Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

2017 թվականին ընդունվեց և 2018 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ մտավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը` կանոնակարգելով ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման և այլ հարցերը:

Նշված օրենքով նախատեսված ընտանեկան բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցներից մեկի` ապաստարանի և դրա անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու և փոխկապակցված այլ հարցեր կարգավորելու համար 2019 թվականի մարտի 29-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 364-Ն որոշումը: Այդուհանդերձ, ներկայումս առաջացել է նշված որոշումը փոփոխելու անհրաժեշտություն: Այսպես.

  1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքով, որն ուժի մեջ մտավ 2024 թվականի հուլիսի 1-ին, օրենքի վերնագիրը փոփոխվեց հետևյալ խմբագրությամբ՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք, ինչպես նաև ընդլայնվեց օրենքի կարգավորման շրջանակը` ընդգրկելով նաև կենցաղային բռնությունը, նախատեսվեցին մի շարք նոր սահմանումներ և կարգավորումներ:

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապաստարանի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը հաստատում է Կառավարությունը:

««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 09․08․2024 թվականի թիվ 740-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետով  նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի թիվ 364-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի թիվ 364-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը նախևառաջ պայմանավորված է այն Օրենքի նոր հասկացություններին և կարգավորումներին համապատասխանեցնելու հանգամանքով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 364-Ն որոշմամբ թեև սահմանվել են ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, այդուհանդերձ, դրանք որոշ դեպքերում բավականին ընդհանրական են ձևակերպված, պահանջների ցանկը նեղ է և չի ներառում անվտանգության, գաղտնիության, ապրելու համար նվազագույն պայմանների և այլ միջազգայնորեն ընդունված կարևոր չափանիշներ, որոնք թույլ կտան երաշխավորել ապաստարանի գործունեության արդյունավետությունը:

Ապաստարաններին ներկայացվող պահանջների վերաբերյալ միջազգային փորձը.

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» 11.05.2011 թվականի Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն` մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` նախատեսելու համապատասխան, հեշտությամբ հասանելի և բավարար քանակի ապաստարանների ստեղծումը՝ զոհերի, հատկապես կանանց և երեխաների համար անվտանգ կացարան ապահովելու և նրանց նախահարձակ կերպով օգնություն տրամադրելու նպատակով։

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շահառուների ապաստարանների համար կան նվազագույն չափանիշներ, որոնք առնվազն պետք է սահմանվեն և պահպանվեն, ինչպես նաև դրանց պահպանման նկատմամբ պետք է վերահսկողություն իրականացվի:

Այսպես, Եվրոպայի խորհրդի կողմից մշակվել է ընտանեկան բռնության զոհերի ապաստարանների վերաբերյալ նվազագույն չափանիշներ[1], որոնք լայն կիրառություն են ստացել Եվրոպայում: Այս փաստաթղթում տեղ են գտել այնպիսի կարևորագույն չափանիշներ, ինչպես օրինակ.

