Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

          «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ կառավարության 2022թ․ հուլիսի 28-Ի N 1180-Ն որոշման աղյուսակ N 1-ի համաձայն, երեխաների  դեպքում օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը պետք է գնահատեն համապատասխան նեղ մասնագիտություն ունեցող մանկաբույժները։ Սակայն շատ հաճախ նման մասնագետների բացակայությունը խնդիրներ է առաջացնում գնահատման գործընթացը կազմակերպելու համար։

 «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «զ» ենթակետի  համաձայն՝ ֆունկցիոնալության գնահատման դեպք է սահմանված նաև ծառայությունների անհատական ծրագիր կազմելը կամ դրանում փոփոխություն (լրացում) կատարելը, իսկ 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց ցանկությամբ կարող են անցնել ֆունկցիոնալության գնահատում։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կառավարության 2022թ հուլիսի 28-Ի N 1180-Ն որոշման  հավելվածի 14-րդ և 15-րդ կետերում կատարվել են համապատասխան հստակեցումներ։     

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ներկայացված նախագծով առաջարկվում է․

1․ վերանայել օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը, անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետների ցանկը՝ ֆունկցիոնալության գնահատման ընթացքում իհայտ եկած խնդիրները լուծելու նպատակով․

2․ սահմանել կրկնակի գնահատման համար դիմելու առանձին դեպքեր․

3․ սահմանել, որ վերագնահատում կարող է իրականացվել նաև ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու դեպքում․

4․ հստակեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն դիմում ներկայացման հետ կապված դրույնթները․

5․  անձի առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկը համալրել նոր հիվանդությունով՝ հաշվի առնելով գործնականում ի հայտ եկած բացը։

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 Նախագիծը փոխկապակցված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ

 

 

  • Discussed

    25.04.2024 - 13.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2132

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Նախագծով առաջարկվում է կրկնակի գնահատում իրականացնել նաև, եթե անձը «երբևէ չի ստացել» ծառայությունների անհատական ծրագիր։ Ծառայությունների անհատական ծրագիր մշակելու համար ֆունկցիոնալության գնահատում իրականացնելը միանգամայն հասկանալի է, սակայն առաջացնում է իրավական ընդունված սկզբունքների խախտման ռիսկ։ Հարկ է նկատել, որ այդ գնահատման արդյունքում կարող է փոփոխվել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (հաշմանդամության խումբը), որոշ դեպքերում՝ նաև հաշմանդամություն չսահմանվել։ Սա մտահոգիչ է մի շարք առումներով, այդ թվում՝ այն պատճառով, որ անձի՝ ծառայությունների անհատական ծրագրի համար ներկայացված դիմումի և դրա հիման վրա կայացվելիք վարչական ակտի միջև առկա է անհամապատասխանություն, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության և անխտրականության սկզբունքների խախտման: Այս մոտեցումը խաթարում է անհատների լեգիտիմ ակնկալիքները, որոնք ձևավորվել են նախորդ վարչական ակտերով: Չքննարկելով ֆունկցիոնալության գնահատման համակարգը նաև աջակցող սարքերի կամ անձնական օգնականի ծառայության կարիքի գնահատման գործընթաց դիտարկելը՝ այնուամենայնիվ պետք է հաշվի առնել ծառայությունների անհատական ծրագրի նպատակը և բնույթը։ Մասնավորապես՝ դրա միջոցով են տրամադրվում աջակցող տեխնոլոգիաներ և մի շարք այլ ծառայություններ։ Սա կարող է դրդել անձանց ընտրություն կատարել երկու կարևոր իրավունքների՝ հաշմանդամության սահմանված լինելու և ծառայության միջև, որոնք փոխլրացնող են, այլ ոչ թե փոխարինող։ Կարգավորումն ընդունվելու դեպքում կարող է ոչ միայն խոչընդոտել ժամանակին և մատչելի ծառայությունների ստացումը, դանդաղեցնել գործընթացները, այլ ավելին՝ զրկել փաստացի աջակցության կարիք ունեցող անձին ոչ միայն այդ աջակցությունից, այլև պետական մյուս երաշխիքներից։ Առաջարկում ենք խուսափել այս լրացումից և փոփոխությունը սկսել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքից (օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «աստիճանը որոշելու և» բառերից հետո լրացնելով «(կամ)» բառով)։ Այս կերպ հնարավոր կլինի տարանջատել ծառայությունների անհատական ծրագրի համար իրականացվող գնահատումը հաշմանդամության սահմանման և ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի որոշման գործընթացներից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող 3-րդ ենթակետի փոփոխությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հաշմանդամության անժամկետ սահմանված լինելու դեպքում.»։ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ «կրկնակի գնահատումն իրականացվում է անձի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա», որով էլ արտահայտվում է անձի ցանկությունը։

See more