Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

 1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N1827-Լ որոշմամբ փոփոխված խմբագրության համաձայն՝ մինչև 2030 թվականը նպատակ է դրվել կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ՝ ներառյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքները, զուգահեռաբար ներդնելով նաև շուկայական մեխանիզմներ կուտակիչ կայանների կառուցումը խթանելու համար: Միևնույն ժամանակ, հիշյալ թիրախի շրջանակում նախատեսված է առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի արևային կայանների կառուցում 170 ՄՎտ (մինչև 2030թ.) և ինքնավար արևային կայանների կառուցում 350 ՄՎտ (մինչև 2024թ. դեկտեմբեր) ընդհանուր դրվածքային հզորություններով, ինչպես նաև զուգահեռաբար էլեկտրահաղորդման ցանցի զարգացում՝ միտված առկա ենթակառուցվածքների արդիականացմանը, հաղորդման ցանցի ընդլայնմանը և թողունակության մեծացմանը։

Հարկ է նշել, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում, իսկ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք տրվում է նաև, երբ, անկախ այդ կայանի համար նույն հոդվածի 4-րդ մասի «ա» կետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը կամ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը, հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, հրաժարվում է նույն հոդվածի 1.2-րդ մասում նշված գնման երաշխիքից:

Միաժամանակ, «Էներգետիկայի մասին» օրենքի 56.1 հոդվածի համաձայն ցանկացած սպառող, նշված օրենքի և շուկայի կանոնների համաձայն, ունի ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք:

«Էներգետիկայի մասին» օրենքի վերոնշյալ կարգավորումների շրջանակում 01.05.2024թ. դրությամբ տրամադրվել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության 35 լիցենզիա՝ առանց օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի, ընդհանուր շուրջ 191,185 ՄՎտ հզորությամբ, ինչպես նաև բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության 9 լիցենզիա՝ ընդհանուր 20,124 ՄՎտ հզորությամբ։ Ինքնավար էներգարատադրության մասով էլ 2024թ. մարտի 1-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին միացված են 19397 ինքնավար արտադրող արևային կայաններ 290,7 ՄՎտ հզորությամբ և ընթացքում են 224-ը՝ 9,9 ՄՎտ ընդհանուր հզորությամբ:

Միաժամանակ, բավականին մեծ է նման լիցենզիաներ ստանալու համար հայտերով հանձնաժողով դիմելու ցանկություն ունեցող անձանց շրջանակը, որոնց գործող կարգի համաձայն ներկայացման պարագայում, անկախ վերոնշյալ ռազմավարական ծրագրով սահմանված հզորությունների հնարավոր գերազանցման հանգամանքից, օրենքով համապատասխան արգելքի բացակայությամբ պայմանավորված, այդ լիցենզիաները ենթակա են հանձնաժողովի կողմից տրամադրման։

Հարկ է նաև նշել, որ էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդման ցանցային գործող կանոնների համաձայն համակարգի օպերատորի կողմից կարգավարման են ենթակա հաշվեկշռման ծառայություն մատուցողը, հաղորդողը, բաշխողը, համակարգային նշանակության սպառողները և համակարգային նշանակության կայանները (10 ՄՎտ և ավելի հզորությամբ կայաններ), իսկ մինչև 10 ՄՎտ հզորությամբ փոքր արտադրող կայանները  ենթակա չեն կարգավարման և իրենց կողմից արտադրված էլեկտրական էներգիան ցանկացած ժամանակ, առանց «սահմանափակման» առաքում են էլեկտրական ցանցեր։ Արդյունքում, ստեղծվում է մի իրավիճակ, երբ գործող ենթակառուցվածքների պարագայում փոքր հզորությամբ առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանների մեծ տեմպերով զարգացումը նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի պահուստավորման հնարավորության բացակայությամբ և աշխատանքի ռեժիմների չկարգավարմամբ պայմանավորված խնդիրներ է առաջացնում էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման տեսանկյունից։ Հարցը բարձրացվել է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից, բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝ դիտարկելով խնդրի լուծման հնարավոր տարբերակները։

Հաշվի առնելով նշվածը՝  անհրաժեշտություն է առաջացել հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերում ամրագրել դրույթներ, որոնք կկանոնակարգեն հետագայում կառուցվելիք առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանների գործունեությունը՝ նախատեսելով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարում, ինչն էլ կչեզոքացնի նման կայանների հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանում (մասնավորապես՝ արևային)  էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման և արդյունքում էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացող հնարավոր խնդիրների լուծման նպատակով մշակված «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերով առաջարկվում է առանց գնման երաշխիքի արևային կայանների հետագա միացումը ցանցին շարունակել այդ կայաններից, ըստ անհրաժեշտության, ցանց էլեկտրական էներգիա առաքելու իրավունքի սահմանափակումների կիրառման դեպքում։ Մասնավորապես, առաջարկվում է`

-էլեկտրաէներգետիկական համակարգի բաշխման և հաղորդման ցանցային կանոններում սահմանել սահմանափակման ենթակա արտադրողի կարգավիճակը և էեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների խախտման կամ դրա վտանգի դեպքում մարտի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համակարգի օպերատորին վերապահել իրավունք սահմանափակման ենթակա արտադրողին տալ էլեկտրական էներգիայի՝ էլեկտրական ցանց առաքումը դադարեցնելու կամ սահմանափակելու վերաբերյալ կարգավարական կարգադրություն՝ առավելագույնը 1080 ժամով, բայց ոչ ավելի, քան օրական ութ ժամով,

-սահմանել սահմանափակման ենթակա արտադրողների կողմից էլեկտրական էներգիայի՝ էլեկտրական ցանց առաքումը դադարեցնելու կամ սահմանափակելու մասին կարգավարական կարգադրությունը տաու հերթականությունը,

-վերը նշված սահմանափակումների մասին տեղեկատվությունը շահագրգիռ անձանց փոխանցելու և ՇԿԾ-ում արտացոլելու ընթացակարգը,

-սահմանել սահմանափակման ենթակա արտադրողներին տեխնիկական պայմանները տրամադրելու առանձնահատկությունները և դրանցում համակարգի օպերատորի համար կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովելու պահանջ նախատեսելը,

-սահմանել պատասխանատվություն սահմանափակման ենթակա արտադրողների կողմից համակարգի օպերատորի կողմից կարգավարական կարգադրությանը չհետևելու դեպքում,

-էներգետիկայի բնագավառում լիցենզավորման կարգում նախատեսել դրույթ, համաձայն որի սահմանափակման ենթակա արտադրողի լիցենզիայի պայմաններում էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով սահմանված կարգով կայանից էլեկտրական էներգիայի՝ էլեկտրական ցանց առաքման սահմանափակման, ինչպես նաև կայանը մշտապես հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու պայմանները, իսկ նշված անձանց կողմից լիցենզիա ստանալու հայտերը կներառեն էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից տրված տեղեկանք՝ կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու վերաբերյալ։

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի խորհրդատուների աջակցությամբ։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում կկանոնակարգվեն առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանում (մասնավորապես՝ արևային կայանում) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման, հաղորդման և բաշխման ցանցերին միացման տեղեկանքների տրամադրման գործընթացները, որի արդյունքում  էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարմամբ կչեզոքացվի նշված կայանների աճի հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։

  • Discussed

    14.05.2024 - 31.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources, Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 856

Print