Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

         

1.Կարգավորման ենթակա խնդիրը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

2.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման  հավելվածով հաստատված կառավարության աշխատակարգի (այսուհետ՝ Աշխատակարգ) 8-րդ կետի համաձայն՝  համապատասխան մարմինները յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը կարող են առաջարկություններ ներկայացնել հաջորդ տարվա (տարիների) համար նախատեսված միջոցառումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: Ստացված առաջարկությունների հիման վրա վարչապետի աշխատակազմի կողմից մշակվում է «Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ, որը, համաձայն 10.10.2018թ. N 1146-Ն որոշման հավելվածով սահմանված հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգի, ենթակա է հանրային քննարկման: Աշխատակարգը սահմանում է, որ Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում փոփոխություններն ընդունվում են մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը: Քանի որ հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է, հնարավոր չի լինում դեկտեմբերի 1-ի դրությամբ ստացված նյութերը ամփոփել, կազմել որոշման նախագիծ, ապա դնել հանրային քննարկման: Նախագծով կատարվող փոփոխությամբ առաջարկվում է մարմինների կողմից նախատեսվող փոփոխությունների ներկայացման ժամկետը  նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը՝ որոշման նախագծի հանրային քննարկումը պատշաճ ապահովելու նպատակով:

Ելնելով այն հանգամանքից, որ նախարարությունները, վարչապետի տարեկան ամփոփիչ այցերով պայմանավորված արդեն իսկ մինչև հունվարի 31-ը պատրաստած են լինում Կառավարության գործունեության միջոցառումների իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, առաջարկվում է հաշվետվությունների ներկայացման ժամկետ սահմանել հունվարի 31-ը՝ փետրվարի 15-ի փոխարեն, համապատասխանաբար համակատարող մարմինների համար տեղեկատվության սահմանման ժամկետ սահմանելով հունվարի 15-ը՝ հունվարի 25-ի փոխարեն:

Միաժամանակ, Աշխատակարգի 10-րդ կետի համաձայն՝ պատասխանատու մարմիններից ստացված վերոնշյալ հաշվետվությունները ոչ ուշ, քան փետրվարի 25-ը հրապարակվում են Կառավարության պաշտոնական կայքում: Աշխատակարգի 94-րդ կետի համաձայն, Կառավարության որոշմամբ հաստատվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը և ուղարկում Ազգային ժողով մինչև մարտի 1-ը: Քանի որ զեկույցում և միջոցառումների կատարման հաշվետվության մեջ ամփոփված տեղեկատվությունները նույնաբովանդակ են, գտնում ենք, որ պաշտոնական կայքում վերջինիս հրապարակումը, ըստ էության, կրկնություն է, ուստի առաջարկվում է տարեկան հաշվետվությունների հրապարակումը վերապահել համապատասխան մարմիններին՝ ռազմավարությունների առաջընթացի հաշվետվության հրապարակման սկզբունքով (31.12.2021թ. N 1508-Լ որոշմամբ հաստատված  պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգ,  6-րդ կետի 7-րդ ենթակետ):

Աշխատակարգի 11-րդ կետի համաձայն՝ Վարչապետի աշխատակազմը տարեկան հաշվետվությունների հիման վրա մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը նախապատրաստում և վարչապետին է ներկայացնում տեղեկանք միջոցառումների ծրագրի՝ նախորդ տարվա միջոցառումների կատարման մասին: Հաշվի առնելով 10-րդ կետում ժամկետների առաջարկվող փոփոխությունները, առաջարկում ենք աշխատակազմի կողմից վարչապետին տեղեկանքը ներկայացնել մինչև փետրվարի 28-ը՝ մարտի 15-ի փոխարեն:

Աշխատակարգում առաջարկվող լրացման  նպատակը պայմանավորված է առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնություններում կատարվող փոփոխությունների՝ նախարարական կոմիտեներում քննարկման անհրաժեշտությամբ: Մասնավորապես առաջարկվում է հնարավորություն տալ Կառավարության ներկայացուցչին և վարչապետի աշխատակազմին՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ներկայացված առաջարկները առաջարկել քննարկել նախարարական կոմիտեներում: Պրակտիկայում նախարարական կոմիտեների օրակարգում քննարկելու անհրաժեշտություն է առաջանում օրինակ այն դեպքում, երբ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում Կառավարության նախաձեռնությամբ ներկայացված օրենսդրական նախաձեռնություններում ներկայացվում են նոր առաջարկներ, որոնք նախկինում որևէ հարթակում /նախարարական կոմիտեներ, աշխատանքային քննարկումներ, կառավարության նիստ/ չեն քննարկվել, կամ, օրինակ, Ազգային ժողովի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնություններում հեղինակի կողմից արդեն իսկ լրամշակման արդյունքում կատարվել են փոփոխություններ, որոնք ևս որևէ հարթակում քննարկման առարկա չեն դարձել:

«Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման  հավելվածի 106-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքը հրապարակվելուց հետո 20-օրյա ժամկետում պետական կառավարման համակարգի մարմինը, որի ներկայացուցիչն Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես է եկել որպես Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ (հարակից զեկուցող) վարչապետի աշխատակազմ է ներկայացնում օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին վարչապետի որոշման նախագիծ: Ըստ Կառավարության աշխատակարգի 107-րդ կետի՝ ի թիվս այլ տեղեկատվության, հիշատակվող նախագծում նշվում են նաև իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները:                                                                     

Արդյունքում, վարչապետի աշխատակազմի կողմից իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնելու մասով վերահսկողություն է իրականացվում, մինչդեռ դրանց ընդունման ժամկետների պահպանության մասով վերահսկողությունը բաց է մնում` հաշվի առնելով, որ այդ ժամկետները սահմանվում են օրենքներով, որոնց մասով տեխնիկապես հնարավոր չի լինում աշխատակազմի կողմից սահմանել վերահսկողական ժամկետներ: Նշվածի հետևանքով հնարավոր են դառնում դեպքերը, երբ պատասխանատու պետական մարմինները, ապահովելով կիրարկման որոշմամբ սահմանված պահանջը, վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար սահմանած ժամկետներում ներկայացնում են իրավական ակտերի նախագծերը, սակայն նախագծերի քննարկման համար նախատեսված ընթացակարգերի միջակայքում ձգձգվում է իրավական ակտի ընդունումը՝ խախտելով օրենքներով դրանց ընդունման համար սահմանված ժամկետները: Ուստի նշված խնդիրը հաղթահարելու համար սույն նախագծով նախատեսվում է օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները սահմանող վարչապետի որոշման շրջանակներում նախատեսել նաև իրավական ակտերի ընդունման ժամկետները սահմանելու պահանջ՝ վարչապետի աշխատակազմի համար հնարավորություն ստեղծելով վերահսկողություն իրականացնելու նաև իրավական ակտերի ընդունման ժամկետների մասով:

3.Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից։

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղակիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

6.Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ լուծում կտրվեն իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:

7.Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Վարչապետի 25-ը մայիսի 2018թ. N 564-Լ որոշման մեջ:

 

  • Discussed

    11.07.2024 - 26.07.2024

  • Type

    Decision

  • Area

    *, Public management

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1184

Print