Add to favourites

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍ­ՏԱ­ՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____ ____________ 2024 թվականի N_____-Ն

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍ­ՏԱ­ՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրեն­քի 28-րդ հոդվածի 17-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է.

1 Սահմանել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատես­տա­վորման կարգը՝ համաձայն հա­վել­վածի:

2 Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատես­տա­վորման կարգը սահմանելու մասին» N 647-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2024թ. ...................... ........

Երևան

 

 

 


Հավելված
Կառավարության 2024 թվականի
____________ ____-ի N _____-Ն որոշման

Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 1. Սույն կարգով կարգավորվում են ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ (այսուհետ՝ համապատասխան պաշտոն) զբաղեցնող ծառայողների ատեստավորման (այսուհետ՝ ատեստավորում) անցկացման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգի դրույթները տարածվում են նաև շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների վրա:
2. Ատեստավորման նպատակն է գնահատել ազգային անվտանգության մարմիններում համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները, իսկ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների դեպքում նաև ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանը և գնահատման արդյունքներով որակավորման համար վճարել հավելավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափերով և կարգով:
3. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան ինն ամսվա ընթացքում, իսկ առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողները ենթակա են ատեստավորման պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
4. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
5․ Ատեստավորման ենթակա և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:
6. Ատեստավորման ենթակա և արձակուրդում կամ գործուղման մեջ կամ կադրերի տրամադրության տակ գտնվող կամ ուսման (վերապատրաստման) ուղարկված կամ ժամանակավոր անաշխատունակ կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան այդ հանգամանքները վերանալուց երկու ամիս հետո:
7․ Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողին այլ՝ հավասար կամ ցածր պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը:
8․ Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջ­խաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատես­տավորման, եթե չի լրացել սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը։
9․ Ատեստավորման գործընթացին չի թույլատրվում մասնակցել այն ծառայողին, որի նկատ­մամբ իրականացված թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործ­ման թեստը դրական է:

2․ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 10. Սույն կարգի 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին համապատասխան՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ աշխատանքային օրն Ազգային անվտանգության ծառայության՝ կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադրերի վարչություն) կողմից կազմվում է հաջորդ ամսվա ընթացքում ատեստավորման ենթակա ծառայողների անվանացուցակ և երկօրյա ժամկետում գրությամբ տեղեկացվում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին՝ նշելով ատեստավոր­ման անցկացման վայրը, օրը և ժամը:
11. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կարգի 10-րդ կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում ծառայողին պար­տադիր ծանոթացնում են դրան։ Ատեստավորման անցկացման օրը և դրան նախորդող երկու օրը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը ծառայողին ազա­տում են ծառայողական պարտականությունների կատարումից՝ ատես­տա­վոր­մանը մասնակ­ցելու համար։
12․ Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կարգի 10-րդ կետում նշված գրությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ծառայողի ծառայողական բնութագիրը ներկայացնում են Կադրերի վարչություն:
13. Ծառայողի ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալ ծառայողի գործառ­նական պարտականությունների, գործնական և անձնական հատկանիշների, ծառայողական պարտականությունների նկատմամբ վերաբերմունքի, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, վարքագծի, թույլ տված խախտումների, ծառայության ընթաց­քում ունեցած ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի, բնավորու­թյան ուժեղ և թույլ կողմերի, կամային հատկանիշների, ըստ գործու­նեու­թյան ոլորտի առավել ընդգծված ծառայողական հատկանիշների (օպերատիվ կամ վերլու­ծական ունակությունները, ֆիզիկական, մարտական պատրաստվածությունը և այլն) վերա­բերյալ տվյալներ, ինչպես նաև նախքան ատեստավորումը վերջինիս կողմից կատարված աշխա­տանքի համառոտ հաշվե­տվու­թյուն: Ծառայողական բնութագրում առկա տվյալների հավաս­տիու­թյան համար պատաս­խանատու են տվյալ ծառայողի վերադաս պետերը: Ազգային անվտան­­գության ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների պետերի ատեստա­վոր­մ­ան դեպքում ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
 
3․ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 14. Ատեստավորումն իրականացվում է համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնա­ժո­ղովի կողմից, որը կազմված է հանձնաժողովի նախագահից և անդամներից: Հանձնաժողովը ունենում է հանձնաժողովի քարտուղար, որն ի պաշտոնե հանդիսանում է Կադրերի վարչության ներկայացուցիչը, ով համակար­գում է ատես­տա­վորման գործընթացը և կազմակերպում ատեստա­վորման հարցազրո­ւյցի փուլի արձանա­գրումը:
15․ Ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և բարձր պաշտոն զբաղեց­նող ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե հանդի­սա­նում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, իսկ Ազգային անվտան­գության ծառայության տնօրենի տեղակալներն ի պաշտոնե հանձնաժողովի անդամներն են։ Ատեստա­վոր­ման հանձնաժողովի աշխատանք­ներին կարող է մասնակցել նաև Հայաստանի Հանրապե­տու­թյան վարչապետի աշխա­տա­կազմի ղեկավարը: Ազգային անվտան­գության ծառայության տնօրենի բացակա­յության դեպքում՝ Ազգային անվտան­գության ծառայության տնօրենի հանձ­նա­րա­րությամբ, ատեստավորման հանձնաժողովը նախագահում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ­ներից մեկը:
16․ Ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի պաշտոնից ցածր պաշ­տոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն իրականացնում են Ազգային անվտան­գու­թյան ծառայության տնօրենի հրամանով ձևավորված հետևյալ հանձնաժողովները՝
1) սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման հանձնաժողովը.
2) ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթա­սպա­յա­կան ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման հանձնա­ժողովը:
17․ Սույն կարգի 16-րդ կետում նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրը ձևավորվում է գլխավոր կամ ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող առնվազն 4 ծառայողներից, իսկ հանձնաժողովի նախագահ է նշանակվում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, որոնք հանձնաժողովի աշխատանքնե­րին մասնակցում են ի պաշտոնե:
18. Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպա­տակով ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացու­թյունը, ունակություններն ու հմտությունները գնահատվում են երկու փուլով՝ թեստավորման (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) և հարցազրույցի: Սույն կարգի 19-րդ կետում նշված առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով ծառայողների մասնագիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտությունները, ֆիզիկական, մարտական և կրակային պատրաս­տության աստիճանը գնահատվում են երեք փուլով` ստուգարքի, թեստավորման (գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) և հարցազրույցի:
19. Հաշվի առնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեու­թյան և գործառույթների առանձնահատկությունները՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով սահմանվում է այն առանձին պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնող ծառայողները նախքան ատեստավորման թեստավորման փուլին մասնակցելը պետք է հաղթա­հա­րած լինեն ատեստավորման ստուգարքի փուլը:
20. Ազգային անվտանգության ծառայության կառուցվածքային ստորաբաժա­նումների պե­տերն ատեստավորման թեստավորման փուլին չեն մասնակցում: Սահ­մանապահ զորքերի հրա­մա­նատարը և հատուկ առաջադրանքների կատարման գործառույթներ ունեցող կառուց­ված­քա­յին ստորաբաժանումների պետերը՝ ստուգար­քի և թեստավորման փուլերին չեն մասնակցում: Սույն կետում նշված ծառայողները մասնակցում են ատեստավորման միայն հարցազրույցի փու­լին:
21. Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ֆիզիկական, մարտական և կրակային պատրաստության աստիճանի գնահատումն ստուգարքի միջոցով իրականացվում է Ազգային անվտանգության ծառայությունում գործող նորմատիվների համաձայն: Առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների ստուգարքի փուլի անցկացման նպատակով Ազգային անվտան­գության ծառայության տնօրենի հրամանով ձևավորվում են ստուգարքի փուլի ընդունման խմբեր, որոնք աջակցում են հանձնաժողովին ստուգարքի փուլի կազմակերպչական և տեխնիկական ապահովման հարցերում։
22. Ստուգարքի փուլի արդյունքներով, դրա անցկացումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգարքի փուլի ընդունման խմբի կողմից կազմվում է ամփոփագիր ստուգարքի փուլի ընթացքի և յուրաքանչյուր մասնակցի ցուցաբերած արդյունքների վերաբերյալ՝ ըստ կատարած վարժությունների, որի հիման վրա կազմվում է ստուգարքի փուլի վերաբերյալ արձանագրու­թյուն: Ամփոփագիրը կցվում է արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մասը։
23․ Ատեստավորման հանձնաժողովի կողմից ստուգարքի փուլի վերաբերյալ արձանագրու­թյունն ստորագրելուց հետո երկօրյա ժամկետում Կադրերի վարչությունը կազմում է ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվա­նա­ցուցակներ, որոնք գրությամբ ուղարկում է համապատասխան կառուցվածքային ստորաբա­ժա­­նում­­ների պետերին:
24․ Համապատասխան կառուցված­քային ստորաբաժանում­ների պետերը սույն կարգի 23-րդ կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամկետում ստուգարքի փուլին մաս­նակցած ծառայողներին պարտադիր ծանոթաց­նում են դրան։
25. Թեստավորման փուլի առաջադրանքը բաղկացած է 20 հարցից, որից Ազգային անվտան­­գու­թյան ծառայության գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերաբեր­յալ 10, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության ոլորտի օրենս­դրու­թյան վերաբերյալ 7, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործառնա­կան պարտա­կա­նու­թյունների կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ 3 հարց, ընդ որում, հարցերը կարող են ներառել նաև իրավիճակային խնդիրներ:
26. Թեստավորման փուլի առաջադրանքների բարդության աստիճանը որոշվում է՝ հաշվի առնելով ատեստավորմանը մասնակցող ծառայողների պաշտոնների խմբերը:
27. Կադրերի վարչությունը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն քսան աշխա­տան­քային օր առաջ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ է ուղարկում մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, թեստային առաջադրանքներում ընդգրկվող նյութը, հարցերի շրջանակը, առաջադրանքների նմուշները և պատասխանների ձևաթղթի լրացման կարգը: Միաժամանակ, Կադրերի վարչությունը յուրաքանչյուր ատեստա­վորու­մից առնվազն տասն աշխատանքային օր առաջ Ազգային անվտանգության ծառայության ուսումնական հաստատությանն է տրամադրում ատեստավորմանը մասնակցող համապատաս­խան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակը և թեստային առաջադրանքները:
28. Թեստավորման փուլն անցկացվում է Ազգային անվտանգության ծառայության ուսումնա­կան հաստատությունում՝ թեստավորման համար առանձնացված սենյակներում, որոնք կարող են կահավորվել տեսաձայնագրման համակարգերով:
29. Տեսաձայնագրությունները պահվում են մինչև ատեստավորման արդյունքների և կայաց­ված գրավոր եզրակացության բողոքարկման ժամկետի ավարտը, իսկ դրանց բողոքարկման դեպքում՝ մինչև բողոքարկման արդյունքում վերջնական որոշում կայացնելը:
30. Թեստավորման համար առանձնացված սենյակում աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ առանձնացվում են թեստի հարցերի պատասխանների ձևաթղթերի ծրարը և ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակը: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում համակարգիչ է ներմուծվում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների տվյալները՝ կոչում, անուն, հայրանուն, ազգանուն՝ դրանց հիման վրա ստեղծելով նոր՝ անհատական օգտահաշիվներ համապատասխան օգտանունով և գաղտնաբառով՝ այլ անձանց մուտքը բացառելու և թեստավորվողի նույնականացումն ապահովելու նպատակով:
31. Պատասխանների ձևաթղթի ծրարը պարունակում է ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների թվով համարակալված պատաս­խանների ձևաթղթեր, ինչպես նաև երկու լրացուցիչ ձևաթուղթ, որոնք ծառայողներին տրվում են՝ պատասխանների ձևաթղթերի՝ սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պատճառներով խոտանման դեպքում:
32. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայող­ների մուտքը թեստավորման համար առանձնացված սենյակ սկսվում է թեստավորման համար նշանակված ժամին: Թեստավորման համար առանձնացված սենյակ մուտք գործելիս, ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողներին նույնականացնելու նպատակով, վերջիններս ներկայացնում են իրենց ծառայողական վկայականները: Թեստավորման համար նշանակված ժամից հետո ատեստավորման ենթակա համապատասխան պաշտոն զբաղեցնող ուշացած ծառայողների մուտքը թեստավորման համար առանձնացված սենյակ չի թույլատրվում և վերջիններս համարվում են թեստավորման փուլին չներկայացած:
33. Թեստավորման համար առանձնացված սենյակում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ստանում է պատասխանների ձևաթուղթը, ստորագրում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակում՝ իր անվան դիմաց և նստում համարակալված որևէ նստարանի: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում թեստավորման համար առանձնացված սենյակում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ստանում է համակարգ մուտք գործելու համար մեկանգամյա մուտքանունը և գաղտնաբառը, ստորագրում անվանացուցակում՝ իր անվան դիմաց և նստում իր պաշտոնի համար նախատեսված թեստային առաջադրանքներով ներբեռնված համակարգչի առջև:
34. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայող­ների համար ներկայացվում է թեստավորման անցկացման կարգը, ինչպես նաև պարզաբան­վում բացառապես տեխնիկական բնույթի հարցերը:
35. Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողները պատասխանների ձևաթղթում լրացնում են իրենց կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, այնուհետև հանձնաժողովի քարտուղարը մոտենում է, կտրում պատասխանների ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները, հաշվում դրանք և հանձնում ատեստավոր­ման հանձնաժողովի նախագահին կամ հանձնաժողովի անդամներից մեկին:
36. Պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող հատվածները հաշվվում, ստուգվում, այնուհետև տեղավորվում են այդ նպատակով նախատեսված ծրարում` ծրարի վրա գրելով պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող կտրված հատվածների թիվը:
37. Համապատասխան թեստերի փաթեթները ցուցադրվում են ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա, որից հետո բացվում են դրանք` բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում կատարվում է նշում:
38. Թեստավորման խմբի անդամներն ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին են բաժանում թեստերը: Ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը՝ ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը և նստարանի համարը: Հայտարարվում է թեստավորման սկիզբը, տևողությունը, ցուցատախ­տակի վրա կատարվում է նշում թեստավորման սկզբի և ավարտի վերաբերյալ: Թեստավորման համար հատկացվում է 40 րոպե:
39. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներին արգելվում է այլ ծառայողների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ թեստավորման համար առանձնացված սենյակ բերելը, այլ նստարանին նստելը: Սույն կետով նախատեսված խախտումների դեպքում ծառայողը դուրս է հրավիրվում թեստավորման սենյակից: Դրա մասին կազմվում է արձանագրություն, իսկ նշված ծառայողները համարվում են թեստավորման փուլը չհաղթահարած:
40. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշ­տոն զբաղեցնող ծառայողը թեստավորման համար առանձնացված սենյակից կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում:
41. Թեստավորման համար առանձնացված սենյակում թեստի բովանդակության վերաբեր­յալ ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից տրված հարցերը չեն քննարկվում:
42. Թեստավորման ընթացքում ի հայտ եկած տպագրական, բովանդակային թերություն­ներ ունեցող կամ վնասված թեստերն ու պատասխանների ձևաթղթերը փոխարինվում են նորերով՝ արձանագրությունների համապատասխան տողում նշում կատարելով դրա մասին: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:
43. Թեստավորման ընթացքում թեստավորման համար առանձնացված սենյակում, ատես­տա­վորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողներից, ատեստա­վորման հանձնաժողովի նախագահից, անդամներից և հանձնաժողովի քարտուղարից բացի, այլ անձինք կարող են գտնվել միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:
44. Թեստավորման ավարտից 15 րոպե առաջ ատեստավորմանը մասնակցող համապա­տաս­խան պաշտոն զբաղեցնող ծառայողների ուշադրությունը հրավիրվում է ժամանակի վրա և հիշեցվում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու անհրաժեշտության մասին: Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծա­ռայողը պատասխանների ձևաթղթում նախատեսված համապատասխան վանդակում կա­տա­րում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը: Պատասխանների ձևաթղթերի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել, մեկ հարցի համար մեկից ավելի պատասխաններ նշել չի թույլատրվում, նման դեպքերում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:
45. Թեստավորումն ավարտած՝ ատեստավորմանը մասնակցող համապատաս­խան պաշ­տոն զբաղեցնող ծառայողը թեստը և պատասխանների ձևաթուղթը հանձնում է՝ ստորագրելով ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակում՝ իր անվան դիմաց: Թեստի վրա նշված և պատասխանների ձևաթղթում նշված՝ թեստի համարները համեմատվում են, պատասխանների ձևաթուղթը պատճենահան­վում է և պատճե­նահանված օրինակը հանձնվում ատեստավորմանը մասնակ­ցող համապա­տաս­խան պաշտոն զբաղեցնող ծառայողին՝ իր մոտ պահելու նպատակով: Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու դեպքում թեստավորման ավարտից հետո համակարգչի էկրանի վրա արտացոլվում է թեստի ճիշտ և սխալ պատասխանների քանակը, որն արձա­նագրվում է որպես թեստի արդյունք:
