ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն Օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասում «վկայական» բառից հետո լրացնել «, իսկ մահացած ծնված պտղի (այսուհետ` մեռելածին) հուղարկավորության դեպքում` մեռելածնի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ:» բառերը:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել 2.1.-ին մասով հետևյալ բովանդակությամբ.
«2.1.Բժշկական կազմակերպությունում մահացած նորածինների և մեռելածինների հուղարկավորությունը ստանձնող անձ չլինելու դեպքերում գործընթացն իրականացվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում.
1) 1-ին մասի «անձանց» բառից հետո լրացնել «, իսկ բուժհաստատություններում` նաև մեռելածնի» բառերը.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում այն կազմակերպվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից` սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների կողմից ներկայացված` հուղարկավորությունը ստանձնող չլինելու կամ հրաժարվելու վերաբերյալ գրության և անձի մահվան վկայականի (մեռելածնի դեպքում` մեռելածնի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթի) հիման վրա, սույն օրենքով սահմանված կարգով: Բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած նորածնի մահվան կամ մեռելածնության դեպքում հուղարկավորությունը ստանձնող չլինելու դեպքում այն կազմակերպվում է ոչ ուշ, քան նորածնի մահը արձանագրելու կամ մեռելածնության 15-րդ օրը` ծնողներից մեկին պատշաճ ձևով տեղեկացնելու պարտադիր պայմանով:».
3) լրացնել նոր 3-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.
«3.Մահացած նորածինների և մեռելածինների հուղարկավորության կազմակերպման ստանձնող չլինելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպվում է քաղաքացիական գերեզմանատներում՝ այդ նպատակով հատուկ առանձնացված տարածքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում «կարգով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: