Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
30.08.2024
Նկատի ունենալով երեխայի իրավունքների լավագույն շահի պաշտպանության գործընթացում խնամակալության և հոգաբարձության մարմինների կարևոր դերակատարությունը և ելնելով պրոբացիոն գործընթացներում պրոբացիոն ու խնամակալության և հոգաբարձության մարմինների փոխհամագործակցության արդյունավետ իրացման պահանջներից՝ ներկայացվում են առաջարկներ «Պրոբացիայի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրենքի նախագծի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրված է. «Պրոբացիայի ծառայողը Շահառուին հաշվառման վերցնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին և Ոստիկանությանը»: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 49-րդ հոդվածի 2-րդ մասում «Ոստիկանությանը» բառից հետո լրացնել «Խնամակալության և հոգաբարձության մարմնին» բառերը։ Օրենքի նախագծի 81-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրված է. «Շահառուի, տուժողի (տուժողի իրավահաջորդի) կամ նրանց հետ ընդհանուր հանդիպումների ժամանակ կարող է ներկա լինել նրանց լիազոր ներկայացուցիչը, բժիշկ, հոգեբան կամ այլ մասնագետ, իսկ անչափահաս Շահառուի դեպքում՝ նաև անչափահասի ծնողը կամ օրինական այլ ներկայացուցիչը»: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 81-րդ հոդվածի 2-րդ մասում «դեպքում՝ նաև» բառերից հետո լրացնել «շահառուի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը,» բառերը: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ․«Հսկողական վարույթի ընթացքում պրոբացիայի ծառայողի որոշմամբ անչափահաս Շահառուի հետ առանձին գործողությունների կատարման ընթացքը կարող է արձանագրվել տեսաձայնագրմամբ՝ անչափահաս Շահառուի համաձայնությամբ, իսկ համաձայնության վերաբերյալ դիրքորոշում չհայտնելու դեպքում՝ ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ»: Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետը շարադրված է. «համագործակցել անչափահասի բնակության վայրի ուսումնական, մարզական և այլ կազմակերպությունների հետ»: Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետում «բնակության վայրի» բառերից հետո լրացնել «խնամակալության և հոգաբարձության մարմնի» բառերով: Նախագծի նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին ենթակետը շարադրված է. «անչափահաս Շահառուի հետ հանդիպմանն ապահովել հոգեբանի, ինչպես նաև անչափահաս Շահառուի ծնողի կամ օրինական այլ ներկայացուցչի մասնակցությունը». Առաջարկվում է՝ Օրենքի նախագծի 84-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին ենթակետում «հոգեբանի» բառից հետո լրացնել «խնամակալության և հոգաբարձության մարմնի,» բառերը։