Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է վերացնել խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումների կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումների մասով եկամտային հարկի գծով առկա արտոնությունը՝ նշված եկամուտների նկատմամբ սահմանելով եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափ։

Միաժամանակ, առաջարկվում է հանել նաև գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումների՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափի մասով եկամտային հարկի գծով առկա արտոնությունը և դրանց նկատմամբ պահպանել եկամտային հարկի գործող՝ 20 տոկոս դրույքաչափ։

  • Discussed

    29.01.2024 - 13.02.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3344

Print

Suggestions

Digitain LLC

13.02.2024

Ստորև ներկայացնում ենք «Դիջիթեյն» ՍՊԸ-ի դիրքորոշումը օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ․ 1. Կարծում ենք, որ նշված փոփոխությունների արդյունքում աճելու է ՀՀ քաղաքացիների՝ օտարերկրյա չլիցենզավորված կազմակերպիչների կայքերում խաղային հաշիվների բացման տեմպերը։ Նախևառաջ, օտարերկրյա չլիցենզավորված կազմակերպիչների նկատմամբ ներկայումս գովազդի արգելման որևէ հստակ պահանջ չկա, որը տեղական լիցենզավորված Կազմակերպիչներին վստահաբար շահեկան դիրքում չի դնում։ Ավելին, վերոնշյալ կազմակերպիչները, ի տարբերություն տեղական լիցենզավորված կազմակերպիչների, ազատված են սահմանված բավական խոշոր լիցենզիայի պարտադիր վճարներից ու եկամտից առաջացող այլ պարտադիր վճարներից, որն էլ, տրամաբանորեն, մեծացնում է նաև նրանց շահումային ֆոնդը՝ ավելի գրավիչ դառնալով քաղաքացիների համար։ Վերոնշյալ հանգամանքների համակցման արդյունքում կարելի է մեկ բան հստակ հասկանալ, որ նման անհավասար պայմաններում քաղաքացիները ձգտելու են օտարերկրյա կազմակերպիչների կայքերում օգտահաշիվներ բացել։ Քաջատեղյակ լինելով, որ կա օտարերկրյա կազմակերպիչների գործունեության հասանելիությունը ՀՀ տարածքում սահմանափակող օրենքի նախագիծ՝ հարկ ենք համարում նշել, որ ներկայիս տեխնոլոգիական լուծումները բոլոր հնարավորություններն ընձեռում են կեղծելու թե՛ գտնվելու վայրը (VPN-ի օգտագործում), թե՛ դրանից բխող մի շարք այլ էական պայմաններ։ Ստեղծված իրավիճակը խնդիրներ է ստեղծելու հատկապես հենց խաղացողների իրավունքների պատշաճ ապահովման համար, քանզի օտարերկրյա կայքերում հաշիվների առկայությունը դուրս է մնալու պետական վերահսկողությունից ու այդպիսով էական վտանգներ ստեղծելու հենց մեր քաղաքացիների համար։ ՀՀ ֆինանսների փոխնախարարի՝ ԱԺ-ում ունեցած ելույթներից պարզ է դառնում, որ ՀՀ-ում լիցենզավորված բանկերի միջոցով խաղային ոլորտ կատարված տեսանելի ֆինանսական փոխանցումների մոտ 15-20 տոկոսը կազմում է օտարկերկրյա չլիցենզավորված կազմակերպիչների մոտ բացված խաղային հաշիվների համալրումը, իսկ այդ թվերը հետզհետե աճում են։ Այդ թվերը չեն ներառում տեղեկատվություն նաև չլիցենզավորված այն օպերատորներին կատարված փոխանցումների մասին, ովքեր չեն ներկայանում որպես խաղային ոլորտի կազմակերպիչ, այլ փոխանցումները ընդունում են որպես այլ ծառայություններ։ Այսինքն, կարող ենք փաստել, որ արդեն իսկ ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացիները թափանցիկ և ոչ այդքան թափանցիկ եղանակով օգտվում են օտարերկրյա չլիցենզավորված կազմակերպիչների ծառայություններից, իսկ տվյալ օրենսդրական նախագիծը միայն խթանելու է այդ թվերի աճին։ Օրենսդրական նախագիծը, առաջին հայացքից ունենալով «դրական» նպատակներ, հանգեցնելու է բազմաթիվ այլ բացասական հետևանքների, որի արդյուքնում ոտնահարվելու են ՀՀ քաղաքացիների իրավունքները, իսկ վերջնարդյունքում թափանցիկ ոլորտը վերածվելու է ոչ վերահսկելի «սև» շուկայի, որտեղ պետությունը չի ունենալու որևէ վերահսկողություն։ 2. Երկրորդ կետով ցանկանում ենք վկայակոչել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, համաձայն որի՝ «․․․ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 90 տոկոս:» Ներկայացված կարգավորումը, մեր համոզմամբ, էական խոչընդոտ է ստեղծելու նաև նշված պարտադիր ապահովման ենթակա շահումների 90 տոկոսի սահմանաչափի պահպանման համար, որն ըստ էության անհնար է դառնում, քանզի յուրաքանչյուր շահումի նկատմամբ 10 տոկոս եկամտային հարկ սահմանելով՝ համապատասխանաբար նվազելու է նաև վերը նշված պարտադիր 90 տոկոս դրույքաչափը ու խաղացողին հասանելիք ընդհանուր մեծության նվազագույն չափը դառնալու է 80 տոկոս։ 3. Ի լրումն 2-րդ կետով արտահայտված դիրքորոշմանը՝ կարևոր ենք համարում կրկին անդրադառնալ այն հանգամանքին, որ սույն փոփոխությամբ խաղացողների իրավունքների ոտնահարման վտանգ է առաջանում։ Մասնավորապես՝ կազմակերպիչների մոտ խաղերին մասնակցելու արդյունքում հարկվելու են նաև փաստացի պարտություն կրած հաճախորդի շահումները նույնպես։ Մեկ խաղային արտադրանքից օգտվելու պարագայում առանց հաշվի առնելու կատարված խաղադրույքների պարտությունների քանակն ու ընդհանուր հանրագումարը՝ հարկվելու է շահումը, որի արդյունքում փաստացի պարտված խաղացողը նույնպես հարկվելու է։ 4․ Նախագծի նման կարգավորման պարագայում 1․1 գործակցով որևէ խաղադրույք չի կարող շահում համարվել, քանի որ պայմանական՝ 1000 ՀՀ դրամ 1․1 գործակցով խաղադրւոյք կատարելու և շահում գրանցելու դեպքում խաղացողը հարկումից հետո կստանա 990 ՀՀ դրամ՝ ավելի քիչ, քան իր կատարած խաղադրույքն էր։ 5․ Նախագծով հաշվի չի առնվել խաղային ոլորտի կազմակերպիչների և խաղացողների իրավունքներն ու շահերը, չի քննարկվել դրանց իմպլեմենտացման տեխնիկական հնարավորություններն ու դրանց իրատեսական ժամկետները, հաշվի չեն առնվել ոլորտային առանձնահատկությունները և միջազգային լավագույն փորձը։

