Add to favourites

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ  ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  և հարակից օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է նշված օրենքներում համապատասխան պետական ծառայություն իրականացնող անձանց, համայնքի ավագանու, վարչական շրջանի ղեկավարի, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի կապակցությամբ հնարավորինս կոլեգիալ, անաչառ, պրոֆեսիոնալ, բազմակողմանի, ինչպես նաև հետագա խախտումների կանխարգելմանն ուղղված ծառայողական քննության իրականացման և այդ սկզբունքներին համապատասխան օրենսդրորեն ամրագրված էթիկայի հանձնաժողովների ստեղծման, այդ հանձնաժողովի ստեղծման շրջանակներում իրականացվող ծառայողական քննության արդյունավետության բարձրացման, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծման, ծառայողական քննության շահագրգիռ կողմերի իրավունքների ապահովման և երաշխիքների ամրագրման, ինչպես նաև վարքագծի կանոնների՝ միասնական սկզբունքների հիման վրա սահմանելու անհրաժեշտությամբ:   

 Միաժամանակ, հասարակության շրջանում հանրային վստահության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել  իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումներ և վերոնշյալ լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871-Լ որոշման (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) հավելված 2-ի 1.4-րդ, 1.18-րդ և 5.4-րդ գործողությունների կատարումից:

Ընթացիկ իրավիճակը

Քաղաքացիական ծառայության համակարգի անցման գործընթացի շրջանակներում  առանձին պետական ծառայությունների հետ կապված առկա է իրավակարգավորումների և ձևավորված պրակտիկայի որոշակի  անհամապատասխանություն, ինչը հանգեցրել է նաև այս ծառայությունների՝ քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի իրավասության շրջանակից դուրս գտնվելուն: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ պետական ծառայության առանձին տեսակների համար առանձին էթիկայի հանձնաժողովների ձևավորման օրենսդրական կարգավորման հետագա իմպլեմենտացումը առանձին ծառայությունների, այդ թվում` համայնքային ծառայության հետ կապված  իրականացվել է տարակերպ` չարտացոլելով հանձնաժողովների գործունեության նպատակները և սկզբունքները:

 Մասնավորապես, որոշ ծառայությունների դեպքում օրենքի մակարդակում սահմանվել են էթիկայի հանձնաժողովների վերաբերյալ սահմանափակ և ոչ լիարժեք դրույթներ, մյուսների դեպքում առկա չեն նույնիսկ այդպիսի կարգավորումներ:

Նման կարգավորումների առկայության կամ կարգավորումների ընդհանրապես բացակայության արդյունքում որոշ ծառայությունների մասով ամրագրվել են շրջանաձև հղում պարունակող նորմեր կամ էթիկայի հանձնաժողովերի կողմից քննման ենթակա դեպքերի լուծումը վերապահվել է առանձին էթիկայի հանձնաժողով չհանդիսացող (կարգապահական կամ ծառայողական) հանձնաժողովներին կամ այլ սուբյեկտներին:  Նման կարգավորումների ամրագրումը և համապատասխան պրակտիկայի ձևավորումը ստեղծում են ըստ էության ոչ իրավաչափ ձևով քննված դեպքերի կամ ոչ իրավաչափ մարմնի կողմից ընդունված որոշումների վավերականության (իրավաչափության) ռիսկեր:

Որոշ մարմիններում իրականացվող ծառայությունը կարգավորող օրենքներում սահմանվել են համապատասխան նորմեր, սակայն էթիկայի հանձնաժողով դեռևս չի ձևավորվել:

Միևնույն ժամանակ գործող օրենդրական կարգավորումները երաշխիքներ չեն տրամադրում էթիկայի հանձնաժողովի անդամների անկախության վերաբերյալ, չեն ամրագրում հանձնաժողովի ներառական կազմի վերաբերյալ պահանջներ, որևէ կերպ չեն անդրադառնում հանձնաժողովի որոշումների արտադատական բողոքարկմանը, ինչպես նաև չեն պարունակում դրույթներ էթիկայի հանձնաժողովների գործունեության թափանցիկության վերաբերյալ:

Այդպիսով, օրենսդրորեն բացակայում են համայնքային կամ հանրային ծառայության այլ ոլորտներում ծառայողների կողմից թույլ տված խախտումների կապակցությամբ քննության սկզբունքներն ու ընթացակարգերը։

Ներկայիս գործող նորմերի կիրառությունը կամ անհրաժեշտ նորմերի բացակայությունը հանգեցնում է նրան, որ խաթարվում է համայնքային և համապատասխան պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի կապակցությամբ ծառայողական քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և արդյունավետությունը, պաշտպանված չեն կամ հավասարակշռված չեն ծառայողական քննության գործընթացում ներգրավված կողմերի իրավունքներն ու օրինական շահերը։

Միաժամանակ, ծառայության առանձին տեսակներում վարքագծի կանոնների սահմանման օրենսդրական հիմքերը հստակ չեն: Չնայած այն հանգամանքին, որ հիմնականում ծառայությունների տեսակում որպես պարտականություն է սահմանվում ծառայողների կողմից վարքագծի կանոնների պահպանումը, այդ կանոնների սահմանման և դրանք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հաստատած՝ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին համապատասխանեցնելու վերաբերյալ կարգավորումներ առկա չեն:

ՀՀ օրենսդրական կարգավորումներով ներկայումս առկա չեն համայնքի ավագանու, վարչական շրջանի ղեկավարի, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոններ սահմանող դրույթներ: Միևնույն ժամանակ, բացակայում են իրավական կառուցակարգեր համայքների ավագանիներում էթիկայի հանձնաժողովների ձևավորման, գործունեության, լիազորությունների և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ:

ՀՀ օրենսդրությամբ դեռևս ամրագրված չէ կոռուպցիայի դեմ պայքարի ազդեցության և հասարակական ընկալումների պարզման նպատակով հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումներ իրականացնելու  վերաբերյալ կարգավորումներ։

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվում է ոլորտային օրենքներով ամրագրել`

  1. էթիկայի հանձնաժողովի իրավասությունների շրջանակը, մասնավորապես սահմանվել է վարքագծի կանոնները խախտելու (բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների) և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննության իրականացում, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի ուղենշային սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն ստանալու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դիմելու իրավասություն։
  2. էթիկայի հանձնաժողովի կազմին, հանձնաժողովի ձևավորմանը, գործունեության կարգին, անդամների փոխարինելիությանը, գործունեության ժամկետներին վերաբերվող կարգավորումներ:

Ընդ որում` ծառայությունների մեծամասնության մասով առաջարկվում է վերը նշված կարգավորումները սահմանել համապատասխան ենթաօրենսդրական ակտով, որը պետք է ընդունվի նախագծերի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում։

  1. Էթիկայի հանձնաժողովի կողմից գործերի արդյունավետ, օբյեկտիվ, բազմակողմանի, պրոֆեսիոնալ քննության մի շարք երաշխիքներ՝ անդամների անկախության, բազմաֆունկցիոնալ, գենդեռային բազմազանության և այլ պահանջներ։ Այդ թվում, սահմանվել է, որ՝

-  հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անկախ է իրեն առաջադրած պաշտոնատար անձից։ Արգելվում է որևէ կերպ ներգործել հանձնաժողովի անդամի վրա կամ միջամտել նրա գործունեությանը:

- ծառայության աշխատակիցը, որպես հանձնաժողովի անդամ և դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

  1. Նախագծերով ներդրվում է ծառայողների իրավունքների և շահերի պաշտպանության մեխանիզմներ, մասնավորապես՝ սահմանվել է, որ անձը, ում վերագրվում են ծառայողական քննությամբ ուսումնասիրության ենթակա առերևույթ խախտումները, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը (այսուհետ նաև` ծառայողական քննության կողմ) կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` բողոքի մեկ օրինակը ներկայացնելով գլխավոր քարտուղարին և այլն։

Ընդ որում` առաջարկվող կարգավորումների հիմնաքար է հանդիսացել առանձին պետական ծառայությունների անկախության երաշխիքների ապահովումը, արդեն իսկ ձևավորված պրակտիկայի պահպանումն այնքանով, որքանով այն չի առաջացնում էթիկայի հանձնաժողովների գործունեության հետ կապված իրավական խնդիրներ: Միևնույն ժամանակ, առանձին պետական ծառայությունների մասով սահմանվել է իրավասու մարմնի լիազորությունը կարգավորելու էթիկայի հանձնաժողովների գործունեության հրապարակայնության ապահովումը:

  1. Նախագծերով առաջարկվում է վարքագծի կանոնների ընդունման պարտականության սահմանում տվյալ ծառայության ղեկավար մարմինների կողմից: Առաջարկվում է սահմանել, որ այդ վարքագծի կանոնները պետք է նաև համապատասխանեցվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընդունված՝ հանրային ծառայողների տիպային վարքագծի կանոններին:
  2. Նախագծերով ամրագրվում է համայնքի ավագանու անդամների վարքագծի կանոնները սահմանելու մեխանիզմներ:

Մասնավորապես, սահմանվում է, որ համայնքի ավագանիները ընդունում են իրենց համայնքում համայնքի ավագանու անդամի վարքագծի կանոնները՝ հիմքում ունենալով «Հանրային ծառայության մասին» օրենքի վարքագծի սկզբունքները և ղեկավարվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակված հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցով:

Միաժամանակ նախատեսվում են համայնքի ավագանիներում էթիկայի հանձնաժողովիների ձևավորման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ իրավակարգավորումներ:

Մասնավորապես, միչև 9 անդամ ունեցող ավագանիների դեպքում էթիկայի հանձնաժողով ձևավորվում է ad hoc սկզբունքով, իսկ 9-ից ավել անդամների դեպքում՝ մշտական հանձնաժողովի տեսքով, այդ թվում՝ Երևանի ավագանու դեպքում: Ընդ որում, 9 և ավել անդամ ունեցող ավագանիների էթիկայի հանձնաժողովում քաղաքական ուժերի ներկայացվածությունը պետք է ապահովվի հավասարության սկզբունքով՝ անկախ մանդատների բաշխվածության համամասնությունից՝ հանձնաժողովի գործունեության առավել օբյեկտիվությունը ապահովելու նպատակով: Կարգավորվել է նաև էթիկայի հանձնաժողովի նախագահի ընտրության կառուցակարգերը:

Նախագծերով սահմանվել են նաև ավագանու անդամների նկատմամբ կիրառվող տույժի տեսակները՝ տույժի կիրառման հիմքում ունենալով էթիկայի հանձնաժողովի որոշումը, տույժը ընտրելու և կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը (համայնքապետը), տույժերի կիրառման և տույժի տեսակների ընտրության սկզբունքները՝ ապահովելով համաչափության սկզբունքը, ինչպես նաև՝ առաջնայինը առավել մեղմ տուժի տեսակը կիրառելուն նախապատվություն տալը: Միևնույն ժամանակ Նախագծերի շրջանակներում սահմանվել են էթիկայի հանձնաժողովի կողմից հնարավոր խախտման վերաբերյալ քննություն նախաձեռնելու առիթները, անհամատեղելիության պահանջների խախտման փաստը արձանագրելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության անհրաժեշտությունը:

 «Հանրային ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքներում կատարվել են լրացումներ, որոնցով սահմանվել է, որ վարչական շրջանի ղեկավարի, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքն է հանդիսանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը:

7. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կատարվել է լրացում, որով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել կոռուպցիայի դեմ պայքարի ազդեցության և հասարակական ընկալումների պարզման նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ հարցումներ իրականացնելու լիազորություն:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունումը չի հանգեցնելու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ֆինանսական միջոցների ավելացումների կամ նվազեցումների:

 Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ նշված օրենքներում կներդրվի պետական և համայնքային համապատասխան ծառայություն իրականացնող անձանց, ինչպես նաև համայնքի ավագանու, վարչական շրջանի ղեկավարի, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված խախտումների կապակցությամբ անաչառ, պրոֆեսիոնալ, կոլեգիալ, բազմակողմանի  ծառայողական քննության իրականացումը, այդ քննության ժամանակ շահագրգիռ կողմերի իրավունքների պաշտպանությունը, շահերի հավասարակշռումը և երաշխիքների ամրագրումը:  

Դրանք տրամաբանական շարունակություն կդիտվեն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին և համընդգրկուն կկարգավորեն բոլոր հանրային ոլորտներում ծառայության ժամանակ, ինչպես նաև համայնքի ավագանու, վարչական շրջանի ղեկավարի, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց խախտումների կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության հետ կապված հարաբերությունները։

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կվերապահվի հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացնելու լիազորություն։

  • Discussed

    29.10.2024 - 13.11.2024

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 483

Print