Add to favourites

Under development

«Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի և հարակից օրենքների նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունումը  (այսուհետ՝ Նախագիծ) բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1063-Լ որոշման 18-րդ կետի պահանջից:

Պետական գույքի գործընթացը կանոնակարգող ՀՀ նոր օրենքի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին երեք տասնամյակի ընթացքում գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական դաշտը ըստ էության չի ենթարկվել արմատական բարեփոխումների։ Կատարվող օրենսդրական փոփոխությունները կրել են հատվածային (մասնակի) բնույթ և ուղղված են եղել պետական գույքի կառավարման առանձին ոլորտների (հաշվառում, մասնավորեցում, օտարում, վարձակալություն և այլն) կանոնակարգման բարելավմանը։

Ընդհանրապես գույքային հարաբերությունները կանոնակարգող ներկայումս գործող օրենսդրությունն ամբողջությամբ հաշվի չի առնում գործնականում տեղի ունեցող գույքային փոփոխությունների արդյունքները և այդ բնագավառի շարունակական զարգացման առաջնահերթությունները։ Մասնավորապես, պետական գույքի մասնավորեցման, ինչ-որ չափով նաև օտարման գործընթացները Հայաստանի Հանրապետությունում մոտենում են իրենց տրամաբանական ավարտին և դրանք ապագայում կրելու են հատվածային բնույթ և ուղղված են լինելու հիմնականում պետական գույքի կառուցվածքային բարեփոխումներին։ Այլ կերպ ներկայումս պետական գույքի կառավարման բնագավառում մասնավորեցման և օտարման փոխարեն առաջին պլան են մղվում պետական գույքի առավել արդյունավետ կառավարման և օգտագործման խնդիրները, որոնց լուծումը միայն կարող է տանել պետական գույքի օգտագործման արդյունավետության մակարդակի էական բարձրացմանը։

Միաժամանակ, պետական գույքի կառավարումը կանոնակարգող օրենսդրությունը հստակ, համակարգված և ամբողջությամբ չի կանոնակարգում գույքային բոլոր հարաբերությունները։ Դեռ ավելին այսօր տվյալ դաշտը կանոնակարգված է իրար հաճախ անհարկի կրկնվող, բազմաքանակ իրավական ակտերով (3 ՀՀ օրենքներ և յոթ տասնյակից ավել նորմատիվային իրավական ակտեր), որոնք ստեղծում են խառնաշփոթ և նպաստում են վարչական քաշքշուկների առաջացմանը, որոշումների ընդունման և իրականացմա ժամկետների երկարաձգմանը և այլն։ Այսպես, որպես օրինակ և՛ մասնավորեցումը, և՛ օտարումը իրավական տեսանկյունից նույնաբովանդակ գործընթացներ են։ Դրանց նպատակը պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է, որը սակայն կանոնակարգվում և իրականացվում է տարբեր իրավական ակտերի համաձայն։ Վերջիններիս տարբերությունը ոչ թե բովանդակային է, այլ ձևական։ Ըստ էության նույն մոտեցումներով և ձևերով պետական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման  գործընթացը կանոնակարգող ներկայումս գործող իրավական ակտերում օգտագործվում են բովանդակությամբ նույնը, սակայն ձևերով տարբեր մասնավորեցման և օտարման հասկացությունները։ Հարկ է նշել, որ նման իրավիճակը ունի իր օբյեկտիվ հիմքերը և պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացների զարգացման օրինաչափություններով։

«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակումը, ինչպես նշվեց պայմանավորված է նաև գույքային առկա բոլոր հարաբերությունների հստակ և ամբողջական կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Ներկայումս գործող «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքով կանոնակարգված չեն պետական գույքի ամբողջական հաշվառման, գնահատման, անշարժ գույքի մշտադիտարկման, պետական գույքի գրավադրման և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի անհատույց օգրագործման իրավունքով տրամադրման, պետական կառավարման մարմիններին պետական գույքի ամրացման և հետ վերցնելու, պետության կարիքների բավարարման համար ոչ պետական գույքի վարձակալությամբ ձեռք բերման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում պետական սեփականություն ճանաչված գույքի կառավարման, ինչպես նաև պետական անշարժ գույքի պահպանման և բարելավման գործընթացները, որոնց հստակ և միանշանակ կանոնակարգումը էապես կբարձրացնի պետական գույքի կառավարման որակը։

Վերը նշված գործընթացների հստակ, պարզ և հասկանալի կանոնակարգումը պահանջում է ընդլայնել օրենքում օգտագործվող հասկացությունների շրջանակը և տալ առանձին հասկացությունների սահմանումը։ Մասնավորապես, ինչ են իրենցից ներկայացնում պետական գույքային շրջանառություն, պետական գույքի ամրացում, պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում, պետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ գույք, օտարման ոչ ենթակա գույք և այլն հասկացությունները։

Նոր օրենքի նախագծի մշակումը և դրա հետ կապված գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի ներկայացումը նպատակ ունի նաև միանշանակ և հստակ կանոնակարգել պետական գույքային բոլոր հարաբերությունները, բացառել օրենսդրական ակտերում օգտագործվող հասկացությունների և գործընթացների տարամեկնաբանությունները, առկա հակասությունները և խառնաշփոթը։ Այլ կերպ փորձ է կատարվել մշակել և ներկայացնել գույքային հարաբերությունների կանոնակարգման մասով միասնական օրենսդրական մոտեցում, որի սկզբունքային դրույթները առաջարկված են «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում, որի հիման վրա էլ ներկայացված են գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ օրենսդրական ակտերում առաջարկվող փոփոխությունների և լրացումների փաթեթը։ Այդ օրենսդրական ակտերն են՝

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  կատարվել են փոփոխություններ և լրացում, մասնավորապես  Օրենսգիրքի՝ 171-րդ հոդվածը և 279-րդ հոդվածի 3-րդ մասը՝ որով  սահմանվել է, որ պետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը օտարվումն իրականացվելու է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով։

- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություն, մասնավորապես՝ Օրենքի 281-րդ հոդվածի 4.1-ին մասի «ա» կետում «վարձակալության» բառից հետո լրացնել (բացառությամբ՝ պետական մարմիններին ամրացված հողերի) բառերով, իսկ Օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններից հանել «մասնավորեցումից և» բառերը։

- Հայաստանի  Հանրապետության  հողային  օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես Օրենսգիրքի 61-րդ, 62-րդ, 63-րդ և 75-րդ 76-րդ հոդվածներում, այն համապատասխանեցնելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված դրույթներին։

- «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում կատարվել են փոփոխություն և լրացումներ, մասնավորապես՝ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ընթացքում սակարկությունների կազմակերպման, ինչպես նաև» բառերը։ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում, 4-րդ հոդվածի 4-րդ մասում և 7-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվել են համապատասխան լրացում և փոփոխություն։

- «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում կատարվել է փոփոխություններ, մասնավորապես՝ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասը և 35-րդ հոդվածի 5-րդ մասը վերաշարադրվել են՝ 

«5. Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող բաժնետիրական ընկերությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, իրավական վիճակի, բաժնետոմսերի կառավարման, այդ թվում վաճառքի առանձնահատկությունները սահմանվում են «Պետական գույքի կառավարման մասին»  օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված իրավական ակտերով։»։

Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«5. Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացման առանձնահատկությունները (լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով) սահմանվում են «Պետական գույքի կառավարման մասին»  օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված իրավական ակտերով:

  • «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարվել է փոփոխություն

օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, այն համապատասխանեցնելու «Պետական գույքի կառավարման մասին»  օրենքի դրույթներին։

- «Հիմնադրամների մասին» օրենքում կատարվել է լրացում՝ օրենքի լրացնել՝ նոր 8.1-րդ հոդվածով, որով սահմանվել են՝ հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով  գույքի  տրամադրման գործընթացը։

- «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում կատարվել է փոփոխություններ,

- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում կատարվել է փոփոխություններ, մասնավորապես Օրենքի 5-րդ հոդվածի  1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, քանի որ պետական կազմակերպությանը պետական գույքի անհատույց օգտագործման է տրամադրվում պայմանագրի կնքման միջոցով, 2-րդ, 3-րդ, 4-դ և 5-րդ մասերում «ամրացված» բառը փոխարինվել է «տրամադրված» բառով։

- «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարվել է փոփոխություն՝ 73-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում՝ «մասնակցության» բառից հետո «մասնավորեցումից» բառը փոխարինել «վաճառքից» բառով, իսկ «օբյեկտների» բառից հետո «մասնավորեցումից և օտարումից» բառերը փոխարինել «վաճառքից» բառով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը մշակվել է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի և «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի հիման վրա, հաշվի առնելով պետական գույքային հարաբերությունները մեկ միասնական օրենքի միջոցով ամբողջական կարգավորման անհրաժեշտությունը։ Առաջարկվող օրենքի նախագծի ընդունման դեպքում իրենց ուժը կկորցնեն վերը նշված օրենքները և յուրաքանչյուր տարի ԱԺ կողմից չի ընդունվի «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքը։

Նոր օրենքի նախագծի ընդունման դեպքում կիրարկումն կիրականացվի ՀՀ կառավարության 19 որոշումների (ցանկը կցվում է) ընդունման միջոցով, որի արդյունքում իրենց ուժը կկորցնեն նաև պետական գույքի կառավարումը, այդ թվում մասնավորեցումը կանոնակարգող ՀՀ կառավարության կողմից նախկինում ընդունված և ներկայումս գործող վեց տասնյակից ավել նորմատիվային ակտեր, ինչպես նաև մեկ տասնյակից ավել գերատեսչական ակտեր և նախարարի հրամաններ։

Գույքային հարաբերությունների միասնական և ամբողջական կարգավորման նպատակով ներկայացված նոր օրենքի նախագծի համաձայն անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում, Հողային օրենսգրքում, «Բյուջետային համակարգի մասին», «Հրապարակային սակարկությունների մասին», «Պետական ինքնակառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հիմնադրամների մասին»  օրենքներում։

Պետական գույքի կառավարման առանձին բնագավառներում իրականացվող գործընթացների կանոնակարգում նոր օրենքի նախագծի ընդունման դեպքում կիրականացվի մեկ միասնական իրավական ակտին համապատասխան։ Ընդ որում, նոր օրենքի նախագծում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է պետական գույքի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով նոր գործիքակազմի ստեղծմանը։

  1. Ակնկալվող արդյունքը.

Նոր օրենքի նախագծի արդյունքում շեշտակի կկրճատվի պետական գույքի կառավարումը կանոնակարգող իրավական ակտերի քանակը, կվերանան վարչական ավելորդ քաշքշուկները, իրավական ակտերի անհարկի կրկնությունները, կառավարման գործընթացի օպերատիվության մակարդակի բարձրացման և որոշումների ընդունման ու կատարման ժամկետների կրճատման շնորհիվ էականորեն կբարձրանա պետական գույքի կառավարման արդյունավետությունը և կբարելավվի ծառայությունների մատուցման որակը։ Գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական ակտերում հնարավորինս կբացառվեն տարամեկնաբանությունները, հակասությունները և առկա խառնաշփոթը․ Պետական գույքի կառավարման մասին նոր օրենքի նախագծի և գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունների ընդունման դեպքում կլուծվեն պետական գույքի կառավարման ոլորտում ներկայումս առկա բազմաթիվ խնդիրները։

Գույքային հարաբերությունների կանոնակարգմանը կցուցաբերվի միասնական մոտեցում, համապատասխանություն կսահմանվի օրենսդրական ակտերի միջև։ Պետական գույքի կառավարման առանձին բնագավառներում կարգավորման նոր գործիքակազմերի կիրառման շնորհիվ էականորեն կբարձրանա պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաև պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների շահութաբերության մակարդակը։ Պետական գույքի օտարման բարեփոխման շնորհիվ կբարձրանա գույքի հանրային օգտակարության մակարդակը և կբարելավվի ներդրումային միջավայրը։

Պետական գույքի օգտագործման տրամադրման և պետական գույքի միջոցով ծառայությունների մատուցման իրականացման բնագավառում առաջարկվող կարգավորումների շնորհիվ կապահովի պետական անշարժ գույքի վիճակի բարելավում, գույքի օգտակարության մակարդակի բարձրացում և ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում։

Նախագծով ներկայացված առաջարկությունների իրականացման արդյունքում համապատասխանություն կսահմանվի ՀՀ կառավարության ծրագրի և այդ ծրագրի մաս կազմող պետական գույքի կառավարման ծրագրի միջև։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

        5.Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի  և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.

Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի նվազեցման:

        6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է  Կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1063-Լ որոշմամբ հավելված N 2-ով հաստատված պետական գույքի կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագրի  5-րդ կետից, այն է՝ պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող օրենսդրության բարեփոխման ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակում և իրականացում, մասնավորապես, պետական գույքի մասնավորեցման և կառավարման գործընթացը կանոնակարգող երեք ներկայումս գործող ՀՀ օրենքների հիման վրա նոր մեկ ընդհանուր «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի մշակում՝ սահմանելով պետական գույքի արդիական նպատակներ, խնդիրներ և սկզբունքներ, կապված կառավարման առաջնահերթությունների փոփոխության հետ։

 

  • Discussed

    14.10.2024 - 06.11.2024

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 517

Print