Under development
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Ներկայում գործող «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին: Հաշվի առնելով ոլորտում առկա բացերն ու խնդիրները, ինչպես նաև սույն հարցի առնչությամբ միջազգային փորձի ուսումնասիրումը՝ անհրաժեշտություն է առաջացել Օրենքում կատարել մի շարք փոփոխություններ՝ այն շարադրելով նոր խմբագրությամբ:
Հիշյալ օրենքը կարգավորում է փաստաթղթերի (վավերագրերի), բոլոր տեսակի հրատարակությունների, էլեկտրոնային հրապարակումների և չհրատարակված նյութերի առաքման, մշտական պահպանության վիճակագրական հաշվառման, մատենագիտության կազմման և ազգային ժառանգության հանրային օգտագործման առնչությամբ ծագող իրավական և ֆինանսատնտեսական հարաբերությունները, սահմանում փաստաթուղթ պատրաստողների և պարտադիր օրինակ ստացողների իրավունքներն ու պարտականությունները, սահմանում է նաև փաստաթուղթ պատրաստողների պարտականությունը՝ իրենց պատրաստած փաստաթղթերի բոլոր տեսակների տպաքանակի 1-ին խմբաքանակի փոխանցումը լիազորված մարմնին՝ 6 օրինակից ոչ պակաս, որն էլ իր հերթին այդ փաստաթղթերը փոխանցում է սույն օրենքով նախատեսված կազմակերպություններին:
Նախագծով վերանայվել են Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, փաստաթուղթ պատրաստողների և պարտադիր օրինակ ստացողների իրավունքներն ու պարտականությունները, պարտադիր օրինակի հատկացումն ու ձևը և այն ստացողների շրջանակը, ինչպես նաև սահմանվել են ՀՀ կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները և մի շարք այլ փոփոխություններ:
Ինչ վերաբերում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ապա վերջինում փոփոխություն անելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միանալու հանգամանքով (ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1204-Ն որոշում):
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ` նախագիծ) խմբագրվել և լրացվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, մասնավորապես՝ համակցված փաստաթուղթ, փաստաթղթի ելից տեղեկություն, անորակ պարտադիր օրինակ հասկացությունները նախագծում լրացվել են, իսկ փաստաթուղթ, պարտադիր օրինակ, փաստաթուղթ պատրաստող և պարտադիր օրինակ ստացող հասկացությունները՝ խմբագրվել:
Բացի այդ, Օրենքում օտագործվող հիմնական հասկացությունների մեջ անհրաժեշտություն է առաջացել նախատեսել նաև սահմանափակ քանակությամբ հրատարակված փաստաթուղթ հասկացությունը՝ հաշվի առնելով նաև այդ հարցում տարբեր երկրների փորձը. բազմաթիվ երկրներում պահպանության փոխանցվող փաստաթղթերի պարտադիր օրինակների քանակը կարող է վիճարկվել՝ կախված հրատարակված օրինակների քանակից:
Նախագծով խմբագրվել է օրենքի գործողության ոլորտը, մասնավորապես՝ գործող օրենքում այն տարածվում է հաշվառող, հատկացնող և պահպանող կազմակերպությունների վրա, իսկ Նախագծով միայն փաստաթուղթ պատրաստողի և պարտադիր օրինակ ստացողի վրա:
Նախագծով լրացվում են նաև սույն օրենքի նպատակը և խնդիրները, պարտադիր օրինակի օգտագործման սահմանափակումները, ինչպես նաև կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները:
Օրենքի փոփոխության համար կարևոր և առանցքային տեղ է զբաղեցնում օրենքի 8-րդ հոդվածի փոփոխությունը՝ կապված պարտադիր օրինակի հատկացման թվի և դրա ստացողների հետ:
Գործող օրենքը սահմանում է փաստաթուղթ պատրաստողների պարտականությունը՝ իրենց պատրաստած փաստաթղթերի բոլոր տեսակների տպաքանակի 1-ին խմբաքանակի փոխանցումը լիազորված մարմնին՝ 6 օրինակից ոչ պակաս, որն էլ իր հերթին այդ փաստաթղթերի 2-ական պարտադիր օրինակներ փոխանցում է Հայաստանի ազգային գրապալատին և Հայաստանի ազգային գրադարանին:
Սակայն, ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 1204-Ն որոշման համաձայն, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Բացի այդ, գործող օրենքի համաձայն պարտադիր օրինակ ստացողների ցանկում է նաև «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն էլ ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի N 1152-Ն որոշմամբ լուծարվել է:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև ուսումնասիրելով պարտադիր օրինակի հատկացման հարցում տարբեր երկների փորձը՝ գտնում ենք, որ նպատակահարմար է 6 օրինակի փոխարեն տրամադրել 2 օրինակ, և ոչ թե լիազոր մարմնին, այլ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին (բազմաթիվ երկրներում տվյալ երկրի ազգային գրադարաններն են իրականացնում պարտադիր օրինակի ստացումը և բաշխումը): Սույն նախագծով Հայաստանի ազգային գրադարանն է հանդիսանալու պարտադիր օրինակ ստացող և վերջինիս կողմից է իրականացվելու ստացված պարտադիր օրինակի մատենագիտական նկարագրության, գրացուցակներում դրա ներառման, օգտագործման և պահպանության գործառույթները:
Թեև, յուրաքանչյուր երկրում մոտեցումն այս հարցի առնչությամբ տարբեր է՝ կախված տվյալ պետության առանձնահատկություններից, այնուամենայնիվ փաստաթղթերի պարտադիր օրինակի պահպանման և փոխանցման վայր, սովորաբար, հանդիսանում են պետությունների ազգային գրադարանները (Ֆրանսիա, Չինաստան, Էստոնիա, Լիտվիա, Մեծ-Բրիտանիա, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Հայաստան և այլն), պառլամենտական գրադարանները (ԱՄՆ, Ճապոնիա), ազգային ախիվները, ինչպես նաև առանձին դեպքերում՝ պետական համալսարանների գրադարանները:
Հիմնականում, պետությունների օրենսդրությամբ ամրագրված է հրատարակչի կամ այլ պատասխանատու անձանց պարտականությունը՝ փաստաթղթի պարտադիր օրինակի պահպանությունն իրականացնելու, ինչպես նաև հանրային օգտագործումն ապահովելու նպատակով լիազորված ազգային մարմիններ փոխանցել/հատկացնելու հրատարակված փաստաթղթի մեկ կամ ավելի օրինակ: Բոլոր երկրներում, ավանդաբար, նախատեսվում է առնվազն 2 օրինակի հատկացում ազգային գրադարաններին:
Օրինակ, Մեծ Բրիտանիայում նախատեսվում է փաստաթղթերի պարտադիր օրինակի փոխանցումը 6 հրատարակչական կազմակերպությունների, որոնց շարքում Բրիտանական գրադարանը հանդիսանում է այն 6 գրադարաններից մեկը, որն իրավունք ունի ստանալու Մեծ Բրիտանիայում լույս ընծայված տպագրական նյութի պարտադիր օրինակ: Միևնույն ժամանակ, բրիտանական հրատարակիչները պատասխանատվություն են կրում իրենց տպագրությունները փոխանցելու միայն Բրիտանական գրադարան, մնացած 5 գրադարանները, որոնց շարքում են Շոտլանդիայի և Ուելսի ազգային գրադարանները, ինչպես նաև Օքսֆորդի, Քեմբրիջի համալսարանների և Դուբլինի Տրինիտի-քոլեջի գրադարանները կարող են անվճար օրինակ ստանալ՝ միայն համապատասխան հարցում կատարելով:
Ֆրանսիայում և Ֆինլանդիայում ևս պարտադիր օրինակ հանդիսացող փաստաթղթերը փոխանցվում են ազգային գրադարաններ՝ Ֆրանսիայում 4 օրինակից, Ֆինլանդիայում՝ 5:
Նախագծում ամրագրելով «սահմանափակ քանակությամբ հրատարակված փաստաթուղթ» հասկացություն՝ նախատեսվում է, որ մինչև 99-ը օրինակից հրատարակված լինելու դեպքում կտրամադրվի փաստաթղթի 1 պարտադիր օրինակը:
Սույն փոփոխության համար ևս հիմք է հանդիսացել միջազգային փորձի ուսումնասիրումը: Օրինակ, Կանադայում պահպանության է փոխանցվում 101 և ավել քանակությամբ հրատարակված փաստաթղթերի 2 օրինակ, և միայն մեկ օրինակը՝ 3-ից մինչև 100 օրինակ լինելու դեպքում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության իրավաբանական և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունների կողմից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծի ընդունումը կնպաստի փաստաթղթերի պարտադիր օրինակ հանդիսացող նյութերի հատկացման, պահպանման և օգտագործման գործընթացի բնականոն իրականացմանը, ինչպես նաև կհամապատասխանի գործող օրենսդրության և միջազգային պրակտիկայի պահանջներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ OՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունումն Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում և նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽUԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱUԻՆ
«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
Ա. ԱՄԻՐՅԱՆ
-
Discussed
14.12.2017 - 31.12.2017
-
Type
Law
-
Area
Cultural
Views 10551
Print