Հայկ Մամյան
07.02.2024
Հանքավայրի շահագործման ցանկացած նախագիծ իր մեջ պարունակում է շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնավորված գնահատական, որը դիտարկվում և ստուգվում է փորձագիտական հանձնաժողովի կողմից, ինչի արդյունքում այդ հանձնաժողովի կողմից տրվում է եզրակացություն տվյալ եղանակով հանքավայրի շահագործման, կամ առհասարակ հանքավայրի շահագործման նպատակահարմարության մասին: Նախագծերում նաև դիտարկվում է հանքավայրի տարածաշրջանում առկա պատմամշակութային կամ բնական հուշարձան հանդիսացող օբյեկտների առկայությունը օրինակ՝ քարանձավներ, և դրանց վրա հանքավայրի գործունեության ազդեցությունը Տվյալ նախագծերում մանրամասն գնահատվում են հանքի ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական, տնտեսաաշխարհագրական պայմանները, որոնց հիման վրա ընտրվում է/են մշակման համակարգ/եր: Տվյալ աշխատանքներում ներկայացվում են նաև պոչերի պահեստավորման եղանակները և տեղամասերը: Այսպես նշված «ստորգետնյա խոռոչները», որոնք հանքավայրերի ստորգետնյա մշակման եղանակի պայմաններում ավելի հայտնի են անցահատված և արդյունահանված տարածություններ, հանքախորշեր անվանմամբ, մշակման համակարգերի ընտրության ժամանակ դիտարկվում և կանխատեսվում են, ինչպես նաև որոշվում է դրանց լցափակման կամ ամրակապման անհրաժեշտությունը: Հանքավայրի գործունեության ընթացքում տվյալ անցահատված և արդյունահանված տարածությունները չափագրվում և փաստագրվում են հանքի երկրաբանա-մարկշեյդերական ծառայության կողմից և պաշարների մարման տարեկան հաշվետվություններում ներկայացվում են պետական վերահսկող մարմնին: Ամփոփելով վերոգրյալը, կգանք եզրակացության, որ տվյալ տարածություներն արդեն իսկ լրիվությամբ գտնվում են պետության վերահսկողության ներքո: Նախագծի վերաբերյալ առաջանում են հարցեր. - անհասկանալի է հետևյալ բառակապակցությունը՝ «...ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ստորերկրյա խոռոչների կառավարման...» - «ստորգետնյա խոռոչներ» ասվածը ինչպիսի՞ փորվածքներին է վերաբերվում՝ հանքուղիներին, թե՞ արդյունահանված տարածություններին, թե՞ երկուսին էլ: - «ստորգետնյա խոռոչներ» ասվածն ունի ինչ-որ մասշտաբ, այսինքն ի՞նչ ծավալից սկսված է այն դիտարկվում որպես այդպիսին: Նախագծի հիմնավորում բաժնում նշվում է, որ. ««Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:» հարց է ծագում նման փոփոխությունների նպատակահարմարության մասին, քանի որ այդ փոփոխությունները կավելացնեն միայն թղթաբանությունը առանց շոշափելի դրական ազդեցության: