Under development
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
1 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
…… դեկտեմբերի 2023 թվականի N ……-Ն
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել՝
- բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը՝ համաձայն հավելված 1-ի,
- բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը՝ համաձայն հավելված 2-ի,
- բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելված 3-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
դեկտեմբերի …-ի N ….–Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների համագործակցության հիմնական ուղղությունները և փոխգործելիությունը` բռնության ենթարկված երեխայի ուղղորդման գործընթացում:
- Բռնության ենթարկված երեխայի ուղղորդումը ներառում է փոխկապակցված հետևյալ գործողությունները՝
- բռնության ենթարկված երեխայի հայտնաբերում, ներառյալ՝ ահազանգով մեկնման դեպքում,
- բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկության փոխանցում,
- բռնության ենթարկված երեխայի կարիքների գնահատում,
- անհրաժեշտության դեպքում՝ բռնության ենթարկված երեխայի տեղափոխում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն (այսուհետ՝ կենտրոն) կամ ուղղորդում երեխաների խնամքի ցերեկային հաստատություն (այսուհետ՝ ցերեկային հաստատություն):
- Սույն կարգի հիմնական նպատակներն են՝
1) ապահովել բռնության ենթարկված երեխայի արդյունավետ հայտնաբերման գործընթացը,
2) ապահովել բռնության ենթարկված երեխայի լավագույն շահը և պաշտպանել նրա իրավունքները,
3) ապահովել բռնության ենթարկված երեխայի տեղափոխման կամ բռնության մասին տեղեկության փոխանակման գործընթացը՝ ուղղորդմանը ներգրավված մարմինների և կազմակերպությունների միջև,
4) ձևավորել բռնության ենթարկված երեխայի ուղղորդման՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունավետ մեխանիզմ,
5) կանխել բռնության ենթարկված երեխայի կրկնազոհականացումը և վերաինտեգրել նրան հասարակությունում:
- Սույն կարգում չկարգավորված հարաբերությունների վերաբերյալ կիրառվում են օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները և սահմանումները, ներառյալ՝ նախատեսված վավերացրած միջազգային պայմանագրերով:
- Բռնության ենթարկված երեխայի ուղղորդման գործընթացում ներգրավված մարմիններն են՝
- Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետ՝ Ոստիկանություն), որը բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումն ու պաշտպանությունն ապահովելու հիմնական պատասխանատու մարմինն է.
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
- խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ՝ ԽՀՄ), որոնք բռնության ենթարկված երեխային աջակցություն տրամադրող կամ տրամադրման համար տեղափոխող մարմինն են.
- Առողջապահության նախարարությունը, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները (այսուհետ՝ բժշկական հաստատություն).
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ինչպես նաև մարզական և ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից.
- մարզպետարանները,
- հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց գործառույթներն իրականացնելու հարցում, ինչպես նաև աջակցություն են տրամադրում բռնության ենթարկված երեխային, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրա ընտանիքին:
- Սույն կարգի 5-րդ կետում նախատեսված մարմինները կարող են, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ պարտավոր են ցուցաբերել նախաձեռնողականություն և հայտնաբերել երեխայի նկատմամբ բռնության դեպքերը, բռնության ենթարկված երեխային կամ նրա ընտանիքին:
- ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
- Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումն իրականացնում են երեխայի հետ առնչվող պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները, դրանց կազմակերպությունները և հասարակական այն կազմակերպությունները, որոնք օրենսդրության համապատասխան ապահովում են երեխայի խնամքը, դաստիարակությունը, կրթությունը, բժշկական օգնության տրամադրումը և երեխայի այլ իրավունքների իրացումը կամ աջակցում են այդ իրավունքների իրացմանը, ինչպես նաև ֆիզիկական անձինք: Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման հիմնական պարտականությունն օրենսդրությամբ սահմանված կարգով ունեն Ոստիկանությունն ու ԽՀՄ-ները:
- Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումը ներառում է երեխայի նկատմամբ բռնության դեպքի հայտնաբերումը, դեպքի մանրամասների պարզումը, ինչպես նաև Ոստիկանություն կամ ԽՀՄ-ներ ուղղորդելը՝ կարիքների գնահատում կատարելու նպատակով:
- Երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկությունը կարող է տրամադրվել՝
- ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ստացված ահազանգերով, ներառյալ՝ երեխաների կողմից ներկայացված,
- զանգվածային լրատվամիջոցներով կամ համացանցով ներկայացված հրապարակումներով,
- պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց կազմակերպությունների կողմից ստացված ահազանգերով, դիմումներով կամ զեկուցագրերով:
- Սույն կարգի 9-րդ կետում նշված աղբյուրներից ստացված տեղեկությունները ճշտում են Ոստիկանության ծառայողն ու ԽՀՄ-ի սոցիալական աշխատողը:
- Սույն կարգի 5-րդ կետի 4-7-րդ ենթակետերում նշված մարմինների կամ դրանց կազմակերպությունների ղեկավարները կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ այլ պատասխանատու անձինք երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում փոխանցում են Ոստիկանությանը, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենսդրությամբ:
- Ոստիկանությունը երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկության ընթացքը լուծում է՝ առաջնորդվելով քրեական դատավարության օրենսգրքով, արձանագրում է երեխայի նկատմամբ բռնության փաստը և կազմակերպում երեխայի ուղղորդումն աջակցության նպատակով:
- Եթե երեխայի մասին տեղեկությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ներկայացվում է ԽՀՄ, ապա ԽՀՄ-ն այդ տեղեկությունը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրում է բռնության փաստը, իրականացնում է երեխայի կարիքների գնահատումը և կազմակերպում երեխայի հետ հետագա աշխատանքների պլանը, իսկ բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցում է Ոստիկանություն: Եթե բռնության մասին տեղեկությունը կամ երեխան հայտնաբերվում են ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա Ոստիկանությունն անհապաղ երեխային տեղավորում է կենտրոն կամ ուղղորդում ցերեկային հաստատություն՝ ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը երեխայի մասին տեղեկությունը փոխանցելով ԽՀՄ-ին՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:
- Երեխայի հետ հետագա աշխատանքների պլանն առնվազն ներառում է երեխային աջակցության տարբեր ձևերի տրամադրումը, անհրաժեշտության դեպքում նաև՝ կենտրոն տեղափոխելը, նրա ընտանիքի, ներառյալ՝ ծնողների հետ սոցիալական աշխատանքի կազմակերպելը, երեխայի վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների մասնակից դարձնելը, կրկնազոհականացման կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպելը:
III. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Սույն կարգի 5-րդ կետում նշված մարմինները համագործակցում են միմյանց հետ և պետական այլ մարմինների և կազմակերպությունների հետ, որոնք օրենսդրության համապատասխան ստանձնել կամ իրականացնում են բռնության ենթարկված երեխաների պաշտպանություն, նրանց տրամադրում են աջակցություն կամ այլ կերպ պայքարում են երեխայի նկատմամբ բռնությունների դեմ:
- Երեխայի նկատմամբ բռնության դեպքի հայտնաբերման, երեխայի կամ բռնության մասին տեղեկության փոխանցման կամ աջակցության տրամադրման դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝
- երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը,
- երեխայի լսված և հասկացված լինելը,
- երեխային չվնասելը և չմեղադրելը,
- մարդասիրական վերաբերմունքը և խտրականության բացառումը,
- երեխայի և նրա ընտանիքի անդամների անձնական և ընտանեկան կյանքի հարգումն ու գաղտնիության ապահովումը, անձնական տվյալների պաշտպանությունը,
- վստահության մթնոլորտի ձևավորումը և այդ մթնոլորտում երեխայի հետ շփումը,
- երկրորդային զոհականացման բացառումը,
- երեխային աջակցելը, ներառյալ՝ խնամքի կազմակերպումը,
- երեխայի վերաինտեգրումը հասարակություն և վերասոցիալականացումը,
- որոշումների կայացման և կատարման օպերատիվությունը,
- հաշմանդամություն ունեցող երեխայի՝ սույն կարգով նախատեսված գործընթացների լիարժեք և արդյունավետ մասնակցության ու ներգրավվածության, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումների հասանելիության, հասցեականության և մատչելիության առաջնահերթությունը:
- 17. Երեխայի նկատմամբ բռնության դեպքի հայտնաբերման կամ նման կասկածի դեպքում սույն կարգի 16-րդ կետով նախատեսված սկզբունքների պահպանումը պարտադիր է յուրաքանչյուր մարմնի կամ կազմակերպության աշխատողի, ծառայողի կամ ծառայություն մատուցողի համար: Եթե սույն կարգի 5-րդ կետում նշված մարմինն ունի առանձնացված կամ մասնագիտացված ստորաբաժանում, ապա համագործակցությունն այլ մարմինների հետ իրականացվում է այդ ստորաբաժանման միջոցով:
