Add to favourites

Under development

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 

Հիմնավորում

««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 18.4-րդ կետի պահանջով, ըստ որի՝ մինչև 2024 թվականի հունիսի 20-ը էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովեվելու է մայրության նպաստի նշանակումը և վճարումը։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների՝ գործող օրենսդրության շրջանակներում մայրության նպաստը միայն չաշխատող անձանց դեպքում է վճարում Միասնական սոցիալական ծառայությունը։ Վարձու աշխատող հանդիսացող անձի թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակում հաշվարկում և վճարում է գործատուն։ Ընդ որում, գործատուի կողմից վճարված մայրության նպաստն ամբողջությամբ փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներից, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստը՝ 6-րդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար գործատուն պետական բյուջեի միջոցներից ստանում է փոխհատուցում (ժամանակավոր անաշխատունակության առաջին 5 օրերի համար գործատուն վճարում է իր միջոցներից, որը չի փոխհատուցվում)։

Այսպիսով, ստացվում է որ պետական միջոցները (նպաստի տեսքով) նշանակվում և վճարվում են գործատուի կատարած հաշվարկներով, որը բավականին ռիսկային է։

Ընդ որում, պետական մարմինն (ՊԵԿ, Միասնական սոցիալական ծառայություն) այդ հաշվարկները կարող են ստուգել միայն այն դեպքում, երբ գործատուն դիմում է փոխհատուցում ստանալու համար։

Այս տեսակետից էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացը իրականացնել պետական մարմնի միջոցով։

Բացի վերը նշվածից գործող կարգավորումների համաձայն՝ մայրության նպաստը հաշվարկվում է օրացուցային օրերով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստը՝ աշխատանքային օրերով։ Ընդ որում, ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին աշխատավարձը հաշվարկելիս հաշվի են առնվում տվյալ վարձու աշխատողի աշխատանքային ռեժիմը, տվյալ կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն սահմանված հանգստյան օրերը, հաշվարկային ժամանակահատվածում մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ լինելու դեպքում՝ նաև աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձը: Հարկ է նկատի ունենալ, որ աշխատանքային ռեժմի վերաբերյալ գործատուն հարկային մարմնին տեղեկատվություն չի տրամադրում, իսկ տվյալների փոխանակման ինքնաշխատ եղանակով նպաստ նշանակելիս վերը նշված հանգամանքների հաշվառմամբ, գործընթացը դառնում է դժվար կիրառելի։ Բացի այդ, նպաստների հաշվարկման միանման մոտեցում ապահովելու նպատակով նպատակահարմար է ժամանակավոր անաշխատունակության նպաստը նույնպես հաշվարկել օրացուցային օրերով։

Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ եկամտային հարկի հարկման բազան որոշելու նպատակով  Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների, համարվում են նվազեցվող եկամուտներ։ Նման բացառությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ժամանակավոր անաշխատունակության և մայրության  նպաստները հաշվարկում, նշանակում և վճարում են գործատուները, իսկ պետական բյուջեից փոխհատուցվում են նրանց ծախսերը։ Վճարելով նպաստ, գործատուն ներկայացնում է անձնավորված հաշվարկ, իսկ վճարված նպաստի գումարը դիտարկում է եկամուտ՝ հետագա ժամանակահատվածներում իր կողմից նպաստ հաշվարկելու և վճարելու դեպքում։

Միասնական սոցիալական ծառայության կողմից ժամանակավոր անաշխատունակության և մայրության  նպաստները նշանակելու, հաշվարկելու և վճարելու դեպքում, պետական մյուս նպաստների համանմանությամբ այդ գումարների՝ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայում անձնավորված հաշվառումը և եկամտային հարկով հարկելը նպատակահարմար չէ։

Հարկ է նկատի ունենալ, որ 2022 թվականի փաստացի տվյալներով եկամուտները նվազելու են շուրջ 3.4 մլրդ դրամով, ինչը կազմում է 0.04%:

Ցուցանիշը

2022 փաստ 

Եկամտային հարկ  (20%)

Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստ  (մլն դրամ)

5,574

1,114.8

Մայրության նպաստ, մլն դրամ

14,420

2,256.3

աշխատող մայրեր

11,281

2,256.3

չաշխատող մայրեր

3,139

0.0

Մայրության նպաստ ստացողների թիվը, մարդ

37,804 

 

աշխատող մայրերի թիվը

17,757

 

չաշխատող մայրերի թիվը

20,047

 

Ընդամենը, (մլն դրամ)

 

3,371.1

ՀՆԱ 2022 (մլն դրամ)

 

8,501,435.5

տոկոսով ՀՆԱ-ի նկատմամբ

 

0.04%

 

Ըստ էության, ներկայացված նախագիծը համակարգային փոփոխություններ է առաջարկում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման և վճարման գործընթացում, որով պայմանավորված վերանայվելու են նաև նպաստների նշանակման, վճարման ժամկետներն ու պայմանները, պետական մարմինների լիազորությունները և այլն։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում։

 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝

  1. Հաշվի առնելով Միասնական սոցիալական ծառայության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանի (ստեղծվելու է օրենքն ընդունվելուց հետո), «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայի և էլեկտրոնային առողջահության համակարգի տվյալները՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման (պետական բյուջեից վճարման ենթակա գումարի մասով) գործընթացն իրականացնել Միասնական սոցիալական ծառայության միջոցով, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը վճարի գործատուն՝ հիմք ընդունելով Հարկային մարմնի միջոցով ստացված՝ Միասնական սոցիալական ծառայության նպաստի հաշվարկը։
  2. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը նույնպես հաշվարկել օրացուցային օրերով՝ առաջին 7 օրվա (գործող՝ 5 օրվա փոխարեն) համար՝ գործատուի միջոցներից, իսկ մնացած ժամանակահատվածը՝ պետական բյուջեի միջոցներից։
  3. Պետական բյուջեից վճարման ենթակա գումարից եկամտային հարկ պահելու պարտավորությունը հանելու ենթադրությամբ (նախատեսվում է, որ եկամտային հարկ պահվելու է միայն նպաստի՝ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարից), սահմանել ժամանակավոր անաշխատունակության նպաստ հաշվարկելու նոր բանաձև, որի համաձայն՝ նապաստը հաշվարկվելու է միջին աշխատավարձի 80 տոկոսից (գործող իրավակարգավորումներով միայն ժամանակավոր անաշխատունակության նպաստն է հաշվարկվում միջին աշխատավարձի 80 տոկոսից) և այդ տոկոսաչափը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և՝

1) նպաստի՝ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարը հաշվարկելու համար  բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության օրացուցային այն օրերի թվով, որոնց համար նպաստը վճարվում է գործատուի միջոցներից,

2) նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը  հաշվարկելու համար  բազմապատկվում է 0.8 գործակցով և ժամանակավոր անաշխատունակության օրացուցային այն օրերի թվով, որոնց համար նպաստը վճարվում է պետական բյուջեի միջոցներից։