Վանիկ Մարգարյան

12.02.2024

Հաշվի առնելով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարգրման նոր համակարգի ներդրումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից եկամտահարկի հաշվարկներ ինքնուրույն ներկայացնելու վերջին փորձը (մասնավորապես՝ բնակարանների վարձավճարների մասով)՝ ավելի արդյունավետ կլինի սահմանել ֆիզիկական անձանց կողմից անձամբ շահումներից հարկեր վճարելու պարտավորության սահմանումը, որը կհաշվարկվի որոշակի ժամանակահատվածում փաստացի շահման գումարից (օրինակ մեկ տարվա ընթացքում շահումների ու պարտությունների դրական մնացորդից): Սա հնարավորություն կտա իրականում եկամուտ ստացած ֆիզիկական անձանցից հավաքագրել եկամտային հարկ (այլ ոչ թե շահումներ ունեցած, բայց այնուհետև առանց կանխիկացնելու պարտված գումարներից), իսկ մյուս կողմից կազմակերպիչները կարող են ապահովել այդ տվյալների ճշտության ստուգման հնարավորությունը՝ տրամադրելով խաղային պատմությունը:

Վանիկ Մարգարյան

12.02.2024

Նախագծով առաջարկվող հարկման օբյեկտը պարզ չէ, մասնավորապես սահմանված չէ, թե ինչպես է որոշվելու շահումը: Ավելին, խաղային գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված շահումը որպես հարկման օբյեկտ դիտարկելու դեպքում նույն գումարը բազմակի անգամ կարող է հարկվել այն դեպքում, երբ խաղացողը իրականում կարող է որևէ եկամուտ չստանալ: Օրինակ՝ 1000 ՀՀ դրամ խաղադրույքով մեկ խաղում հաղթելով 10 000 ՀՀ դրամ, այնուհետև, առանց գումարը կանխիկացնելու, կարող է շատ կարճ ժամանակում ամբողջությամբ կամ մասամբ պարտվել, սակայն ըստ այս նախագծի նույնիսկ պարտված շահումի գումարը կարող է հարկվել: Նույն օրինակով խաղացողը կարող է նույն օրվա ընթացքում բազմաթիվ շահումներ ու պարտություններ գրանցել, որի արդյունքում կարող է դրական մնացորդ չունենալ, սակայն խաղալու ընթացքում յուրաքանչյուր շահած գումար ամեն անգամ կհարկվի՝ առաջացնելով ահռելի եկամտահարկ փաստացի առանց ֆիզիկական անձի համար եկամուտի: Միջազգային պրակտիկայում այս խնդիրը լուծվել է որոշակի ժամանակահատվածի համար շահումների ու պարտությունների տարբերությունը (փաստացի եկամուտը) հարկելու միջոցով, ինչը արդարացված է, քանի որ պարտված գումարները արդեն իսկ հարկվում են կազմակերպչի կողմից վճարվող հարկերով և նման լուծմամբ բացառվում է նույն գումարի կրկնակի հարկումը:

See more