Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 246-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են համարվում փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում, իսկ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ փոխադրամիջոցների նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պարտադիր պետական գրանցման այն ծագելու օրվանից 15 օրյա ժամկետում։
Այսպիսով, փոխադրամիջոցների գույքահարկի վճարման պարտավորության ծագման համար հիմք է փոխադրամիջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը, այն է՝ այդ իրավունքը շարժական գույքի կադաստր վարող մարմնում պետական գրանցման գործողություն կատարելը, իսկ դրա դադարման համար՝ սեփականության իրավունքը դադարելը, այն է՝ շարժական գույքի կադաստր վարող մարմնում դրա պետական գրանցումը դադարեցնելու գործողություն կատարելը։
Արդյունքում, նշված գործընթացի իրականացման ապահովման համար փոխադրամիջոցների նկատմամբ սեփականության իրավունքների ծագման և դադարման մասին տեղեկատվությունը ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 1210-Ն որոշմամբ սահմանված կարգով շարժական գույքի կադաստր վարող մարմինը (ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը) սահմանված ժամանակագրական պարբերականությամբ փոխանցում է ՏԻՄ-երին։
Փոխանցվող տեղեկատվության մեջ ներառվում են նաև այն փոխադրամիջոցների մասին տեղեկատվությունը, որոնց վերաբերյալ նախաքննության մարմիններում հափշտակության հիմքով հարուցված են քրեական վարույթներ և դրանց սեփականտերերը փաստացի զրկված են իրենց սեփականության տնօրինման, տիրապետման և օգտագործման հնարավորությունից։
Նշված խնդիրն առնվազն անարդար վիճակ է ստեղծում այդ կատեգորիայի սեփականատերերի համար, քանի որ վերջիններից գույքահարկի գանձման պարտավորություն է ակնկալվում այն գույքի համար, որը վերջիններս չեն տնօրինում։
Հարցին որոշակի լուծում է տրվել ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված 2-րդ հավելվածի 31-րդ կետով՝ մասնավորապես սահմանելով, որ հափշտակված տրանսպորտային միջոցները սեփականատիրոջ (ներկայացուցչի) գրավոր դիմումի և այդ փաստի առթիվ քրեադատավարական վարույթ հարուցելու մասին փաստաթղթի (այդ թվում՝ էլեկտրոնային) հիման վրա հաշվառումից ժամանակավոր հանվում են, և դրանց գրանցումը կասեցվում է, սակայն նման կարգավորումը փակում է խնդրի միայն մի մասը՝ սկսած սեփկանտիրոջ դիմելու պահից, քանի որ այդ գործողությամբ շարժական գույքի կադաստր վարող մարմինը դիմողի սեփականության առկայության մասին տվյալները ՏԻՄ-ին չի փոխանցում միայն այդ դադարեցնելու ժամանակահատվածից սկսած, այնինչ գույքը կարող է հափշտակված լինել, իսկ դրա վերաբերյալ քրեական վարույթն էլ հարուցված լինել դիմելուց տևական ժամանակ առաջ (օրինակ 2 տարի առաջ):
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով Ներքին գործերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է լրացում կատարել Օրենսգրքի 245-րդ հոդվածում՝ սահմանելով, որ փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով։ Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ փոխադրամիջոցի հափշտակության կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ հարուցելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականտիրոջ տնօրինմանը հանձնելն ազատվում են հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկից, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է ստացվում հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն:
4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
27.12.2023 - 11.01.2024
-
Type
Law
-
Area
Financial, Local government
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 2183
Print