականություն։

Ներկա փուլում այս ինստիտուտն ավելի ու ավելի մեծ կշիռ է ստանում միջազգային իրավունքում, ինչը վկայում է դրա կիրառման արդիականության մասին: ​​Միջազգային և արբիտրաժային դատարաններում բազմաթիվ գործերի քննարկումն այսօր չի կարող իրականացվել առանց «դատարանի ընկերների» մասնակցության։

Միջազգային դատական ​​մարմինները, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը[12] և Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը[13], ընդունում են «amicus curiae»-ի կողմից ներկայացված նյութերը: Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում արբիտրաժային վեճերը քննարկելիս վերջիններս նույնպես իրավունք ունեն ընդունելու «amici»-ի[14] եզրակացությունները:

Շատ արբիտրաժային կանոններ, ներառյալ Միջազգային առևտրի պալատի կանոնները (ICC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանը (LCIA), ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի կանոնները (UNCITRAL) և այլն, նախատեսում են «amicus curiae»-ի մասնակցության հնարավորություն:

Ստորև ավելի մանրամասն կքննարկենք մի քանի պետությունների մոտեցումները և կարգավորումները այս ինստիտուտի վերաբերյալ:

  1. Ավստրալիա [15]

Ավստրալիայի Գերագույն դատարանի 2004 թվականի կանոններով «amicus curiae»-ն դատավարությանը մասնակցում է որպես «դատավարության մեջ ներգրավվող կողմ/ մասնակից» և վերջինս դատավարության մասնակցում է իր միջնորդության հիման վրա, որը պետք է դատարան ներկայացվի գրավոր ձևով: Նույն կանոններով սահմանվում է, որ այլ բան նախատեսված չլինելու դեպքում դատավարության մեջ ներգրավվող կողմը պետք է՝

ա) ներկայացնի գրավոր դիրքորոշում ՝ ոչ ավել քան 20 էջի սահմաններում և

բ) ուղարկի դիրքորոշումը կողմերին և դատավարության այլ մասնակիցներին:

 

  1. Կանադա [16]

Կանադայի Գերագույն դատարանի կանոնների համաձայն՝ «Դատարանը կամ դատավորը կարող են նշանակել «amicus curiae» բողոքարկման վարույթի ընթացքում»: Այսինքն, Կանադայի Գերագույն դատարանի կանոնների նման ձևակերպումից պարզ է դառնում, որ օրինակ, ի տարբերություն Ավստրալիայի Գերագույն դատարանի կանոնների, որտեղ «amicus curiae»-ն ներգրավվում է վարույթում իր միջնորդության հիման վրա, Կանադայի Գերագույն դատարանի վարույթում նա ներգրավվում է դատարանի կողմից:

 

  1. Հարավաֆրիկյան Հանրապետություն [17]

«Հարավաֆրիկյան Հանրապետության գերագույն դատարանի դատավարության անցկացումը կանոնագրող կանոններ»-ի 16-րդ կետի համաձայն դատարանի կողմից քննվող ցանկացած գործով շահագրգիռ ցանկացած անձ կարող է, դատարանի կողմից քննվող գործով բոլոր կողմերի գրավոր համաձայնությամբ, որը տրվել է ոչ ուշ, քան նույն կանոններով սահմանված ժամկետում, վարույթում ընդգրկվել որպես «amicus curiae»: Հատկանշական է, որ «amicus curiae»-ի իրավունքների և արտոնությունների շրջանակը ենթակա է որոշման ցանկացած առանձին գործով՝ դատարանում գրավոր համաձայնեցվելու միջոցով:   Այս «Amicus curiae» ներգրավվելու միջնորդությունը պետք է տեղեկություններ պարունակի «amicus curiae»-ի տվյալ գործով հետաքրքրվածության և նրա դիրքորոշման մասին, այսինքն՝ այն մասին, թե վերջինս հանդես է գալու հայցվորի, թե պատասխանողի կողմից: Նշված միջնորդությունը պետք է նաև ունենա հակիրճ հիմնավորում այն մասին, թե ինչու է «amicus curiae»-ի մասնակցությունը կարևոր տվյալ գործի համար և վերջինս ինչ է ներկայացնելու դատարան:

Կարևոր պահանջ է այն, որ «amicus curiae»-ի պնդումները չպետք է կրկնեն դատավարության որևէ մասնակցի/կողմի ներկայացրած պնդումները և չպետք է ներկայացվեն այնպիսի պնդումներ կամ հարցեր, որոնք կարող են նոր վեճ առաջացնել կողմերի միջև:

