Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

    Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կգնահատվի ուսուցչի և տնօրենի կողմից «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ»-ում՝ ուսուցչի մասնագիտական կարիքի գնահատման հարցաթերթիկի միջոցով, ինքնաշխատ եղանակով։ Ուսուցիչը  կիրականացնի ինքնագնահատում, տնօրենը դասալսումների միջոցով կորոշի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը: Էլեկտրոնային հարթակում կձևավորվի ուսուցչի մասնագիտական կարիքի վերաբերյալ տեղեկանք, որով էլ ուսուցիչը կմասնակցի համապատասխան մոդուլով վերապատրաստմանը:

   Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը ձևավորվում է ըստ մոդուլների՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը:

   Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կարող է գնահատվել նաև արտաքին դիտարկման արդյունքում՝ դասալսումների միջոցով, որը կարող է իրականացնել որևէ կառույց, որն ունի այդ իրավունքը (ԿԶՆԱԿ, մենթոր դպրոցներ և այլն):

   Ուսուցիչը յուրաքանչյուր մոդուլից մասնակցում է բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումների: Վերապատրաստումների արդյունքում առնվազն 9 կրեդիտ հավաքելուց հետո ուսուցիչն ատեստավորվում է:

 

  • Discussed

    08.12.2023 - 23.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4166

Print

Suggestions

«Համագործակցային կրթական ծրագրեր» հկ

23.12.2023

Սկզբում անհրաժեշտ է նշել, որ ԿԳՄՍ նախարարությունը նախորդ տարիներին արված մի շարք կազմակերպությունների զեկույցները, դիտարկումները, առաջարկները, որոնք արվել էին վերջին տարիների ընթացքում և որոնք կնպաստեին ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավմանը, նոր կարգում հաշվի չի առել։ Միանշանակ կարևոր է, որպեսզի ուսուցիչն անձամբ ունենա հնարավորություն իրականացնել մասնագիտական կարիքի գնահատում, դա նաև հնարավորություն կտա ուսուցչին ճիշտ կողմնորոշվել անհրաժեշտ դասընթացները և վերապատրաստող համապատասխան կազմակերպություններն ընտրելիս։ Սակայն նախագծի բացը կայանում է նրանում, որ հստակ չափանիշներ սահմանված չեն, համաձայն որի ուսուցիչը կկարողանար համեմատել և գնահատել իր մասնագիտական գործունեությունը՝ վերհանելով բացերը, զարգացման ուղղությունները։ Նման դեպքում, ինչո՞ւ է կարևոր հստակ չափանիշների սահմանումը՝ 1․ Հնարավորի սահմանում նվազեցնելու սուբյեկտիվ մոտեցումը սեփական աշխատանքի գնահատման հարցում, 2․ Հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխան մոտեցումների ձևավորմանը նպաստելու համար։ Առանց հստակ սահմանված չափանիշների, առավել խնդրահարույց է դպրոցի տնօրենի՝ դասալսումների միջոցով ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի որոշումը։ Նախ տնօրենները չեն տիրապետում դպրոցում դասավանդվող բոլոր առարկաներին, հետևաբար ինչպես կարող են խորհուրդ տալ նեղ մասնագիտական հարցերում՝ դասալսումների միջոցով որոշելով ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը։ 6-րդ կետում ներկայացված ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլն ոչ միայն կառուցվածքային, այլև բովանդակային առումով հասկանալի ներկայացված չէ։ 8-րդ կետում նշվում է, որ վերապատրաստումների չափորոշչի և ծրագրի հիման վրա ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակվում է բարդության երեք մակարդակի դասընթաց, այն դեպքում, երբ 6-րդ կետի 4-րդ ենթակետում նշվում է երրորդ և չորրորդ բարդության մակարդակի դասընթացների մասին։ 9-րդ կետում նշվում է, որ վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակված բարդության 3 մակարդակների դասընթացներից առաջինն իրականացվում է առկա, երկրորդը և երրորդը՝ առկա կամ համակցված եղանակով, ստացվում է 2-րդ և 3-րդ մակարդակներում միայն հեռավար եղանակով անցկացվող դասընթացները ի սպառ բացակայում են, այն դեպքում, երբ նախագծի 11-րդ կետում նշվում է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունը վերապատրաստման դասընթացն իրականացնում է՝ առկա, հեռավար կամ համակցված եղանակով։ Բացի այդ նույն կետում նշվում է, որ վերապատրաստող կազմակերպությանն ընտրում է ուսուցիչը, այն դեպքում, երբ նախորդ տարիները ցույց են տվել, որ եղել են դեպքեր, երբ դպրոցի տնօրեններն են ուսուցիչների փոխարեն ընտրել վերապատրաստող կազմակերպությանը՝ նախապես ունենալով պայմանավորվածություններ իրենց նախընտրած վերապատրաստող կազմակերպության հետ։ Այստեղ ուսուցիչը հայտնվում է բավական անպաշտպան վիճակում, հատկապես, որ ՀՀ կառավարությունը 2021թ․ հուլիսի 22-ին ընդունում է N 1187-Ն որոշումը, համաձայն որի ուսուցչին չի համարում վերապատրաստող կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի կողմ, այսինքն՝ վերապատրաստման դասընթացներին մասնկացության պայմանագիրը կնքում է դպրոցի տնօրենը և վերապատրաստող կազմակերպության ղեկավարը։ Այն դեպքում, երբ դեռ 2021թ․ ապրիլի 1-ին կառավարության կողմից ընդունված N 466 Ն որոշման 17-րդ կետի համաձայն ուսուցիչը հանդիսանում էր պայմանագրի կողմ, այսինքն՝ վերապատրաստող կազմակերպությունը պայմանագիր էր կնքում, թե ուսուցչի և թե դպրոցի հետ։ 12-րդ կետում նշվում է, որ հեռավար եղանակով վերապատրաստումն իրականացվում է նախարարության կողմից երաշխավորված ուսուցման կառավարման համակարգերից (LMS) մեկում։ Այստեղ ճիշտ կլիներ կից հավելվածով կամ հղումով տրամադրել ընտրված համակարգերի հիմնավորումները և ցանկը, քանի որ նախարարությունը համապատասխան հարթակի ընտրության նպատակահարմարությունը ընտրելու հնարավորությունը վերցրել է վերապատրաստող կազմակերպություններից, չէ՞ որ հենց վերապատրաստող կազմակերպություններն են մշակում դասընթացների մոդուլները և բովանդակությունը հետևաբար վերջիններս ավելի ճկուն կարող էին լինել այս հարցում։ 17-րդ կետի համաձայն հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացն իրականացվում է նախարարության կողմից հաստատված հարցաթերթիկով՝ էլեկտրոնային եղանակով ԴԿՏՀ-ում, սակայն գոնե հավելվածով ներկայացված չէ տվյալ հարցաթերթիկի կառուցվածքը և բովանդակությունը, որի հիման վրա էլ սկսվելու է ուսուցչի վերապատրաստման գործընթացը։ 18-րդ կետում կարելի էր մի փոքր փոխել ձևակերպումը, ավելի լավ կապելով բովանդակությունը 17-րդ կետի հետ նշելով, որ կամավոր ատեստավորման ձևաչափը նույնպես հանդիսանում է մասնագիտական զարգացման կարիքի գնահատման ձև։ 19-րդ կետում նշվում է, որ ԿԶՆԱԿ-ի կամ մենթոր դպրոցների կողմից իրականացվող դասալսումները համարվում եմ արտաքին դիտարկում, որի ժամանակ կարող է արձանագրվել ուսուցչի մասնագիտական զարգացման կարիք և առաջնահերթ այդ ուղղությամբ իրականացվել վերապատրաստումը, այս դեպքում հարց է առաջանում, ինչ չափանիշներով են իրականացվում դասալսումները վերոնշյալ կազմակերպությունների կողմից և ինչպե՞ս են որոշվում, թե ո՞ր դպրոցներում, ո՞ր դասարաններում, ո՞ր ուսուցիչների մոտ են իրականացվելու դասալսումները, չէ՞ որ նման դասալսումներ հերթական ատեստավորման ենթակա ոչ բոլոր ուսուցիչների մոտ են անցկացվում։ Այստեղ կարևոր է իմանալ ԿԳՄՍ նախարարության հիմնավորումները, թե ինչու ԿԶՆԱԿ-ից, մենթոր դպրոցներից բացի, ոլորտի հետ առնչվող այլ իրավական ձևակերպում ունեցող կազմակերպությունները, օրինակ՝ համալսարանները, հկ-ները, որոնք ունեն համապատասխան առարկաների հմուտ մասնագետներ, արտաքին դիտարկումներ իրականացնելու համար չեն ներգրավվել։ 20-րդ կետում նշվում է, որ առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնում է տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի համար տրվում է կրեդիտ: Այստեղ անհասկանալի է, մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը վերապատրաստումը իրականացնում է միայն ԿԶՆԱԿ-ի կամ մենթոր դպրոցների կողմից դասալսումների շրջանակում արձանագրված առարկայական գիտելիքի իմացության կարիքի դեպքում, թե նաև ուսուցչի և տնօրենի կողմից հարցաթերթիկի լրացման արդյունքում ձևավորված կարիքի դեպքում։ Եթե երկրորդ տարբերակում նույնպես կոնկրետ առարկայի շրջանակում վերապատրաստումն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհ-ը, ապա ստացվում է, որ մնացած երաշխավորված կազմակերպությունները զրկվում են առարկայական վերապատրաստումներ իրականացնելու հնարավորությունից։ 30-րդ կետում նշվում է, որ վերապատրաստվողների յուրաքանչյուր խմբի համար կազմակերպությունը վարում է առանձին մատյան թղթային տարբերակով։ Մի՞թե հնարավոր չէ կազմել համապատասխան ձևաչափով թվային մատյան, որտեղ կազմակերպությունները կլրացնեն անհրաժեշտ տվյալները՝ նվազեցնելով թղթի օգտագործման անհրաժեշտությունը։ 31-րդ կետում ի՞նչ է նշանակում կենտրոնացված գնահատման արդյունքներ, որոնց հիման վրա ձևավորվում են կրեդիտներ ԴԿՏՀ-ում՝ ինքնաշխատ եղանակով, այն դեպքում, երբ Ձև N 1-ով կրեդիտները շնորհում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունը։ Նույն 31-րդ կետի 1-ին մասում նշվում է, որ եթե վերապատրաստող կազմակերպության մոտ տվյալ մոդուլով վերապատրաստված ուսուցիչների առնվազն 40%-ի կողմից կրեդիտ չհավաքվի, ապա դա հիմք կհանդիսանա նախարարության համար կազմակերպությանն այդ մոդուլի վերապատրաստումներ իրականացնելու իրավունքից զրկելու համար։ Այստեղ հարց է առաջանում, իսկ եթե լինեն ոչ բարեխիղճ կազմակերպություններ, որոնք չցանկանալով զրկվել մոդուլի վերապատրաստում իրականացնելու իրավունքից, պարզապես կեղծեն տվյալները, իհարկե մասնակցող ուսուցիչների և դպրոցի տնօրենի համաձայնությամբ, իսկ ԿԶՆԱԿ-ը կամ մենթոր դպրոցը տվյալ դպրոցում չիրականացնեն դասալսում, այդ դեպքում ինչքանո՞վ է այս կետը համարվում ֆունկցիոնալ՝ որակ ձևավորելու տեսանկյունից կամ լինի հակառակը՝ կազմակերպությունը բարեխղճորեն իրականացնի իր վրա դրված պարտավորությունը, սակայն մասնակցող ուսուցիչները վերապատրաստմանը վերաբերվեն ոչ պատշաճ։ Մի՞թե սա կարելի է համարել վերահսկողական հիմնավորված մոտեցում։ 33-րդ կետը նույնպես խնդրահարույց է և նման մոտեցումը նախարարության կողմից ամենևին չի նպաստում որակական փոփոխություններին։ Մի՞թե հնարավոր չէ նման դեպքում հավելյալ միջոցներ տրամադրել պետբյուջեից, որպեսզի ուսուցիչը, տեղանքով պայմանավորված, չզրկվի այլընտրանքից և մասնագիտական վերապատրաստման մի շարք հնարավորություններից։ 41-րդ կետում, երբ նշվում է, որ ուսուցչի վերապատրաստումների ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դպրոցը կազմակերպում է անհատական վերահսկողություն վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում գնահատելու համար, արդյո՞ք այստեղ նույնպես մշակված են հստակ չափանիշներ և դրա հիման վրա կոնկրետ գործողությունների պլան, թե ինչպես է դա անելու դպրոցի ադմինիստրացիան, որպեսզի կարողանա հիմնավորել նույն 41-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործառույթը։ 42-րդ կետում նշված է սույն հավելված 40-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթի մասին, պետք է նշել, որ 40-րդ կետը չունի 1-ին ենթակետ, միգուցե խոսքը 41-րդ կետի 1-ին ենթակետի մասին է։ Բացի այդ առանց հստակ մշակված չափանիշների, որոնց հիման վրա դպրոցը պետք է գնահատի ուսուցչի վերապատրաստման արդյունքները, ինչպես է հնարավոր խուսափել դեպքերից, երբ հնարավոր է լինեն կամայականություններ դպրոցի ադմինիստրացիայի կողմից, որի հիման վրա էլ վերապատրաստող կազմակերպությունը կարող է հանվել երաշխավորված կազմակերպությունների ցանկից։ 43-րդ կետում նշվում է, որ ԿԶՆԱԿ-ը կազմակերպության կողմից վերապատրաստումներն սկսելու պահից սկսած՝ իր կողմից հաստատված ժամանակացույցով մշտադիտարկում է վերապատրաստող կազմակերպություններում վերապատրաստումների իրականացման և վերապատրաստվողների գիտելիքների ու հմտությունների առկա և հեռավար եղանակով գնահատման համապատասխանությունը սույն կարգին և վերապատրաստման չափորոշչի և ծրագրի պահանջներին։ Սակայն փորձը ցույց է տվել, որ ԿԶՆԱԿ-ը ֆիզիկապես չունի այդ ռեսուրսները նման լայնամաշտաբ մշտադիտարկումներ իրականացնելու համար, այս խնդիրը բարձրաձայնվել է նաև հենց ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչների կողմից։ Ինչպես է ստացվում, որ նոր կարգում, այդ փաստը, կրկին հաշվի չի առնվել։ Տվյալ դեպքում վերահսկողական մեխանիզմը կրկին ձևական բնույթ է կրում։ Հաշվի առնելով 43-րդ կետի վերաբերյալ դիտարկումները 44-րդ կետում տեղ գտած ԿԶՆԱԿ-ի գործառույթները գործնականում պարզապես անիրականալի են կամ կրկին կրելու են նեղ հատվածական, ոչ համընդհանուր բնույթ։

