Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ոսկյա իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող Հարկային օրենսգրքի համաձայն՝ թանկարժեք մետաղների օտարումն ազատված է ԱԱՀ-ից: Միաժամանակ, այդ նույն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի <<ոսկերչական զարդերի>> օտարումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ այդ գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների շրջանակներում: Այս պարագայում ստացվում է, որ անկախ այն հանգամանքից, որ ոսկու օտարումն ազատված է ԱԱՀ-ից, ոսկյա զարդի մեջ առկա ոսկին արժեշղթայի հետագա օղակներում փաստացի հարկվում է ԱԱՀ-ով: Ընդ որում, հատկանշական է նաև այն, որ ոսկու արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը:
Խնդիրը նաև այն է, որ ոսկին՝ որպես առանձնահատուկ ապրանք, յուրաքանչյուր անգամ արժեշղթայի օղակներով անցնելիս նորովի չի ստեղծվում որպես արժեք, այլ պարզապես մի ձևից վերափոխվում է մեկ այլ ձևի՝ իր արժեքը փոխանցելով արժեշղթայի հաջորդական օղակներով: Այլ կերպ ասած՝ ոսկու ձուլակտորից ոսկյա զարդ պատրաստելու օղակում ոսկու արժեքը չի համարվում նոր ստեղծված արժեք: Հետևաբար, այս պարագայում ոսկու՝ ԱԱՀ-ով հարկումը մի կողմից խնդրահարույց է, մյուս կողմից՝ հանգեցնում է ոսկյա զարդերի գների բարձրացման՝ դրանով իսկ խոչընդոտելով ոսկեգործության ոլորտի զարգացմանը:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոսկուց պատրաստված իրերի օտարման գործարքների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան նվազեցվելու է տվյալ իրի արտադրության համար օգտագործված՝ ստանդարտացված ոսկու ձուլակտորի կամ դրա մի մասի ձեռք բերման գնի չափով: Ընդ որում, այդ կարգով նվազեցնելուց հետո ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող Հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի 25 տոկոսից պակաս լինել:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոսկյա իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկեգործության ոլորտի զարգացման համար ձևավորել նպաստավոր հարկային միջավայր:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
- Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
- Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: