ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված ապրանքատեսակների մասով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի հստակեցումն է, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 3811 19 000 (օկտան) և 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքներն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքատեսակների ցանկում ներառելն ու ակցիզային հարկով հարկելն է։

2․Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները, մասնավորապես՝ ակցիզային հարկով հարկման ենթակա են քսայուղը, բենզինը, դիզելային վառելիքը, հում նավթը, նավթամթերքները, նավթային գազերը, գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի): Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի դրույքաչափերն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի։

Նավթ և նավթամթերքների (այդ թվում` հում նավթ և նավթամթերք) ենթախմբերին դասվող ապրանքատեսակների մասով` ըստ առանձին ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, սահմանված են ակցիզային հարկի դրույքաչափեր և հարկման բազաներ: Ակցիզային հարկի դրույքաչափերն ու հարկման բազաները սահմանված են ըստ հետևյալ ծածկագրերի` ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 (քսայուղ), 2710 12 (բենզին), 2710` բացառությամբ 2710 12 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերի (դիզելային վառելիք), 2709 00 (հում նավթ, նավթամթերքներ):

ԱՏԳ ԱԱ 3811 19 000 (օկտան) և 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքները ներառված չեն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքատեսակների ցանկում։

Միաժամանակ, ապրանքների՝ ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչի համապատասխան ծածկագրերի դասակարգումը կատարվում է հիմք ընդունելով ԵՏՀ խորհրդի 14.09.2021թ․ «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը հաստատելու մասին» N80 որոշմամբ սահմանված դասակարգման կանոնները: Մասնավորապես՝

- ԱՏԳ ԱԱ 3811 19 000 ապրանքային դիրքում դասակարգվում են պատրաստի այլ հավելանյութերը՝ նախատեսված նավթամթերքների (ներառյալ՝ բենզինի) կամ այլ հեղուկների համար, որոնք օգտագործվում են նույն նպատակներով, ինչ նավթամթերքները,

- ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ապրանքային դիրքում դասակարգվում են արգելակման հիդրավլիկ հեղուկները և այլ պատրաստի հեղուկները՝ նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար՝ մինչև 70% զանգվածային բաժին բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող։

Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքներ նկարագրի հնարավոր փոփոխությամբ կարող են հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ տարբեր դիրքերով կամ ենթադիրքերով և խուսափել օրենքով սահմանված կարգով ակցիզային հարկի վճարումից։ Որոշ դեպքերում լաբորատոր փորձաքննության իրականացման հնարավորության բացակայության պատճառով անհնար է դառնում նույնականացնել այս կամ այն նավթամթերքը ԱՏԳ ԱԱ–ում սահմանված հասկացությունների հետ ճիշտ դասակարգում իրականացնելու նպատակով։ Արդյունքում, ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների բնութագրերի հնարավոր փոփոխությամբ պայմանավորված ներմուծման ժամանակ դրանք կարող են հայտարարագրվել ԱՏԳ ԱԱ տարբեր դիրքերով կամ ենթադիրքերով, որոնք, ըստ էության, նույն նպատակով կիրառվող ապրանքատեսակներ են, որոնց համար օրենսգրքով ակցիզային հարկ սահմանված չէ։

Վերոգրյալով պայմանավորված նախագծով առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 3811 19 000 (օկտան) և 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքները ևս ներառել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում և համարել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 (քսայուղ), 2710 12 (բենզին), 2710` բացառությամբ 2710 12 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերի (դիզելային վառելիք), 2709 00 (հում նավթ, նավթամթերքներ) ծածկագրերի մասով հստակեցնել ապրանքատեսակներն ըստ համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրերի դասելու և ակցիզային հարկի հաշվարկման համար ակցիզային հարկի համապատասխան դրույքաչափի կիրառման համար,

2) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում ներառել`

- ԱՏԳ ԱԱ 3811 19 000 (օկտան) ծածկագրերին դասվող ապրանքները,

- ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքները:

Ընդ որում, ԱՏԳ ԱԱ 3811 19 000 (օկտան) ծածկագրին դասվող ապրանքի ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվել է բենզինի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափով` 1 տոննայի համար 43600 դրամ, իսկ ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվել է քսայուղերի համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափով` 1 կգ համար 550 դրամ,

3) օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 3811 19 000(օկտան) և 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքների մասով ակցիզային հարկի գումարների փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով,

4) նախատեսել, որ օրենքն ուժի մեջ է 2025 թվականի հունվարի 1-ից:

4․ Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման համար ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի հստակեցումն է, ԱՏԳ ԱԱ 3811 19 000 (օկտան) և 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքների համար ակցիզային հարկի սահմանումն է։

5․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում, իսկ հարկային եկամուտների մասով ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023թ. ԵՏՄ անդամ պետություններից և ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԱՏԳ ԱԱ 3811 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծումը կազմել է 4,383.7 տոննա, իսկ ԱՏԳ ԱԱ 3819 00 000 0 ծածկագրին դասվող ապրանքներինը` 591.8 տոննա։ Այլ հավասար պայմաններում նախագծով առաջարկվող լրացումների և միջին տարեկան ներմուծման այս տեմպի պահպանման պարագայում՝ ակցիզային հարկի գծով կապահովվի շուրջ 191.5 մլն. դրամ լրացուցիչ եկամուտներ։

8 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հստակեցվում են նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված ապրանքատեսակների ակցիզային հարկով հարկման համար կիրառվող ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 3811 19 000 (օկտան) և 3819 00 000 0 (արգելակման, հիդրավլիկ, և այլ հեղուկներ) ծածկագրերին դասվող ապրանքները համարվում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքատեսակներ։

  • Discussed

    11.07.2024 - 26.07.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1363

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

11.07.2024

Ներկայացված փոփոխությունը, ինչպես նաև կից հիմնավորումները բացարձակ անընդունելի են և ավելին, այն ունենալու է բոլոր տնտեսության ոլորտներում բացասական ազդեցություն։ Սույն տեսքով նախագծի ընդունումը բերելու է տնտեսության բոլոր ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գների աճ։ Սույն նախագիծը կասեցման ենթակա է և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմը պետք է հստակ ներկայացնի հաշվարկ հիմնավորում սպառողական գների վրա ինչ ազդեցություն է ունենալու։

See more