Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«------» ---------------------- 2023 թվական N ------Ն
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2.1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Սահմանել՝
1) գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողների գիտական աստիճանի ամենամսյա հավելավճարի չափը՝ գիտությունների դոկտորին՝ 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ.
2) գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» N 2-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի ------- -- -ի
N --- -Ն որոշման
ԿԱՐԳ
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով սահմանված գիտական աստիճանի հավելավճարը (այսուհետ` Հավելավճար) գիտական աշխատողներին վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ֆինանսական միջոցները գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններին և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորոբաժանումներին (այսուհետ՝ Կազմակերպություն) տրամադրելուն առնչվող հարաբերությունները:
- Հավելավճարի իրավունք ունեն գիտական աստիճան ունեցող, գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային՝ հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ու գիտական կադրերի պատրաստման ծրագրերում (այսուհետ` Ծրագիր) ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողները (այսուհետ՝ Գիտական աշխատող):
- Գիտական աշխատողներին Հավելավճարը վճարվում է ըստ աշխատած օրերի քանակի:
- Մահվան պատճառով փոփոխության դեպքում Հավելավճարը տրամադրվում է անկախ տվյալ ամսում աշխատած օրերի քանակից:
- Հավելավճար տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող գիտական աստիճան ունեցող Գիտական աշխատողներին, իսկ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող Գիտական աշխատողներին Հավելավճարը չի տրամադրվում:
- ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
- Ծրագիր իրականացնող Կազմակերպությունը յուրաքանչյուր բյուջետային տարվա առաջին ամսվա առաջին տասնօրյակում Կոմիտեի առցանց համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով Կոմիտե է ներկայացնում Գիտական աշխատողների Հավելավճարի վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման հայտ (այսուհետ՝ Հայտ), որի դիմելու ընթացակարգը սահմանում է Կոմիտեն:
- Հայտում ներառված տվյալների համապատասխանության դեպքում Կոմիտեի և Կազմակերպության միջև կնքվում է Գիտական աշխատողներին Հավելավճարի վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման հանձնարարության պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):
- Ծրագիր իրականացնող Կազմակերպությունը յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչև 3-րդ տասնօրյակի վերջին աշխատանքային օրը Համակարգի միջոցով Կոմիտե է ներկայացնում Ծրագրում ընդգրկված գիտական աստիճան ունեցող Գիտական աշխատողների թվաքանակի և ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն (այսուհետ՝ Հաշվետվություն), իսկ վերջին եռամսյակի Հաշվետվությունը՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին տասնօրյակը:
- Եռամսյակի ընթացքում փոփոխությունների առկայության դեպքում Կազմակերպությունը Հաշվետվության հետ միասին Կոմիտե է ներկայացնում Հայտում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (ընդունման, ազատման, երկարատև արձակուրդի կամ երկարատև գործուղում ուղարկելու հրամաններ և այլն):
- Հաշվետու եռամսյակից շուտ կատարված, սակայն Հայտով չներկայացված փոփոխությունները, անկախ չներկայացման պատճառներից, հաշվի չեն առնվում:
- Կազմակերպության կողմից սույն կարգով սահմանված ժամկետներում Հաշվետվությունը կամ այլ պահանջվող տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում Հավելավճարների վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրումը Կոմիտեի կողմից դադարեցվում է:
- Սույն կարգի 11-րդ կետով դադարեցված ֆինանսական միջոցների տրամադրումը վերսկսվում է սույն կարգով սահմանված Հաշվետվության կամ այլ պահանջվող տեղեկատվության ներկայացնելուց հետո՝ հաջորդող ամսվանից:
- Սույն կարգի 11-րդ կետով դադարեցված ժամանակահատվածի համար Կոմիտեի կողմից Կազմակերպությանը ֆինանսական միջոցներ չեն տրամադրվում, որը հիմք չի հանդիսանում Կազմակերպության կողմից Գիտական աշխատողներին Հավելավճար չվճարելու համար:
- Ծրագիր իրականացնող Կազմակերպությունը, յուրաքանչյուր բյուջետային տարվա վերջին եռամսյակի Հաշվետվությունը կազմելիս, անհրաժեշտություն առաջանալու պարագայում, Կոմիտեի հետ կնքում է Գիտական աշխատողներին Հավելավճարի վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման հանձնարարության պայմանագրի գնի կամ այլ պայմանների փոփոխության մասին hամաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր):
- Հայտի, Պայմանագրի, Հաշվետվության և Համաձայնագրի ձևերը գեներացնում է Համակարգը:
- Կոմիտեն՝
- հավաքագրում է Կազմակերպությունների կողմից տարեսկզբին Հայտով ներկայացված և եռամսյակային պարբերականությամբ Հաշվետվություններով ներկայացվող տվյալները.
- հավաքագրված տվյալները ներառում է Ծրագրում ընդգրկված գիտական աստիճան ունեցող Գիտական աշխատողների վերաբերյալ ստեղծված շտեմարանում.
- իրականացնում է ներկայացված տվյալների համեմատություն՝ համապատասխան փոփոխությունների ներառման և ամփոփման նպատակով.
- Ծրագիր իրականացնող Կազմակերպություններին Գիտական աշխատողներին Հավելավճար վճարելու նպատակով ֆինանսական միջոցների փոխանցումն իրականացնում է յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը՝ ըստ Կազմակերպությունների կողմից ներկայացված Հավելավճար ստացող Գիտական աշխատողների ճշգրտված թվաքանակի: