ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«3.1 Ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետով սահմանված ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման և զարգացման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 2-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժ. «ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորման, համակարգման և կատարման կարգը», »
- 2-րդ կետը լրացնել նոր՝ «ժե», «ժզ» և «ժթ» ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժե. «տեղական արտադրության խթանման նպատակով ռազմարդյունաբերական ապրանքների, դրանց փորձանմուշների, լրամասերի, բաղադրիչների արտադրության, ձեռքբերման ու պահուստավորման կազմակերպման կարգը,
ժզ. սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ռազմական նշանակության ապրանքների կամ դրանց լրամասերի պետական փորձարկումների կազմակերպման, փորձարկումների ծրագիր-մեթոդիկայի հաստատման, տեխնիկական բնութագրի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրման կարգը,
ժթ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական պետական փորձարկումների անցկացման կարգը.»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 3-րդ կետում լրացնել նոր՝ «ժբ» և «ժգ» ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժբ. ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձևավորման, համակարգման և կատարման կարգը,
ժգ. տեղական արտադրության խթանման նպատակով ռազմարդյունաբերական ապրանքների, դրանց փորձանմուշների, լրամասերի, բաղադրիչների արտադրության, ձեռքբերման ու պահուստավորման կազմակերպման կարգը.»:
- 4-րդ կետը լրացնել նոր «ժէ» և «ժը» ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժէ. ռազմական կարիքների համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպում և համակարգում, տեղական արտադրության խթանման նպատակով ռազմարդյունաբերական ապրանքների, դրանց փորձանմուշների, լրամասերի, բաղադրիչների արտադրության, ձեռքբերման ու պահուստավորման կազմակերպում,
ժը. սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ռազմական նշանակության ապրանքների կամ դրանց լրամասերի պետական փորձարկումների կազմակերպում, փորձարկումների ծրագիր-մեթոդիկայի հաստատում, տեխնիկական բնութագրի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրում.»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել նոր՝ «3.1-րդ» և «3.2-րդ» մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն իրեն կից ունի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով, որը հաստատում է ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակված ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտները: Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ինչպես նաև ռազմական արդյունաբերության և պաշտպանության ոլորտի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ստանդարտացման բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների ղեկավարների համատեղ հրամանով:
«3.2. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովն ընդունում է ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման փաստաթղթի նախագիծը՝ հանձնաժողովի բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի կողմից ընդունված ստանդարտի նախագիծը ներկայացվում է ստանդարտացման ազգային մարմնի հաստատմանը, որը հրապարակում և գործողության մեջ է դնում ստանդարտը:»
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր՝ «2.1-րդ» մաս հետևյալ բովանդակությամբ.
«2.1. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության առանձին ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել նոր՝ «5.1»-րդ գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 5.1
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 14.1. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ աշխատանքների կատարումը, դրանց արդյունքների փորձարկումները
- Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքներն (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) իրականացվում են համապատասխան աշխատանքների կատարման մասին կարգերի հիման վրա:
- ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումներն իրականացվում են փորձարկումների անցկացման ծրագրերի և մեթոդիկաների հիման վրա, որոնք սահմանված են ռազմական արտադրանքի ազգային ստանդարտներով:
- Պետական (միջգերատեսչական) փորձարկումներ անցկացնող միջգերատեսչական փորձարկումների հանձնաժողովը ձևավորվում է հանձնաժողովի կազմում ընդգրկված պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ընդունված համատեղ հրամանով:
Հոդված 14.2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների հանձնման-ընդունման աշխատանքները
- Ավարտված ԳՀՓԿԱ արդյունքներն ընդունվում են գնումների մասին օրենսդրության և համապատասխան աշխատանքների կատարման մասին կարգերի հիման վրա:
- Պետական պատվիրատուն ԳՀՓԿԱ արդյունքների իրագործումն ապահովելու նպատակով իր կողմից ընդունված պայմանագրի արդյունքները հանձնում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին՝ ԳՀՓԿԱ նպատակներին համապատասխան օգտագործելու համար:
- ԳՀՓԿԱ արդյունքների հանձնում-ընդունումն իրականացվում է որպես պետական պատվիրատու հանդես եկող պետական մարմնի և արդյունքն ընդունող պետական շահագրգիռ մարմնի ղեկավարների համատեղ հրամաններով:
Հոդված 7.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում: