Under development
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայացվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ ՀՕ-169-Ն օրենքի ընդունմամբ, որով ծավալուն և էական լավարկումներ են կատարվել ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի օրենսդրության մեջ։ Ի թիվս այլնի, նշված օրենքով նախատեսվել է ՀՀ կառավարության լիազորությունը՝ սահմանելու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց սոցիալական աջակցություն տրամադրող աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները, ինչպես նաև աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աջակցության կենտրոնն ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն է՝ հավաստագրված պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից։
Օրենքով սահմանվում են աջակցության կենտրոնների լիազորությունները, որոնց մեջ են մտնում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց իրավաբանական, հոգեբանական օգնության, այլ սոցիալական ծառայությունների տրամադրումը, նրանց ապաստարանում տեղավորելու մասին որոշման կայացումը, պաշտպանական որոշում կայացնելու վերաբերյալ հայցադիմում դատարան ներկայացնելը և այլն։
Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ սոցիալական հարցերի ոլորտում լիազոր մարմինը ոչ առևտրային իրավաբանական անձանց հետ կնքում է աջակցության կենտրոնի ֆինանսավորման պայմանագիր՝ Կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա, և վերահսկողություն իրականացնում իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների և աջակցության կենտրոնների գործունեության նկատմամբ նաև ֆինանսական միջոցների օգտագործման մասով։
Ըստ այդմ, Օրենքի համաձայն՝ աջակցության կենտրոնի ծառայություններ են մատուցում այն ոչ առևտրային մասնավոր կազմակերպությունները, որոնց հետ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնքել է աջակցության կենտրոնի ֆինանսավորման պայմանագիր։ Միաժամանակ, մասնավոր կազմակերպությունների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում մատուցվող ծառայությունների որակի նվազագույն ստանդարտը և միասնական մոտեցումների կիրառումն ապահովելու նպատակով կարևոոր է նշված կազմակերպությունների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ուղղված պահաջների նախատեսումը։
Սա նաև կնպաստի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առավել արդյունավետ մշտադիտարկման իրականացմանը, քանի որ արդեն իսկ սահմանված կլինեն այն նվազագույն չափանիշները, որոնք պետք է ապահովվեն աջակցության կենտրոնների կողմից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է Գենդերային բռնության դեպքերի վարման միջգերատեսչական ուղեցույցների[1] հիման վրա սահմանել աջակցության կենտրոնների գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը։
Նկատի ունենալով, որ աջակցության կենտրոնները պետք է մատուցեն ինչպես սոցիալ-հոգեբանական, այնպես էլ իրավաբանական աջակցություն՝ նախագծով առաջարկվում է, որ աջակցության կենտրոնի անձնակազմը առնվազն ներառի 1 հոգեբանի, 1 սոցիալական աշխատողի և 1 իրավաբանի։ Միաժամանակ, հաշվի առնելով ընտանեկան և կենցաղային բռնության առանձնահատկությունները, բռնության ենթարկված անձնաց կրկնազոհացնելու վտանգը՝ նախագծով առաջարկվում է նաև սահմանել նշված մասնագետների պարտադիր վերապատրաստման պահանջ։
Հարկ է նկատել, որ ներկայումս գործող աջակցության կենտրոններն առավելապես ծառայություններ են տրամադրում չափահաս անձանց, քանի որ երեխաների հետ աշխատանքն առանձնահատուկ մոտեցման և մեթոդաբանության կարիք ունի։ Միաժամանակ, ցանկացած աջակցության կենտրոն պետք է կարողանա առնվազն առաջնային խորհրդատվություն տրամադրել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխային՝ ուղղորդելով նրան համապատասխան մասնագիտացված ծառայություններ մատուցող կազմակերպություններ։ Ըստ այդմ, նախագծով սահմանվել է, որ աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը պետք է նաև վերապատրաստված լինի ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված երեխաների հետ աշխատանքի թեմայով՝ նման խորհրդատվության տրամադրումն ու պատշաճ ուղղորդումը ապահովելու նպատակով։
Միաժամանակ, Օրենքով սահմանվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությունը՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության բնագավառներում աշխատող սոցիալական մասնագետների վերապատրաստման և վերաորակման կարգը։ Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ աջակցության կենտրոնի անձնակազմի վերապատրաստման պահանջն ուժի մեջ կմտնի նշված կարգն ուժի մեջ մտնելու պահից։ Այս կարգավորումն ուղղված է ապահովելուն, որ սահմանված վերապատրաստումներն իրականացվեն լիազոր մարմնի նախատեսված կարգով՝ միասնական մեթոդաբանությամբ։
Աջակցության կենտրոնի գործունեությանը ներկայացվող պահանջները մշակվել են՝ նկատի ունենալով նաև հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության իրավունքը։
Նախագծով սահմանվում են նաև աջակցության կենրոնի կողմից ծառայությունների մատուցման ընթացքում կիրառվող ձևաթերթերը։ Այսպես, ծառայությունների մատուցման կարգը հիմնվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կողմից իրազեկված համաձայնություն ներկայացնելու նախապայմանի վրա։ Նման համաձայնությունը պետք է ներկայացվի բոլոր այն դեպքերում, երբ աջակցության կենտրոնի կողմից ծառայության մատուցումը կենթադրի այլ մարմնի կամ կազմակերպության անձնական տվյալների փոխանցում։ Ավելին, նկատի ունենալով, որ աջակցության կենտրոնները, Օրենքի համաձայն, պարտավոր են համապատասխան տեղեկատվություն փոխանցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ընտանեկան և կենցաղային բռնության կենտրոնացված հաշվառման վարման նպատակով, ապա համապատասխան գրավոր համաձայնությունը աջակցության կենտրոն դիմած անձի կողմից պետք է տրամադրվի նախապես՝ մինչև ծառայությունների մատուցումը։
Ըստ այդմ, նախագծով սահմանվում է գրավոր համաձայնության ձևաթերթը։
Նախագծով սահմանվում են նաև ծառայությունների մատուցման շրջանակներում սոցիալական դեպքի վարման կարգը, դրա համար անհրաժեշտ քայլերը, անհատական սոցիալական ծրագրի մշակման, փոփոխման, սոցիալական դեպքի վարման դադարեցման առանձնահատկությունները։
Հարկ է նկատել, որ նախագծով կարգավորվում են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին աջակցության տրամադրման ընթացակարգի հիմունքները, միաժամանակ, առավել մանրամասն մեթոդական տեղեկատվությունը պետք է ներառվի ծառայությունների տրամադրման վերաբերյալ ուղեցույցում, որը կսահմանվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից։ Նախագծով սահմանվում է այս ուղեցույցի ընդունման լիազորող նորմ։ Հարկ է նկատել նաև, որ սույն նախագիծը չի կարգավորում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման կարգը, որը սահմանվելու է Կառավարության առանձին որոշմամբ։
- Ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների միասնական որակը և մեթոդաբանությունը, կսահմանվեն նվազագույն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առավել արդյունավետ կերպով իրականացնել մասնավոր կազմակերպությունների կողմից աջակցության կենտրոնի ծառայությունների տրամադրման որակի նկատմամբ մշտադիտարկումը։
Բացի այդ, նախագծի ընդունումը կնպաստի նաև աջակցության կենտրոնների գործունեության լավարկմանը, քանի որ հստակ կլինի նրանց կողմից ծառայությունների մատուցման ընթացակարգը, բացի այդ, կսահմանվեն այն անհրաժեշտ ձևաթղթերը, որոնք կկիրառվեն աջակցության կենտրոնների կողմից իրենց ամենօրյա աշխատանքում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերից։
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները։
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
[1] https://www.gbvims.com/wp/wp-content/uploads/Interagency-GBV-Case-Management-Guidelines_Final_2017.pdf
-
Discussed
01.10.2024 - 17.10.2024
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 544
Print