Add to favourites

« ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը
«Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղե­կու­թյունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշ­­ման նա­խագծի ընդու­նման ան­հրաժեշտու­թյունը պայ­մա­նավորված է 2023 թվականի մարտի 1-ին Պե­տա­կան գաղտ­նիքի մասին» ՀՕ-49-Ն օրենքի ընդունմամբ:
Մասնավորապես, 2023 թվականի մարտի 1-ի Պետական գաղտնիքի մասին» ՀՕ-49-Ն օրեն­քի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղեկությունների գաղտնագրման բնա­գա­վառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով Կա­ռավարությունը հաստատում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցան­կը` ըստ գերատեսչական պատկանելության: Ներկայումս նշված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 173 որոշմամբ, որը բխում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքից:

Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ հաստատել պե­­տական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ ըստ բնագավառների և գե­րա­­տեսչական պատկանելության: Միաժամանակ, ուժը կորցրած կճանաչվի Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 173 որոշումը:

Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը` ըստ բնագավառների և գերատեսչական պատկա­նե­լու­թյան, և կապահովվի «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Ազգային անվտանգության ծառայություն

  • Discussed

    26.09.2023 - 11.10.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3127

Print

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

11.10.2023

Տեղեկատվության տրամադրման հետևանքով պատճառվելիք վնասի ռիսկը պետք է գերակայի տեղեկատվության բացահայտման ընդհանուր հանրային շահին: Ուստի, խիստ կարևորելով պետության կողմից իր պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովման իրավաչափ և անվիճելի շահը՝ կարծում ենք, որ տեղեկատվության ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է համաչափ և պիտանի լինի նշված նպատակների իրագործման տեսանկյունից և չպետք է միտված լինի պարզապես առավելագույն ծավալով տեղեկատվության գաղտնագրմանը (գերապահովագրվելու մոտեցմամբ)՝ մեծացնելով այնպիսի հարակից ռիսկեր, ինչպիսին են հատկապես կոռուպցիոն վտանգները։ Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Նախագծի հավելվածով սահմանված ցանկում (այսուհետ նաև՝ Ցանկ) տեղ են գտել այնպիսի տեղեկություններ, որոնց գատղնագրումը առանց լրացուցիչ պայմանների առկայության պահանջների կհանգեցնի տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ և աննպատակ սահմանափակմանը, ինչպես նաև չի բխում միջազգային փորձից և չափորոշիչներից։ Այսպես, Ցանկի 14-րդ կետով որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ են սահմանվում ՀՀ կառավարության հաստատած ցանկով զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունները, 21-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ պետական պաշտպանական պատվերների ծավալների մասին տեղեկությունները, 22-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին տեղեկությունները, 25-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ ՀՀ ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկությունները, 29-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունները։ Անդրադառնալով Ցանկի 14-րդ և 21-րդ կետերով նախատեսված տեղեկությունների տեսակներին, հարկ ենք համարում նշել, որ «զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումներ» և «պաշտպանական պատվերների ծավալներ» հասկացություններն այնչափ լայն են, որ դրանց տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ, ցանկացած գնում և պատվերի ծավալ, որն այս կամ այն եղանակով ծառայեցվում է պաշտպանական՝ բանակի ապահովման կարիքներին, այդ թվում, օրինակ, պաշտպանության նախարարության կողմից ձեռքբերվող սննդի քանակի, դրա հետ փոխկապակցված՝ դրանց արժեքային ցուցանիշների մասին կամ ցանկացած այլ՝ ռազմական բնույթի գնումներին չվերաբերող տեղեկություն: Ցանկի 22-րդ կետով նախատեսվող «տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ» հասկացությունը ևս այնչափ լայն է և անորոշ, որ դրա տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ ընդհուպ պետության կողմից տնտեսական քաղաքականության բնագավառում իրականացվող ցանկացած ծրագրի, գործողության, ընդունված որոշման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ինչն ակնհայտորեն ոչ իրավաչափորեն սահմանափակում է հասարակության տեղեկացվածության իրավունքը երկրում գիտության և տեխնիկայի զարգացման, այդ ոլորտներում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետության մասին: Կարծում ենք, որ միայն ռազմարդյունաբերության ոլորտում նվաճումների կամ պետության պաշտպանության և անվտանգության նպատակով անցկացվող հետազոտությունների մասին տեղեկատվության սահմանափակումները, կարող են դիտվել մարդկանց տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն, և այդ սահմանափակումներն արդեն իսկ նախատեսված են Ցանկի 6-րդ և 27-րդ կետերում: Նույն կերպ տեղեկատվության ազատության իրավունքի նույնքան ոչ իրավաչափ սահմանափակում է նախատեսվում նաև Ցանկի 29-րդ կետում ընդգրկված ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունների մասով: Նշված դրույթը ենթադրում է հնարավորություն գաղտնագրելու երկրի արդյունաբերական և նույնիսկ գյուղատնտեսական ցանկացած կարողության վերաբերող որևէ տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ ցանկացած հումք կամ նյութ այս կամ այն չափով հնարավոր է համարել նաև ռազմավարական նշանակության՝ սկսած մետաղներից և պոլիմեր նյութերից, որոնք օգտագործվում են ցանկացած, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի արտադրության մեջ, և վերջացրած ցորենով: Եվ կրկին, գտնում ենք, որ բացառապես ռազմական տեխնիկայի և սպառազինության արտադրության մեջ օգտագործվող հումքերի և նյութերի մասին տեղեկատվության սահմանափակումը կարող է դիտվել որպես մարդու տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն: Վերջապես Ցանկի 25-րդ կետով նախատեսված՝ ֆինանսների և բյուջետային քաղաքականության մասին տվյալները պետական գաղտնիքի շարքին դասելու հնարավորությունն առհասարակ չի կարող ողջամտորեն համարվել տեղեկատվության ազատության համաչափ և իրավաչափ սահմանափակում: Դրանից բխում է, որ գաղտնագրել հնարավոր է պետության ֆինանսական ցուցանիշների և նույնիսկ բյուջետային քաղաքականության մաս կազմող ցանկացած տեղեկատվություն՝ անկախ ռազմական դրության ռեժիմում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքից: Վերը նշված տեղեկությունների գաղտնագրման այդչափ լայն հնարավորությունը ողջամտորեն հնարավոր չէ անմիջականորեն բխեցնել ազգային անվտանգության ապահովման իրավաչափ անհրաժեշտությունից, ուստի այն խախտում է ժողովրդավարական հասարակությունում մարդու՝ պետության տնտեսական, ֆինանսական քաղաքականության մասին տեղեկացվածության ապահովման իրավաչափ շահը: Միևնույն ժամանակ բյուջետային քաղաքականությունն ի վերջո արտացոլվում է պետական բյուջեում, որն ընդունվում է ԱԺ կողմից որպես օրենք՝ հրապարակային նորմատիվ-իրավական ակտ: Բյուջետային քաղաքականության մասին ցանկացած տեղեկատվության գաղտնագրման հնարավորությունը բացառվում է նաև այդ պատճառով: Հարկ ենք համարում խնդրին անդրադառնալ նաև միջազգային չափորոշիչների և այլ երկրների իրավաստեղծ փորձի տեսանկյունից (մանրամասները կից փաստաթղթում)։ Հիմք ընդունելով վերը նշված հիմնավորումները և կից փաստաթղթում ներկայացվող միջազգային չափորոշիչները՝ առաջարկում ենք․ 1. Ցանկի 14-րդ և 21-րդ կետերը վերախմբագրել՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ սահմանելով սպառազինության և ռազմական նշանակության ապրանքների գնումների, պատվերների, դրանց ծավալների վերաբերյալ տեղեկությունները․ 2. Ցանկի 22-րդ կետից հանել «տնտեսական» բառը, կամ վերախմբագրել կետը՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ սահմանելով միայն այն տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին տեղեկությունները, որոնց վաղորոք բացահայտումը կարող է վտանգել տնտեսական անվտանգությունը, ինչպես նաև, եթե դրանք վերաբերում են անվտանգությանը և պաշտպանությանը կամ հատուկ նշանակություն ունեն ազգային անվտանգության շահերի համար․ 3. Ցանկի 29-րդ կետից հանել ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրու¬թյան և զարգացման վերաբեր¬յալ տեղեկություն¬ները կամ դրույթը վերախմբագրել՝ որպես պետական գաղտնիքների շարքին դասվող տեղեկություն սահմանելով ռազմական նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունները․ 4. Ցանկի 25-րդ կետից հանել «դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից)» բառերը կամ նշված կետով որպես պետական գաղտնիքների շարքին դասվող տեղեկություն սահմանելով ֆինանսական քաղաքականութան նախապատրաստման մասին տեղեկությունները, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետությանը կամ բացասաբար ազդել կապիտալի և ֆինանսական շուկաների վրա։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

See more