Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
26.03.2024
Առկա կարգավորումը նաև նախատեսում է վաղաժամկետ դադարեցման միայն մեկ ուղի՝ համայնքի ղեկավարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (Երևանի դեպքում՝ ԿԸՀ): Այսինքն գործող կարգավորումներով ստացվում է, որ եթե չկա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարը ինչ-որ պատճառով շահագրգռված է ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմամբ, ապա չկա այլ իրավական ճանապարհ։ Այս դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը պետք է բավարար հիմք հանդիսանա համապատասխան ընտրական հանձնաժողովի համար՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու համար։ Նախագիծն այս հարցին որևէ կերպ չի անդրադառնում, ըստ այդմ առաջարկում ենք համայնքի ավագանու անդամների շահերի բախման օրենսդրական կարգավորումները վերանայել այն համատեքստում, որ ոչ միայն բացառվի ավագանու անդամների և այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնների համատեղումը այլ նաև միանշանակ ապահովվի անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու դեպքում ավագանու լիազորությունների դադարեցումը։ ՏԻՄ օրենքի 70֊րդ հոդվածը և Երևանի ՏԻՄ օրենքի 20֊րդ հոդվածն առաջարկվում է վերաշարադրել հետևյալ կերպ․ “1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում կամ անհամատեղելի պաշտոն ստանձնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել 2) 1-ին մասի 5-րդ կետը համարել ուժը կորցրած 3) 4-րդ և 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին, 4-րդ և 6-րդ կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն։ 5. Ավագանու անդամը սույն հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքում հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ավագանու անդամը հրաժարականի մասին գրավոր իրազեկում է համայնքի ղեկավարին կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր գրավոր իրազեկումն անձամբ ներկայացնում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։ Ավագանու անդամի կողմից իրազեկումն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի մասին իրազեկումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը: 4) լրացնել նոր՝ 6-րդ մասով 6․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից՝ ավագանու անդամի կողմից անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու և սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետներում հրաժարականի մասին դիմում չներկայացնելու վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում Ընտրատարածքային ընտրական հաձնաժողովը որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Ընտրատարածքային ընտրական հաձնաժողովը ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նիստից 7 օր առաջ գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին և ավագանու տվյալ անդամին:”