ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 879-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի N 804-Ա որոշմամբ հաստատված «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի» 9-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ՀՀ տարածքում գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանված է ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված կարգով։
Որոշման շրջանակներում իրականացվել են նաև «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5, 10 և 11 հավելվածներում լրացումներ ու փոփոխություններ, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը և ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կատարվել են հատկացումներ։
Միաժամանակ, Որոշման գործողության մեջ մտնելուց հետո քաղաքաշինության բնագավառում ընդունվել են մի շարք օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և նորմատիվատեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև գործող ակտերում կատարվել են այնպիսի սկզբունքային փոփոխություններ, որոնց դրույթների համաձայն գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգն ենթական է վերանայման։
Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ Որոշման շրջանակներում ներկայացված են տարբեր կարգավորման առականեր ունեց գործընթացներ՝ Նախագծով գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգն առանձնացվել է Որոշումից և շարադրվել է առանձին ՀՀ կառավարության որոշման ձևաչափով։
Նախագծի շրջանակներում Որոշմամբ հաստատված «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի» դրույթները ամբողջությամբ վերանայվել և համապատասխանեցվել է գործող օրենսդրությանը և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին։ Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած է ճանաչվելու Որոշմամբ հաստատված «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը»։
2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,
- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Շինարարական ծրագրերի արդյունավետության բարձրացում, շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման մեթոդաբանության սահմանում։