Add to favourites

Under development

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասից հանել  «օտարերկրյա քաղաքացիները և» բառերը։

 Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1‑ին մասով.

 «3.1. Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, եթե սույն օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում։»։

 

Հոդված 3․ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«4. Եթե հարկային գործակալը (գործատուն) ներկայացնում է ճշտված հաշվարկ, որով վերահաշվարկվում է (նվազում է) սոցիալական վճարի պարտավորությունը, ապա փոփոխության արդյունքում առաջացած տարբերությունը հաշվառվում է որպես ճշտված հաշվարկ ներկայացրած գործատուի՝ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորություն, եթե հաշվետու ժամանակահատվածում հարկային գործակալից (գործատուից) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող՝ եկամուտ ստացած անձն ազատվել է աշխատանքից (դադարել է նրա հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը) կամ սույն օրենքով սահմանված կարգով առկա է Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմում, կամ անձը սույն օրենքով սահմանված կարգով դադարել է համարվել սոցիալական վճար կատարող»։

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝

  • «2-րդ կետով» բառերից հետո լրացնել «և 1-ին մասով» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված դեպքի) 5 տոկոսի չափով։»։

 

Հոդված 5.  Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին երեք նախադասությունները շարադրել հետևյալ բովանդակությամբ․

          «Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:

Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված չափով և կարգով։»։ 

 Հոդված 5. Օրենքի 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1‑1.4-րդ մասերով.

 «1.1. Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մասնակից հանդիսացող օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի 2025 թվականի հուլիսի 1-ից հետո ցանկացած ժամանակ հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով։ Այս դեպքում վարձու աշխատող (բացի հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողից) հանդիսացող օտարերկրյա քաղաքացին դիմումը ներկայացնում է գործատուի միջոցով։ Սույն մասում նշված անձը սոցիալական վճար կատարելը դադարեցնում է՝

1) աշխատավարձից՝ համապատասխան դիմումը հարկային մարմին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) ձեռնարկատիրական եկամուտներից` համապատասխան դիմումը ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին կետում նշված դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացին սոցիալական վճար կարող է կատարել սույն օրենքով սահմանված կարգով՝ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում ներկայացնելու դեպքում։

1.3. Սույն հոդվածի 1.1-ին կետում նշված դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը և դիմումի ձևը սահմանում է հարկային մարմինը։

1.4. Եթե Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մասնակից հանդիսացող օտարերկրյա քաղաքացին չի ներկայացնում սույն հոդվածի 1.1-ին կետում նշված դիմումը, ապա նա շարունակում է վճարել սոցիալական վճարները, իսկ նրա համար (օգտին) կուտակային հատկացումները շարունակում են կատարվել Օրենքով սահմանված կարգով։

1.5. Եթե Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացին հաշվառումից հանվելուց հետո, նույն տարում կրկին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելուց հետո ներկայացնում է նույն հոդվածի 1․1-ին մասով սահմանված դիմում, ապա տվյալ հաշվետու տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների մասով պարտավորությունների վերահաշվարկ (այդ թվում՝ ճշտված հաշվարկ ներկայացվելու դեպքում) չի կատարվում՝ նույն հոդվածի 1․1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույթից անկախ։ 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

 

  • Discussed

    21.10.2024 - 06.11.2024

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 638

Print