«ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
7 - Agree
-
5 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագիծը ներկայացվում է ի կատարումն «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի։
Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման և նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության սուբյեկտների և զբոսաշրջիկների փոխադարձ իրավունքների և պարտավորությունների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջների և զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողության միջոցների հստակեցման անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա։
Օրենսդրական վերոգրյալ փոփոխությունը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային կազմակերպության կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում օրենքով հաստատված սպառողների շահերի պաշտպանությանը, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։
Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում են «զբոսաշրջային օպերատոր» և «զբոսաշրջային գործակալ» հասկացությունները, որոնցով հստակ տարբերակվում են վերոգրյալ սուբյեկտները, մասնավորապես՝
- զբոսաշրջային օպերատորը իրավաբանական անձ է, որը ձևավորում և անմիջականորեն կամ զբոսաշրջային գործունեության այլ սուբյեկտի միջոցով կամ, զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի հետ համատեղ հանդես գալով, իրացնում կամ առաջարկում է զբոսաշրջային փաթեթ, տուր կամ այլ առանձին զբոսաշրջային ծառայություններ կամ փոխանցում է զբոսաշրջիկի տվյալները զբոսաշրջային գործունեության մեկ այլ սուբյեկտի՝ համաձայն սույն հոդվածի 12-րդ կետի «ե» ենթակետի.
- զբոսաշրջային գործակալը զբոսաշրջային օպերատոր չհանդիսացող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է, որն անհատ զբոսաշրջիկին կամ զբոսաշրջիկների խմբին տրամադրում է զբոսաշրջության հետ կապված խորհրդատվություն կամ առաջարկում կամ վաճառում է զբոսաշրջային օպերատորի ձևավորած զբոսաշրջային փաթեթ կամ առանձին զբոսաշրջային ծառայություններ.
Չնայած նրան, որ Օրենքով ներկայացված են զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հիմնական հատկանիշները, այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ է սահմանել պահանջներ ու կանոններ, որոնք պարտադիր կլինեն և կապահովեն թե՛ ծառայությունների բարձր որակը, թե՛ հավասար մրցակցային դաշտի առկայությունը՝ նպաստելով ոլորտի կարգավորմանը։
Պետք է նշել, որ գործող օրենսդրությամբ դեռևս զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեության տարբերությունը սահմանափակված է միայն զբոսաշրջային արդյունքի ձևավորման փաստով, սակայն գործնականում հաճախ հնարավոր չի լինում տարբերակել երկու սուբյեկտներին։ Ուստի, առաջարկվող նախագծով սահմանված պահանջներն ու կանոնները ուղղված են ոչ միայն ծառայությունների որակի բարձրացմանը, պատշաճ սպասարկմանը, մրցակցային դաշտի հավասարությանը, այլ նաև զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի հստակ տարբերակմանն ու համապատասխան գործունեության ապահովմանը։
Հատկանշական է, որ ներկայումս զբոսաշրջության ոլորտում առկա է մի իրավիճակ, որը բացասական է ազդում մրցակցային միջավայրի վրա։ Բազմաթիվ սուբյեկտներ, մեծամասամբ նույնիսկ առանց պետական գրանցման, զբաղվում են զբոսաշրջային օպարատորի կամ զբոսաշրջային գործակալի գործունեությամբ, մատուցում ցածրորակ ծառայություններ՝ ներգրավելով նաև ցածրորակ զբոսավարներ, Հայաստանն ու հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են իրենց կարողությունների ու պատկերացումների շրջանակներում, որպես կանոն, աշխատակիցներ չունեն և աշխատատեղեր չեն էլ ստեղծում, հարկեր չեն վճարում, բնականաբար ծառայություններն առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներով, քան բարեխիղճ գործարարները, որոնք արդեն կանգնած են շուկայից դուրս մղման վտանգի առաջ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Սույն նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, այլև ապահովելու որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: Նախագծի մշակման ընթացքում ձևավորվել է համապատասխան աշխատանքային խումբ, որում ընդգրկված են զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչները։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունումը կնպաստի զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի պատշաճ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի ապահովմանը։
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։
-
Discussed
27.05.2024 - 12.06.2024
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1956
Print