 

  1. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն[18]

 Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գերագույն դատարանների կանոնակարգի 35-րդ կետի համաձայն՝ դատարանը կարող է պահանջել համապատասխան պաշտոնատար անձին նշանակել, կամ կարող է ինքը նշանակել «խորհրդատուի», որը կաջակցի դատարանին՝ ինչպես իրավական վերլուծություններ կատարելով, այնպես էլ տեխնիկական հարցերով:

 

  1. Վրաստանի Հանրապետություն[19]

Վրաստանում «դատավորի ընկեր» կարող է հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանը, կամ վրացական իրավական համակարգին հայտնի հանրային պաշտպանը: Մասնավորապես՝ Վրաստանի «Հանրային պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Վրաստանի հանրային պաշտպանը կարող է որոշ գործերով ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ Սահմանադրական դատարանում հանես գալ որպես «դատավորի ընկեր»:

 

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների «Բողոքարկման վարույթի մասին դաշնային կանոնների» համաձայն՝ պետությունը կամ նրա պաշտոնատար անձը կամ գործակալությունը կամ նահանգը կարող է ներկայացնել «amicus-curiae brief» առանց կողմերի համաձայնության կամ դատարանի թույլտվության: Ցանկացած այլ «amicus-curiae» կարող է կարծիք ներկայացնել միայն դատարանի թույլտվությամբ կամ երբ կարծիքում նշված է, որ բոլոր կողմերը տվել են իրենց համաձայնությունը կարծիքի ներկայացման հարցում:

Հատկանշական է, որ «amicus-curiae brief»-ը դատարան ներկայացնելու միջնորդությունը ներկայացնելիս, դրան պետք է նաև կցվի կարծիքը և նշվի՝ միջնորդություն ներկայացնողի շահագրգռվածությունը և  կարծիքի ներկայացման անհրաժեշտությունը և թե ինչու են պնդումները վերաբերում գործին:

          Նշված կանոններով մանրամասն սահմանվում են նաև եզրակացության ձևին ներկայացվող պահանջները, որը ներառում է եզրակացության բովանդակությունը, էջերի առավելագույն քանակը, տեքստի տառաչափը և այլն:

          Այս կանոնների համաձայն՝ «դատավորի ընկեր»-ն իր եզրակացությունը կարող է ներկայացնել նիստի ընթացքում, կարող է ելույթ ունենալ, իր եզրակացության հետ կապված պատասխանել հարցերի:

 

  1. Բրազիլիա

Բրազիլիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատավորը կամ զեկուցող դատավորը, հաշվի առնելով հարցի արդիականությունը, հայցի առանձնահատկությունները կամ վեճի սոցիալական ազդեցությունը, կարող է անբողոքարկելի որոշմամբ ի պաշտոնե (ex officio) կա՛մ կողմի, կա՛մ կարծիք ներկայացնելու ցանկություն ունեցող անձի միջնորդությամբ, պահանջել կամ թույլատրել ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական մարմնի կամ մասնագիտացված միավորման  մասնակցությունը համապատասխան ներկայացուցչությամբ՝ ծանուցումը ստանալուց հետո տասնհինգ օրվա ընթացքում: Հետաքրքրական է, որ այստեղ դատավորի ընկերոջ լիազորությունները սահմանում է դատավորը՝ կարծիք պահանջելու կամ թույլատրելու միջնորդությամբ[20]:

 

  1. Մոլդովա

Մոլդովայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում իրավասու պետական մարմինները կարող են իրենց նախաձեռնությամբ, դատավարության մասնակիցների կամ դատարանի պահանջով, միջամտել առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում վարույթին՝ իրենց իրավասության շրջանակներում ներկայացնելով եզրակացություններ՝ անձանց իրավունքներն ազատությունները և օրինական շահերը, ինչպես նաև պետության և հասարակության շահերը պաշտպանելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ կարող է ներգրավել իրավասու պետական մարմիններին քննվող գործի վերաբերյալ կարծիք տրամադրելու համար:

Այսինքն, այս պետությունում նույնպես որդեգրվել է ինչպես շահագրգիռ անձի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ վարույթին ներգրավվելու քաղաքականությունը:

 

  1. Լատվիա

Լատվիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ «դատավորի ընկեր» դատավարությանը միանում է դատավարության մասնակցի կարգավիճակով: Նույն օրենսգրքի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում դատարանը պետք է կազմակերպություններին հրավիրի մասնակցելու դատավարությանը՝ վերջիններիս կողմից իրենց իրավասության շրջանակներում կարծիք տրամադրելու և օրենքով պաշտպանվող անձանց իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու համար: Այս հրավիրված կազմակերպություններն իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, ներկայացնելու միջնորդություններ և տրամադրելու կարծիքներ: Նախատեսվում է նաև, որ կազմակերպության կարծիքը պետք է ներկայացվի որպես ապացույց, իսկ նման կարծիքի հետ դատարանի անհամաձայնության պատճառները պետք է արտացոլվեն վճռում:

Նույն օրենսգրքով սահմանված է նաև, որ ապացույցների հետազոտումից հետո դատարանը պետք է լսի դատավարությանն օրենքի կամ դատարանի որոշման ուժով մասնակցող կազմակերպությունների դիրքորոշումը և դատավորը կամ դատավարության մյուս մասնակիցները կարող են հարցեր տալ կարծիք ներկայացրած կազմակերպության ներկայացուցչին:

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ ի տարբերություն քննարկվող մնացած պետությունների՝ Լատվիայի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում սահմանված են նաև կոնկրետ դեպքեր, երբ դատարանը կարող է պահանջել որոշ մարմինների եզրակացություններ: Մասնավորապես նախատեսված են՝

  • հայրության ճանաչման գործերով բողոքարկումների դեպքում ծնողազուրկների և խնամակալության դատարանի կարծիքը պահանջելու հնարավորություն,
  • «Մրցակցության մասին» օրենքով սահմանված վնասների հատուցման գործերով ապացույցներ պահանջելու դեպքում մրցակցության ոլորտի լիազոր մարմնից կարծիք պահանջելու հնարավորություն՝ պարզելու, թե արդյո՞ք ապացույցի ներկայացումը չի հանգեցնի մրցակցային օրենսդրության խախտումների,
  • իրավական պաշտպանություն տրամադրելու վարույթում նախատեսվում է այդ վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի կողմից կարծիքի ներկայացում դատարանի կողմից սահմանված ժամկետներում,
  • սնանկության վարույթով նախատեսված է ֆինանսական առողջացման անհնարինության դեպքում ֆինանսների և շուկայի հանձնաժողովի կողմից կարծիքի ներկայացում[21]:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի հիմնական ուղղությունները երրորդ անձանց մասնակցության մասով 16-րդ արձանագրության 3-րդ հոդվածի երկրորդ նախադասության և Կոնվենցիայի 36-րդ հոդվածի երկրորդ մասի ուժով.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան թույլ է տալիս փաստել, որ գործին միջամտող պայմանավորող պետության կամ ոչ պայմանավորվող պետության կարծիքը պետք է միայն վերաբերի գործի այն հանգամանքներին, որոնք առնչվում են իր իրավունքներին:

Դատավորի ընկերոջ մեկնաբանությունները որպես այդպիսին չպետք է անդրադառնան գործի կոնկրետ հանգամանքներին կամ դիմումի ընդունելիությանը կամ հիմնավորվածությանը, այլ ավելի շուտ պետք է վերաբերեն գործի ընդհանուր խնդիրներին՝ սովորաբար երրորդ կողմի հատուկ մասնագիտացման կամ գիտելիքի հիման վրա: «Շահագրգիռ երրորդ կողմի» մեկնաբանությունները պետք է միայն վերաբերեն գործի փաստական կամ իրավական ասպեկտներին: Եթե գործով մեկից ավելի դատավորի ընկերների է թույլատրվել միջամտել, դատարանը պետք է նրանց ուղղորդի ներկայացնելու միասնական գրավոր մեկնաբանություն՝ առանձին այն իրականացնելու փոխարեն:

 

Այսպիսով, միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գոյություն ունի «amicus curiae»-ի մասնակցության մի քանի տեսակներ՝

