Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
13 - Agree
-
9 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի որոշակիացնել մաքսային ստուգումների գործընթացը, հստակեցնել մաքսային ստուգումների գծով գործող կարգավորումներով չսահմանված հարցերը, ամրագրել մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ծանուցման դրույթները, սահմանել պատասխանատվության նորմեր մաքսային ստուգման արդյունքներով` լրացուցիչ հայտնաբերված պարտավորությունների նկատմամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի գործող խմբագրությամբ.
1) Սահմանված չեն կամերալ մաքսային ստուգման ժամկետը, կամերալ մաքսային ստուգման սկիզբ համարելու ամսաթիվը: Նշվածը ըստ էության անորոշություն է առաջացնում ինչպես ստուգվող անձանց, այնպես էլ մաքսային մարմնի մոտ: Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է առանց վարչական վարույթի մասին ծանուցման և առանց ստուգման ժամկետի սահմանափակման, ինչը բացի անորոշությունից` առանձին դեպքերում օբյեկտիվորեն դառնում է նաև կամերալ մաքսային ստուգման վիճարկման հիմք:
2) Սահմանված է կամերալ մաքսային ուսումնասիրության տեսակը, որը մի կողմից չի բխում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանված մաքսային հսկողության ձևերից, իսկ մյուս կողմից` տվյալ ուսումնասիրության տեսակով սահմանված գործընթացն իրականացվում է հենց Օրենսգրքի 324-րդ հոդվածով սահմանված մաքսային հսկողության ձևով, ուստի Օրենսգրքից չբխող առանձին հսկողության տեսակի սահմանումը նպատակահարմար չէր:
3) Սահմանված չէ մաքսային ստուգման ժամկետի կասեցման վերացման պահը և բացի այդ սահմանված չեն կասեցման հիմքեր այն դեպքերի համար, երբ իրավապահ մարմիններին հարցումների դեպքերի, հանցագործության հատկանիշների, ստուգմանը առնչվող նյութերը առգրավված լինելու դեպքերի մասով:
4) Սահմանված չէ ստուգվող անձի կողմից մաքսային ստուգման ակտի վերաբերյալ առարկությունների ներկայացման ժամկետը:
5) Սահմանված չէ ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա` մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների տեսակները:
6) Առանձին դեպքերում Օրենսգրքի համապատասխան հոդվածները նույնությամբ արտացոլված են, այնինչ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում ըստ էության կարող էին սահմանվել դրույթներ, որոնք ոչ թե կրկնում են Օրենսգրքի դրույթները, այլ սահմանում են առանձնահատկություններ, եթե Օրենսգրքով այդպիսի լիազորություն ազգային օրենսդրության վերապահված է:
7) Սահմանված են մաքսային ստուգման ակտի ծանուցման եղանակը, սակայն մաքսային ստուգմանը առնչվող այլ փաստաթղթերի ծանուցման եղանակը հստակեցված չէ:
8) Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող առանձին անձանց համար սահմանված է, որ պետք է պարտադիր ապահովեն շինությունների պահպանության պահնորդաազդանշանային անվտանգության պահանջները, սակայն միևնույն ժամանակ որպես պարտադիր պահանջ սահմանված է նաև ապահովել անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը: Ըստ էության այս երկու կարգավորումների միաժամանակյա առկայությունը առաջացնում է իրավական անորոշություն, քանի որ ըստ էության նույն պահանջն է:
9) Սահմանված չէ տուգանք այն իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, ում մոտ մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերվում է մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, այլ հարկերի, տուրքերի և վճարների չհաշվարկման կամ պակաս հաշվարկման դեպք: Արդյունքում ստացվում է, որ գործող կարգավորումները չեն կրում մաքսային խախտումները կանխարգելող բնույթ: Պայմանական օրինակ` մաքսային ստուգման արդյունքում կազմակերպության մոտ հայտնաբերվում է պակաս հաշվարկված ԱԱՀ` 20 մլն. դրամ, ապա տվյալ դեպքում` կազմակերպություն մաքսային մարմնին վճարում է նշված 20 մլն. դրամը, որը հաշվանցում է հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և հետ է ստանում հարկային մարմնից: Ստացվում է, որ ընկերությունը ըստ էության որևէ ֆինանսական պատասխանատվության չենթարկվեց:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հետբացողումային փուլում պակաս հաշվարկված պարտավորությունների նկատմամբ սահմանված է տուգանք: Օրինակ` Լիտվայում մաքսային ստուգման արդյունքում պակաս հաշվարկված մաքսային վճարներ և հարկեր հայտնաբերվելու դեպքում` նշված գումարի նկատմամբ կիրառվում է տուգանք 40%-ի չափով:
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է.
1) Սահմանել կամերալ մաքսային ստուգման առավելագույն ժամկետ, ինչպես նաև կամերալ մաքսային ստուգման սկզբի վերաբերյալ ծանուցման դրույթներ։ Մասնավորապես` նախատեսվել է, որ կամերալ ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 60 օրացուցային օրը, ինչպես նաև կամերալ ստուգման սկսելու մասին ստուգման ենթակա անձը պետք է ծանուցվի:
2) Հանել կամերալ մաքսային ուսումնասիրության տեսակը, որը չի բխում Օրենսգրքով սահմանված մաքսային հսկողության ձևերից:
3) Սահմանել ստուգման ժամկետի ժամկետի կասեցման վերացման դեպքերը, ինչպես նաև գործնականում հանդիպած և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կասեցման հիմքերի համանմանությամբ սահմանել նաև մաքսային ստուգման ժամկետի կասեցման հիմքերը հետևյալ դեպքերի համար.
ա) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքում,
բ) մաքսային ստուգում անցկացնելու ընթացքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման և համապատասխան հաղորդման ներկայացման դեպքում:
4) Սահմանել մաքսային ստուգման ակտի վերաբերյալ ստուգվող անձի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետ: Մասնավորապես նախատեսվել է, որ ստուգվող անձը ակտը ստացված համարվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել առարկություններ ակտի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին:
5) Սահմանել ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա` մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների տեսակները:
6) «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքից հանել մաքսային ստուգմանը վերաբերող այն դրույթները, որոնք ըստ էության նույնությամբ կրկնում են Օրենսգրքով ամրագրված դրույթները: Մասնավորապես` օրինակ գործող օրենքի 198-րդ հոդվածի 11-րդ մաս, 12-րդ մաս, 202-րդ հոդված, 203-րդ հոդված:
7) Սահմանել և հստակեցնել մաքսային ստուգմանը առնչվող փաստաթղթերի ծանուցման եղանակները: Մասնավորապես` որպես ծանուցման եղանակներ սահմանվել են` առձեռն եղանակը, էլեկտրոնային փոստը, փոստային կապը և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը։ Ընդ որում, հատկանշական է, որ ներկայումս հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումներին և ուսումնասիրություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը հարկ վճարողների հետ փոխանակվում են բացառապես էլեկտրոնային եղանակով` հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական գրասենյակի միջոցով, ուստի մաքսային ստուգումների մասով նույնպես հենց այս ծանուցման եղանակը սահմանվել է, որպեսզի դրանց վերաբերող փաստաթղթերը նույնպես փոխանակվեն այս եղանակով:
8) Բացառել մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար միանման պահանջների գծով կրկնակի դրույթների առկայությունը:
9) Սահմանել իրավաբանական կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ պատասխանատվություն` մաքսային ստուգման արդյունքում պակաս հաշվարկված կամ չհաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների նկատմամբ` 20%-ի չափով:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան է մաքսային ստուգումների գործընթացի հստակեցումը, մաքսային ստուգման գործընթացում չկարգավորված հարցերի որոշակիացումը, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելման ուղղված կարգավորումների սահմանումը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծն առնչվում է ՀՀ կառավարության 12․12․2019թ․ N1830-Լ որոշմամբ նախատեսված՝ «2.1.4. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում» միջոցառմանը, բխում է 2017 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի նպատակներից՝ գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումների վերացում, մաքսային քաղաքականության պարզեցում, արտաքին առևտրի համար բարենպաստ միջավայրի հաստատում, մաքսային ծառայության կողմից իրականացվող գործառնությունների մակարդակի բարձրացում և բոլոր տնտեսավարողների համար ստանդարտացված գործելակերպի կիրառում:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ: Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում։
8․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային վարչարարական գործընթացների հստակեցում, մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության բարձրացում:
-
Discussed
25.10.2024 - 11.11.2024
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 690
Print