Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1423-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏԵՎ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1423-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1․1 մասով սահմանված պահանջով, համաձայն որի՝ ստուգումները իրականացվում են բացառապես Կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա:

Նշվածի մասով հարկ է նկատի ունենալ, որ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հուլիսի 16-ին ընդունվել և նույն թվկանի օգոստոսի 18-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով  (ՀՕ-397-Ն) սահմանվել է, որ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կոնդիցիաները և պաշարները ենթակա են վերագնահատման և լիազոր մարմնի վերահաստատմանը ներկայացման ոչ ուշ, քան տասը տարին մեկ անգամ՝ նախկինում սահմանված հինգ տարին մեկ անգամի փոխարեն: Մինչդեռ, Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1423-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված 4-րդ և 5-րդ հավելվածների հարցաշարերում կոնդիցաների վերագնահատման վերավերբող հարցերում արտացոլված է մինչև ՀՕ-397-Ն օրենքի ընդունումը սահմանված ժամկետը:

       Միաժամանակ, Որոշման 1-ին կետով հաստատված 4-րդ և 5-րդ հավելվածների 38-րդ և 28-րդ կետերով սահմանված հարցերը նախատեսված են օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերի ու պահանջների պահպանումը ստուգելու համար: Նշված հարցը, իր հերթին, բաժանվում է երկու ենթահարցի, որոնցով ստոուգվում է, թե  արդյո՞ք հողի բերրի շերտը հանվել և օգտագործվել է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար, ինչպես նաև այն, թե արդյո՞ք բացառվել է հողի բերրի շերտի վաճառքը: Այնուամենայնիվ, վերլուծելով Հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները՝ պարզ է դառնում, որ   վերոհիշյալ հարցով և դրա երկու ենթահարցերով ստուգվող պահանջները հանդիսանում են թեև միմյանց փոխլրացնող, սակայն առանձին կարգավորումներ, ուստի համապատասխան ստուգաթերթում դրանք պետք է սահմանվել որպես առանձին հարցեր՝ ռիսկայնության առանձին կշիռներով:

        Իր հերթին՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի համաձայն՝ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում՝ արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացնել գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ։ Նույն մասի 25-րդ կետով սահմանված է, որ  սույն հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի պահանջով իրականացվող մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցնել հանքավայրի շահագործման աշխատանքները և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացնել ընդերքօգտագործման բնագավառի լիազոր մարմին, արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմին, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմին և բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին:

        Վերոնշված պահանջները պահպանումը ստուգող հարցերը սահմանված չեն  Որոշման 1-ին կետով հաստատված 5-րդ հավելվածի  հարցաշարում, որը նախատեսված է ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանմամբ զբաղվող տնտեսավարողներին ստուգելու համար, ուստի ստուգման ընթացքում այդ մասով առկա խախտումները ներկայումս հնարավոր չի լինում արձանագրել:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի ընդունման նպատակն է լրամշակել Բնապահպանության և ընդերքի տեսչական կողմից մի շարք ոլորտներում իրականացվող ստուգումների համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի բովանդակությունը համապատասխանեցնելով գործող օրենքներում առկա պահանջներին: Միաժամանակ, ստուգաթերթերում նախատեսվում է լրացնել սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման մասով սահմանված պահանջներին վերաբերվող մի շարք հարցեր և ապահովել ստուգաթերթերի հարցաշարերում տեղ գտած հարցերի ոճաբանական միատեսակությունը:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով Տեսչական մարմնի կողմից համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթերի առկայությունը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Discussed

    28.07.2023 - 12.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2590

Print