Add to favourites

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ՝ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«      » _____________ 2024 թվականի

 

N       - Ն

 

 

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ,  ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ՝ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ    ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

--------------------------------------------------------------------------------------------------------------

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 3.1-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները՝ համաձայն Հավելվածի 1-ի:
  2. Հաստատել ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները՝ համաձայն Հավելվածի 2-ի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 1 ամիս հետո:

 

 

Հայաստանի Հանրապետության

                   վարչապետ                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ                                            

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

____________  ___-ի N ___-Ն որոշման

 

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգը սահմանում է ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու ընթացակարգերն ու պայմանները:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրումներ կատարելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ մասնակի վերադարձ՝ 10-40 տոկոսի չափով, ներառյալ մինչև 10% ծախսերի հատուցում՝ Հայաստանը որպես նպատակակետ գովազդելու համար (գովազդի ենթակա տարրերը սահմանվում են Ազգային մարմնի կողմից՝ Լիազոր մարմնի համաձայնությամբ):
  3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված ներդրումների մասնակի վերադարձը կարող է տրամադրվել Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ֆիլմարտադրողների կողմից ֆիլմարտադրության համար ներդրված դրամական միջոցների դիմաց՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիլմարտադրող ընկերության հետ համագործակցությամբ՝ վերջինիս միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ արտադրություն իրականացնող օտարերկրյա ֆիլմարտադրողներին՝ վերջիններիս ներդրման չափով՝ սույն կարգի 2-րդ և սույն որոշման Հավելված N2-ի համաձայն:

 

  1. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Ֆիլմարատադրության նպատակով ներդրվող դրամական ծախսերի 10-40 տոկոսը ետ ստանալու նպատակով ֆիլմարտադրողը պետք է ազգային մարմին ներկայացնի.
  • հայտ (ձևը մշակում է Ազգային մարմինը և հրապարակում իր պաշտոնական կայքում),
  • իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վկայականի պատճենը,
  • ֆիլմի սցենարը՝ նշելով ֆիլմի արտադրման ժամկետները,
  • դերասականան կազմի վերաբերյալ տվյլաներ /անուն ազգանուն և այլ/,
  • ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի ցանկը (որը կազմվում է սույն որոշման Հավելված 2–ով սահմանված ցանկի հիման վրա) և դրանք հիմնավորող փաստաթղթերը:
  1. Ազգային մարմնի կողմից ստեղծված և Ազգային մարմնին կից գործող հանձնաժողովը 7 աշխատանքային օրվա ընթացքում Ազգային մարմնի կողմից սահմանված կարգով ուսումնասիրում է հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և բովանդակությունը:
  2. Ներկայացված փաստաթղթերը ոչ ամբողջական լինելու, ինչպես նաև դրանցում թերություններ և (կամ) տեխնիկական սխալներ հայտնաբերելու պարագայում Ազգային մարմինը առաջարկում է ֆիլմարտադրողին 10 աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) շտկել առկա թերությունները:
  3. Փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո իրականացվում է Կարգի 5–րդ կետով սահմանված գործընթացը և հանձնաժողովը որոշում է կայացնում հայտը նախնական բավրարելու կամ մերժելու մասին:
  4. Հայտը նախնական բավարարվում է եթե.
  • Ֆիլմարտադրողը փաստաթղթերը ներկայացրել է Ազգային մարմնի կողմից սահմանված կարգով պահանջվող ձևաչափով,
  • Ներկայացված փաստաթղթերով հիմնավորվում է ծախսերի կատարման անհարժեշտությունը և դրանք անմիջականորեն կապված են ֆիլմարտադրության հետ,
  • Բացակայում են հայտը մերժելու և (կամ) ներդրումների վերադարձը դադարեցնելու հիմքերը,
  • Առկա են Ազգային մարմնի կողմից սահմանված կարգով՝ հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը ու բովանդակությունը ուսումնասիրելու հիմքերը:
  1. Հայտը բավարարելու դեպքում Ազգային մարմնի կողմից տրված նախնական եզրակացության հիման վրա 7 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է պայմանագիր Լիազոր մարմնի և ֆիլմարտադրողի միջև, որով սահմանվում է ֆիմարտադրողի պարտավորությունը՝ Ազգային մարմին ներկայացված սցենարի հիման վրա իր կողմից ներկայացված ժամկետում ֆիլմը նկարահանելու վերաբերյալ, և այդ պայմանը պահպանելու դեպքում Լիազոր մարմնի պարտավորությունը՝ Ազգային մարմնի կողմից նախնական բավարարված հայտով նշված գումարը ֆիլմարտադրողին ետ վերադարձնելու:
  2. Հանձնաժողովի կողմից հայտը մերժվում է եթե.
  • հայտնի են դարձել փաստեր, որոնք հավաստում են, որ ներկայացվել են ոչ հավաստի տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր,
  • ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Օրենքի կամ Կարգի պահանջներին,
  • ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում,
  • առկա չեն Ազգային մարմնի կողմից սահմանված կարգով՝ հայտը և (կամ) դրան կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը ու բովանդակությունը ուսումնասիրելու հիմքերը,
  • ֆիլմարտադրողը իր գործունեության ընթացքում ոչնչացրել կամ վնասել է պետության պահպանության տակ գտնվող պատմության կամ մշակույթի հուշարձանը, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկան կամ փաստաթուղթը, հնագիտական օբյեկտները, խախտել է պետության կողմից հատուկ պահպանվող բնական տարածքի կամ օբյեկտի` օրենսդրությամբ սահմանված ռեժիմը` առաջացնելով քրեական օրենսդրությամբ սահմանված խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս, կամ հրաժարվել է հատուցել հանրային կամ մասնավոր անձանց գույքին պատճառված վնասը կամ վերականգնել դրա նախկին վիճակը,
  • ազգային մարմինը օրենսդրությամբ սահմանված վերահսկողության տվյալների հիմքով տվել է բացասական եզրակացություն:
  1. Ֆիլմի նկարահանումները ավարտելուց հետո, սակայն ոչ ուշ, քան հայտով ներկայացված ժամկետի ավարտը, ֆիլմարտադրողը Ազգային մարմին է ներկայացնում.
  • նկարահանված ֆիլմը,
  • ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված և արդեն իսկ իրականացված ծախսերի ցանկը (որը կազմվում է սույն որոշման Հավելված 2–ով սահմանված ցանկի հիման վրա) և դրանք հիմնավորող փաստաթղթերը,
  • Հայտին կից ներկայացված փաստաթղթերում փոփոխությունների առկայության դեպքում՝ փոփոխված փաստաթղթերը և փոփոխությունների հիմնավորումները:
  1. Կարգի 11–րդ կետով սահմանված նյութերը դիտարկվում են հանձնաժողովի կողմից՝ համաձայն Կարգի 5–րդ կետի, և հանձնաժողովը որոշում է կայացնում հայտը ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին:
  2. Կարգի 11–րդ կետով սահմանված նյութերը ոչ ամբողջական լինելու և (կամ) դրանցում թերություններ հայտնաբերելու դեպքում գործում է Կարգի 6–րդ և 7–րդ կետով սահմանված դրույթները:
  3. Հայտը ամբողջությամբ բավարարվում է եթե.
  • առկա են Կարգի 8–րդ կետով սահմանված հիմքերը,
  • ներկայացված ֆիլմը համապատասխանում է հայտին կից ներկայացված սցենարին կամ սցենարից շեղումները հանձնաժողովը համարում է հիմնավոր,
  • հանձնաժողովը հայտին կից ներկայացված փաստաթղթերում իրականացված փոփոխությունները համարում է հիմնավոր:
  1. Հայտը ամբողջությամբ բավարարվելու դեպքում Ազգային մարմինը Լիազոր մարմնին է ներկայացնում ներդրման ետ վերադարձ տրամադրելու դրական եզրակացությունը, որտեղ սահմանվում է ետ վերադարձի ենթակա ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի ցանկը և գումարի ետ վերադարձի չափը:
  2. Տրված դրական եզրակացության հիման վրա Լիազոր մարմինը մինչև ներդրման ետ վերադարձը տրամադրելը 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է Կարգի 9–րդ կետով նախատեսված պայմանագրի փոփոխություն՝ այն համապատասխանեցնելով դրական եզրակացությամբ սահմանված պայմաններին, և երկու ամսվա ընթացքում իրականացնում է ներդրման ետ վերադարձը՝ գումարը ֆիլմատադրողի բանկային հաշվեհամարին փոխանցելու եղանակով:
  3. Հանձնաժողովի կողմից հայտը դադարեցվում է եթե.
  • առկա են Կարգի 10–րդ կետով սահմանված հիմքերը,
  • ներկայացված փաստաթղթերում առկա փոփոխությունները և (կամ) սցենարից շեղումները հանձնաժողովը համարում է անհիմն,
  • ներկայացվել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր,
  • խախտվել են ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները,
  • ֆիլմարտադրության աշխատանքներում կատարել է վարչական կամ քրեական պատասխանատվություն նախատեսող արարք, որով պետությանը, իրավաբանական կամ ֆիզիկական անձին պատճառել է վնաս կամ հանգեցրել գույքի մասնակի կամ լրիվ ոչնչացման կամ կատարել է ֆիլմարտադրության իրավունք վերապահող փաստաթղթերով չնախատեսված և համապատասխան լիազոր մարմինների հետ չհամաձայնեցված արարք:
  1. Կարգի 10–րդ և 17–րդ կետերով սահմանված հիմքերի առկայության դեպքում Ազգային մարմինը օրենսդրությամբ սահմանված վերահսկողության տվյալների հիմքով իրավասու է իր կողմից տրված դրական եզրակացությունը փոփոխել և Լիազոր մարմնին ներկայացնել բացասական եզրակացություն, որի հիման վրա ներդրումների մասնակի վերադարձը դադարեցվում է, իսկ հատկացված միջոցները հետ են գանձվում պետական բյուջե:

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

____________  ___-ի N ___-Ն որոշման

 

 

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ՝ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգը սահմանում է ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները:
  2. Ներդրումների դրամական ծախսերի մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայություններն ու աշխատանքները ֆիլմարտադրողները պետք է ձեռք բերեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անձանցից:
  3. Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում չեն հաշվարկվում դրամագլխի հաշվին տվյալ ֆիլմարտադրությանը հատկացված ֆինանսական միջոցների չափով կատարված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ծախսերը՝ առկայության դեպքում:

 

  1. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

  1. Ֆիլմարտադրության նպատակով ներդրվող դրամական ծախսերի վերադարձման նվազագույն չափ է սահմանվում սույն կարգի 3-րդ գլխով սահմանված ցանկում առկա ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռք բերման նպատակով ֆիլմարտադրողի համար հաշվեգրված հարկերի չափը, սակայն ոչ պակաս, քան ներդրված ընդհանուր գումարի 10 տոկոսը:
  2. Ազգային մարմնի կողմից սահմանված կարգով՝ հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը ու բովանդակությունը ուսումնասիրելու հիմքերի առկայության դեպքում, ֆիլմարտադրության նպատակով ներդրվող դրամական ծախսերի վերադարձման տոկոսը կարող է Հանձնաժողովի կողմից սահմանվել ավելին քան սույն Կարգի 4–րդ կետում նշված սահմանաչափը, բաց ոչ ավելի, քան ներդրված ընդհանուր գումարի 40 տոկոսը:
  3. Ներդրումների մասնակի վերադարձը Լիազոր մարմնի կողմից իրականացվում է սույն որոշման Հավելված 1–ի 16-րդ կետով սահմանված ժամկետում՝ սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված չափով և համամասնությամբ:
  4. Ներդրումների վերադարձի ենթակա ծախսումները հիմնավորող փաստաթղթերի ցանկն ու ձևաչափը սահմանում է Ազգային մարմինը և հրապարակում իր պաշտոնական կայքում:

 

  1. ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Ծախսերի անվանումը

1.

Աուդիո-վիզուալ սարքավորումների վարձույթ Հայաստանում (այդ թվում նկարահանման, լուսավորման և ձայնագրման սարքավորումների վարձույթ (ներառյալ դրանց պարագաները և գեներատորի վարձակալում)

2.

Զգեստապահարանի (կոստյումների գնում, կարում,վարձույթ)

3.

Վարսահարդարման և բեմիրերի, դիմահարդարման ստուդիաներ

4.

Ռեկվիզիտների ձեռքբերում և վարձակալում

5.

Դիզայներական ծառայություններ (այդ թվում՝ ֆիլմի տպագրական և գովազդային պրոմո նյութերի պատրաստում)

6.

Տաղավարների, ստուդիաների, փորձասենյակների, մանուֆակտուրաների վարձույթ (ռեկվիզիտի-սենյակ,հյուսնի արհեստանոց, սպորտային պահեստային տարածքներ, դիմահարդարման, հագուստի, բեմիրերի, օպերատորական և լուսավորման սարքավորումների, հանգստի սրահներ)

7.

Գրասենյակային վարձով տարածք, գրասենյակային կահույք և տեխնիկա, գրասենյակային պարագաներ, կոմունալ վճարներ և այլ արտադրական իրերի վարձակալում (սեղան ,աթոռ, վրան, հովանոց, առաջին օգնության պարագաներ, թվային կրիչներ և այլն)

8.

Օդային և ջրային տրանսպորտի վարձույթ Հայաստանում

9.

Կենդանիների վարձույթ, վարժեցում, կերակրում, տեղափոխում

10.

Ջրի տարաների և շարժական զուգարանների վարձույթ

11.

Պետական և մասնավոր տարածքներին պատկանող հատուկ անձնակազմի և տեխնիկայի վարձակալում

12.

Ցամաքային տրանսպորտի, տրանսպորտային միջոցների և բոլոր հատուկ տրանսպորտի վարձույթ ֆիլմարտադրության համար

13.

Անվտանգության և շտապ բժշկական օգնության ծառայություններ

14.

Սննդի ծառայություններ Հայաստանի տարածքում (այդ թվում դաշտային խոհանոց)

15.

Հայաստանում մատուցվող ֆիլմարտադրության մասնագիտական ծառայություններ՝ երկրորդ ռեժիսոր, քաստինգի տնօրեն, ռեժիսորի ասիստենտ և օգնական, սուպերվայզեր, երկրորդ օպերատոր, օպերատորի ասիստենտ, տեխնիկայի մեխանիկ, դրոնի օպերատոր, լուսանկարիչ, նկարչի ասիստենտ, նկարիչ-դեկորատոր, դեկորատոր-ձևավորող, դեկորատորի ասիստենտ, նկարիչ-դիմահարդար, դիմահարդարի ասիստենտ, հատուկ էֆֆեկտների դիմահարդար, զգեստների նկարիչ, զգեստների նկարչի ասիստենտ, հնչյունային ռեժիսոր, հնչ. ռեժ-ի ասիստենտ, հնչյունային օպերատոր, հնչ. օպ. ասիստենտ, դերակատարներ, դերակատարներ, տնօրեն, փոխտնօրեն, ադմինիստրատոր, պրոդյուսեր, կրեատիվ պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, գծային պրոդյուսեր, գույքապահ ռեկվիզիտոր, քասթինգ մենեջեր և զանգվածային կամ դրվագային մասնակիցների ապահովման ծառայություն, լոքեյշն մենեջեր, վարսահարդար, զգեստապահ, լուսավորողների բրիգադիր և լուսավորողներ, նկարահանման այլ տեխնիկայի մեխանիկներ:

16.

Հայաստանում մատուցվող մասնագիտական ​​ծառայություններ՝ ապահովագրություն, բանկային, հաշվապահական, գնումների համակարգման, աուդիտորական, թարգմանչական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ: Նաև անհրաժեշտության դեպքում ծառայություններ տրամադրվում են փոխկապակցված անձի կողմից և նախատեսված այլ դեպքերում Հայաստանի օրենսդրության համապատասխան, փորձագետի կողմից մատուցվող ծառայություն

17.

Հայաստանում մատուցվող ֆիլմարտադրության ​​սպասարկման ծառայություններ՝ վարորդներ, բանվորներ, հավաքարարներ, պահակներ, էլեկտրիկներ և այլն

18.

Հատուկ էֆեկտների ծառայություններ – մասնագետներ և սարքավորումներ (այդ թվում` տեսողական (վիզուալ)  էֆեկտներ նկարահանող խումբ

- SFX սուպերվայզեր, հրագործներ)

19.

Հատուկ ծառայություններ՝ scuba diving, պարաշյուտային թռիչքներ , դելտապլանի վարձույթ,հրահանգիչ, ֆիլմարտադրության հետ առնչվող լեռնային ծառայություններ և այլ հատուկ ծառայությունների

20.

Նկարահանման վայրերի վարձավճար և նկարահանման իրավունքի արժեքը՝ սեփականատիրոջը վճարված գումար (իրավաբանական անձի ռեզիդենտ ֆիզիկական անձ) նկարահանման վայրերի հետ կապված աուդիովիզուալ արտադրություն Հայաստանի տարածքում

21.

