Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------- սեպտեմբեր 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» N 786-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
- Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ղեկավարվելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»
- Որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ստեղծել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհուրդ:
- Հաստատել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները` համաձայն հավելվածի:».
- Որոշման 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
- Որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված)
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ»
բ. 1-ին բաժնի 1-ին կետում «ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի» բառերը փոխարինել «ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի» բառերով.
գ. 1-ին բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Խորհուրդն ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է:».
դ. 2-րդ բաժնի 6-րդ կետում «25» թիվը փոխարինել «22» թվով․
ե. 2-րդ բաժնի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8․ Խորհրդի կազմում ընդգրկվում են՝
- մեկական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից (այսուհետ՝ լիազոր մարմին), լիազոր մարմնի միասնական սոցիալական ծառայությունից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Սույն ենթակետում նշված ներկայացուցիչները առաջադրվում են լիազոր մարմնի ղեկավարի՝ ընտանիքի և կեցաղային բռնության ոլորտը համակարգող տեղակալի՝ համապատասխան մարմնին ուղղված՝ ներկայացուցիչ առաջադրելու մասին գրությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն ենթակետով նախատեսված մարմինները խորհրդում ընդգրկելու նպատակով առաջադրում են ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց, որոնք ունեն անհրաժեշտ կառավարչական հմտություններ:
- երեք ներկայացուցիչ (համաձայնությամբ)՝ հասարակական կազմակերպություններից (այսուհետ՝ կազմակերպություններ), որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին չորս տարվա ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեություն փորձ։ Կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են երեք տարի ժամկետով:
- ինը ներկայացուցիչ (համաձայնությամբ)՝ աջակցության կենտրոններից և ապաստարաններից, որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում ունեն առնվազն չորս տարվա գործունեության փորձ և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց մատուցել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ կամ ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում` այդ անձանց ընտանիքների անդամներին տրամադրել են սոցիալական աջակցություն: Աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են երեք տարի ժամկետով:».
զ. 2-րդ բաժնի 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9․ Խորհրդի կազմում կազմակերպությունների, աջակցության կենտրոնների, ապաստարանների ներկայացուցիչներ ընդգրկելու համար խորհրդի գործավարության իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումը լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն։
- Հայտարարության մեջ ներառվում են հետևյալ տվյալները`
- հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտերն ընդունող պատասխանատու անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
- հայտերի` առձեռն հանձնելու դեպքում ընդունման օրերը և ժամերը.
3.հայտեր ներկայացնող կազմակերպությանը, աջակցության կենտրոնին, ապաստարանին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
- հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:».
է. 2-րդ բաժինը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ` 11-19-րդ կետերով`
«11․ Հայտերը ներկայացվում են հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած` 10 օրվա ընթացքում։
12․ Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով հայտին կից լիազոր մարմնին պետք է ներկայացվեն նաև հետևյալ տվյալները՝
- կազմակերպության, ապաստարանի, աջակցության կենտրոնի անվանումը, գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն.
- առաջադրվող ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն),
- կազմակերպության, ապաստարանի, աջակցության կենտրոնի գործունեության ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը:
- տեղեկություններ սույն կարգի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետում նշված ոլորտում առկա փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի վերաբերյալ.
- առաջադրվող ներկայացուցչի կենսագրական տվյալները.
13․ Հայտը և կից փաստաթղթերը (այսուհետ միասին՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և տեսաներածված:
14․ Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ կազմակերպությունը, ապաստարանը, աջակցության կենտրոնը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:
15․ Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվում:
16․ Կազմակերպությունների, ապաստարանների, աջակցության կենտրոնների ներկայացուցիչների ընդգրկումը իրականացվում է երկու փուլերով: Առաջին փուլում լիազոր մարմինը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը:
17․ Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հայտին ընթացք չի տրվում:
18․ Եթե սույն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը երեք կազմակերպություն, ապա այդ կազմակերպությունները ընդգրկվում են խորհրդի կազմում։ Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են երեքից ավելի կազմակերպություն, ապա խորհրդում ընդգրկելու համար նախապատվությունը տրվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առնվազն մեկ հասարակական կազմակերպության:
19․ Եթե սույն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը ինը աջակցության կենտրոն, ապաստարան, ապա այդ աջակցության կենտրոնները, ապաստարանները ընդգրկվում են խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են իննից ավելի աջակցության կենտրոն, ապաստարան, ապա խորհրդում ընդգրկելու համար նախապատվությունը տրվում է սույն որոշման 8-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ոլորտներում առավել մեծ փորձառություն ունեցող (առավել երկար գործունեություն ծավալած և առավել շատ ծրագրեր իրականացրած) մեկական աջակցության կենտրոնի, ապաստարանի:»
ը. 3-րդ բաժնի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«13. Խորհրդի գործունեության նպատակը ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարական միջոցառումների, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն է:
թ. 3-րդ բաժնի 12-րդ կետում «օրինականության,» բառից հետո ավելացնել «կոլեգիալության,» բառը,
ժ. 3-րդ բաժնի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները`
- ուսումնասիրում, քննարկում և ներկայացնում է առաջարկներ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում պետական միասնական քաղաքականության` այդ թվում ոլորտային իրավական ակտերի վերաբերյալ.