  • ապաստարանում ծառայությունները պետք է մատուցվեն կին աշխատողների կողմից: Այս չափանիշը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) 8-րդ հոդվածով ամրագրված ֆիզիկական և անձնական կյանքի հարգանքի իրավունքից,
  • շահառուների անվտանգությունը պետք է երաշխավորվի գաղտնի հասցեով և անվտանգության համակարգերով: Այս չափանիշը բխում է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքից, 3-րդ հոդվածով նախատեսված խոշտանգման արգելքից, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1993 թվականի կանանց դեմ բռնության վերացման հռչակագրի 4(c) հոդվածից, որի համաձայն` պետությունը պետք է պատշաճ ջանասիրություն դրսևորի կանխարգելելու կանանց նկատմամբ բռնությունը,
  • ապաստարանը պետք է աջակցի կնոջը իր երեխայի կրթության կազմակերպման հարցում, ինչը բխում է է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 28-րդ հոդվածով նախատեսված երեխայի կրթության իրավունքից,
  • ապաստարանը պետք է շահառուին ընդունելու պահից 3-ից 7 օրվա ընթացքում իրականացնի վերջինիս կարիքների գրավոր գնահատումը: Այն իր մեջ պետք է ներառի` շահառուի առողջական/բժշկական կարիքների վերաբերյալ տեղեկություն, երեխաների վերաբերյալ տեղեկություն, բնակարանային հարցերի (առկայության, պայմանների) վերաբերյալ տեղեկություն, շահառուի կարգավիճակի առնչությամբ առկա իրավական տարբերակների և հնարավոր լուծումների վերաբերյալ տեղեկություն, շահառուին տրամադրվող ֆինանսական աջակցության հնարավորությունների առկա տարբերակների վերաբերյալ տեղեկություն, շահառուի կրթության, զբաղվածության, հնարավոր վերապատրաստումների վերաբերյալ տեղեկություն,
  • պետք է անցկացվեն ապաստարանի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումներ, որոնք պետք է տևեն նվազագույնը 30 ժամ և ներառեն հետևյալ թեմաները` կանանց նկատմամբ բռնության գենդերային վերլուծություն, հաղորդակցման և միջամտության մեթոդներ, գաղտնիության/կոնֆիդենցիալության պահպանություն, երեխաների պաշտպանություն, թարգմանության և հաշմանդամության ծառայությունների մատչելիություն, սեռական բռնության ազդեցություններն ու նշանակությունը, ներառյալ դրանց արդյունքում առաջացած տրավմաները, խտրականության արգելք, ռիսկերի գնահատում և շահառուների կարողությունների զարգացում։

Շահառուների իրավունքների իրացումը ևս կարևորվում է տարբեր փաստաթղթերում: Հատկապես հետաքրքիր է շահառուների` հեռախոսից օգտվելու հետ կապված փորձը: Այսպես, հետազոտություններից մեկում[2] նշվում է. «Սմարթֆոններն անփոխարինելի են դարձել մարդկանց մեծամասնության համար։ Նրանք մեզ տալիս են տեղեկատվության հասանելիություն և հնարավորություն է վտանգի դեպքում հրատապ միջոցներ ձեռնարկելու: Այնուամենայնիվ, այս դեպքում բռնարարները կարող են նաև բջջային հեռախոսներ օգտագործել բռնության զոհերին հետևելու համար: Թեև հասկանալի է, որ որոշ ապաստարաններ արգելում են բջջային հեռախոսներն այս պատճառով, սակայն դա նույնպես խնդրահարույց է, քանի որ սահմանափակում է կանանց տեղեկատվության ազատությունը: Այլընտրանք կարող է լինել շահառուներին ուսուցանել օգտագործելու իրենց բջջային հեռախոսները այնպես, որ դրանք չվտանգեն սեփական անվտանգությունը կամ ապաստարանում գտնվող այլ բնակիչների անվտանգությունը»:

Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա (WAVE) կազմակերպության[3] կողմից ևս ապաստարանների համար առանձնացվել են նվազագույն չափանիշներ[4], դրանք են`

  • առնվազն 1 սենյակ յուրաքանչյուր կնոջ և երեխայի համար,
  • լրացուցիչ սենյակ երկու և ավելի երեխա ունեցող կանանց համար,
  • լոգարան և խոհանոց յուրաքանչյուր ընտանիքի համար, հատկապես, եթե կան ավելի մեծ երեխաներ կամ տղաներ,
  • ընդհանուր սանհանգույց ոչ ավելի, քան երկու միայնակ կանանց համար,
  • խոհանոցի և հյուրասենյակի մեծ տարածք,
  • բավարար լվացքատան տարածքներ և պահարաններ բոլոր կանանց և նրանց երեխաների համար,
  • սենյակներ անհատական ​​և խմբային խորհրդատվական հանդիպումների համար, ինչպես նաև երեխաներին խնամք առաջարկող անձնակազմ այս հանդիպումների ընթացքում,
  • տարածք երեխաների տարիքին համապատասխան ակտիվության համար,
  • ուսման, դասընթացների և տնային աշխատանքների սենյակ՝ հագեցած համակարգիչներով,
  • կանանց համար հանգստի գոտի (հյուրասենյակ), իսկ հնարավորության դեպքում՝ այգի և առողջարանային գոտի,
  • խաղասենյակներ երեխաների համար,
  • գրասենյակային սենյակ և գիշերային հերթափոխի սենյակ անձնակազմի համար,
  • հանդիպումների մեծ սենյակ հանդիպումների, սեմինարների և տոնակատարությունների համար,
  • հնարավորության դեպքում՝ մեդիտացիայի կամ աղոթելու սենյակ:

WAVE ձեռնարկը, անդրադառնալով ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջներին, մասնագիտական, հաստիքային կամ այլ պահանջների փոխարեն, մշակել է ժամային հաշվարկ միջին չափի ապաստարանի համար, որը տրամադրում է թեժ գծի և խորհրդատվական ծառայություններ 10-15 ընտանիքների (25-35 տեղ) 24-ժամյա աշխատանքով։ Այս տեսակի ապաստարանի համար անձնակազմի նվազագույն պահանջները ներառում են.

  • 5 լրիվ դրույքով աշխատող՝ շուրջօրյա ապաստարանի ծառայությունների համար,
  • 2 լրիվ դրույքով աշխատող 10-15 կանանց խորհրդատվության և աջակցության համար,
  • 1- 1⁄5 լրիվ դրույքով աշխատող՝ ապաստարանի երեխաներին աջակցելու համար,
  • 1 աշխատակից՝ ադմինիստրացիայի համար.
  • 1 աշխատակից` անձնակազմ կառավարման, ցանցային և PR-ի համար:

 

        Ընդհանուր առմամբ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ապաստարանների անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելիս հստակ մասնագիտությունների ցանկ չի նշվում, ինչպես դա արված է Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 364-Ն որոշմամբ: Մասնավորապես, նշված որոշմամբ ապաստարանը պարտադիր պետք է ունենա`

ադմինիստրատոր, հոգեբան, սոցիալական աշխատող, վարորդ, անվտանգության աշխատող և հավաքարար: Մինչդեռ նման մոտեցման փոխարեն, ընդունված է ունենալ ավելի ճկուն կարգավորումներ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի թիվ 364-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է.

  • որոշման վերնագիրը դարձնել «Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ապաստարանի գործունեությանը և անձնակազմին ներկայացվող պահանջները և ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին»,
  • ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը,
  • որոշման թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` դրանում կատարելով հետևյալ հիմնական փոփոխությունները`
  • ամրագրվել են այն սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի ապաստարանի գործունեությունը: Դրանք են` անվտանգության և պաշտպանության ապահովման առաջնայնություն, խտրականության բացառում, տեղեկացված լինելու իրավունքի երաշխավորում, մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների անձեռնմխելիություն, արժանապատվության, անձնական կյանքի, ինքնուրույնության, ազատ ընտրության և անկախության նկատմամբ հարգանքը, երեխայի լավագույն շահերի առաջնահերթություն, շահառուների աշխատելու և կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ հարգանքը, իրավահավասարություն, մատչելիություն և ներառականություն,
  • սահմանվել են ապաստարանի անվտանգության և ապահովության, գաղտնիության, շահառուների ապրելու և նրանց իրավունքների իրացման մանրամասն չափանիշները, ապաստարանի կողմից տրամադրվող օգնության ձևերը,
  • ամբողջությամբ վերանայվել են ապաստարանի անձնակազմին ներկայացվող պահանջները,
  • սահմանվել է ապաստարանի կողմից ծառայությունների մատուցման կարգը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի թիվ 364-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել ապաստարանների գործունեության և անձնակազմի առնչությամբ միջազգայնորեն ընդունված չափանիշներ, որոնց ներդնումը և պահպանությունը կերաշխավորի ապաստարանների` որպես ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցի գործունեության արդյունավետությունը և վերջիններիս անվտանգությունը և պաշտպանությունը:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Նպաստելով ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրության արդյունավետ իրագործմանը» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում աջակցությամբ փորձագետների կողմից: Ծրագիրն իրականացվում է ԻԶՊՀ-ի կողմից «ՀԱՎԱՍԱՐ–ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին 

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի թիվ 364-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: 

[1] Kelly L. et al. Combating violence against women: Minimum standards for support services. 2008

[2] Logar R. Shelters for Victims of Gender-based violence in Europe: Best practices and challenges //Eurosocial Tools, Madrid: Eurosocial Programme, 2022, №. 91:

[3] Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա (WAVE) կազմակերպությունների ցանցը Եվրոպայում կանանց աջակցման կազմակերպությունների ցանց է, որը պայքարում է կանանց նկատմամբ տղամարդկանց կողմից բռնության դեմ։ Եվրահանձնաժողովի «Դափնե» ծրագրի աջակցությամբ, WAVE գրասենյակը մինչ օրս կազմել է Եվրոպական գրեթե բոլոր երկրներում բռնության կանխարգելման մասին տեղեկություններ պարունակող տվյալների լայն շտեմարան և ցուցակագրել 2000-ից ավելի կազմակերպություններ։

[4] Women Against Violence Europe (WAVE), Handbook on Standards for Shelters and Specialised Services for Women and Girls Survivors of Violence (3rd edn, 2018):

 

  • Discussed

    09.10.2024 - 25.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 602

Print

Suggestions

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2024

Նախագծով նշվել և թվարկվել է, որ ապաստարանը պետք է հաստատի և իր գործունեության մեջ կիրառի հետևյալ փաստաթղթերը. ● գաղտնիության պահպանման համաձայնագրեր, ● անձնական տվյալների ստացման և մշակման համաձայնություն, ● ապաստարանում բնակության համաձայնագիր, ● շահառուին տրամադրվող օգնությունը ստանալու համաձայնագիր, ● շահառուի վստահելի անձանց հետ կապի հաստատման համար համաձայնագիր, ● դեղորայքից օգտվելու համաձայնագիր, ● շահառուի կողմից լրացվելու համար` ապաստարանից հեռանալու նշումների վերաբերյալ փաստաթուղթ: Առաջարկում ենք վերը թվարկված փաստաթղթերի ձևանմուշները կցել հավելվածին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2024

Ըստ նախագծի շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Անհրաժեշտ է նախատեսել սահմանված ժամկետը երկարաձգելու հնարավորություն, ինչպես նաև սպառիչ կերպով թվարկել այն փաստական հանգամանքները, որոնցով պայմանավորված հնարավոր կլինի երկարաձգել ապաստարանում գտնվելու ժամկետը (օրինակ՝ դատարանի որոշում, առողջական խնդիր, հղիություն, մինչև երեխայի մեկ տարեկան լրանալը, դատական գործի ձգձգում և այլն)։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

25.10.2024

Ըստ Նախագծի՝ ապաստարանի աշխատակիցը պետք է շահառուին ընդունելու պահից երկուսից երեք օրվա ընթացքում իրականացնի վերջինիս կարիքների և վտանգի գրավոր գնահատումը: Տվյալ աշխատակիցը հանդիսանում է այդ գործի վարման պատասխանատուն: Առաջարկում ենք հստակեցնել, թե ապաստարանի ո՞ր աշխատակիցը (մասնագետը) պետք է ընդունի շահառուին և նախատեսել, որ ապատարանում շահառուի ընդունելության ժամանակ ներկա գտնվի հոգեբանը։ Կազմակերպությունն առաջարկում է նաև վտանգի գրավոր գնահատումը իրականացնել ոչ թե ընդունելու պահից երկուսից երեք օրվա ընթացքում, այլ ընդունելության պահից մեկից երեք օրվա ընթացքում։

See more