Անուշ Հովսեփյան

22.12.2023

Ողջունելի է, որ վերապատրաստումը կլինի տարբերակված և կիրականացվի ըստ կարիքի, այլապես երբեմն այն անիմաստ է լինում և որոշ մոդուլների առումով ուսուցչի համար նորություն չի պարունակում։ Կարիքի գնահատման եղանակն ու տեղեկանքի ձևավորումը նույնպես ընդունելի են։ Առաջարկում եմ ամեն դեպքում ունենալ մոդուլներ, որտեղ կհանդիպեն ու միասին կաշխատեն և՛ սկսնակ, և՛ աշխատանքային երկար տարիների փորձ ունեցող ուսուցիչները։ Փորձը ցույց է տալիս, որ այդպիսի հանդիպումերն ու համատեղ աշխատանքը օգտակար են երկուստեք։

Ալիսա Հարությունյան

22.12.2023

Խիստ արդիական, սպասված նախագիծ է։ Առաջարկում եմ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման մեջ նույնպես մտցնել տարբերակում. մասնագիտական զարգացման 1 տարի շրջափուլի դեպքում առավելապես հիմնվել մասնախմբի, տնօրենության կողմից գնահատման արդյունքների(իհարկե, քննարկելով ուսուցչի հետ), իսկ 3 եւ հատկապես 5 տարի շրջափուլի դեպքում՝ ուսուցչի մասնագիտական զարգացման սեփական կարիքների ինքնագնահատման արդյունքների վրա։

See more