- քննարկում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցերը, հրատապ խնդիրները և ներկայացնում դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններ.
- ներկայացնում է ընտանեկան և կենցաղային բռնության վերաբերյալ հանրությանն իրազեկելու միջոցառումներ իրականացնելու առաջարկություններ.
- քննարկում է տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից կատարված հետազոտությունների արդյունքները և դրանց հիման վրա ներկայացնում է առաջարկություններ.
- ներկայացնում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված և ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ.
- ուսումնասիրում և քննարկում է պետական կառավարման մարմինների կողմից ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին ուղղված ծրագրերի մասին հրապարակված հաշվետվությունները.
- առաջարկություններ է ներկայացնում լիազոր մարմնին ընտանեկան և կենղացային բռնության ենթարկվածների՝ ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ․
- իր գործունեության մասին ներկայացնում է տարեկան հաշվետվություն, որը տեղադրում է լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում».
ժա. 4-րդ բաժնի 14-20-րդ կետերը, 22-25-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«14․ Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Խորհրդի նախագահի կամ խորհրդի առնվազն երեք անդամների նախաձեռնությամբ հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
15․ Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով խորհրդի նիստերը կարող են իրականացվել նաև էլեկտրոնային հարցման կարգով՝ օգտագործելով էլեկտրոնային հեռահաղորդակցման միջոցներ կամ (առցանց) հեռավար եղանակով` տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ: Էլեկտրոնային հարցման կարգով խորհրդի նիստ անցկացնելու դեպքում խորհրդի անդամները խորհրդի նիստում քննարկվելիք հարցերի վերաբերյալ քվեարկում են գրավոր պատասխան ներկայացնելով՝ խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե խորհրդի նախագահն այլ բան չի սահմանել: Խորհրդի անդամի պատճառաբանված միջնորդության հիման վրա նշված ժամկետը կարող է երկարաձգվել խորհրդի նախագահի կողմից՝ ոչ ավել, քան 5 աշխատանքային օրով: Սահմանված ժամկետում գրավոր պատասխան չներկայացնելու դեպքում խորհրդի անդամը համարվում է խորհրդի նիստին չմասնակցած։
16․ Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրվում է խորհրդի անդամներին՝ խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ: Խորհրդի անդամները կրում են իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին ուղարկված ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Էլեկտրոնային փոստի միջոցով իրականացված ծանուցումը համարվում է պատշաճ, եթե առկա է համապատասխան փաստաթղթերը ուղարկելու և այն հասցեատիրոջ կողմից ստանալու փաստը հաստատելու հնարավորություն: Խորհրդի անդամները արտահերթ նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին տեղեկացվում են խորհդրի նիստի անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ:
- Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի և խորհրդի անդամի կողմից համապատասխան տեղեկություն տրամադրելու միջոցով: Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը: Վերջինիս բացակայության դեպքում խորհրդի նիստերը վարում է նրա կողմից լիազորված խորհրդի անդամներից մեկը:
- Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարական միջոցառումների, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ հարցերի քննարկման և առաջարկությունների ներկայացման համար խորհրդի նախագահը և անդամները խորհրդում քննարկելու նպատակով խորհրդի յուրաքանչյուր հերթական նիստին տեղեկատվություն են տրամադրում ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման բնագավառում նախատեսվող օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:
19․ Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի առնվազն 10 անդամ:
20․ Խորհուրդն իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ, որոնք կարող են լինել առաջարկությունների, եզրակացությունների, վերլուծությունների, հաշվետվությունների, ուղերձների, հաղորդումների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ:
21․ Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով կարող են հրավիրվել հասարական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների՝ խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ինչպես նաև այլ կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
- Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչը (համաձայնությամբ)։
- Խորհուրդը ձևավորում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող յոթ անդամից բաղկացած բազմամասնագիտական խումբ, որի առնվազն երկու անդամը պետք է հանդիսանան կազմակերպության ներկայացուցիչ:
- Բազմամասնագիտական խումբը քննարկում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկները և խորհրդի նախագահին է ներկայացնում եզրակացություն դրա տրամադրման վերաբերյալ:
25․ Խորհուրդն իր աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է ձևավորել աշխատանքային խմբեր, որոնց կազմում կարող են ընդգրկվել խորհրդի անդամ չհանդիսացող այլ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ), ինչպես նաև առանձին առաջադրանքների իրականացման նպատակով խորհուրդը կարող է ներգրավել մասնագետներ, փորձագետներ և (կամ) խորհրդատուներ:».
