Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝
Օրենք) 7-րդ հոդվածի.
1. 1.1-ին մասի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում
ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների անցկացման
ուղեցույցը.»,
2. 1.1-ին մասը լրացնել 55-րդ նոր կետով.
«55) հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև և գերթեթև օդանավերի և
կոմիտեի կողմից սահմանված համապատասխան կատեգորիաներով անօդաչու թռչող համակարգերի
հաշվառման, դրանց թռիչքային պիտանիության պահպանման, տեխնիկական սպասարկման, օդանավերի
անձնակազմերի անդամների, ավիացիոն մասնագետների և հեռակառավարում իրականացնող օդաչուների
որակավորման ապահովման համար անհրաժեշտ վերապատրաստման, ապահովագրության պահանջի
ապահովման, ավիացիոն միջադեպերի քննության անցկացման նպատակով պահանջվող գործողությունների,
գերթեթև օդանավի օդաչուի, հեռակառավարում իրականացնող օդաչուի և դրանց տեխնիկական
սպասարկման մասնագետների վկայականների տրամադրման, ինչպես նաև թռիչքներ իրականացման
թույլտվությունների տրամադրման կարգը:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 29-րդ կետով.
«29) թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իր սահմանած կարգով
հրապարակում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունված քաղաքականության և սահմանված
պահանջներին համապատասխանության ապահովման վերաբերյալ ուղեցույցներ (Civil Aviation
Publication):»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 6.1-ին, 6.2-րդ և 6.3-րդ
մասերով.

«6.1. Կոմիտեի աշխատողը պարտավոր է փոխհատուցել կոմիտեի կողմից սահմանված կարգով
հաստատված կամ հայտարարագրված ավիացիոն ուսումնական հաստատություններում կամ ճանաչված
օտարերկրյա ավիացիոն ուսումնական հաստատություններում իր ուսման և վերապատրաստման (այդ թվում՝
պարբերական վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա ուսումը կամ
վերապատրաստումը (այդ թվում՝ պարբերական վերապատրաստումը) ստանալուց հետո անձնական
նախաձեռնությամբ դադարեցրել է աշխատանքը կոմիտեում կամ այդ նույն ընթացքում կարգապահական
խախտում կատարելու համար ազատվել է աշխատանքից:
6.2. Սույն հոդվածի 6.1-ին մասով նախատեսված փոխհատուցումը կոմիտեի աշխատողը չի
կատարում, եթե նա Կոմիտեից ազատվել է հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության
դեպքում (եթե աշխատողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ), հիվանդության
պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի
խնամքով:
6.3. Ուսման և վերապատրաստման (այդ թվում՝ պարբերական վերապատրաստումը) համար
պետության կողմից կատարած ծախսերի փոխհատուցման դեպքերը, պայմանները, ժամկետները և չափերը
նախատեսվում են Կառավարության կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով․
«5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետությունը
ճանաչում է օդանավի շահագործման պետության կողմից տրված կամ վավեր ճանաչված անձնակազմի
վկայականների (crew licences), թռիչքային պիտանիության (certificates of airworthiness) և
ռադիոկայանների վկայականների (radio licences) վավերականությունները:»։
Հոդված 5. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3-7-րդ մասերով.
«3. Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև և գերթեթև օդանավերի և կոմիտեի կողմից
սահմանված համապատասխան կատեգորիաներով անօդաչու թռչող համակարգերի շահագործումը կարող է
իրականացվել միայն Կառավարության սահմանած պահանջներին և կարգին համապատասխան:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված օդանավերի և անօդաչու թռչող համակարգերի
հաշվառումը, դրանց թռիչքային պիտանիության պահպանումը, տեխնիկական սպասարկումը, օդանավերի
անձնակազմերի անդամների, ավիացիոն մասնագետների և հեռակառավարում իրականացնող օդաչուների
որակավորման ապահովման համար անհրաժեշտ վերապատրաստումը, ապահովագրության պահանջի
ապահովումը, ավիացիոն միջադեպերի քննության անցկացման նպատակով պահանջվող գործողությունները,

գերթեթև օդանավի օդաչուի, հեռակառավարում իրականացնող օդաչուի և դրանց տեխնիկական
սպասարկման մասնագետների վկայականների տրամադրումը, ինչպես նաև թռիչքներ իրականացնելու
թույլտվությունների տրամադրումը իրականացվում են ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից (այսուհետ՝
Կոմիտե):
5. Կոմիտեն տրամադրում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործունեությունն
իրականացնելու թույլտվություն:
6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված օդանավերի և անօդաչու թռչող համակարգերի
շահագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոմիտեն: Կոմիտեի կողմից
վերահսկողությունն իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների
ներգրավմամբ՝ քաղաքացիական ավիացիային առնչվող միջազգային կազմակերպությունների հրապարակած
ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին և ընթացակարգերի պահանջներին համապատասխան:
7. Կոմիտեն սահմանած կարգով իրականացնում է վերահսկողություն կատարվող աշխատանքների և
մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային և ավիացիոն անվտանգության,
համապատասխան որակավորում ունեցող մասնագետների մասնագիտական գործունեության նկատմամբ՝
Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած
միջազգային այլ կազմակերպությունների պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն
ապահովելու նպատակով:»:
Հոդված 6. Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը «իրականացման միջոցով։» բառերից
հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Քաղաքացիական ավիացիայի համակարգի դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի
կանխման և հակազդման գործողությունների պլանը և ուղեցույցը սահմանում է Կառավարությունը։»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն
օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Հանրապետության Նախագահ Վ. Խաչատուրյան

___ _____ 2023թ.
ք. Երևան

  • Discussed

    15.11.2023 - 01.12.2023

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1901

Print