  1. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով։
  2. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկել առանձին՝ յուրաքանչյուր գործատուի համար և տեղեկատվությունը հարկային մարմնի միջոցով տեղեկացնել գործատուներին, իսկ մայրության նպաստի դեպքում, հաշվի առնելով բոլոր գործատուների մոտ ունեցած եկամուտը, նշանակել և վճարել մեկ նպաստ։
  3. Սահմանել նպաստ նշանակելու նոր ընթացակարգ, համաձայն որի՝ անձը որևէ դիմում չի ներկայացնում։ Նպաստ նշանակելու գործընթացը սկսվում է էլեկտրոնային առողջահության համակարգից ստացված տեղեկատվության հիման վրա՝
  • Ծառայությունը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը բացելու և փակելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու է էլեկտրոնային առողջահության համակարգից և Հարկային մարմնի միջոցով տեղեկացնելու է գործատուին,
  • Հարկային մամինը վերը նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում Ծառայությանն է տրամադրելու նպաստ հաշվարկելու համար պահանջվող տեղեկատվությունը կամ այդ տեղեկատվությունը տրամադրած լինելու դեպքում նաև՝ փոփոխությունները,
  • 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը սահմանված կարգով հաշվարկելու է նպաստի չափը Հարկային մարմնի միջոցով տրամադրվելու է գործատուին,
  • եթե էլեկտրոնային առողջապահական համակարգում առկա տվյալներով անձի համար բացվում է ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած) թերթիկ, ապա այդ ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստ, իսկ աշխատավարձ չի հաշվարկվելու և չի վճարվելու։
  1. Նպաստը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելու միջոցով (անձի ընտրած բանկի վերաբերյալ տեղեկատվությունը ստացվելու է էլ առողջապահության համակարգի միջոցով)։
  2. Նպաստ չի տրվելու այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացված վնասվածքների հետևանքով, ինչպես նաև  բժշկի սահմանած բուժման ռեժիմը  խախտած օրերի համար։
  3. Անաշխատունակության ժամանակահատվածի առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո՝ մինչև նպաստ նշանակելը անձի մահվան դեպքում նպաստը նշանակել, հաշվարկել և վճարել մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով աշխատողի մահվան օրվա դրությամբ նրա հետ նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված՝ ընտանիքի այլ անդամին)` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվան օրվանից  հետո՝ վեցամսյա ժամկետում լիազոր մարմին ներկայացնելու դեպքում։ Վեցամսյա ժամկետը լրանալուց հետո չվճարված նպաստի գումարը վճարել ժառանգության վկայագրի հիման վրա։
  4. Նպաստը վերահաշվարկելու համար սահմանել 36 ամսյա ժամկետ, որ ընթացքում, եթե գործատուն ներկայացնում է ճշտված հաշվարկ, ապա Հարկային մարմնից 1 աշխատանքայի օրվա ընթացքում տեղեկատվությունը ստանալուց հետո վերահաշվարկում է նպաստը։ Այս դեպքում, եթե տեղեկատվությունը ստացվել է 3 ամսվա ընթացքում, ապա նպաստի պակաս վճարված գումարը վճարվում է ընդհանուր կարգով, իսկ ավել վճարված գումարի՝ պետական բյուջեից վճարված չափը վարձու աշխատողը պետական բյուջե է վերականգնում լիազոր մարմնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա՝ ոչ ավել, քան ժամանակացույցը կնքելու ամսվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում։ 3-36 ամսվա ընթացքում տեղեկատվությունը ստանալու դեպքում ապա, նպաստի պակաս վճարված գումարը վարձու աշխատողի գործատուն վարձու աշխատողին վճարում է իր միջոցներից, իսկ ավել վճարված գումարի՝ պետական բյուջեից վճարված չափը պետական բյուջե վերականգնում է գործատուն՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ նրա կողմից ավել վճարված չափը վերականգնման ենթակա չէ:

          36 ամսյա ժամկետից հետո  վարձու աշխատողի գործատուի կողմից հարկային մարմին ներկայացված գրանցման հայտի կամ ճշտված հաշվարկի կամ հարկային հսկողության իրականացման արդյունքում հայտնաբերված՝ նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության (տվյալի) փոփոխության դեպքում նպաստը չի վերահաշվարկվելու։

  1. Սահմանել նաև լիազորված պետական մարմինների իրավասությունները։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը և կապահովվի հասցեականությունը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի և կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 4.6-րդ կետից (Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու կենսաթոշակառուներին և  նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև  կենսաթոշակների և  նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և  քանակական բարելավման) և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 18.4-րդ կետից: 

  1. Տեղեկանք 

««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ եկամուտների ավելացում նախատեսված չի, իսկ ծախսերի դեպքում հարկ է նկատի ունենալ, որ ծրագրի տեխնիկական ապահովման համար հարկ կլինի հատկացնել լրացուցիչ միջոցներ (չափը ներկայումս գնահատված չէ)։

 

  • Discussed

    29.12.2023 - 15.01.2024

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5823

Print