Դեկորացիաների պատրաստում և/կամ կազմակերպման ծառայություններ

22.

Հայաստանի տարածքում ծրագրի շահառուի ադմինիստրատիվ անձանց ճանապարհածախսը՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան

23.

Կեցության ծախսեր Հայաստանում, հյուրանոցի ծախսեր անձնակազմի համար

24.

Անձնական ծախսեր, որոնք ներառում են` լրիվ/կես դրույք աշխատող անձի աշխատավարձը, կապալառուի աշխատուժի վարձատրությունը, որը պետք է լինի ՀՀ քաղաքացի, Հայաստանի բյուջե վճարող հարկեր, վարձված ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ տարածքում:

25.

Ծրագրի շահառուի կողմից Հայաստանի ռեզիդենտ ֆիզիկական անձանց (ռեժիսոր, սցենարի հեղինակ, կոմպոզիտոր, գլխավոր գլխավոր դերասան, օպերատոր, բեմադրող նկարիչ/գլխավոր դիզայներ, մոնտաժի ռեժիսոր, խմբագիր) տրվող վարձատրությունը:

26.

Ճանապարհորդության ծախսեր (միայն Հայաստանում, ներառյալ վառելիքի ծախս)

27.

Հայաստանում հեռախոսի, բջջային հեռախոսի, ինտերնետի, ֆաքսի հաշիվների համար

28.

Մոնտաժա-ձայնագրման, Վիզուալ էֆեկտների, Գունաշտկման, Երաժշտական ձևավորման ծառայություններ և ստուդիաների վարձակալություն (այդ թվում՝ պատկերի և ձայնի մոնտաժ, գրաֆիկա, գունաշտկում, խոսքի, աղմուկի և երաժշտության ձայնագրում, ձայնային էֆֆեկտների մշակում, հնչյունային ձևավորում, վերաձայնագրում, ենթագրերի և մակագրերի պատրաստում, Երկխոսությունների թերթերի գրառում, Արխիվային նյութերի թվայնացում, պատկերի վերարտադրում կադրավորման/մոնտաժային թերթերի գրառում և այլն)

29.

Անիմացիոն ծառայություններ և աշխատանքներ (այդ թվում՝ անիմացիոն ֆոների, տեսարանների նկարիչ, 3D նկարիչ-մոդելավորող, կադրաբաժանման /storyboard/  նկարիչ, 2D նկարիչ-փուլովորող, նկարիչ –անիմատոր, անիմացիոն լույսի նկարիչ, նկարիչ –տեքստուվորող, ռիգ /վոսկրային համակարգ հավաքող/ մասնագետ, քմպոզեր/ անիմացիոն շերտերի միացման/ մասնագետ, գունալցող, ռենդի /թվային ինֆորմացիայի վերարտադրման/ մասնագետ և այլն)

30.

Ձայնագրման ստուդիաների վարձույթ ֆիլմերի կրկնօրինակման համար

 

 

  • Discussed

    29.01.2024 - 16.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2866

Print

Suggestions

Սերգեյ Հովսեփյան

16.02.2024

Համամիտ եմ Academy Films-ի հետ: Անհրաժեշտ է հստակեցնել տոկոսային հատվածը ու վերանայել/մանրամասնել ծառայությունների ցուցակը: Տոկոսները պետք է հաստատվեն Կառավարության կողմից ու հստակ լինեն արտաքին գործընկերներին, այլ ոչ թե հաստատվեն ազգային մարմնի կողմից: Սա տնտեսական կարգ է և կարևոր է Էկոնոմիկայի նախարարության մասնակցությունը: Բացի այդ իրենք են զբաղվում արտահանման խրախուսումով: Տվյալ դեպքում սա ծառայությունների արտահանման խրախուսում է:

Academy Films

08.02.2024

Խնդրում ենք ավելի հատսկեցնել ներդրումների վերադարձի տոկոսադրույքը հաշվարկելու կարգը, մանրամասները: Այս պահին չի հասկացվում: Պետք է բացառել, որպիսի այդ հարցը մնա որևիցե պաշտոնյայի հայեցղությանը, այլ՝ պետք է լինի հստակ, մանրամասն ձևակերպված:

See more