Add to favourites

Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ (ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 1. Անհրաժեշտությունը.

Նախագիծն ընդունվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:

Նախագծի ընդունումը կնպաստի մարզային առողջապահական համակարգի տարածքային համաչափ զարգացմանը:

 

 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում առկա են բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրներ:

Առողջապահության նախարարությունը փորձում է տարաբնույթ ծրագրերով լրացնել այդ բացը՝ համագործակցելով մարզային իշխանությունների հետ:

Մարզերի կադրային պահանջարկի համալրման հիմնական մեխանիզմներից մեկն է նաև պետական պատվերի շրջանում կլինիկական օրդինատուրան ավարտած մասնագետների պարտադիր նշանակման պրակտիկան:

ՀՀ առողջապահության նախարարությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը և ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:

Անկախ կրթական աստիճանից (բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագիր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) ընդունելության գործընթացի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում վերաբաշխել թափուր մնացած տեղերը, ընդ որում վերաբաշխումն անհրաժեշտ է իրականացնել մրցույթի հիմնական փուլի ավարտից հետո այնպիսի ժամկետում, որ մրցույթի հիմնական փուլի և թափուր տեղերի մրցույթի արդյունքում ուսումնական հաստատություն ընդունվածները հնարավորություն ունենան դասերին մասնակցել միաժամանակ:

Հիմք ընդունելով 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները, երբ թափուր մնացած տեղերը վերաբաշխելու նպատակով ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 956-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1951-Ն որոշմամբ փոփոխվեցին ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված տեղերը՝ Առողջապահության նախարարությունը նախորդ տարվա նման, այս տարի ևս  առաջարկել է դիտարկել 2024/2025 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերի վերաբաշխման հնարավորությունը` տրամադրված տեղերի շրջանակներում:

Ելնելով վերոգրյալից, Կառավարության որոշման նախագծում ներառվել է դրույթ, ըստ որի՝ Կառավարությունը լիազորում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա, տրամադրված տեղերի շրջանակում վերաբաշխել թափուր մնացած տեղերը:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների՝ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմաման կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:

Առողջապահության ծառայությունների մատուցման, բժշկական օգնության որակի բարձրացման համար շատ կարևոր գործոն է համակարգը բարձր որակավորմամբ մասնագետներով համալրելը, ինչպես նաև մարդկային ներուժի հավասարաչափ բաշխումը՝ Երևանում և մարզերում:

ՀՀ հետբուհական բժշկական կրթության բարեփոխումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 6005-Լ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 54-L «Բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա փորձարարական հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» համատեղ հրամանով իրականացվում է փորձարարական ծրագիր՝ Մանկաբուժություն մասնագիտությամբ:

Փորձարարական ծրագրի միջոցով ակնկալվում է որոշել կլինիկական ռեզիդենտուրայի համապետական ներդրման համար անհրաժեշտ կարիքները (իրավական, կրթական, նյութական, մարդկային) և ապահովել կլինիկական օրինատուրայից կլինիկական ռեզիդենտուրա անցնցում անցման պայմանները:

Սույն նախագծով «Մանկաբուժություն» մասնագիտությանը հատկացված 11 տեղերում ընդունվածների ուսումնառությունը իրականացվելու է նշված փորձարարական ծրագրով:

 

4. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.

Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում  առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:

Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը:

Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ:

 

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումն՝ ըստ համապատասխան մասնագիտությունների:

 

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից, ինչպես նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «4.5 Առողջապահություն բաժնի» 13-րդ ենթակետի դրույթներից, այն է. Կառավարության գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատությունները բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը՝ բժշկական օգնության և սպասարկման որակը բարձր պահելու նպատակով:

  • Duration

    21.06.2024 06.07.2024
  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 405

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.