ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հաշտարարության ինստիտուտի ներդրման կարևորությունը կայանում է նրանում, որ այն ամբողջ աշխարհում վեճերի լուծման տարածված այլընտրանքային եղանակներից է: Քաղաքացիական իրավահարաբերություններից բխող վեճերի այլընտրանքային եղանակով կարգավորման նկատառումներից ելնելով՝ 2015 թվականի մայիսի 7-ի ՀՕ-45-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացվել է 31.1-րդ գլխով, որը նվիրված է հաշտարարների իրավական կարգավիճակին: Մասնավորապես՝ նշված գլխով տրված են հաշտարարի և հաշտարարության հասկացությունների սահմանումները, հաշտարարության սկզբունքները, հաշտարարի վարքագծի կանոնները, նրանց իրավունքները և պարտականությունները, հաշտարարության վարման վերաբերյալ դրույթներ և այլն:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի ընդունմամբ սահմանվեց, որ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը, իսկ վկայակոչված օրենքում Սահմանադրության 103-րդ հոդվածի ուժով չնախատեսվեցին հաշտարարությանը առնչվող կարգավորումներ:
Միաժամանակ, 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը, որի հաշտարարության վերաբերյալ դրույթների գործնական կիրառությունը ապահովելու անհրաժեշտությունը պահանջում է հաշտարարության ինստիտուտի օրենսդրական ամրագրում:
Վերոգրյալը վկայում է «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝
- ամրագրվել են հաշտարարության իրականացման սկզբունքները.
- սահմանվել են հաշտարարի վարքագծի կանոնները, իրավունքները և պարտականությունները.
- նախատեսվել են արտոնագրված հաշտարարին համապատասխան որակավորում շնորհելու, որակավորում շնորհելը մերժելու, որակավորումից զրկելու, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու հիմքերը.
- նախատեսվել են հաշտարարության իրականացումը կանոնակարգող դրույթներ և այլն:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խումբը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հաշտարարության ինստիտուտի գոյության իրավական հիմքեր և նախադրյալներ ապահովել վեճերի լուծման այլընտրանքային այս միջոցի կիրառումը խթանելու, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: