ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
11 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1214-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը, կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 10-ի ՀՕ-204-Ն, «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-162-Ն և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-161-Ն օրենքների պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ։
Բացի այդ՝ 2023 թվականի հունիսի 10-ին ընդունվել է «Կամավոր աշխատանքի մասին» ՀՕ-202-Ն օրենքը, որի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը կնքվում է գրավոր։
Ներկայումս ՀՀ կառավարության 28.09.2017թ. N1214-Ն որոշմամբ սահմանված կարգի իմաստով, աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, եթե առկա չեն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ և գրավոր պայմանագիր:
Սկսած 01.12.2023թ.-ից գործատուները պարտավոր են գրանցման հայտ ներկայացնել նաև աշխատանքային պրակտիկա անցնող փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի համար։
Բացի այդ՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի 201.1-ին հոդվածով հստակեցվել են գործատուի և վերջինիս մոտ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի հարաբերությունները, իսկ նույն օրենքի 201․3-րդ և 201․4-րդ հոդվածներով սահմանվել են աշխատանքային պրակտիկա անցնող անձի (փորձնակի) հետ կապված կարգավորումներ։
2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է, որ՝
1) աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված, նաև այն դեպքում, եթե ներգրավվել է կամավոր աշխատանք կատարող՝ առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագիր կնքելու,
2) ստուգման ընթացքում աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության), ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու դեպք (փաստ) է համարվում նաև այն դեպքը, երբ ստուգում իրականացնող անձինք տվյալ կազմակերպության մոտ արձանագրում են նախկինում ներգրավված կամավոր աշխատանք կատարող՝ առանց կամավոր աշխատանքի ներգրավված ժամանակ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին գրավոր պայմանագրի կնքման,
3) հարկային մարմնի ստուգում իրականացնող անձանց կողմից աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության), ինչպես նաև առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու ստուգումների ժամանակ պետք է հաշվի առնեն, որ կամավոր աշխատանքի մասին պայմանագրերի առկայության դեպքում այդ անձինք չեն հանդիսանում վարձու աշխատողներ, իսկ այդ պայմանագրերի բացակայության դեպքում կամավոր աշխատանքում ներգրավված անձինք կհամարվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված աշխատողներ:
Միաժամանակ, հարկային մարմնի ստուգում իրականացնող անձանց կողմից աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու ստուգումների ժամանակ պետք է հաշվի առնեն, որ աշխատանքային պրակտիկա անցնող փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի հետ կնքված համապատասխան գրավոր պայմանագրերի առկայության դեպքում այդ անձինք չեն հանդիսանում վարձու աշխատողներ, իսկ այդ պայմանագրերի բացակայության դեպքում նշված անձանց կողմից գործատուի մոտ աշխատանք կատարելու պարագայում այդ անձինք կհամարվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված աշխատողներ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
4. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում՝
1) ՀՀ կառավարության 28.09.2017թ. N1214-Ն որոշմամբ սահմանված կարգը կհամապատասխանեցվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 10-ի ՀՕ-204-Ն օրենքի պահանջներին,
2) աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու դեպքում ակնկալվում է հստակեցնել աշխատանքային պրակտիկա անցնող փորձնակի և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի հետ կապված հարցերը։ Ընդ որում, 01.12.2023թ.-ից այդ անձանց վերաբերյալ անհատական տեղեկատվությունը ներառվելու է տեղեկատվական բազայում՝ գործատուների կողմից նրանց համար հարկային մարմին ներկայացվող գրանցման հայտերի հիման վրա։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
6.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
-
Discussed
29.08.2023 - 13.09.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2895
Print