Add to favourites

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխություններից բխող գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) միջոցառումների ծրագրի 17-րդ կետի կարգավորումներով, որոնցով նախատեսվում է հստակեցնել նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները։

Միաժամանակ, Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված 1-ի 16-րդ՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը» նպատակի 16.3-րդ միջոցառումից։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում 2022 թվականի դեկտեմբերի 7-ին իրականացվեցին մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված էին շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ առկա իրավական կարգավորումների կատարելագործմանը։

Իրականացված փոփոխություններով, ի թիվս այլնի, Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսվել է, որ պաշտոնատար անձի կողմից առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում վերջիններս պարտավոր են մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:

Ընդ որում, Օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսվել է, որ հավատարմագրային կառավարիչ կարող են հանդես գալ անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները։ Նշված կարգավորումներն ուղղված էին պաշտոնատար անձանց բաժնեմասերի հավատարմագրային կառավարումը մասնագիտացված կառույցների կողմից իրականացնելն ապահովելուն։ Մասնագիտացվածության ապահովման նպատակով քայլեր իրականացվեցին ինչպես բաժնետիրական ընկերությունների, այնպես էլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի կառավարման ուղղությամբ։

Մասնավորապես, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետը, որը պաշտոնատար անձի կողմից տնօրինվող առևտրային կազմակերպության մասնաբաժնի կառավարումը դուրս էր թողնում այդ օրենքի 3-րդ բաժնի (ներդրումային ծառայությունների մատուցումը) կարգավորումներից, ուժը կորցրած ճանաչվեց: Արդյունքում, այդպիսի ծառայությունը պետք է իրականացվի լիցենզավորված կազմակերպության կողմից:

Միաժամանակ, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող գործունեության տեսակների մեջ որպես ծանուցվող գործունեության տեսակ նախատեսվեց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարումը։

Օրենքի կարգավորումներից բխում է, որ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձիք հաշվառվում են լիազոր մարմինների կողմից և վերջիններիս ներկայացվում է ծանուցում։

Վերոգրյալ փոփոխությունների իրականացման շրջանակներում փորձ կատարվեց հասնելու ռազմավարական այն նպատակին, համաձայն որի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն ունենալու դեպքում այն հավատարմագրային կառավարման հանձնեն մասնագիտացված կազմակերպությունների:

Սակայն, անդրադառնալով ներկա իրավակարգավորումներին՝ հարկ է նշել, որ Օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի ձևակերպումները գործնականում առաջացնում են տարընկալումներ։ Դրանցից խուսափելու համար առաջարկվում է Օրենքում կատարել  լրացում և հստակ սահմանել, թե սահմանափակ և լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում և բաժնետրական ընկերությունների դեպքում որ մարմիններն են հանդիսանում լիազորված պետական կառավարման մարմիններ:

Միևնույն ժամանակ, առաջարկվում է լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կունենան այնպիսի բովանդակություն, ինչպիսին առկա է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ներկայումս գործող օրենսդրությամբ առևտրային կազմակերպությունները կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով։

Տնտեսական ընկերակցությունները ըստ քաղաքացիական օրենսգրքի լինում են երկու տեսակ՝ լիակատար ընկերակցության կամ վստահության վրա հիմնված ընկերակցության (կոմանդիտային ընկերակցության):

Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները (լիակատար ընկերներ), կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար:

Նման պայմաններում ստացվում է, որ անձը պաշտոնը զբաղեցնելուց հետո պետք է հրաժարվի լիակատար ընկերակցությանը մասնակցելուց, քանի որ լիակատար ընկերակցության պարագայում կարևորվում է անձի կողմից մասնակցությունը և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը։

Վստահության վրա հիմնված ընկերակցություն (կոմանդիտ ընկերակցություն) է համարվում այն ընկերակցությունը, որում ընկերակցության անունից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և իրենց գույքով ընկերակցության պարտավորությունների համար պատասխանատվություն կրող մասնակիցների (լիակատար ընկերներ) հետ միասին կան մեկ կամ մի քանի մասնակից ավանդատուներ (կոմանդիտիստներ), որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը և չեն մասնակցում ընկերակցության իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը:

Նման պայմաններում ստացվում է, որ անձը պաշտոնը ստանձնելիս չի կարող լինել վստահության վրա հիմնված ընկերակցության լիակատար ընկեր, որովհետև կզբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ կոմանդիստի դեպքում կարծում ենք խնդիր չի առաջանում, քանի որ ավանդատու է հանդիսանում։ Ըստ էության ստացվում է, որ կոմանդիստները ավանդատուներ են և նրանք ի սկզբանե ձեռնարկատիրական գործունեությամբ չեն զբաղվում։

Միաժամանակ, հարկ է նշել, որ քաղաքացիական օրենսգրքի համաձայն Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Նման ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների արժեքի բազմապատիկի չափով:

Ստացվում է, որ Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը ունի նույն իրավական բնույթը ինչ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, միայն այն տարբերությամբ, որ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցները կրում են սուբսիդիար պատասխանատվություն ընկերության պարտավորությունների համար։

Ստացվում է, որ Հանրային ծառայության մասին օրենքի շրջանակներում լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի կառավարումը ևս պետք է տրվի հավատարմագրային կառավարման՝ ինչպես ՍՊԸ-ների դեպքում։

Ուստի առաջարկվում է լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասի հավատարմագրային կառավարումը ևս դարձնել ծանուցվող գործունեության տեսակ՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում իրականացնելով համապատասխան փոփոխություններ, միաժամանակ այդ մասին նշելով «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածում։

 «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել հետևյալ կարգավորումները. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարումը ծանուցման ենթակա գործունեություն է և իրականացվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով։

Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարումը իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից։»։

Նշված փոփոխությունը կնպաստի առկա գործնական խնդիրների լուծմանը և օրենսդրական կարգավորումների տարընկալումների բացառմանը։

Այդպիսով կապահովվի, որ պաշտոնատար անձանց հավատարմագրային կառավարումը իրականացվի առավել մասնագիտացված կառույցների կողմից։

Միևնույն ժամանակ Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագծով առաջարկվում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի  «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 11-րդ կետում Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների  բառերից հետո լրացնել և լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների:

Այդպիսով լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների համար սահմանվում է  նույնաբովանդակ կարգավորում, ինչ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար:

Միաժամանակ, առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում իրականցնել լրացումներ, որով կսահմանվի պետական տուրք լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու և լրացուցիչ պատասխանատվությամբ ըննկերության հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար։

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ֆինանսական միջոցների ավելացումներ և նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխությունների ամբողջականացումը և դրանց՝ գործնականում կիրարկման խնդիրների հաղթահարումը։

  • Discussed

    25.09.2023 - 10.10.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2084

Print