«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
9 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Պրոբացիայի ծառայության ծառայողների կատարողականի գնահատման հարաբերությունները կարգավորվում են «Պրոբացիայի ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներով։ Հարկ է նշել, որ առկա իրավական կարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ օրենսդրությամբ պրոբացիայի ծառայողների համար սահմանված չեն առանձնահատուկ կարգավորումներ, և վերջիններիս գործունեության գնահատման համար կիրառվում է քաղաքացիական ծառայության համակարգում գործող կատարողականի գնահատման համակարգը:
Հարկ է նշել, որ Պրոբացիայի ծառայության ներկայիս գնահատման համակարգը չի ապահովում անհրաժեշտ արդյունավետություն, չի նպաստում ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։
Նշվածը պայմանավորում է պրոբացիայի ծառայությունում գնահատման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը։
Պրոբացիայի ծառայության համար կատարողականի գնահատման առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությունը բխում է նաև 2023 դեկտեմբերի 22-ին ընդունված «Պրոբացիայի ծառայության մասին» ՀՀ օրենքից, որի արդյունքում պրոբացիայի ծառայությունը առանձնացվեց որպես պետական ծառայության առանձին տեսակ՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով պայմանավորված։
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Պրոբացիայի ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանվեց, որ Պրոբացիայի ծառայողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: «Քաղաքացիական ծառայության մասին» 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման կարգը սահմանում է Կառավարությունը՝ հաշվի առնելով համապատասխան մարմինների առանձնահատկությունները»:
Այսպես, կատարողականի գնահատման հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նույն որոշմամբ կատարողականի գնահատման մասով առանձնահատկություններ են սահմանված Քրեակատարողական ծառայության, Փրկարար ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար, իսկ պրոբացիայի ծառայողների համար գործում է քաղաքացիական ծառայության ընդհանուր համակարգին բնորոշ կատարողականի գնահատման կարգը:
Մինչդեռ, հաշվի առնելով պրոբացիայի ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնացումը՝ անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում որդեգրել նաև պրոբացիայի ծառայության դեպքում՝ արդյունքում բարեփոխելով պրոբացիայի ծառայության գնահատման համակարգը։ Նշվածը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ներկայիս գնահատման համակարգը չի ապահովում անհրաժեշտ արդյունավետություն, չի նպաստում ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։
Նշված հիմնահարցի կապակցությամբ հարկ է անդրադառնալ նաև միջազգային փորձի ուսումնասիրությանը։
Այսպես, Եվրոպայի խորհրդի՝ Քրեակատարողական հիմնարկների և Պրոբացիայի ծառայության անձնակազմի հավաքագրման, ընտրության, կրթության, վերապատրաստման և մասնագիտական զարգացման ուղեցույցը սահմանում է, որ (2019 թվական Ուղեցույց 11) անհրաժեշտ է մշակել անձնակազմի բոլոր անդամների կատարողականի տարեկան գնահատման թափանցիկ համակարգ, որը կնպաստի նրանց աշխատանքային առաջխաղացմանը և մասնագիտական զարգացմանը։ ԵԽ ուղեցույցում նշվում է նաև, որ գնահատումներ իրականացնող անձնակազմը պետք է համապատասխան վերապատրաստում անցնի՝ արդարացի գնահատման համակարգ ապահովելու համար։
Այսպես, օրինակ՝ Իռլանդիայում պրոբացիայի ծառայության անձնակազմը քաղաքացիական ծառայողներ են: Գնահատումն իրականացվում է քաղաքացիական տարեկան կտրվածքով, որի նպատակն է կառավարել և բարելավել կատարողական արդյունքներն անհատական մակարդակով ՝ քաղաքացիական ծառայության ներկայիս և ապագա բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար: Գնահատումն իրականացվում է անմիջական ղեկավարի կողմից՝ անձնակազմի գնահատման համար հատուկ մշակված էլեկտրոնային համակարգով: Այն իրականացվում է 3 փուլով (նպատակների սահմանում, կիսամյակային գնահատում, տարեվերջյան գնահատում), ընդ որում՝ արդյունքը կարող է լինել բավարար կամ անբավարար:
Իռլանդիայում նպատակների սահմանումը գործընթացի կարևոր փուլ է, որն ունի հետևյալ կառուցվածքը. նպատակներ և հարակից առաջադրանքներ (պարտադիր), յուրաքանչյուր նպատակի հետ կապված իրավասություններ (պարտադիր), ուսուցման կարիքներ (ըստ անհրաժեշտության), անձի աշխատանքային առաջխաղացում (ըստ ցանկության), հետադարձ կապը համապատասխան փուլերում (ըստ ցանկության):
Սլովենիայում պրոբացիայի ծառայության անձնակազմը նույնպես քաղաքացիական ծառայողներ են: Գնահատման արդյունքներով նախատեսվում է պարգևատրման տրամադրում, ծառայողական աստիճանի և աշխատավարձի բարձրացում: Գնահատման ոլորտներն են անձնակազմի կատարողականը, անկախությունը, ստեղծագործական մոտեցումները և ճշգրիտ աշխատանքը, աշխատանքի հուսալիությունը, համագործակցությունը, աշխատանքի կազմակերպումը և աշխատանքի հետ կապված այլ ունակությունները:
Գնահատումը կատարվում է ղեկավարի կողմից տարեկան կտրվածքով կամ աշխատավարձի վերանայման նկատառումներից ելնելով (տարեկան առնվազն երկու անգամ): Անմիջական ղեկավարն ամբողջ տարվա ընթացքում վերահսկում է պրոբացիայի ծառայողների աշխատանքը, այնուհետև գնահատում է այն որոշակի չափորոշիչների հիման վրա: Գնահատման արդյունքներն են՝ գերազանց, շատ լավ, լավ և բավարար (կատարողական), կամ տրվում են աշխատավարձի վրա ազդող միավորներ։
Ռումինիայում պրոբացիայի հարցերով խորհրդականները Արդարադատության նախարարության հանրային ծառայողների հատուկ կատեգորիա են: Գնահատման արդյունքները կարող են հանգեցնել աշխատանքային առաջխաղացման, վերապատրաստման և շարունակական մասնագիտական զարգացման կարիքների բացահայտման, պարգևատրման, աշխատանքից ազատման: Գնահատումների նպատակներն երկու ոլորտներում են՝ աշխատանք և կատարողական արդյունք, մասնագիտական ներուժ: Գնահատման միավորներն են՝ 1.00- 3.00 = շատ ցածր, 3.01-5.00 = ցածր, 5.01-7.00 = բավարար, 7.01-9.00 = լավ, 9.01-10.00 = շատ լավ։ Գնահատման դրական արդյունքներն են՝ աշխատանքային առաջխաղացումը, դասընթացավարման հնարավորությունը, պարգևատրումները:
Բացասական արդյունքները հետևյալն են՝ 1 տարվա ընթացքում շատ ցածր և ցածր միավորները կարող են հանգեցնել աշխատանքային առաջխաղացման կասեցման, երկու տարի անընդմեջ շատ ցածր և ցածր միավորները կարող են հանգեցնել աշխատանքից ազատման, 5 տարվա ընթացքում 3 անգամ ցածր միավորների դեպքում՝ աշխատանքից ազատման։ 1-ից մինչև 5 միավոր հավաքող անձնակազմի համար կարող են առաջարկվել աջակցության միջոցառումներ՝ նրանց կատարողական արդյունքը բարելավելու համար:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով ներկայացվում են հետևյալ հիմնական կարգավորումները.
Նախատեսվում է՝
- Տարեկան աշխատանքային ծրագիրը կազմելիս հաշվի առնել Կառավարության ծրագրով և ոլորտային ռազմավարություններով պրոբացիայի ծառայության համար ամրագրված նպատակները և խնդիրները, տվյալ ստորաբաժանման (բաժնի) իրավասություններին առնչվող, տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված նպատակները և խնդիրները, ծառայողի պաշտոնի անձնագիրը
- Աշխատանքային ծրագրերում ընդգրկվել ծառայողի կողմից փաստացի իրականացվող աշխատանքները, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների, աշխատանքային հմտությունների կատարելագործմանը և աճին ուղղված միջոցառումներին (վերապատրաստում, սեմինար, դասընթաց, գիտական և գիտատեխնիկական գործունեություն, այլ միջոցառումներ) մասնակցության վերաբերյալ տվյալները
- Տարեկան աշխատանքային ծրագիրը կազմվել անմիջական ղեկավարի և ծառայողի կողմից համատեղ
- Կատարողականի գնահատումն իրականացնել e-probation էլեկտրոնային համակարգի միջոցով` հաշվի առնելով հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքները ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացնելը
- Ծառայողի կատարողականը գնահատել՝ հիմք ընդունելով ինքնագնահատման մասին թերթիկը և նրա աշխատանքային ծրագրով հաստատված կատարողականի գնահատման ցուցիչները
- 1 տարվա համար առավելագույն հնարավոր միավոր սահմանել 100 միավորը, որը հատկացվելու է՝ հաշվի առնելով աշխատանքների կատարման ժամանակը, ծավալը և որակը։ Կատարողականի գնահատման համար նախատեսված 100 միավորից 70-ը հատկացնել փաստացի իրականացվող աշխատանքների գնահատմանը, 30-ը` մասնագիտական գիտելիքների, աշխատանքային հմտությունների կատարելագործմանը և աճին ուղղված միջոցառումներին մասնակցությանը: Ըստ այդմ, 70-100 միավորը համարվելու է կատարողականի դրական գնահատական, իսկ 70-ից ցածրը՝ բացասական
- Կատարողականի տարեկան գնահատման դրական արդյունքները հիմք ընդունել ծառայողների պարգևատրման, վերապատրաստման կարիքների գնահատման, ծառայողների նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին», «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքներով սահմանված խրախուսանքի տեսակների կիրառման համար:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պրոբացիայի ծառայության կատարողականի գնահատման համակարգը, նպաստել ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ արդարադատության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 627-Լ հրամանով հաստատված հավելված 2-ի 1-ին կետից:
-
Discussed
26.03.2024 - 10.04.2024
-
Type
Decision
-
Area
Justice, Probation
-
Ministry
Ministry of Justice
Views 1491
Print