  1. դատավորի «իրական» ընկեր. այս դեպքում դատավորի ընկերը ելքի առումով շահագրգռվածություն չունի, բայց շահագրգռված է դատարանի կողմից իրականացվող գործունեության պատշաճությամբ և դատարանին տրամադրում է տեղեկատվություն կամ տվյալներ։
  2. «Ես նույնպես» դատավորի ընկեր. այս դեպքում կարծիքը ներառում է դատավորի ընկերոջ «քվեարկությունը» կողմերից մեկի օգտին։ Սրա նպատակը դատավորին ցույց տալն է, որ դատավորի ընկերը համաձայն է կողմերից մեկի հետ և հույս ունի, որ դատավորը ևս վերջինիս օգտին որոշում կկայացնի։ Այնուամենայնիվ, նման կարծիքները չեն կարող հանդիսանալ դատավորին օժանդակող և կարող են մերժվել նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
  3. Դատավորի ընկերոջ կողմից այլ տեսլականի ներկայացում. դատավորի ընկերը ներկայացնում է այլ դիրքորոշում՝ որպես կանոն առավել լայն, քան կողմերի ներկայացրածը և բացատրում է, թե ինչպես նույնանման իրավիճակում այլ անձինք կարող են ազդեցություն կրել դատարանի որոշումից։ Նման միջամտության նպատակը գործը կոնկրետ ձևով լուծելու դեպքում հնարավոր հետևանքների մասին դատարանին նախազգուշացնելն է։
  4. Կարծիք, որը լրացնում է բացերը. դատավորի ընկերն ունի մեծ փորձառություն կոնկրետ գործով և կարող է լրացնել բացերը վերլուծությունների կամ ուսումնասիրությունների միջոցով։ Նման կարծիքները կարող են տեղեկատվություն պարունակել հնարավոր հետևանքների և դատական ակտի գործնական հետևանքների մասին։ Բացը կարող է լինել հիմնական խնդիրները չնշելու արդյունք։ Այնուամենայնիվ, չի կարող կայացվել որոշում ultra petita (քաղաքացիական իրավունքի հայեցակարգ, ըստ որի՝ դատավորը որոշում է կայացնում՝ դուրս գալով կողմերի պահանջների շրջանակից)։[22]

Դատավորի ընկերոջ («Amicus curiae») երեք հիմնական մոդելներն առանձնացվում են նաև հետևյալ սկզբունքով՝

1)       Թույլատվական մոդել

Այս մոդելի դեպքում դատարանն անձի խնդրանքով տրամադրում է amicus curiae ներկայացնելու թույլտվություն կամ անմիջականորեն սեփական նախաձեռնությամբ պահանջում է ներկայացնել amicus:

Կանադայի  Գերագույն դատարանի մասին կանոնների 92-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կամ դատավորը կարող են նշանակել դատավորի ընկեր բողոքարկման ժամանակ: Դատավարությանը մասնակից չհանդիսացող երրորդ անձի դիրքորոշումը կարող է ներկայացվել դատարանի նախաձեռնությամբ:

Որոշ համակարգերում amicus curiae կարող է ներկայացվել միայն դատավորի թույլտվությամբ կամ դատավարության բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

2)       Amicus` ընդունված կողմերի համաձայնության առկայությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի մասին կանոններում նշված է, որ amicus ներկայացնելու համար թույլտվություն ստանալու անհրաժեշտությունը բացակայում է, եթե առկա է բոլոր կողմերի համաձայնությունը:

Սլովենիայի սահմանադրական դատարանի մասին ակտի 28-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական դատարանը կարող է անհրաժեշտ պարզաբանումներ ստանալ նաև դատավարության այլ մասնակիցներին, պետական և համայնքային իշխանություններից: Վերջինս կարող է կարծիքներ ստանալ փորձագետներից և այլ կազմակերպություններից, հարցաքննել վկաների կամ այլ ապացույցներ ձեռք բերել այլ դատարաններից կամ մարմիններից:

3)       Խառը մոդել

Խառը մոդելի դեպքում դատարանը կարող է դատավարությանը չմասնակցող անձից պահանջել կարծիք, բայց դատավարության չմասնակցող անձը ևս կարող է իր եզրակացությունը ներկայացնել, որի ընդգրկումը գործի նյութերին կախված է դատարանի հայեցողությունից: Այս մոդելը նախատեսված է Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Ռումինիայում և այլն:[23]

Կարևոր է ընդգծել, որ դատավորի ընկերոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը հատուկ է և տարբերվում է փորձագետի կամ մասնագետի կողմից ներկայացված տեղեկատվությունից մի քանի պատճառներով: Նախ, փորձագետ-վկան լիովին տարբեր է դատավորի ընկերոջ համակարգից: Մինչ փորձագետ-վկայի դերը դատարանի առջև հատուկ փաստերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն է մասնագիտական տեսանկյունից (օրինակ՝ բժշկական), դատավորի ընկերոջ դերը (օրինակ՝ մարդու իրավունքների կամ կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունները) ընդհանուր առմամբ հասարակության շահերի կամ հեռանկարների ներկայացումն է: Այս տեղեկատվությունը պետք է լսվի դատարանի կողմից, հատկապես երբ այն վերաբերում է հանրային խնդրի, որը կարող է ազդել հասարակության լայն զանգվածի վրա, ովքեր չեն հանդիսանում իրավական գործընթացի պաշտոնական մասնակիցներ: Երկրորդ, շատ իրավիճակներում, որտեղ դատարանները հետաքրքրված են ստանալու հասարակական տեղեկատվություն և այլ հեռանկարներ, ապա չկան «փորձագետ-վկաներ», որոնց ինստիտուտը կարող է օգտագործվել. սա հիմնականում բխում է գոյություն ունեցող պրակտիկայից, որը չի սահմանում նման իրավիճակներում փորձագիտական եզրակացություն ներկայացնելու կանոն: Երրորդ, ոչ բոլոր կազմակերպությունները կամ անհատները, որոնք ցանկանում են ներկայացնել իրենց կարծիքը դատավորի ընկերոջ ինստիտուտի միջոցով, համապատասխանում են այն չափանիշներին, որոնք համապատասխանում են փորձաքննություններին ներկայացվող պահանջներին:

Այսպիսով, դատավորի ընկերը էական դերակատարում ունի: Դատարանների՝ հասարակության մեջ ներգրավվածության բարձրացման և նոր ու զարգացող իրավական ոլորտների առկայության դեպքում, որոնք բնորոշ են ժամանակակից պետություններին, դատարանները պահանջում են «Amicus»-ի լայն շրջանակ՝ աջակցելու վերջիններիս անընդհատ աճող ոլորտներում: Նման դատավորի ընկերներ կարող են լինել գիտնականները, կառավարական կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները (ինչպես օրինակ մարդու իրավունքների կամ բնապահպանական կազմակերպությունները) կամ պրոֆեսիոնալ/մասնագիտական միավորումների ներկայացուցիչները (օրինակ՝ փաստաբանների միավորումները):

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսգրքերում և նախատեսել քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության ընթացքում հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու ընթացակարգ:

Նախագծերի փաթեթի համաձայն՝ հատուկ դիրքորոշումը կարող է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից: Ընդ որում, ոչ առևտրային կազմակերպությունները հատուկ դիրքորոշում կարող են ներկայացնել իրենց միջնորդությամբ և դատարանի թույլտվությամբ, իսկ քաղաքացիական և վարչական դատավարություններում՝ գործին մասնակցող անձի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ դիրքորոշում կարող է ներկայացնել սեփական նախաձեռնությամբ՝ դատավարության ցանկացած փուլում:

Հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացրած անձը գործի ելքով իրավական շահագրգռվածություն ունեցող անձն է, որը դատարանին ներկայացնում է տեղեկատվություն իրավունքի կամ գործի հետ առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացրած անձը սահմանափակված է գործի փաստերով և չի կարող վկայակոչել նոր փաստեր:

Նախագծերի փաթեթով՝ ըստ դատավարական օրենսգրքերի, սահմանվել են, թե որ գործերի քննության շրջանակներում կարող է ներկայացվել հատուկ դիրքորոշում:

Նախատեսվել են նաև որոշ պահանջներ, որոնց բավարարելու դեպքում ոչ առևտրային կազմակերպությունը կարող է համարվել շահագրգիռ, մասնավորապես, վերջինս շահագրգիռ է, եթե քննվող գործն առնչվելու է վերջինիս կանոնադրական խնդիրներին և նպատակներին կամ գործի լուծումը կարող է նպաստել տվյալ կազմակերպության շահառուների` կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը և  հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելուն նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել այդ ոլորտում:

Հատկանշական է նաև, որ որպես երաշխիք՝ սահմանվել է, որ վերը նշված անձինք հնարավորություն չեն ունենալու հատուկ դիրքորոշում ներկայացնել, եթե ունեն նյութաիրավական կամ դատավարական շահագրգռվածություն գործի ելքով, այդ թվում՝ եթե վերջինս կամ վերջինիս հետ անձնական, ազգակցական, աշխատանքային կամ այլ հարաբերություններով կապված անձն ունի անձնական, նյութական կամ այլ շահագրգռվածություն գործի ելքով կամ հանդես է գալիս որպես դատավարության մասնակից (քրեական դատավարությունում՝ վարույթի մասնակից, վարչական դատավարությունում՝ նաև դատավարությանը մասնակցող այլ անձ):

Հարկ է ընդգծել նաև, որ ներկայացված հատուկ դիրքորոշումը դատարանի համար պարտադիր նշանակություն չի ունենալու և կրելու է խորհրդատվական բնույթ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Կատարվող լրացումների արդյունքում դատավարական օրենսգրքում կներդրվի հատուկ դիրքորոշում ներկայացնող անձանց ինստիտուտը:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1674-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 3-րդ նպատակի 3.8-րդ գործողությունից:

 

[1]  Տե՛ս, Некоторые проблемы применения данного института в России см.: Миргородский Е. Д. Институт «Amicus curiae» в российском гражданском процессе» // Экономика. Право. Государство. 2018. № 2 (2). С. 49—54

[2] Տե՛ս, Цибульский С. «Amicus curiae» как инструмент усовершенствования правовой системы // Материалы третьей международной конференции «Доступ к правосудию. Практика Amicus Curiae — друга правосудия». Киев, 2005. C. 135

[3] Տե՛ս, Ibbertson D. J. The Roman Law Tradition. Cambridge : Cambridge University Press, 1994.P. 7

[4] Տե՛ս, Цибульский С. Указ. соч. C. 135

[5] Տե՛ս, Krislov S. The Amicus Curiae Brief: From Friendship to Advocacy // Yale Law Journal. 1963.P. 695

[6] Տե՛ս, Ավստրալիայի Գերագույն դատարանի 2004 թվականի կանոնների 40.01 և 42.08A կետերը, հղումը՝ https://www.legislation.gov.au/F2004B00343/latest/text

[7] https://laws-lois.justice.gc.ca/eng/regulations/SOR-2002-156/  Rules of the Supreme Court of Canada, 92 The Court or a judge may appoint an amicus curiae in an appeal.

[8] https://www.supremecourt.uk/docs/uksc_rules_2009.pdf  SUPREME COURT OF THE UNITED KINGDOM   Advocate to the Court and assessors 35.—(1) The Court may request the relevant officer to appoint, or may itself appoint, an advocate to the Court to assist the Court with legal submissions. (2) In accordance with section 44 of the Act the Court may, at the request of the parties or of its own initiative, appoint one or more independent specially qualified advisers to assist the Court as assessors on any technical matter. (3) The fees and expenses of any advocate to the Court or assessor shall be costs in the appeal.

[9] Տե՛ս, : https://www.merriam-webster.com/dictionary/amicus%20curiae

[10] Տե՛ս, : https://www.justia.com/dictionary/amicus-curiae.htm

[11] Տե՛ս, Некоторые проблемы применения данного института в России см.: Миргородский Е. Д. Институт «Amicus curiae» в российском гражданском процессе» // Экономика. Право. Государство. 2018. № 2 (2). Էջ 50

[12] Конвенция о защите прав человека и основных свобод (ЕКПЧ, ч. 2 ст. 36) // URL: http:// www.echr.coe.int/NR/rdonlyres/6AC1A02E-9A3C-4E06-94EF-E0BD377731DA/0/ REGLEMENT_EN_2012.pdf (дата обращения: 18.06.2019)

[13] 1 Buergenthal Th. The Advisory Practice of the Inter-American Human Rights Court // AM. J.

INT’L L. 1985. 1. P. 15—17.

[14] Cawley Jared B. Friend of the Court: How the WTO Justifies the Acceptance of the Amicus Curiae Brief from Non-Governmental Organisations // Penn State International Law Review. 2004

[15] Տե՛ս, Ավստրալիայի Գերագույն դատարանի 2004 թվականի կանոնների 40.01 և 42.08A կետերը, հղումը՝ https://www.legislation.gov.au/F2004B00343/latest/text

[16] Տե՛ս, Կանադայի Գերագույն դատարանի կանոնները, հղումը՝ Rules of the Supreme Court of Canada (justice.gc.ca)

[17] Տե՛ս, «Հարավաֆրիկյան Հանրապետության գերագույն դատարանի դատարության անցկացումը կանոնագրող կանոնների 16-րդ կետը, Supreme Court of Appeal: Rules of the Supreme Court of Appeal (as amended) [1998] ZARC 1 (28 December 1998) (saflii.org)

[18] https://www.supremecourt.uk/docs/uksc_rules_2009.pdf

[19] Վրաստանի Հանրապետության «Հանրային պաշտպանի մասին» օրենքի 21-րդ հոդված, հղումը՝ https://matsne.gov.ge/en/document/download/33034/14/en/pdf

[20] https://www.lawyerinbrazil.com/wp-content/uploads/2019/06/BRAZILIAN_CODE_OF_CIVIL_PROCEDURE-1.pdf

[21] https://wipolex-res.wipo.int/edocs/lexdocs/laws/en/lv/lv091en.pdf

[22] Տե՛ս, https://rm.coe.int/equality-bodies-as-amicus-curiae/1680932030#:~:text=When%20Equality%20Bodies%20intervene%20as,at%20stake%20before%20the%20courts

[23] Տե՛ս https://www.osce.org/files/f/documents/2/6/523437.pdf

  • Discussed

    31.10.2024 - 15.11.2024

  • Type

    Legal code

  • Area

    Justice, Criminal procedure, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 928

Print

Suggestions

Գեւորգ Հայրապետյան

12.11.2024

Առաջարկում եմ հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու դեպքերը չսահմանափակել կոնկրետ ոլորտներով, փոխարենը հատուկ դիրքորոշում (amicus brief) ստանալուլ/ընդունելու հարցը թողնել դատարանի որոշմանը՝ դեպք առ դեպք: Կամ առնվազն նախատեսել որեւէ ընդհանուր կարգավորում, օրինակ հատուկ դիրքորոշում (amicus brief) կարող է ներկայացվել մարդու այն իրավունքների վերաբերյալ հարցեր քննարկելու դեպքերում, որոնց իրենց էության վերաբերելի է հատուկ դիրքորոշումը (amicus brief), կամ, օրինակ, որպես հատուկ դիրքորոշման (amicus brief) ենթակա դեպքեր հղում անել Սահմանադրության 2-րդ գլխով սահմանված իրավունքներին: Հիմնավորումը – պարզ չէ, թե ինչ սկզբունքով են ընտրված այն իրավունքները, որոնց քննարկման դեպքում կարելի է ներկայացնել հատուկ դիրքորոշում (amicus brief): Այսպես, պարզ չէ, թե ինչու են ՀՀ քրեական օրենսգրքի դեպքում որպես արարք նախատեսող հոդվածներ նշված 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածները, երբ դրանք որեւէ արարք չեն նախատեսում: Պարզ չէ, թե ինչու նախատեսված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 28-րդ գլխով նախատեսված արարքներն այն պարագայում, որ դրանք համադրելի են նախագծերով ՀՀ վարչական դատավարության եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով առաջարկվող դեպքերին (օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը) եւ 205-րդ (բժշկական գաղտնիքը հրապարակելը) հոդվածներն իրենց էությամբ համադրելի են անձնական տվյալների պաշտպանության իրավունքին, 210-րդ հոդվածը համադրելի է ընտրական իրավունքների պաշտպանությանը, 38-րդ գլուխը հաճախ համադրվում է անձնական տվյալների պաշտպանության իրավունի հետ եւ այլն): Պարզ չէ, թե ինչու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ներառված չէ, օրինակ, մարդու պատվի ու արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության դեպքը (վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ գործերը): Պարզ չէ, թե ինչու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ներառված չէ, օրինակ, տեղեկատվության ազատության իրավունքը (տեղեկատվության ազատության վերաբերյալ քննվող գործերը), այն պարագայում, որ անգամ տեղեկատվության ազատության լիազոր մարմին ՀՀ-ն չունի եւ այս իրավունքի նկատմամբ հոգածությունը ու կիրառումը որպես կանոն իրականացնում են հենց իրավապաշտպան կազմակերպությունները եւ այլն:

Գեւորգ Հայրապետյան

12.11.2024

Առաջարկում եմ հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնողների շրջանակը չսահմանափակել միայն կազմակերպություններով (իրավաբանական անձանցով), այլ նաեւ նման հնարավորություն վերապահել նաեւ իրավապաշտպան գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց (փորձագետներին, մասնագետներին եւ այլն) եւ նապխաձեռնություններին (փորձագետների, մասնագետների խմբերին եւ այլն): Հիմնավորումը - վերոնշյալ առաջարկը բխում է առնվազն հետեւյալ երկու հանգամանքներից - քաղաքացիական հասարակությունը հաճախ մասնագիտական կամ նեղ մասնագիտական հարցերով իրավապաշտպան գործունեություն է իրականացնում ոչ թե կոնկրետ կազմակերպության, այլ մասնագետների՝ փորձագետների միջոցով: Օրինակ, խոսքի ազատության, տեղեկատվության ազատության, անձի արժանապատվությունը եւ մասնավոր կյանքի իրավունքի վերաբերյալ փորձագիտական կարծիքներ (դրանք իրենց էությամբ համադրելի են հատուկ դիրքորոշման (amicus brief) հետ) ներկայացնում է որպես անկախ փորձագետների և ՔՀԿ ներկայացուցիչների խումբ, այլ ոչ թե որպես որեւէ մի կազմակերպություն (տես՝ https://idcarmenia.am/%d5%b4%d5%a5%d6%80-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/): Կամ, կիբեռանվտանգության ոլորտում իրավապաշտպան գործունեություն իրականացնող cuberHub-ը նույնպես որեւէ կազմակերպություն չէ, այլ տեղեկատվական անվտանգության եւ կիբեռանվտանգության փորձագետների միություն է, իսկ տվյալների պաշտպանության ոլորտում իրավապաշտպան գործունեություն իրականացնող dpHub-ը անձնական տվյալների պաշտպանության ոլորտի փորձագետ Գեւորգ Հայրապետյանի նախաձեռնությունն է, ով 5 տարի (2018-2023թ.թ.) զբաղեցրել է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնը: CyberHub եւ dpHub նախաձեռնությունները նույնպես կարծիքներ ներկայացնում են ոչ թե որպես կոնկրետ որեւէ կազմակերպություն, այլ որպես ոլորտի առանձին փորձագետ կամ փորձագետների խումբ (տես՝ https://cyberhub.am/hy/blog/2024/08/22/position-on-police-survellience-law/?fbclid=IwY2xjawFZEc1leHRuA2FlbQIxMQABHYpIRuEaDgwOi7K7E-Y_y4zUyJUf88QnCBYCqih3FI4_SJ6AHCpD912c6A_aem_rlyruzij9EhCpgJUb34Hag): Կամ, մեկ այլ օրինակ, լրագրողական գործունեության եւ էթիկայի վերաբրյալ որոշումներ կայացնող եւ կարծիքներ ներկայացնող ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը նույնօես ոչ թե որեւէ մի առանձին կազմակերպություն է, այլ ոլորտային կազմակերպությունների եւ մասնագետների միավորում (տես՝ https://ypc.am/hy/self-regulation/%D5%A6%D5%AC%D5%B4-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8/): - կան ոլորտներ (օրինակ, անձնական տվյալների պաշտպանության ոլորտը, թվային տիրույթում մարդու իրավունքները, ինտերնետ ազատությունը, տեղեկատվական անվտանգության ոլորտը), որոնք հարաբերականորեն նոր են եւ ներկայացված են ոչ թե ոչ առեւտրային կազմակերպությունների, այլ սահմանափակ թվով անհատ փորձագետների միջոցով: Ավելին, հենց նման նոր ոլորտներում է, որ դատավորները համապատասխան մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների օբյեկտիվ բացակայության պատճառով կարող են առավել հաճախ ունենալ հատուկ դիրքորոշում (amicus brief) ստանալու անհրաժեշտություն (օրինակ, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը որպես այդպիսին Սահմանադրությամբ արձանագրվել եւ ՀՀ իրավական դաշտ է մտել միայն 2015 թվականին, մարդկանց թվային իրավունքներին առնչվող կիբեռանվտանգության մասին օրենսդրությունը դեռեւս ընդունման փուլում է, ուստի շատ գործող դատավորներ որպես կանոն օբյեկտիվորեն չէին էլ կարող նախկինում հաղորդակից լինել այս իրավունքներին:): Վերոնշյալ հիմնավորումներով առաջարկվող կարգավորման դեպքում ոլորտային փորձագետներն ու փորձագետների խմբերը (մասնագիտական նախաձեռնությունները), իրավապաշտպան գործունեությունն առանց ոչ առեւտրային կազմակերպության իրականացնող ոլորտային փորձագետները, չեն ունենա հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու հնարավորություն, ինչը համահունչ չէ նախագծերի նպատակին (այս դեպքում չեմ քննարկում որեւէ ոչ առեւտրային կազմակերպությանը խնդրելու եւ վերջինիս միջոցով հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու անուղղակի հնարավորությունը, քանի որ դա ըստ էության պարզապես նախագծով առաջարկվող կարգավորման շրջանցում կլինի):

See more