46. Սույն կարգի 38-րդ կետում նշված՝ թեստավորման համար հատկացված ժա­մա­նակի ավարտից հետո պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտա­գործված, խոտանված), ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշ­տոն­ներ զբաղեցնող ծառայողների անվանացուցակի ծրարները, պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող հատվածները և թեստերը (օգտա­գործված, չօգտագործված, խոտանված), ինչպես նաև սույն կարգի 39-րդ կետով նախատեսված արձանագրությունները հաշվվում են և արձանա­գրվում:
47. Պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող հատվածների վեր­ծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես ատեստավորմանը մասնակ­ցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի թեստավորման արդյունք:
48. Թեստավորման ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ամփոփվում են թեստավորման արդյունքները, և ամփոփագրի հիման վրա կազմվում է թեստավորման փուլի արձանագրություն։ Ամփոփագիրը կցվում է թեստավորման փուլի արձանագրությանը և համար­վում դրա անբաժանելի մասը։
49. Թեստավորման փուլը հաղթահարած են համարվում թեստավորման փուլին մաս­նակ­ցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող այն ծառայողները, որոնք ճիշտ են պատաս­խանել թեստավորման առաջադրանքի հարցերից առնվազն 17-ին:
50. Ատեստավորման հանձնաժողովի կողմից թեստավորման փուլի վերաբերյալ արձանա­գրու­թյունն ստորագրելուց հետո երկօրյա ժամկետում Կադրերի վարչությունը կազմում է թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած առանձին պաշտոններ զբաղեցնող ծառայողների անվանացուցակներ, որոնք գրությամբ ուղարկում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին: Համապատասխան կառուցվածքային ստո­րա­բաժանում­ների պետերը սույն կետում նշված գրությունն ստանալու պահից մեկօրյա ժամ­կետում թեստավորման փուլին մասնակցած ծառայողներին պարտադիր ծանոթացնում են դրան։
51. Արձանա­գրու­թյունը ատեստավորման հանձնաժողովի կողմից ստորագրվելուց հետո երեսուն օրվա ընթաց­քում անցկացվում է հարցազրույցի փուլը, որի անցկացման ժամանակի և վայրի մա­սին տեղեկացվում է ծառայողին։
52. Հարցազրույցի փուլին, մասնակցող համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառա­յո­ղից, ատեստավորման հանձնաժողովից և ատեստավորման հանձնաժողովի քարտուղարից բացի, կարող է ներկա գտնվել ատեստավորմանը մասնակցող համապատասխան պաշտոն զբա­ղեցնող ծառայողի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
53. Հարցազրույցի փուլի ընթացքում համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայող­ներին կարող են տրվել հարցեր, որոնց նպատակն է պարզել վերջիններիս մասնա­գիտական և ծառայողական պարտականությունների իմացությունը, ունակություններն ու հմտություն­ները:
54. Հարցազրույցի փուլի արդյունքներով ատեստավորման հանձնաժողովի կողմից կայաց­վում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդ­վածի 9-րդ մասով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը գրավոր ձևով, այն է՝
1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:
55. Ատեստավորման հանձնաժողովի կողմից հարցազրույցի փուլի արդյունք­նե­րով սույն կարգի 54-րդ կետով նախատեսված գրավոր եզրակացությունները կայաց­վում են ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում ատեստավորման հանձնա­ժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
56. Ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին անհարգելի պատճառներով չներկայացած՝ համա­պա­տասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների վերաբերյալ կայաց­վում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդ­վածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, այն է՝ «ենթակա չէ հավե­լավճար հաշ­վարկելու»:
57. Հարցազրույցի արդյունքներով, դրա ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ըն­թաց­քում ատեստավորման հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է ատեստավորման արձանագրություն, որն ստորագրվում է ատեստավորման հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Ընդ որում, ստուգարքի կամ թեստավորման փուլը չհաղթահարած համապատասխան պաշտոն (այդ թվում՝ առանձին պաշտոն) զբաղեցնող ծառայողների վերա­բեր­յալ կայացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայու­թյան մասին» օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակա­ցու­թյունը, այն է՝ «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու», և վերջիններիս վերաբերյալ տվյալները ևս ներառ­վում են ատես­տա­վոր­ման արձանագրության մեջ:
58. Սույն կարգի 57-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկօրյա ժամ­կետում Կադրերի վարչությունն ատեստավորման արձանագրության ու գրավոր եզրակացու­թյուն­ների պատճեններն ուղարկում է Ազգային անվտանգության ծառայության՝ ֆինանսների կառավարման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում՝ հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի վճարումը դադարեցնելու համար:
59. Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծա­ռա­յողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացությունը կցվում է վերջինիս անձ­նական գործին:
60. Կադրերի վարչության պետի կողմից վարվում է ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների էլեկտրոնային գրանցամատյան: Սույն կետով նախատեսված էլեկտրոնային գրանցամատյանում գրառվում են համապատաս­խան պաշտոն զբաղեցնող ծառայողների անունները, ազգանունները, հայրանուն­ները, զին­վորական կոչումները, ատեստավորման ժամկետները, ատեստավորման յուրաքանչյուր փու­լի արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունները:
61. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետը՝ Կադրերի վարչությունից սույն կարգի 58-րդ կետով նախատեսված գրությունը և կից ուղարկված ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրա­վոր եզրակացության պատճենն ստանալու պահից մեկօրյա ժամ­կե­տում դրանց պարտադիր ծանոթացնում է ատեստավորմանը մասնակցած համապա­տաս­խան պաշտոն զբաղեցնող ծա­ռա­յողին: Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն իրավունք ունի ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը բողոքարկելու Ազգային անվտանգության ծառայության տնօրենին վերադասության կարգով՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
62. Ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության՝ վերադասու­թյան կարգով բողոքարկումը չի կարող հանգեցնել նոր ատեստավորման անցկացման: Քննարկելով բերված բողոքը` Ազգային անվտանգության ծառայության տնօրենն իրավունք ունի`
1) բավարարելու բողոքն ամբողջությամբ՝ հանձնարարելով ատեստավորման հանձնա­ժո­ղովին կայացնելու նոր եզրակացություն, իսկ սույն կարգի 39-րդ կետով նախատեսված խախ­տումները չհաստատվելու, ինչպես նաև ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին չներկայացած համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների չներկայա­նալու հան­գա­մանքը հարգելի համարվելու դեպքում՝ հանձնարարելով ատեստավորման հանձնաժո­ղովին կազ­մակերպել համապատասխան ծառայողների ստու­գարքի կամ թեստավորման կամ հարցա­զրույցի անցկացումը՝ սույն կարգով նախատեսված ընթացակարգին համապատասխան.
2) մերժելու բողոքը` ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը թողնելով անփո­փոխ:
63. Ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող այն ծառայող­ները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն կարգի 54-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը, դրան ծանոթանալու պահից, յուրաքանչյուր տարի մեկ անգամ, կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար, որի դեպքում վերջիններիս ատեստավորումը կազ­մա­կերպվում և անցկացվում է սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխների պահանջներին համապա­տասխան:
64. Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելու համար անհրաժեշտ տեխնի­կա­կան պայմանների առկայության դեպքում հանձնաժողովի նախագահի որոշմամբ թեստա­վորումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով անցկացվող թես­տա­­վորման վրա տարածվում են սույն գլխով նախատեսված նորմերը, այնքանով, որքանով դրանք կիրառելի են:
65. Հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուց­վածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատ­կություն­ներով պայմանավորված՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով կարող են նախատեսվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատ­կու­թյուն­ներ:
66․ Սույն կարգի 4-րդ կետի համաձայն՝ համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառա­յող­ների ատեստավորման նպա­տակով, յուրաքանչյուր տարի հունվար ամսին Կադրերի վարչու­թյունը կազմում է անվանացուցակ և ատեստավորման ժա­մանակացույց, որը գրությամբ ուղարկում է համապատասխան ստորաբաժանումներ։
 
4․ ՆՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

67․ Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների նոր ատեստավոր­ման կազ­մա­կերպման նպատակով ընդունվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրա­ման, որով սահմանվում են ատեստավորման ժամանակացույցը, ատեստա­վորմանը մասնակ­ցելու վերաբերյալ զեկուցագրերի ներկայացման ժամկետները և ատեստա­վոր­ման գործընթացի իրականացման մանրամասները:
68․ Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների նոր ատեստավոր­մանը մաս­նակ­ցությունն իրականացվում է կամավոր հիմունքներով։
69. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողը նոր ատեստավորմանը մասնակ­ցելու վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնում է Կադրերի վարչության պետի անունով:
70. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի՝ նոր ատեստավորմանը մասնակ­ցելու վե­րա­բերյալ զեկուցագիրը Կադրերի վարչություն է ուղարկվում համապատաս­խան կառուցվածքային ստորաբաժանման պետի ուղեկցող գրությամբ, որին կցվում է նաև ծա­ռա­յողի ծառայողական բնութագիրը:
71․ Համապատասխան պաշտոններ զբաղեցնող ծառայողների նոր ատեստավո­րու­մը իրա­կա­նա­ցվում է սույն կարգով սահմանված պահանջներին համա­պա­տաս­խան։
72․ «Ազգային անվտանգության մարմին­ներում ծառայության մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-40-Ն օրենքի ընդունումից հետո կամավոր ատեստա­վորմանը չմասնակցած ծառայող­ների ատեստավո­ր­ումը կազմակերպվում է սույն գլխով սահմանված կարգով։

 

  • Discussed

    18.04.2024 - 03.05.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1563

Print

Related documents / links