ժբ. 4-րդ բաժնի 27-րդ կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ` 7-րդ ենթակետով`
«7. համակարգում է խորհրդի, աշխատանքային խմբերի, ինչպես նաև մասնագետների, փորձագետների և խորհրդատուների աշխատանքները.».
ժգ. 4-րդ բաժնի 28-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«խորհրդի որոշումների վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք. Եթե խորհրդի որևէ անդամ խորհրդի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք և այն գրավոր տրամադրում է խորհրդին, ապա նրա ցանկությամբ հատուկ կարծիքը կցվում է խորհրդի տվյալ որոշմանը.»
ժդ. 4-րդ բաժնի 28-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա. անձամբ մասնակցել խորհրդի աշխատանքներին.
բ. անձամբ մասնակցել խորհրդի նիստերին.
գ. կատարել խորհրդի որոշումները.
դ. քվեարկել խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
ե. խորհրդում քննարկվող հարցերի վերաբերյալ խորհրդի որոշմամբ նախատեսված ժամկետներում ներկայացնել գրավոր դիրքորոշում, հաշվետվություն, եզրակացություն, առաջարակություն, իրենց իրավասության շրջանակում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ այլ տեղեկություններ: Խորհրդի անդամի կողմից ներկայացված գրավոր դիրքորոշումը, հաշվետվությունը, եզրակացությունը, առաջարակությունը, իրենց իրավասության շրջանակում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները պետք է դիտարկվեն որպես սույն կարգի 8-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված մարմինների, կազմակերպությունների, աջակցության կենտրոնների և ապաստարանների պաշտոնական դիրքորոշում»:.
ժե. 4-րդ բաժնի 29-րդ կետի 2-րդ ենթակետում «էլեկտրոնային հարցման» բառերից հետո լրացնել «կամ հեռավար» բառերը.
ժզ. 4-րդ բաժնի 29-րդ կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ` 8-րդ և 9-րդ ենթակետերով`
«8) ապահովում է խորհրդի աշխատանքների լուսաբանումը.
9) ապահովում է խորհրդի տարեկան հաշվետվությունների նախագծերի կազմումը:».
ժէ. 4-րդ բաժինը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ` 30-րդ կետով`
«30. Խորհրդի գործունեությունը հրապարակային է, բացառությամբ խորհրդի նախագահի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի։»:
ժը. 5-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«V. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
- Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
- Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են սույն կարգի 28-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պաշտաճ կատարելու դեպքում, ինչպես նաև խորհրդի անդամի կողմից խորհրդի կազմից դուրս մասին դիմումը խորհրդի նախագահին ներկայացնելու դեպքում:
- Սույն կարգի 28-րդ կետի 2-րդ ենթակետի ա․ և բ․ պարբերություններով նախատեսված դեպքում խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարել, եթե խորհրդի անդամը անհարգելի պատճառով առնվազն 2 անգամ չի մասնակցել խորհրդի նիստերին և աշխատանքներին, և այդ կապակցությամբ չի ներկայացրել գրավոր պատճառաբանված բացատրություն:
- Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը կարող է դրվել քվեարկության խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:
- Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման որոշումը ընդունվում է խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկությանը չի մասնակցում խորհրդի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը։
36․ Խորհրդի անդամի լիազորությունները դադարելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում սույն որոշմամբ սահմանված կարգի համաձայն խորհրդի կազմում ընդգրկվում է նոր ներկայացուցիչ (առաջադրվում է նոր անդամի թեկնածություն):».
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ խորհրդի ներկայացուցիչների ընտրությունը և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասի»ն N 1685-Ա որոշման փոփոխությունները և (կամ) լրացումները նախատեսող Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Ն․ Փաշինյան
-
Discussed
03.10.2024 - 21.10.2024
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 864
Print