Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ (ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ (ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս ականատես ենք լինում բազմաթիվ լուրջ արտակարգ իրավիճակների, որոնք խոր ազդեցություն են թողնում միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը արտակարգ իրավիճակների առումով բարձր ռիսկային երկիր է: Ռիսկերի ազգային գնահատումները` որպես երկրում արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառներ, առանձնացրել են երկրաշարժերը, զինված հակամարտությունները և համաճարակային ներուժ ունեցող մի շարք վարակիչ հիվանդություններ, որոնք կարող են անմիջական հետևանք ունենալ բնակչության առողջության վրա:

Գիտակցելով երկրի և տարածաշրջանի մակարդակով բնակչության առողջության վրա անմիջական հետևանքներ առաջացնող արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու որակյալ բժշկական ներուժի ստեղծման կարևորությունը և դերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով ստանձնել է միջազգային հավաստագրում ունեցող արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու պարտավորությունը: Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմը (ՀԱԱԲԹ) միջազգային մարդասիրական առաքելություններին կարող է մասնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից միջազգային հավաստագրում (դասակարգում) ստանալուց հետո:

Հատկանշական է, որ միջոցառման իրականացումը բխում է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Գերմանական Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ հասարակական կազմակերպության վրաստանյան գրասենյակի (ASB Georgia), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված «Արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու վերաբերյալ» փոխգործակցության հուշագրից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև 2022 թվականի ապրիլի 28-ին կնքված Համագործակցության երկամյա համաձայնագրից, ՀՀ ԱԺ 2021թ. օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն թվականների Ծրագրի 4.5 բաժնի 9-րդ կետից և Գերմանական Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ հասարակական կազմակերպության վրաստանյան գրասենյակի (ASB Georgia) նախաձեռնությամբ «Ավելի ուժեղ միասին. միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի կետերի կատարման պարտավորությունից:

Ելնելով վերոգրյալից` Առողջապահության նախարարությունը նախապատրաստել է «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու և միջազգային հավաստագրման (դասակարգման) ներկայացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հենքի վրա` բժշկական կենտրոնի բուժաշխատողների և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մասնագետների ներգրավմամբ ստեղծվում է ՀԱԱԲԹ, թիմի միջազգային հավաստագրման (դասակարգման), ինչպես նաև գործունեության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին տրվում են մի շարք հանձնարարականներ:

Հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ՀԱԱԲԹ-ն ներգրավվելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին, այլև Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու աշխատանքներին:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ ՀԱԱԲԹ ստեղծելու և այն միջազգային հավաստագրման (դասակարգման) ներկայացնելու համար անհրաժեշտ ֆինանսավորումն առավելապես իրականացվելու է Եվրոպական բնակչության պաշտպանության և հումանիտար օգնության գործառնությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) կողմից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում կստեղծվի ՀԱԱԲԹ, կսահմանվի վերջինիս կազմը, ինչպես նաև ՀԱԱԲԹ-ի գործունեությունը ծավալելու համար անհրաժեշտ դեղերի, բժշկական նշանակության ապրանքների, բժշկական սարքավորումների (պարագաների) և նյութատեխնիկական միջոցների նախնական ցանկը, ինչն անհրաժեշտ պայման է ՀԱԱԲԹ-ն միջազգային հավաստագրման (դասակարգման) ներկայացնելու համար:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Առողջապահության նախարարություն» բաժնի 16.1 կետից, ինչպես նաև ՀՀ ԱԺ 2021թ. օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն թվականների Ծրագրի 4.5 բաժնի 9-րդ կետից:

  • Discussed

    18.10.2023 - 02.11.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2665

Print