Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

__ 2024 թվականի N -----------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
  • 33-րդ կետը լրացնել նոր 17.1-ին ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«Ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կատարել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջում` պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրի (այսուհետ` Ֆակտորինգի պայմանագիր) հիման վրա, իսկ ֆինանսական գործակալի կողմից ծանուցումը պետք է կատարվի գնման պայմանագրում սահմանված էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու միջոցով: Ֆակտորինգի պայմանագրով պետք է սահմանված լինի ֆինանսական գործակալի համաձայնությունը՝ իրեն վճարման ենթակա գումարին հաշվանցելու՝ պայմանագրի կողմի նկատմամբ գնման պայմանագրով նախատեսված հիմքերով հաշվարկված տույժերն ու տուգանքները։ Ընդ որում, ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման մասին սույն կարգի 58․4 կետով նախատեսված ծանուցումը ստանալու դեպքում պատվիրատուն պայմանագրով սահմանված վճարումը կատարում է ֆինանսական գործակալին, եթե ծանուցումը ստացվել է նախքան պատվիրատուի կողմից վճարման հանձնարարագիրը և արձանագրության պատճենը լիազորված մարմնի գանձապետական համակարգ մուտքագրելու կամ բանկին վճարման հանձնարարական տալու պահը:»:

  • VII գլխից հետո լրացնել նոր VII.1 գլուխ` հետևյալ խմբագրությամբ.

«VII.1 ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԾԱԳՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՄԱՆ ԴԻՄԱՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ (ՖԱԿՏՈՐԻՆԳԻ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

58.1. Ընտրված մասնակիցն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր:

58.2. Ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջումը չի կարող կատարվել նախքան գնման պայմանագրի կնքումը, սակայն կարող է կատարվել մինչև պայմանագրի կատարման արդյունքների ընդունումը, բայց ոչ ուշ քան պատվիրատուի կողմից վճարման հանձնարարագիրը և արձանագրության պատճենը լիազորված մարմնի գանձապետական համակարգ մուտքագրելու կամ բանկին վճարման հանձնարարական տալու պահը։

58.3. Ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին, իսկ այն դեպքում, երբ պատվիրատուի անվամբ գանձապետարանի կողմից վարվում է հաշիվ`  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմնի որոշմամբ հաստատված և պաշտոնական կայքում հրապարակված ձևին համապատասխան գրավոր ծանուցել` նման ծանուցման համար գնման պայմանագրում սահմանված էլեկտրոնային փոստի հասցեներով ուղարկելու միջոցով:

58.4. Պատվիրատուի խնդրանքով ֆինանսական գործակալը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ժամկետում նրան ապացույց ներկայացնել այն մասին, որ դրամական պահանջի զիջումը ֆինանսական գործակալին իրականում տեղի է ունեցել: Եթե ֆինանսական գործակալը չի կատարում այդ պահանջը, ապա տվյալ պահանջով վճարումն իրականացվում է գնման պայմանագրի կողմին` ի կատարումն վերջինիս հանդեպ ունեցած պարտավորության:

58.5. Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից (առկայության դեպքում) պահանջել և ստանալ Ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագրի՝ ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի։»։

  • 115-րդ կետից հետո լրացնել նոր 115.1-ին կետ` հետևյալ խմբագրությամբ.

«115.1 Սույն կարգի VIII.1 գլխի համաձայն Ֆակտորինգի պայմանագրի հիման վրա պահանջի զիջման մասին ծանուցում ստացած լինելու դեպքում լիազորված մարմինը (իսկ Գանձապետարանում հաշիվներ չունեցող պատվիրատուների դեպքում՝ այդ պատվիրատուներին սպասարկող ֆինանսական կազմակերպությունները) պատվիրատուի կողմից տրված վճարման հանձնարարականի հիման վրա վճարումը կատարում է ֆինանսական գործակալին (բացառությամբ սույն կարգի 58.4-րդ կետի 2-րդ նախադասությամբ սահմանված դեպքերի)։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 1-ից:
  • Discussed

    08.02.2024 - 23.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Economy, Financial

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2013

Print

Related documents / links