Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1078-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայացվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ ՀՕ-169-Ն օրենքի ընդունմամբ, որով ծավալուն և էական լավարկումներ են կատարվել ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի օրենսդրության մեջ։ Ի թիվս այլնի, նշված օրենքով նախատեսվել է ՀՀ կառավարության լիազորությունը՝ սահմանելու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին սոցիալական ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնների հավաստագրումը։
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աջակցության կենտրոնն ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն է՝ հավաստագրված պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից։
ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվում են սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը։ Այս որոշմամբ կարգավորվում են տարբեր ոլորտներում և տարբեր տեսակի սոցիալական ծառայությունների մատուցման համար հավաստագրմանը վերաբերող իրավահարաբերությունները, այդ թվում՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ապաստապանով ապահովելը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է Որոշումը լրացնել աջակցության կենտրոնների հավաստագրմանն առնչվող դրույթներով։ Միաժամանակ, առաջարկվում է Որոշմամբ ապաստարանների առնչությամբ կիրառվող տերմինաբանությունը համապատասխանեցնել վերոնշյալ օրենսդրական փոփոխություններին։
Հարկ է նկատել, որ Որոշմամբ արդեն իսկ կարգավորվում են հավաստագրման գործընթացի մանրամասները. սահմանվող կարգն ընդհանուր բնույթի է և վերաբերում է Որոշմամբ նախատեսված՝ սոցիալական ծառայությունների բոլոր տեսակներին։ Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է Որոշմամբ նախատեսվող սոցիալական ծառայությունների ցանկում լրացնել ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամների սոցիալական աջակցությունը։
- Ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց մատուցվող՝ աջակցության կենտրոնի ծառայությունների պատշաճ հավաստագրումը և աջակցության կենտրոնների կողմից հավաստագրման համար անհրաժեշտ նվազագույն պահանջների պահպանումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերից։
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները։
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
26.09.2024 - 14.10.2024
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 743
Print