Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

  • Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների թվի կտրուկ աճը, զուգորդված քաղաքացիությունը դադարեցնելու գործերի հետ, առաջ է բերել խնդիրներ ինչպես դիմումատուների, այնպես էլ վարչական մարմինների համար։

Այսպես,  ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործերով կարգավորումները դիմումատուների համար ընդհանուր առմամբ հետևյալն են․

  • Հայաստանի Հանրապետությունում գտնվելու պարագայում անձը էլեկտրոնային համակարգի միջոցով հերթագրվում է լիազոր մարմին ներկայանալու համար և համապատասխան իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմին․
  • Հայաստանի Հանրապետությունը չգտնվող անձը վերոնշյալ գործողությունները կատարում է օտարերկրյա պետություններում գտնվող հյուպատոսական ծառայությունների միջոցով։

Այսինքն, ներկա կարգավորումների համաձայն առկա չէ ներկայացված փաստաթղթերի հիման վրա քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու գործերի նախնական՝ փաստաթղթային ուսումնասիրման հնարավորություն և հիմնականում լիազոր մարմին անձի անձամբ այցելությունից և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո է միայն լիազոր մարմնի աշխատակիցը ստուգում դրանց ամբողջականությունը, կամ պարզում անձի արդեն իսկ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որպիսի պարագայում վերջինս պետք է դիմեր ոչ թե քաղաքացիություն ստանալու, այլ՝ անձնագիր ստանալու համար։ Արդյունքում, հերթագրվելով և առնվազն 3-4 ամիս անց լիազոր մարմին այցելելուց հետո վերը նշված հանգամանքների պարզումը առաջ է բերում խնդիրներ դիմումատուների համար, քանի որ վերջիններս հիմնականում Հայաստան այցելում են օտարերկրյա պետություններից և կարճ ժամկետով, ինչի արդյունքում հաճախ ստիպված են լինում վերադառնալ՝ անհրաժեշտ փաստաթուղթը համալրելու և կրկին լիազոր մարմին ներկայացնելու նպատակով /նույն խնդիրը առկա է նաև հյուպատոսական ծառառայություններում/։

Վերը նշված հանգամանքն իր հերթին հանգեցում է լիազոր մարմնի էական ծանրաբեռնվածության, հերթերի գոյացման, ինչպես նաև ծառայության որակից մշտական դժգոհությունների։ Ավելին, մոտ 3-5 անգամ ավելացած քաղաքացիության դիմումներով գործերի վարումը, առկա ռեսուրով առաջացրել է գերծանրաբեռնվածություն քաղաքացիության գործերով վարույթում ներգրավված մարմինների համար, ինչն իր հերթին ազդում է վարչարարության պատշաճ իրականացման վրա։

Միաժամանակ, վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով և մի քանի տարբեր էլեկտրոնային բազաների կիրառմամբ, ինչը հանգեցնում է անհարկի կրկնակի աշխատանքերի կատարմանը, ժամանակի, մարդկային ռեսուրսների օգտագործմանը, այն պարագայում, երբ թվային մեկ միջավայրում աշխատանքների կազմակերպմամբ և գործընթացների թվայնացմամբ հնարավոր է ավելի մեծ թվով քաղաքացիության գործեր ընդունել և դրանք վարելու համար ապահովել պատշաճ ընթացք։

2) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադադրեցնելու գործերի քննության համար պետական տուրքի չափերը։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար սահմանված է 1000 դրամ պետական տուրք, իսկ քաղաքացիության դադարեցման համար 25000 դրամ։ Հարկ է նկատի ունենալ, որ «Պետական տուրքի մասին» օրենքը ընդունվել է 1997թ և նշված տուրքի չափերը սահմանված են եղել 1997թ. և մինչ օրս որևէ վերանայման չեն ենթարկվել։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (ասուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է վարչարարության թվայնացման միջոցով քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործերով վարույթների իրականացման արդյունավետության բարձրացման, ռեսուրսների խնայողության, աշխատանքների բարելավման, ժամկետների կրճատման, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների կատարելագործման, մատուցվող ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությամբ։

2Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվում է․

1) սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ։ Ընդ որում, հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը և այլն, փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն, որպիսի պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառում դիմումատուի ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որից հետո նոր միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու և փաստաթղթերը անձամբ ներայացնելու լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսկան հիմնարկ։ Ընդ որում՝ հնարավորություն է ընձեռնվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ ՊԵԿ, ՊՆ, ոստիկանություն, ԱԱԾ և այլն իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով, ուստի դիմումատուն կկարողանա մինչև դիմումի հանձնելը տեղում տեսնել իր վերաբերյալ պարտավորությունների առկայությունը, մարել դրանք, նոր ներկայացնել փաստաթղթերը։ Սա ոչ միայն արագացնում է քաղաքացիության գործերի քննության հնարավորությունը, այլ նաև պարզեցնում է պրոցեսը։ Բացի վերը թվարկածից, էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաև վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման և դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին, հարցումները ստանալու և պատասխանելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ավտոմատ, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերի արագ վարելուն և թողունակության բարձրացմանը /ավելի շատ քանակով գործեր ընդունելուն/։ Բացի այդ, օրենքով նախատեսվում է քաղաքացիության գործերով վարույթները կասեցնելու հնարավորություն, քանի որ հաճախ վարույթի ընթացքում փաստաթղթերի, դրանցում առկա գրառումների իսկությունը ստուգելու անհրաժեշտություն է առաջանում։ Նման դեպքերում հարցումներ են ուղարկվում իրավասու մարմիններ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններ, որտեղից պատասխանները ստացվում են ուշացումով։ Արդյունքում, դիմամուին կամ սխալ կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, որից հետո լիազոր մարմինը ստիպված է լինում վարույթ հարուցել և դադարեցնել տվյալ անձի քաղաքացիությունը /ընդ որում, հիմնականում նշված անձինք Հայաստանում չեն լինում, ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ ստանում են օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից, կամ անձնագիրը ստանում են լիազոր մարմնում և մեկնում ՀՀ-ից/։ Լինում են դեպքեր, երբ փաստաթղթերում առկա են լինում վրիպակներ, սխալներ, որոնք ուղղելու անհրաժեշտություն է առաջանում՝ գործի ամբողջականությունը և անձի նույնացումն ապահովելու համար։ Նման պայմաններում, դիմումատուն առաջարկվում է ներկայացնել ուղղված կամ փոփոխված փաստաթուղթ, սակայն դիմումատուները /հատկապես քաղաքացիություն ստանալու գործերով/ հիմնականում ՀՀ-ում չեն գտնվում, որպեսզի սահմանված ժամկետում կարողանան փոփոխել կամ ուղղել ներկայացված փաստաթուղթը։ Նման հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ դիմումը մերժելու, քանի որ օրենքով սահմանված է դիմումների քննարկման համար 90 աշխատանքային օր։ Վերոգրյալ խնդիրներից խուսափելու նպատակով նախագծով նախատեսվում է դիմումի քննարկման ընթացքը կացենելու հնարավորություն՝ մինչև կասեցման հիմքերի վերանալը։

Գործող օրենքը սահմանում է, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելուց հետո՝ 5 տարվա ընթացքում պարզվի, որ անձը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր կամ առկա են քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր, ապա լիազոր մարմինը նախաձեռնում է անձի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով:

Ներկայացվող օրինագծով նախատեսվում է հինգ տարի ժամկետը փոխարինել տաս տարի ժամկետով, քանի որ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստը պարզվում է անձնագրի փոխանակման ժամանակ /անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով/ և 5 տարվա վաղեմության ժամկետն անցած լինելու փաստով պայմանավորված անհնար է լինում քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց սկսելը։

2) Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել համապատասխանաբար 20000 և 50000 դրամ՝ 1000 դրամ և 25000 դրամի փոխարեն։ Ինչպես արդեն նշվեց, այս մասով գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում որևէ վերանայման չեն ենթարկվել։

 3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր․

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին 2021թ-ի օգոստոսի 21-ի ԱԺՈ 002-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.2-րդ բաժնով նախատեսված առաջնահերթություններից, մասնավորապես՝ նշված ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերություններից է քաղաքացիներին (այդ թվում՝ օտարերկրյա) տրամադրվող ծառայությունների թվայնացումը, պարզեցումը և ավտոմատացումը։

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա․ պետական բյուջեի եկամուտներում նախատեսվում են եկամուտների աճի փոփոխություններ՝ պայմանավորված պետական տուրքի չափի փոփոխմամբ։ Այսպես, քաղաքացիություն ստանալու համար 2023թ-ին ներկայացվել է 19185 դիմում /պետական տուրքը ներկայումս կազմում է 1000 ՀՀ դրամ/, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 3687 դիմում /պետական տուրքը ներկայումս կազմում է 25,000 ՀՀ դրամ/։

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

6․ Ակնկալվող արդյունքները․

Նախագծով առաջարկվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, ապահովել վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը, կբարձրանա այդ գործընթացների տնտեսական արդյունավետությունը, կխնայվեն ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ և լրացումներ կատարել ներքոհիշյալ ՀՀ կառավարության որոշումներում՝

1․ ՀՀ կառավարության 23 նոյեմբերի 2007 թվականի <Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին> N 1390-Ն

  1. ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի <Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին> N 1290-Ն որոշում
  2. ՀՀ կառավարության 30 օգոստոսի 2007 թվականի <Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը սահմանելու մասին> N 1040-Ն որոշում

 

ՀՀ ՆԳՆ

  • Discussed

    31.05.2024 - 15.06.2024

  • Type

    Law

  • Area

    Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1327

Print