- 18. Եթե երեխայի նկատմամբ բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, ապա նախաքննության մարմինը տուժող ճանաչված երեխային կամ նրա օրինական ներկայացուցչին տրամադրում է Ոստիկանության կողմից պատրաստված իրազեկման թերթիկը՝ պաշտպանություն և աջակցություն ստանալու վերաբերյալ: Իրազեկման թերթիկն առնվազն պետք է պարունակի տեղեկություն բռնության ենթարկված երեխայի պաշտպանության հնարավոր ձևերի, տևողության և մեթոդների, տրամադրվող սոցիալական ծառայությունների, դրանց տեսակների, չափի, ժամկետների մասին, հեռախոսահամարներ և էլեկտրոնային հասցեներ, որոնցով հնարավոր է դիմել պաշտպանություն կամ աջակցություն ստանալու համար:
- ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
- 19. Բռնության ենթարկված երեխայի կարիքների գնահատումն իրականացնում են Ոստիկանությունը և ԽՀՄ-ները:
- 20. ԽՀՄ-ներն իրենց վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում, ելնելով երեխայի լավագույն շահից, համագործակցում են կենտրոնների կամ խնամատար ընտանիքի, խնամակալի կամ հոգաբարձուի հետ՝ երեխայի՝ անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքն ապահովելու համար:
- 21. Այն դեպքերում, երբ երեխայի լավագույն շահը պահանջում է նրա հրատապ մեկուսացում, երեխան անմիջապես տեղափոխվում է կենտրոն:
- 22. Կենտրոն տեղափոխումը կազմակերպում է ԽՀՄ-ը՝ իր միջոցներով:
- ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՄ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՄ ՈՒՂՂՈՐԴՈՒՄԸ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
- 23. Բռնության ենթարկված երեխայի մասին տեղեկությունը Ոստիկանությունից կամ ԽՀՄ-ից փոխանցվում է այլ մարմիններին կամ կազմակերպություններին երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության դեպքում, բացառությամբ երբ երեխայի նկատմամբ կիրառվել է այնպիսի բռնություն, որը համարվում է հանցագործություն և նախատեսված է քրեական օրենսգրքով, ինչպես նաև այն դեպքում, երբ երեխան ենթարկվել է ընտանիքում բռնության:
- 24. Երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է Ոստիկանություն, իսկ բռնության ենթարկված երեխայի մասին տեղեկությունը՝ երեխայի բռնության դեպքի հայտնաբերման վայրի ԽՀՄ-ին, որը պարզելով, որ այդ երեխան իր տարածքի բնակիչ չէ, բացի սույն կարգով նախատեսված գործողություններից, իրականացնում է նաև այդ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ի տեղեկացում ոչ ուշ, քան երեխայի բնակության վայրը պարզելուց երկու օրվա ընթացքում:
- 25. Սույն կարգի 23-րդ կետում նշված համաձայնությունը չի պահանջվում, եթե՝
1) տեղեկությունը փոխանցելու պահին՝ ծնողը, այլ օրինական ներկայացուցիչը կամ նրանց գտնվելու վայրն անհայտ է,
2) տեղեկություն չփոխանցելը կարող է հանգեցնել երեխայի կյանքի կամ առողջության վտանգման կամ հիմնարար իրավունքների խախտման,
3) ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն իր վարքագծով ակնհայտորեն վնասում է երեխայի շահերին. իր վարքագծով խոչընդոտում է երեխայի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը.
4) ծնողը կամ այլ օրինական ներկայացուցչն ինքն է գործադրել բռնություն երեխայի նկատմամբ:
- Բռնության ենթարկված երեխան տեղափոխվում է կենտրոն այն դեպքում, երբ երեխան առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, կամ նրա խնամքն անհնարին է կազմակերպել նրա կենսաբանական կամ խնամատար ընտանիքում, հնարավոր չէ խնամակալ կամ հոգաբարձու նշանակել կամ եթե հնարավոր չէ սոցիալական այլ ծառայությունները մատչելի դարձնել նրա բնակության վայրում: Հակառակ դեպքում, երեխային աջակցությունը տրամադրվում է նրա բնակության վայրում՝ ԽՀՄ-ի կողմից կամ աջակցությամբ:
- Կենտրոն տեղափոխումն իրականացնում են ոստիկանության ծառայողն ու ԽՀՄ սոցիալական աշխատողը համատեղ՝ կենտրոնի ղեկավարին ներկայացնելով երեխային՝ բռնության ենթարկված երեխա ճանաչելու մասին տեղեկանք, որտեղ առնվազն նշվում են երեխայի անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման կամ բնակության հասցեն (եթե հայտնի է), երեխայի նկատմամբ բռնության տեսակը, հետևանքները, բռնության կիրառման և դրա մասին ահազանգման, կենտրոն տեղափոխելու օրը, ամիսը, տարին: ԽՀՄ-ն կենտրոնին տրամադրում է նաև իր կողմից կատարված երեխայի կարիքների գնահատման վերաբերյալ տեղեկություն:
- Ցերեկային հաստատություն բռնության ենթարկված երեխայի ուղղորդումն իրականացվում է, եթե չկան հիմքեր այդ երեխային կենտրոն տեղավորելու համար, սակայն անհրաժեշտություն է առաջացել հաստատությունում ծառայություններ տրամադրելու համար:
- Բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները, ինչպես նաև երեխայի նկատմամբ բռնության հետ առնչվող մասնագետները չեն կարող մասնագիտական գործունեության ընթացքում իրենց հայտնի դարձած՝ երեխայի բռնության դեպքի մասին տեղեկությունների առնչությամբ տան հարցազրույցներ զանգվածային լրատվամիջոցներին, հրապարակումներ կատարեն համացանցում կամ այլ կերպ տարածեն երեխայի կամ բռնության մասին տեղեկությունը, եթե այդ տեղեկության տարածումը վնասում է երեխայի լավագույն շահին, չի հետապնդում երեխայի կամ յալ բռնությունների կանխարգելման նպատակ կամ պայմանավորված չէ օրենքով նախատեսված վարույթների մասնակցությամբ:
Հավելված 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
դեկտեմբերի …-ի N ….–Ն որոշման
ՁԵՎԵՐ
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
- Բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը որոշվում են սույն հավելվածով՝ հաշվի առնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և դրանից բխող և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները։
- Աջակցություն տրամադրելու համար բռնության ենթարկված երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը կարող է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ միասնական սոցիալական ծառայություն), պետական կառավարման այլ մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին կամ կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին: Եթե բռնության ենթարկված երեխան ուղղորդվել է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, ապա աջակցությունը տրամադրվում է այդ կենտրոնի կողմից կամ այդ կենտրոնը դիմում է այլ ծառայությունների, ներառյալ՝ ուսումնական և բուժական, նրանց կողմից ծառայություններ տրամադրելու համար:
- Բռնության ենթարկված երեխային, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրվում են ծառայության հետևյալ ձևերը՝
- խորհրդատվական օգնությունը,
- վերականգնողական օգնությունը,
- երեխաների խնամքի ցերեկային հաստատությունում ծառայություններ տրամադրելը,
- երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում խնամքի կազմակերպումը,
- իրավական օգնությունը,
- հանրակրթության կազմակերպումը,
- բժշկական օգնությունը:
- Սույն հավելվածի 3-րդ կետում նշված աջակցության յուրաքանչյուր ձևը տրամադրվում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, որն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով պարտավոր է տրամադրել այդ աջակցությունը:
Հավելված 3
ՀՀ կառավարության 2023 թվականի
դեկտեմբերի …-ի N ….–Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են բռնության ենթարկված երեխային օրենսդրությամբ նախատեսված աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգը նպատակ ունի աջակցության միջոցների կիրառմամբ օգնելու բռնության ենթարկված երեխային բարելավել իր կենսագործունեությունը, հիմնական կենսական կարիքների բավարարումը, հասարակությանը լիարժեք վերաինտեգրմանը:
- Երեխային աջակցություն տրամադրելիս պարտադիր է ապահովել սույն որոշման Հավելված 1-ի 16-րդ կետով նախատեսված սկզբունքները:
- Աջակցությունը կիրառվում է բռնության ենթարկված երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ՝ երեխայի կարիքների գնահատման հիման վրա: Բռնության ենթարկված երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությունը չի պահանջվում սույն որոշման Հավելված 1-ի 25-րդ կետով նախատեսված դեպքերում: Բռնության ենթարկված երեխային աջակցությունը տրամադրելիս աջակցություն կարող է տրամադրվել նաև նրա ընտանիքին՝ ընտանիքի կարիքները գնահատելուց հետո:
- Խնամակալության և հոգաբարձության մարմինները, երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկությունը ստանալուց հետո ապահովում են աջակցության տրամադրումը կամ կազմակերպում են այդ աջակցության տրամադրումը՝ բռնության ենթարկված երեխային ուղղորդելով ուսումնական հաստատություն, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն, բժշկական օգնություն և երեխայի խնամքի ցերեկային հաստատություններ:
- Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային ու հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման:
- Երեխաների խնամքը, ներառյալ՝ համապատասխան հաստատություններում, կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմանը համապատասխան:
- Սույն կարգով չկարգավորված սոցիալական աջակցության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքով ու դրա հիման վրա ընդունված և դրանից բխող ենթաօրենադրական ակտերով, իսկ աջակցության այլ ձևերի հետ կապված իրավահարաբերությունները՝ ոլորտային օրենքներով ու դրանց հիման վրա ընդունված և դրանցից բխող ենթաօրենադրական ակտերով։
-
Discussed
02.11.2023 - 17.11.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2714
Print