Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«__» _________ 2024 թվականի                     N -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենսգրքի» 183-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1698-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման հավելված 1-ի Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկի «XIV. Առողջապահական և սոցիալական ապահովության հիմնարկներ» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«XIV. Առողջապահության բնագավառ և սոցիալական ոլորտ»

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն առնչվում են հանրության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն առնչվում են հանրության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ:

2. Համաճարակաբանական, մանրէաբանական, վիրուսաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն առնչվում են հանրության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ, բացառությամբ վարչական և տնտեսական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին:

3. Մաշկաբանական և վեներաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն առնչվում են հանրության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ, բացառությամբ վարչական և տնտեսական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին:

4. Տուբերկուլոզային տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում են իրականացնում տուբերկուլոզ ունեցող պացիենտներին, բացառությամբ վարչական և տնտեսական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին:

5. Լաբորատոր-ախտորոշիչ մանրէաբանական, վիրուսաբանական, թունաբանական, մակաբուծաբանական, սնկաբանական, նմուշառում և շարժական նմուշառում տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ, բացառությամբ վարչական և տնտեսական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին: Սույն կետը չի տարածվում լաբորատոր-աշխորոշիչ տեսակի այն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների վրա, որտեղ ներդրված է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 1413-Ն որոշմամբ սահմանված լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում որակի կառավարման համակարգը և (կամ) ունեն ՀՍՏ ԻՍՕ 9001:2016 ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացում, և (կամ) ՀՍՏ ԻՍՕ 15189:2013 ստանդարտին համապատասխան հավատարմագրում:

6. Ճառագայթային ախտորոշիչ, ինչպես նաև ինտերվենցիոն սրտաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն ներգրավված են ճառագայթային ախտորոշիչ տեսակի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացում, բացառությամբ՝ միջուկամագնիսային-ռեզոնանսային, ուլտրաձայնային տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ինչպես նաև վարչական և տնտեսական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին: Սույն կետը չի տարածվում ընտանեկան ստոմատոլոգիական, ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, շարժական ստոմատոլոգիական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների մոտ մատուցվող ճառագայթային ախտորոշիչ տեսակի ծառայությունների վրա:

7. Դատաբժշկական փորձաքննություն, դատահոգեբուժական փորձաքննություն տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, բացառությամբ վարչական և տնտեսական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին:

8. Հոգեբուժական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն ներգրավված են հոգեբուժական տեսակի օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացում, բացառությամբ վարչական և տնտեսական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին: Բացառությունը չի տարածվում կազմակերպության բուժական գործունեություն իրականացնող փոխտնօրենի, դիետաբանի, գլխավոր բուժքրոջ, գլխավոր տնտեսուհու պաշտոնների վրա:

9. Թմրաբանական տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների, այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն ներգրավված են թմրաբանական տեսակի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացում, բացառությամբ վարչական և տնտեսական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին:

10. Մասնագիտացված մանկատների բժշկական բաժանմունքի ղեկավար, բժշկական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, բժիշկ, բուժքույր (բացառությամբ դիետաբանների և դեղատան բուժքույրերի), հրահանգիչ մարմնակրթության, հատուկ մանկավարժ (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), մեթոդիստ-համակարգող, սոցիալական մանկավարժ, սոցիալական աշխատող, դաստիարակ, դաստիարակ խմբակի, հոգեբան, դայակ, սպասուհի, լվացող (լվացող-արդուկող), վարսավիր:

11. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատության պետ՝ բժշկական ծառայության, ավագ բուժաշխատող (բժիշկ՝ ըստ մասնագիտացումների), միջին բուժաշխատող (ավագ բուժքույր, բուժքույր՝ ըստ մասնագիտացումների, բացառությամբ դիետաբանների և դեղատան բուժքույրերի), հրահանգիչ՝ մարմնակրթության, սոցիալական աշխատող, հոգեբան, մասնագետ` թերապիաների, խմբավար, կրտսեր բուժաշխատող (սանիտար՝ ըստ գործառույթների, հսկիչ՝ բաժանմունքի), լվացող-արդուկող, վարսավիր:

12. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հոգածության հատուկ (մասնագիտացված) ցերեկային կենտրոնների և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական (սոցիալ-հոգեբանական) ծառայություններ մատուցող կազմակերպությունների սոցիալական աշխատող, սոցիալական մանկավարժ, դաստիարակ, մեթոդիստ համակարգող, էրգոթերապիստ, խմբավար (ըստ ուղղությունների), մասնագետ` աշխատանքային թերապիայի, հատուկ մանկավարժ (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), հոգեբան (այդ թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհի, դայակ, հոգեբույժ, բուժքույր, ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետ:

13. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում հատուկ (մասնագիտացված) խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատող, հոգեբան, միջին բուժաշխատող (բուժքույր), սոցիալական սպասարկող (կենցաղային սպասարկում իրականացնող):

14. Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային հատուկ (մասնագիտացված) փոքր տների, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցող համայնքային փոքր տների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների սոցիալական աշխատող, մասնագետ՝ թերապիաների, սոցիալական սպասարկող

 

2) որոշման հավելված 2-ի Առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկի «XVII. Առողջապահական հիմնարկներ» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«XVII. Առողջապահության բնագավառ»

1. Այն կազմակերպությունների աշխատողները, որոնք իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն մասնակցում են վարակի օջախ հանդիսացող վայրերի ախտահանման աշխատանքներին, միայն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում տվյալ աշխատողը կամ աշխատողները կազմակերպության ղեկավարի հրամանով մասնակցել են վարակի օջախ հանդիսացող վայրերի ախտահանման աշխատանքներին:

2. Վարակիչ հիվանդությունների տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների այն աշխատողները, որոնք աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում անմիջականորեն առնչվում են հանրության համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ, բացառությամբ վարչական և տնտեսական պաշտոններ զբաղեցնող աշխատողներին:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ՝                                                                              Ն. Փաշինյան

 

Երևան

  • Discussed

    19.02.2024 - 05.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2136

Print

Related documents / links