ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման կարգն ու պայմանները և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման
- ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածի 7-11 մասերի ՝ դեպի երրորդ երկրներ երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների արտահանման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։ Այդ իսկ նպատակով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածի 7-11-րդ մասերի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206, 7207, 7224, 7403, 7601 և 7603 ծածկագրերին դասվող ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանումը համարվել է լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։
Օրենքի նշված մասերի փոփոխող նախագիծն ընդունվել է Ազգային ժողովի 07.02.2024թ. N ՀՕ-85-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտնելու 2025 թվակաքնի հունվարի 1-ից։
Ուստի, հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածը, (որը նախատեսում է ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների կիրառում), ինչպես նաև նշված ապրանքների արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել լիցենզիաների տրամադրման լիազոր մարմին, ինչպես նաև՝ լիցենզիաների տրամադրման ընթացակարգ, որը կկանոնակարգի պետության և տնտեսվարող սուբյեկտի իրավահարաբերությունները՝ երրորդ երկրներ վերը նշված ապրանքների արտահանման համար վերջիններիս փոխադարձ պարտականությունները, ինչպես նաև՝ տրամադրվող լիցենզիայի ձևաչափը։
Սույն կարգով լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը հանդիսանում է արտաքին առևտրի և արտաքին արևտրում սակագնային և ոչ սակագնային քաղաքականություն մշակող և համակարգով պետական մարմին։
Սույն կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Վերը նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիցենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ (առանց յուրաքանչյուր անգամ Լիազոր մարմնին դիմելու)։
Սույն գործընթացն առաջարկվում է իրականացնել 6 ամիս ժամկետով, քանի որ «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրով սահմանվում է սահմանափակման առավելագույն ժամկետ (6 ամիս):
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ազգային Ժողովի կողմից «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի N ՀՕ-85-Ն օրենքի քննարկմումների ընթացքում (այդ թվում՝ Ազգային Ժողովում կազմակերպված երկու քննարկումներ շահագրգիռ պատգամավորների և ոլորտի հիմնական ընկերությունների մասնակցությամբ) ներդրումների առաջին փուլում գտնվող ոլորտի մի խումբ ընկերություններ մտավախություն են հայտնել, որ կարգավորումները կարող են ստեղծել ֆինանսական բարդություններ այն ընկերությունների համար, որոնք արդեն իսկ կատարել են ներդրումներ, սակայն իրենց արտադրանքը գտնվում է Օրենքի կարգավորման շրջանակներում և իրենց անհրաժեշտ է որոշակի ժամկետ երկրորդ փուլի ներդրումներ կատարելու միջոցով՝ նախաձեռնռն այնպիսի բարդության ապրանքներ, որոնց արտահանումը լիցենզավորման շրջանակներից դուրս է և որոնց արտահանման համար պետական տուրքի անհրաժեշտություն չի առաջանա։
Նկատի ունենալով, որ վերը նշված կարգավորումները կարող են առաջացնել հնարավոր ֆինանսական բարդություններ արտադրության արժեշղթայի ձևավորման 1-ին փուլի արդեն իսկ ներդրումներ իրականացրած ընկերությունների համար, և հաշվի առնելով, որ օրենքի կիրարկման ժամկետները կարող են ստեղծել այդ ընկերությունների գործունեությունը վատթարացնող որոշակի պայմաններ, ինչպես նաև՝ կարևորելով ներդրումների 1-ին փուլն իրականացրած ոլորտի ընկերություններին իրենց ծրագրերով նախատեսված ապրանքների արտադրությունն առանց ֆինանսական բարդությունների իրականացնելու ժամկետային առումով հնարավորություն տալու անհրաժեշտությունը՝ ՀՀ Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկումների ընթացքում առաջարկվել է «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի N ՀՕ-85-Ն օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել մեկ տարով, սահմանվելով 2026 թվականի հունվարի 1-ը՝ 2025 թվականի հունվարի 1-ի փոխարեն։
Միևնույն ժամանակ մինչև մեկ տարի ժամկետն ընտրվել է այն տրամաբանությամբ, որ բացասական ազդեցություն չունենա ոլորտի այն ընկերությունների վրա, որոնք հիմք ընդունելով Կառավարության որդեգրած արդյունաբերական քաղաքականությունը, այն է՝ ստեղծել ապրանքների արտադրության ավելի երկար արժեշղթա, արտադրելով բարդ, առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ, արդեն իսկ իրականացրել են երկրորդ փուլի ներդրումները և պատրաստ են արտադրել և արտահանել բարդ ապրանքներ։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ առաջարկվում է Կառավարության սույն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը նույնպես սահմանել 2026 թվականի հունվարի 1-ը։
«Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման կարգն ու պայմանները և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, իսկ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում լիցենզիայի ստացման համար պետական տուրքերի վճարման տեսքով։
«Հայաստանի Հանրապետությունից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման կարգն ու պայմանները և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
- ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի մրցունակության բարձրացում և առավել բարձր ավելացված արժեքով ապրանքների արտահանում:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Լիցենզավորման միջոցով երրորդ երկրներ արտահանվող ապրանքների արտահանման համար լիցենզավորման ընթացակարգի սահմանում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դրույթի կիրառմամբ («արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները` ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ մի շարք նպատակներով։
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա՝
- ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում` սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը:
- Իրականացնել սև և գունավոր մետաղներից նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրեր, որի արդյունքում կարտադրվեն զգալիորեն բարձր ավելացված արժեքով արտադրանք (մասնավորապես՝ շինարարական ամրաններ, պրոֆիլներ, լարեր, մալուխներ և այլն), այսինքն՝ ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի ներքին շուկայում,
- Իրականացնել սև և գունավոր մետաղներից ապրանքների ներմուծման փոխարինում։
7․ ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
«Հայաստանի Հանրապետությունից պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի, մոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» կետից, այն է.
- Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ;
- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկարաժամկետ տնտեսական աճի ներուժը զգալիորեն պայմանավորվում է տնտեսական բարդության մակարդակով, Կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել Հայաստանի տնտեսական բարդության էական բարձրացումը:
-
Duration
29.10.2024 13.11.2024 -
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 157
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.